Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բուհ-գործատու համագործակցությունը շարունակվում է

1. գլխավոր2021թ. դեկտեմբեր-փետրվար ամիսներին “Digital wave” ընկերության ներկայացուցիչներ Արտաշես Թովմասյանի և Կիմ Սարոյանի նախաձեռնությամբ դարձյալ կիրականացվեն ծրագրավորման անվճար դասընթացներ, որոնց նպատակն է ծրագրավորողների տեղական թիմերի (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտների և ուսանողների հիման վրա)  ձևավորումը և կազմակերպությունում նրանց աշխատանքով ապահովումը:

Ինչպես հիշում ենք, 2019թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվել էին մասնաճյուղի հեռանկարները մարզի զարգացման տեսլականի ներքո, մասնավորապես՝ ուրվագծվել էին ծրագրավորման ոլորտի գործատուների հետ ԵՊՀ ԻՄ-ի համագործակցության հնարավոր եզրերը այստեղ: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերապատրաստումները և նոր թիմերի ձևավորումը կրելու էին պարբերական բնույթ:

Վերապատրաստման դասընթացներն սկսելուց առաջ մասնակցել ցանկացողները նախ լրացնում են հայտադիմում, ապա մասնակցում են թեստային աշխատանքի և հարցազրույցի, որոնց արդյունքների հիման վրա էլ ընտրվում են դասընթացի մասնակիցները:

ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում իրականացվեց թեստային աշխատանք հայտադիմում լրացրած մասնակիցների հետ, որին հաջորդեց հարցազրույցը:

 “Digital wave” ընկերության թիմի ղեկավար և հարցազրույցը վարող Ժորա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի հայտագրված մասնակիցներից հարցազրույցի են հրավիրվել 17-40 տարիքային խմբի ներկայացուցիչները: Նախորդ դասընթացից ընտրվել էր 10 մասնակից, ովքեր թիմի անդամ են, աշխատում են կազմակերպությունում: Ցանկություն կար՝ ընդլայնելու թիմը:

Այս անգամ կիրականացվեն անվճար վերապատրաստումներ՝ HTML, CSS, JavaScript ծրագրերի վերաբերյալ:

Դասընթացները կվարեն “Digital wave” ընկերության աշխատակիցներ Լինա Մկրտումյանը և Վոլոդյա Մելքումյանը:

 

Մասնաճյուղում կայացավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, «Պատմություն» մասնագիտության ուսանողներ:

Հայտնի է, որ ԵՊՀ-ում  դեկտեմբերի 4-ին՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, 2012 թվականից ի վեր նշվում  է որպես Պատմաբանի օր:

Միջոցառման նպատակն էր վերհանել տոնի խորհուրդը, ընդգծել «Պատմություն» մասնագիտության կարևորությունը, պատմաբանի դերն ու նշանակությունը:

«Պատմություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ ներկայացրին մասնագիտական թեմաներով զեկուցումներ, որոնցում անդրադարձան ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի և ԵՊՀ ԻՄ-ի պատմության ամբիոնի հիմնադրմանը և անցած ուղուն, մի քանի հայ նշանավոր պատմաբանների (Հակոբ Մանանդյան, Լեո, Հրաչիկ Սիմոնյան, Արտակ Մովսիսյան):

Այնուհետև ելույթ ունեցավ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով պատմաբաններին, խոսելով նրանց առաքելության մասին, ազգերի գոյատևման հարցում ընդգծելով անկախության դերն ու նշանակությունը:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում ևս պատմաբանները շնորհավորեցին իրար մասնագիտական տոնի առթիվ:

 

Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է

1988-ի երկրաշարժի նկար 2021թ. դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցը…

1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Այն տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Անսպասելի աղետը հանկարծակիի է բերել ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ են մտել 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ:

Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվել է Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ  բնության տարերքը ավերել է 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:

Մինչև այսօր Հայաստանը շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Հարկ է, որ մեզանից յուրաքանչյուրը՝ որպես սեյսմիկ գոտում գտնվող երկրի բնակիչ, պատշաճ իմանա երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները:

Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

2019 թվականից սկսած՝ Հայաստանում Դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

 

 

Ամփոփվեցին պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների արդյունքները

ԿԶՆԱԿ-ի հետ հանդիպման նկարը

 2021թ. դեկտեմբերի 2-ին «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը կազմակերպել էր առցանց հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության և մասնաճյուղի կողմից պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներն իրականացրած անձնակազմի անդամների հետ:

Նման հանդիպումներ ԿԶՆԱԿ-ն իրականացնում է վերապատրաստող բոլոր կազմակերպությունների հետ՝ ծանոթանալու նրանց կողմից վերապատրաստման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, մոտեցումներին և առաջարկություններին:

Ս.թ. նոյեմբերի 1-30-ը ԵՊՀ ԻՄ-ի կողմից իրականացվել են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ 110 ժամ տևողությամբ վերապատրաստումներ: Դրանք անցկացվել են առկա և առցանց, ինչպես նաև 2 ձևերի համադրմամբ: Որպես վերապատրաստողներ ընտրվել են վերջին 2 տարվա ընթացքում ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում փորձ ունեցող մասնագետներ: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 75 ուսուցիչ:

ԿԶՆԱԿ-ի հետ առցանց հանդիպման սկզբում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի  պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, անդրադառնալով մասնաճյուղի  կողմից  իրականացված  վերապատրաստումներին, ընդգծեց, որ մասնաճյուղն առաջին անգամ է իրականացնում նման վերապատրաստումներ, և ուրախալի է, որ ինչ-որ խնդիրներ կամ անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջացել: Այդ մասին են փաստում թե՛ վերապատրաստող մասնագետների և թե՛ վերապատրաստված ուսուցիչների արտահայտած դրական կարծիքներն ու գոհունակությունը: Ուսուցիչները մեծ ոգևորությամբ մասնակցել են վերապատրաստումներին, և դրանք ընթացել են կառուցողական ու համագործակցային ակտիվ  մթնոլորտում:

Այնուհետև վերապատրաստման ծրագրի համակարգող տիկին Ասյա Սարգսյանը և հանդիպման մասնակից վերապատրաստողները ԿԶՆԱԿ-ի մասնագետներին ներկայացրին իրականացման կարգի և դասընթացների մոդուլների շուրջ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առցանց հանդիպման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու առաջարկություններն օգտագործել հետագայում վերապատրաստման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները ԵՊՀ ԻՄ-ում

1 - գլխավոր 2021թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ IELTS անգլերենի միջազգային թեստի վերաբերյալ հանդիպում-քննարկում, որը կազմակերպել էին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ Էրինե Ղարայանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի քննական ծրագրերի ղեկավար Լիլիթ Կասպարյանը:

Հանդիպում-քննարկումը վարեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի քննական ծրագրերի ղեկավար Լիլիթ Կասպարյանը և Քննական ծրագրերի համակարգող Մելինե Գարանյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մհեր Օթարյանը, Արտաքին կապերի բաժնի մասնագետ Սյուզաննա Գալստյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները:

Հանդիպման ընթացքում խոսեցին մի քանի առաջատար փորձագետների կողմից ստեղծված IELTS անգլերենի միջազգային թեստի մասին, որով գնահատվում են անգլերենի հմտությունները ընթերցանության, գրավոր, լսողական և բանավոր խոսքում, անգլերենի իմացության մակարդակը: Այն նախատեսված է ուսումնառության և աշխատանքի համար, նաև ընդունվում է իմիգրացիոն ծրագրերի համար:

Ներկայացվեց, որ IELTS քննությունը ճանաչված է շուրջ 11000 կազմակերպության կողմից: Այն ունի երկու մոդուլ՝ ակադեմիական և ընդհանուր, բաղկացած է չորս բաժնից՝ գրավոր, լսողական, ընթերցանություն և բանավոր:

Հայաստանում IELTS քննության թեստավորման կենտրոններն են Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը (թղթային և համակարգչային ձևաչափով) և Հայաստանում ամերիկյան համալսարանը  (միայն համակարգչային ձևաչափով):

Լսողականը թեստը տևում է մոտ 30 րոպե, թղթային ձևաչափով հանձնելու դեպքում 10 րոպե տրվում է պատասխանները արտագրելու հարցաթերթիկի վրա:

Ընթերցանության և գրավոր թեստերը տևում են 60 րոպե, իսկ բանավորը՝ 11-14 րոպե: Բանավոր թեստն անցկացվում է քննություն ընդունողի հետ, հիմնականում դեմ առ դեմ ձևաչափով: Անցկացվում է նաև Zoom տարբերակով, հիմնականում՝ Ամերիկյան համալսարանում:

Գնահատականները հասանելի են: Համակարգչային ձևաչափով հանձնելու դեպքում գնահատականները հասանելի են 3-5 օրացուցային օր անց: Թղթային ձևաչափով հանձնելու դեպքում գնահատականները հասանելի են 13-րդ օրը:

Հայաստանում IELTS քննությունը նույնպես հնարավորություններ է տալիս: Ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը ընդունում են IELTS քննությունը որպես ընդունելության քննություն, այն նախատեսված է նաև ասպիրանտուրա ընդունվելու համար: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն առաջարկում է առցանց ռեսուրսներ քննության պատրաստման համար:

Քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարց ու պատասխանով, ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նրանց մեծապես հետաքրքրում էր նաև հանդիպում-քննարկման ամբողջ ընթացքը:

Հանդիպման վերջում ուսանողներին ուղղվեց երկու հարց, որոնց ուշագրավ պատասխաններ տված և հանդիպման ընթացքում ակտիվություն ցուցաբերած երկու ուսանողի (Լիլիթ Բադալյանին և Ինգա Ասլանյանին) տրվեցին հատուկ նվերներ, իսկ մյուս մասնակիցներին՝ IELTS-ի լոգոտիպով գրիչներ, կոնֆետներ և տեղեկատվական թերթիկներ: