Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշակերտների ճանաչողական այցը մասնաճյուղ

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 17-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի Մասնագիտական կողմնորոշման խմբակի  աշխատակիցներ Ն.Ղալթախչյանը և Ա.Գալստյանը:

Նման այցելությունները տարածաշրջանի դպրոցների հետ համագործակցության մասն են կազմում, նպատակ ունեն մոտիվացնելու դպրոցականներին և շարժելու նրանց հետաքրքրությունը կրթության, գիտության նկատմամբ, բարձրացնելու իրազեկվածությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության, մասնագիտությունների և ընթացող գործընթացների մասին:

Իրենց համար նոր կրթական միջավայրում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու բուհի Կիրառական արվեստի, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների գործուն­եությանը: Ֆակուլտետների դեկանների, կրթական ծրագրերի ղեկավարների ու դասախոսների հետ հանդիպումների ընթացքում դպրոցականները ստացան տեղեկատվություն մասնաճյուղի կողմից իրականացվող մասնագիտությունների առանձնահատկությունների, հնարավո­րությունների, համագործակցությունների, ինչպես նաև ուսանո­ղների առօրյայի վերաբերյալ:

Հանդիպումներն ընթացան արվեստը գնահատելու կարևորության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում  առկա հնարավորությունների, զբոսաշրջության յուրահատկությունների, բիզնես պլանների վերաբերյալ զրույց-քննարկումներով, հարց ու պատասխանով, մասնագիտությունների ընտրության հարցում տրվող  խորհուրդներով:

Շրջայցն ավարտվեց մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի աշխատակցուհի Ս.Պետրոսյանի հետ հանդիպումով: Դպրոցականները ծանոթացան կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքներին, ինչպես նաև հասարակությանն առաջարկվող ծրագրերին:

Մայր բուհն ունի նորընտիր ռեկտոր

ԵՊՀ ռեկտորի նկարը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերի 17-ի նիստին Երևանի պետական համալսարանի կառավարիչ-ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը  5 տարի ժամկետով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք պարոն Հովհաննիսյանին՝ մաղթելով բեղուն և արդյունավետ գործունեություն:

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ուսանող Մեդորա Ասիլյանի հետ

IMG_4037-2 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մեդորա Ասիլյանը վստահ է, որ կրթված ու բազմակողմանի զարգացած սերունդն է պետության հուսալի ապագայի երաշխիքներից մեկը…

  1. Մասնագիտական երազանքի իրականացման մասին…

Մասնագիտական երազանքս դեռևս մասնակիորեն է իրականացել: Հիմա սովորում եմ «Պատմություն» կրթական ծրագրով: Դպրոցական տարիներին պատմության հանդեպ ունեցած հետաքրքրությունը դրդեց ընտրել այս մասնագիտությունը: Չեմ կարող ասել՝ ինչով էր դա պայմանավորված, բայց դպրոցական տարիքում արդեն վերջնական որոշել էի և հաջողությամբ ընդունվեցի: Մասնագիտական հետագա պլանների փակագծերը հիմա չեմ ուզում բացել, միայն կարող եմ ասել, որ այդ ժամանակ արդեն վերջնականապես իրականացված կլինի մասնագիտական երազանքս:

  1. Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…

Առաջին կուրսում էի սովորում, երբ իմ ուսանողական ընկերներից Շիրակ Գասպարյանը, ով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության փոխնախագահն էր և ակտիվ համալսարանական, առաջարկեց ՈՒԳԸ-ում ներգրավվել: Ընդունեցի նրա առաջարկը և արդեն գրեթե 3 տարի է, ինչ մասնաճյուղի ՈՒԳԸ նախագահն եմ: Ընդհանրապես ՈՒԳԸ-ն  ինքնաարտահայտվելու և հմտություններ զարգացնելու շատ կարևոր հարթակ է: Այն ինձ համար ուղղակի կառույց չէ. ամբողջությամբ իր մեջ ամփոփում է իմ ուսանողական տարիները՝ իրենց դրական և բացասական օրերով: Հենց ՈՒԳԸ-ում ձեռք բերած հմտությունների և ցուցաբերած ակտիվության շնորհիվ արդեն 2-րդ կուրսում ստացա աշխատանքային առաջարկներ: Իրականում դժվար է համատեղել դասերը և աշխատանքը, բայց այդ ամենի շնորհիվ ինձ համար ապագայի հետ կապված շատ հարցեր արդեն իսկ ուրվագծված են և նպատակ են դարձել:

  1. Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

Համալսարանից ինձ հետ տանելու շատ սիրուն հիշողություններ ունեմ: Միայն քննություններով, չքնած օրերով և ստացած գնահատականներով չպետք է հիշել ուսանողական տարիները: Չմոռացվող պահերը շատ-շատ են՝ սկսած դրականից մինչև ամենատխուր ու կոտրված պահերը, որոնք ուսանողին կոփում են ու նախապատրաստում ավելի մեծ փորձությունների: Իմ ուսանողական տարիների մեծ մասը համընկել է համավարակի և պատերազմի հետ: Առաջին կուրսը դեռ չէի ավարտել, երբ սկսվեց համավարակը, անցանք առցանց ուսուցման, և ակտիվ ուսանողական կյանքը, որը նոր էր սկսել  առաջին կուրսեցու համար, մի պահ կանգ առավ: Արդեն 2-րդ կուրսում էի, երբ  պատերազմ սկսվեց: Աննկարագրելի բարդ շրջան էր: Այդ օրերին և դրանից հետո՝ մինչև այսօր, դժվար է նախկին համալսարանական առօրյային վերադառնալ, երբ դասի գալիս շուրջդ ամեն ինչ  հիշեցնում է քո կուրսընկերոջը ու ընկերներին, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Այդ ծանր իրավիճակում ինձ համար միակ լուսավոր կետը Ուսանողական գիտական ընկերությունն էր՝ իր մոտիվացված անդամներով: Անվերջ կարող եմ խոսել ՈՒԳԸ-ից ու դրանից ելնելով՝ ուսանողներին էլ խորհուրդ տալ չպարփակվել և ակտիվ ուսանողական կյանք վարել:

  1. Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…

Պատմություն ուսումնասիրելը բավականին դժվար է, բայց և անհրաժեշտ՝ սեփական ինքնությունը ձևավորելու և հաստատելու համար: Երկրում առկա մարտահրավերին դիմակայելու համար պետք է բավարար իմացություն ունենալ և պատճառահետևանքային կապերը հասկանալ: Արխիվային ուսումնասիրություններից և կատարած հետազոտություններից մինչև ուսումնական հաստատություններում դասավանդելը պատմաբանի հիմնական աշխատանքն է: Առհասարակ կրթված ու բազմակողմանի զարգացած սերունդն է պետության հուսալի ապագայի երաշխիքներից մեկը:

  1. ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…

Նպատակներ ունեցող ուսանողին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տալիս է գիտելիք, փորձ, ընկերներ և դասախոսներ, ովքեր դարձել են ավագ ընկերներ: Վերջում ուզում եմ հստակ շեշտել, որ ուսանողական կյանքը անմոռանալի դարձնելու համար ցանկություն է պետք:

 

“Digital wave” ծրագրավորման ընկերությունը կրկին մասնաճյուղում է

2

 2021թ. դեկտեմբերի 15-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեցին “Digital wave” ընկերության կողմից իրականացվող ծրագրավորման անվճար դասընթացներ մասնաճյուղի ուսանողների և համայնքի ներկայացուցիչների համար: Հարցազրույցի արդյունքում դասընթացներին մասնակցելու համար ընտրվել է 17-40 տարիքային խմբի 15 ներկայացուցիչ:

Առաջին դասին նախորդեց մասնաճյուղի տնօրեն Ա.Մակարյանի և “Digital wave” ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանի կողմից համագործակցության արդեն երկրորդ հուշագրի ստորագրումը: Համաձայն նոր հուշագրի՝ «կողմերը համատեղ ուժերով նպաստում են ուսանողների և համայնքի շահակիցների ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»:

Արդեն լսարանում հանդիպման մասնակիցներին Արտաշես Թովմասյանը ներկայացրեց դասընթացների նպատակը, հիմնական խնդիրները, մասնակիցներից ունեցած ակնկալիքները: Նա նշեց, որ մասնաճյուղը տրամադրում է համակողմանի տեխնիկական աջակցություն, իսկ ընկերության աշխատակիցները անվճար կուսուցանեն HTML, CSS, JavaScript ծրագրերը:

 “Digital wave” ընկերության թիմի ղեկավար Ժորա Հարությունյանի խոսքով՝ դասընթացների բոլոր մասնակիցները, առանց քանակական սահմանափակման, դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում ընկերությունում կանցնեն աշխատանքի:

Դասընթացները կանցկացվեն 2-3 ամիս տևողությամբ, շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Դասընթացները կվարեն “Digital wave” ընկերության աշխատակիցներ Լինա Մկրտումյանը, Վոլոդյա Մելքումյանը և Ժորա Հարությունյանը:

Հաջորդիվ նախատեսվում է ծրագրավորման անվճար դասընթացներ կազմակերպել և թիմի անդամներ ձևավորել դպրոցականներից (սկսած 14 տարեկանից):

 

Միջազգային բաց դաս՝ Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ

1. գլխավոր. Screenshot 2021-12-10 2021թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայացք կրթությանը և դաստիարակությանը Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և Հայաստանում. միջմշակութային ասպեկտ» թեմայով միջազգային առցանց բաց դաս՝ արտասահմանյան հետազոտությունների բաժնի պրոֆեսոր, Կիոտոյի Սանգյո համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչ Միցուսի Կիտաձյո-սանի, փիլիսոփայության դոկտոր, Ֆինլանդիայի Հյուսիսային համալսարանի փիլիսոփայության բաժնի օտար լեզուների և թարգմանության դեպարտամենտի ռուսաց լեզվի և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Վ.Վ.Բույլովի, Ուրալի՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բ.Ն.Ելցինի անվան ֆեդերալ համալսարանի օտար լեզուների և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր Տ.Վ.Կուպրինայի մասնակցությամբ:

Միջոցառման նախաձեռնողն ու վարողը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (РАЕ) պրոֆեսոր Սվետլանա Միխայելի Մինասյանն էր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ողջունեց բաց դասի բոլոր մասնակիցներին և խոսքը փոխանցեց արտասահմանյան գործընկերներին:

Միջազգային բաց դասի նպատակը նրա կիրառական բնույթը ցուցադրելն էր՝ մինիմում տեսություն,  մաքսիմում պրակտիկա և պատկերավոր օրինակներ: Մանկավարժական էդուտոնը նշված միջոցառման աշխատանքային հիմնական մեթոդն էր: Այն ոչ միայն արդյունավետ է, այլև դյուրընկալելի: Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է գտնել գործընկերներ և նախագծեր ստեղծել միջազգային մակարդակում, հեռավար ձևաչափով բազմազանեցնել դասերի տեսակները: Այսօր կրթական վիրտուալ հարթակը (միջավայրը) տալիս է մեծ հնարավորություն՝ վիրտուալ դասեր, փորձի փոխանակում, բանավեճեր և քննարկումներ, լայֆխակների (հնարամտությունների), տեխնոլոգիաների և դիզայնների մշակում:

Կիոտոյի Սանգյո համալսարանի պրոֆեսոր Միցուսի Կիտաձյո-սանը հետաքրքիր օրինակներ բերեց Ճապոնիայի կրթական համակարգից, պատմեց դաստիարակության և էթիկետի ազգային բնույթի (բնավորության) մասին, ճապոնացի ուսանողների կյանքից օրինակներ բերեց: Ընդգծեց, որ կրթության և դաստիարակության ողջ գործընթացը կենսական ստուգման երեք շրջափուլ է անցնում, և յուքանչյուր փուլում հարկավոր է լինում քննություն հանձնել:

Պրոֆեսոր Ս. Մ. Մինասյանը պատմեց, թե որն է ճապոնական «իկուձի» կրթության և դաստիարակության հաջողությունը: Որպես օրինակ ներկայացրեց պրոֆեսոր Մակադո Շիչիդայի և Մասարո Իբուկայի դաստիարակության մեթոդիկան, որն ընդհանուր առմամբ համընկնում է Հայաստանում դաստիարակության հնագույն սկզբունքներին:

Ֆինլանդիայի Հյուսիսային համալսարանի պրոֆեսոր Վ.Վ.Բույլովը նշեց, որ երկար տարիների ընթացքում Ֆինլանդիան գլխավորող դիրք է գրավել կրթական համակարգի համաշխարհային վարկանիշում: Երկրի բոլոր հատվածներում բոլոր ուսումնական հաստատությունները հրաշալիորեն հագեցած և վերազինված են: Ֆինլանդիայի համալսարաններում լայնորեն գործարկվում է ուսուցման միջդիսցիպլինար սկզբունքը: Համալսարանական ուսուցումը կրում է գիտահետազոտական բնույթ և միաժամանակ ունի գործնական մեծ ուղղվածություն: Այստեղ կողմնորոշվում են ոչ միայն ուսանողների կողմից գիտելիքների մեծ ծավալի յուրացմամբ, այլև սովորեցնում են ստացած գիտելիքները և կարողությունները կիրառել կյանքում: Դաստիարակությունը հենվում է անձնական օրինակների վրա և տարվում է կրթությանը զուգընթաց: Դասախոսները և ուսանողները չեն խախտում էթիկետի (վարվեցողության) կանոնները, հարգանքը, վստահությունը, թեև, ինչպես բոլոր երկրներում, կան դաստիարակության սեփական խնդիրները:

Պրոֆեսոր Տ.Վ.Կուպրինան ներկայացրեց միջազգային հեղինակների խմբի դասագիրքը՝ «Միջմշակութային դիդակտիկայի հիմունքները» (Ռուսաստան-Սլովակիա), և ուսումնական ձեռնարկը՝ «Տոլերանտության (հանդուրժողականության) զարգացման հինգ դաս»: Նա նշեց, որ լավագույն կրթական ծրագրերը ներառում են ոչ միայն «կոշտ» հմտությունների (hard skills), այլև «փափուկ» հմտությունների (soft skills) ձևավորման տարրեր՝ հիմնված զգայական ինտելեկտի վրա, հաշվի են առնում անհատական փոփոխությունների տեսությունը և պրակտիկան, նպատակաուղղված ուսուցման նորարարական մեթոդիկաները, միջանձնային հարաբերությունները, որոնք նպաստում են ուսուցման արդյունավետությանը, մասնավորապես՝ դասավանդողների և սովորողների լավ փոխհարաբերությանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի I կուրսի ուսանողներն ուղղեցին հարցեր, քննարկումն անցավ ինտերակտիվ ձևաչափով:

Ամփոփելով դասի արդյունքները՝ տիկին Մինասյանն արձանագրեց. «Միջազգային բաց դասը ցույց տվեց, որ քննարկելով կրթության և դաստիարակության արդի հարցեր՝ մենք դրանց տվեցինք գործնական, համեմատական բնույթ, բարձրացրինք ուսանողների մոտիվացիան, հասկացանք, որ գլոբալ փոփոխությունների պայմաններում կրթության և դաստիարակության հարցերը մնում են պահանջված, և դրանք կարելի է լուծել՝ քննարկելով առցանց ձևաչափով»: