Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2016». ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2016». ՍՏԱՐՏԱՓ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը «Climate KIC»-ի «ClimateLaunchpad» ծրագրի հետ համագործակցությամբ մեկնարկում է «ClimateLaunchpad Հայաստան 2016» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը:

«ClimateLaunchpad»-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են 29 երկրներ: Այն օգնում է ամենախոստումնալից ստարտափներին հասցնել իրենց գաղափարները/ նորարարությունները հաջորդ փուլ:

Բիզնես գաղափարների մրցույթի մանրամասներն՝ այստեղ:

Կազմակերպիչների նպատակն է «ClimateLaunchpad Հայաստան 2016»-ը գրանցել որպես հերթական մեծ հաջողություն:

Մրցույթին մասնակցելու հայտը պետք է լրացվի անգլերեն լեզվով հետևյալ հղումով`http://climatelaunchpad.org/application-form/:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016 թ.-ի հուլիսի 27-ը: Այլ մանրամասների համար  զանգահարել (077) 00-83-14 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://ysu.am

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնը Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժնի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ.-ի հոկտեմբեր 13-14-ը, Երևանում:

 Գիտաժողովի անհրաժեշտությունը: Չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեծաթիվ հայկական համայնքի առկայությանը, այն ավանդական Սփյուռքի համայնքների հետ համեմատած զգալիորեն քիչ է ուսումնասիրված: Հաճախ ՌԴ հայկական համայնքը համարվում է պակաս կազմակերպված, տեղի հայերի ինքնությունը՝ ենթադրաբար ավելի վտանգված, և երբեմն նույնիսկ քննարկվում է «սփյուռք» հասկացության գործածության նպատակահարմարությունը ՌԴ հայերի պարագայում:

Այդուհանդերձ գոյություն ունեն ՌԴ գիտնականների կողմից տեղի հայությանը նվիրված ուսումնասիրություններ, որտեղ հայերը դիտարկվում են ՌԴ ազգային/էթնիկ փոքրամասնության տեսանկյունից` հաճախ համեմատելով նաև այլ ապատարածքային փորքամասնությունների հետ: Այդ ուսումնասիրություններում ՌԴ հայերը ներկայացվում են որպես լավ կազմակերպված և փոքրիշատե կայուն սփյուռքյան կառուցվածքով:  

Չնայած Ռուսաստանի հայերի մասին հետազոտությունների աճող թվին` առկա է ՌԴ հայկական սփյուռքի արդի փուլի մասին համակարգված քննարկման պակաս: Այս գիտաժողովը կհանդիսանա նման քննարկում ծավալելու հարթակ, որ կնպաստի նյութի վերաբերյալ նոր հետազոտությունների իրականացմանը և մեր պատկերացումները ընդլայնմանը:

Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների և Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ և արտերկրի գիտնականների միջև երկխոսության խրախուսումը:

Գիտաժողովի թեմաներն են.

  1. ՌԴ հայությունն արդի փուլում. համայնապատկեր
  2. ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը
  3. «Նոր Սփյուռք» և «ավանդական սփյուռք». նմանություններ և տարբերություններ
  4. Հայաստանի Հանրապետության հետ կապեր
  5. Ռուսահայության ինքնության հարցեր
  6. ՌԴ հայկական կրթական և մշակութային կառույցներ
  7. Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովի զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով:

Գիտաժողովին մասնակցելու համար առաջարկվող զեկուցման սեղմագիրը [զեկուցման վերնագիրը` սեղմ նկարագրությամբ (300 բառ)] և հեղինակի համառոտ կենսագրությունը պետք է ուղարկել գիտաժողովի գիտական կոմիտեին մինչև 2016 թ. հուլիսի 30-ը` YsuArmenianDiaspora@gmail.com էլ. հասցեով:

Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը:

Ընտրված արտասահմանյան մասնակիցների կեցության և ճամփորդության ծախսերը կարող են հոգալ գիտաժողովի կազմակերպիչները: Եթե կա ֆինանսական աջակցության կարիք, խնդրում ենք այդ մասին նշել մասնակցության հայտում:

Հարցերի համար կարող եք դիմելYsuArmenianDiaspora@gmail.com, էլ. հասցեով կամ(+374)99556665 հեռախոսահամարով, Արման Եղիազարյան/Երևանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոն:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2016 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2016 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հարգելի՛ դիմորդներ, այսօր` 2016թ. հուլիսի 15-ին, հրապարակվել են 2016թ. ընդունելության քննությունների արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում կամ  «Դիմորդ» բաժնի «Ընդունելության արդյունքները» էջում:

ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ …

 

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, ՄԿՈԱ բաժնի մասնագետ էդիկ Կյուրեղյանի ծննդյան տարեդարձը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ  ուսումնագիտական ու մանկավարժական գործունեության մեջ, անձնական ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Հայագիտական արշավային դասընթաց 2016. Սյունիք և Արցախ

Հայագիտական արշավային դասընթաց 2016. Սյունիք և Արցախ

2016 թ. օգոստոսին կմեկնարկի հայագիտական արշավային դասընթացի (ՀԳԱԴ) հինգերորդ շրջանը։ Այն կիրականացվի Սյունիքի և Արցախի տարածքներում (երթուղին դեռ ճշտման ենթակա է) և կտևի շուրջ երկու շաբաթ:

Ի՞նչ է ՀԳԱԴ-ը

Հայագիտական արշավային դասընթացը նվիրված է հայոց լեզվի և մշակույթի պատմական զարգացման հիմնահարցերին և դրանց հետազոտման մեթոդաբանության խնդիրներին: ՀԳԱԴ-ը նախատեսված է Հայաստանի բուհերի և ինստիտուտների հայագիտական հեռանկարներ ունեցող և բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողների ու գիտաշխատողների համար։

ՀԳԱԴ-ի կազմակերպիչը և գիտական ղեկավարը լեզվաբան, բ․գ․թ․ (PhD, Լեյդենի համալսարան), հետդոկտորական հետազոտող (postdoctoral researcher, Վիեննա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա) Հրաչ Մարտիրոսյանն է։

ՀԳԱԴ-ի դասախոսությունների ու գործնական պարապմունքների հիմքում ընկած են հայոց լեզվի պատմության և հնդեվրոպաբանության վերաբերյալ Հրաչ Մարտիրոսյանի քսանամյա հետազոտությունները: Գիտարշավների նախորդ շրջանները հաջողությամբ իրականացվել են 2008, 2011, 2014 և 2015 թվականներին:

Հա­մապա­տասխան դասախոսություններից շատերը  ներկայացվում են հայ ժողովրդի, հայոց լեզվի ու մշակույթի պատմության կարևորագույն դրվագներին ու թեմաներին առնչվող հնա­վայ­րերում կամ համապատասխան պատմամշակութային հուշարձանների մոտ: Որոշ թեմաներ ներկայացվում են այլ գիտնականների կամ գիտարշավի մասնակիցների կողմից: 

ՀԳԱԴ-ի ծրագրի մեծ մասը գործնական առաջադրանքներ են, վարժություններ, տեքստերի ընթերցումներ և այլն: Ընդ որում վիմագիր արձանագրություններն ընթերցվում ու քննարկվում են հենց տեղում՝ այդ արձանագրությունների մոտ: Դասախոսություններով հագեցած օրերը երբեմն ընդմիջվում են ակտիվ հանգստով։ Կազմակերպվում են բանավիճային քննարկումներ, հայագիտական վիկտորինաներ: 

ՀԳԱԴ-ի նախորդ գիտարշավների և դրանց ընթացքում մատուցված նյութի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀԳԱԴ-ի տեղեկատվական և կազմակերպչական աջակիցն է ArmScoop գիտակրթական կազմակերպությունը։

ՀԳԱԴ-ի նպատակները

ՀԳԱԴ-ի հիմնական նպատակն է հայագիտության տարբեր բնագա­վառ­ներում (հատկապես՝ բանասիրության մեջ) մասնագիտացող մի քանի տասնյակ առաջա­դեմ ուսանողների ու գիտաշխատողների ներկայացնել հայոց լեզվի պատմության առանցք­ային դրույթների ու խնդիրների վերաբերյալ շրջիկ դասընթաց՝ հայագիտության մյուս բնագավառների (հնագույն պատմություն, դիցաբանություն, ազգագրություն, բանա­հյու­սություն, արվեստի պատմություն) հետ փոխառնչությունների համատեքստում:

Քանի որ հայ ժողովրդի ու նրա մշակույթի պատմության այլ փաստաթղթերի սակավության կամ բացակայության պայմաններում հայագիտության կնճռոտ խնդիրների լուծման հարցում անգնահատելի դեր են խաղում բանասիրական վերլուծությունն ու ստուգաբանությունը, և քանի որ շարունակ ավելանում են հայաստանյան գիտության վարկն իջեցնող ստուգաբանական անբարեխիղճ «փորձերը», գիտարշավների ողջ ընթացքում լուրջ ուշադրության են արժանանում պատմահամեմատական լեզվաբանության հիմնադրույթներն ու ստուգաբանական մեթոդաբանությունը և լեզվական ու արտալեզվական տվյալների զուգակցման մեթոդաբանության հարցերը:

Գիտարշավների կարևոր նպատակներից է նաև Հայաստանի տարբեր շրջանների գիտակրթական հաստատությունների առաջավոր ուսանողների միավորումը: ՀԳԱԴ-ի մասնակիցները հրաշալի հնարավորություն են ստանում միմյանց հետ ծանոթանալու, գաղափարներ ու մտահոգություններ փոխանակելու, բանավիճելու, համագործակցային հեռանկարներ քննարկելու և այլն: Այդպիսի համագործակցության տված արդյունքի ցայտուն օրինակ է ArmScoop գիտակրթական-տեղեկատվական կազմակերպությունը։

ՀԳԱԴ 2016. Սյունիք և Արցախ

ՀԳԱԴ-ի հերթական՝ 5-րդ շրջանը կիրականացվի ս.թ. (2016) օգոստոսի 5-19-ին (ամսաթվերը կարող են ենթարկվել փոքրիկ տեղաշարժի): Այս անգամ ՀԳԱԴ-ը հիմնականում նվիրված է Սյունիքի ու Արցախի տարածաշրջաններին, որոնց ուսումնասիրության կարևորությունը մեր օրերում դժվար է գերագնահատել։ Հայ և օտարազգի պատմիչների բազմաթիվ տեղեկությունները, ճարտարապետական կոթողները, խաչքարերը, վիմական արձանագրությունները, լեզվական տվյալները և այլ նյութեր հստակորեն ցույց են տալիս հայախոս բնակչության շարունակական ներկայությունը Սյունիքի, Արցախի և Ուտիքի տարածքներում: Այս դասընթացը կանդրադառնա այդ տարածքների լեզվամշակութային հիմնահարցերին։

ՀԳԱԴ 2016-ը բաղկացած է լինելու մի քանի ենթափուլերից՝ 1) Կապանի շրջակայք. 2) Մեղրիի շրջակայք. 3) Գորիսի շրջակայք. 4) Ծիծեռնավանք և Բերձոր. 5) նպաստավոր հանգամանքների դեպքում՝ Արցախի որոշ տարածքներ։

Յուրաքանչյուր ենթափուլ կտևի մի քանի օր և կանցկացվի տվյալ տարածքի գյուղերից մեկում՝ մի առանձին տան մեջ։ Պայմանները, բնականաբար, արշավային են։ Գիտարշավի կազմակերպիչներն ամեն հնարավորը կանեն՝ լուծելու կենցաղային հարմարավետության խնդիրները։ Այդուհանդերձ մասնակիցները պիտի պատրաստ լինեն դժվարություններին։ Բոլորը քնելու են հատակներին՝ քնապարկերի մեջ։ Երբեմն կլինեն երկար ու դժվարին քայլարշավներ։ Սա առաջին հերթին դասընթաց է, ուստի երկար ժամանակ տրամադրվելու է դասախոսություններին ու քննարկումներին։ Դրանք անցկացվում են տարբեր վայրերում՝ տանը, բակում, անտառում, սարի գագաթին. հաճախ այնպիսի վայրում, որն իրենով կամ իր անվամբ կամ իր մշակութային որևէ հուշարձանով առնչվում է տվյալ դասախոսության թեմային (տես այստեղ):

ՀԳԱԴ-ն ամբողջովին ազատ է կուսակցություններից ու կրոններից։

Գիտարշավային դասընթացի թեմատիկ բովանդակություն

1-ին փունջ

  • նախագիտելիք. համեմատական լեզվաբանություն և ստուգաբանություն
  • հնդեվրոպական նախալեզու. հայերենի ծագումն ու զարգացումը
  • բնիկ հայկական շերտ և փոխառություններ. տեսություն և գործնական աշխատանք

2-րդ փունջ

  • հայերենի բարբառային մասնատվածությունը 5-րդ դարում և նախորդ ու հաջորդ փուլերում
  • բարբառային դասակարգումը և Արցախի ու Սյունիքի տարածաշրջանը
  • հին հայերեն բառերի կանոնավոր զարգացումը Արցախի ու Սյունիքի բարբառներում. տեսություն և գործնական աշխատանք

3-րդ փունջ

  • Արցախի ու Սյունիքի բարբառների հնչյունական հնաբանությունները
  • Արցախի ու Սյունիքի բարբառների քերականական հնաբանությունները
  • բարբառային բառերի նոր ստուգաբանություններ. գործնական աշխատանք

4-րդ փունջ

  • հայոց (հատկապես՝ Արցախի ու Սյունիքի տարածաշրջանի) դիցաշխարհը
  • Արցախի ու Սյունիքի տարածաշրջանի հատկանունները
  • ամփոփիչ գործնական աշխատանք

Դիմելու կարգը

ՀԳԱԴ 2016-ին կարող են մասնակցել հայագիտական տարբեր բնագավառներում մասնագիտացող առաջադեմ ուսանողներ և գիտաշխատողներ։ Նախապատվությունը տրվում է հայոց լեզվի պատմության մեջ մասնագիտացողներին։ Քանի որ սա հատուկ ծրագիր է, մասնակիցների մեծ մասն արդեն ընտրվել է որոշակի չափանիշներով։ Այնպես որ՝ ազատ տեղերը քիչ են, և անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիմնական չափանիշներին համապատասխանող բոլոր դիմորդներին ընդունելը հնարավոր չի լինի։

Դասընթացի արշավային բնույթից ելնելով՝ դիմորդների ընտրությունը կատարելիս, գիտակրթական չափանիշներից բացի հաշվի են առնվելու նաև մասնակիցների մարդկային որակները․ կընտրվեն միայն վստահելի, կայուն, դիմացկուն ու մարդամոտ անձանց։

Մասնակցության դիմումները և ձեր CV-ներն ուղարկեք հետևյալ էլ․ հասցեին՝ hrch.martirosyan@gmail.com։ Ուղարկեք նաև ձեր ֆեյսբուքյան հաշիվները, եթե ունեք։

Գիտարշավի ֆինանսական ապահովումը

ՀԳԱԴ-ի բուն դասընթացի և լրացուցիչ ծախսերի հիմնական մասի համար մասնակիցները ոչինչ չեն վճարում։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այսպիսի նախաձեռնությունները զգալի հավելյալ ծախսեր են ենթադրում (փոխադրամիջոցներ, կացարանի վարձ, ջրի ու էներգիայի ծախսեր, սնունդ և այլն), և նման ծախսերը հոգալու հարցերը կազմակերպիչներից զգալի ջանքեր են պահանջում, որոնք հաճախ ստիպված են լինում սեփական ներդրումներն անել։ 

Հետևաբար մասնակիցները պետք է պատրաստ լինեն որոշակի գումար վճարելու՝ առնվազն իրենց բաժին սնունդի չափով։ Գումարների հարցում հաշվի են առնվում մասնակիցների ֆինանսական հնարավորությունները, ըստ այդմ՝ հատկացվող վճարը կարող է տատանվել 20.000 և 35.000 դրամի սահմաններում։ Բացի այդ, մասնակիցներն իրենք պետք է հոգան քնապարկի, ուսապարկի և մյուս պարագաների հարցերը։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք մասնակիցների ընտրությունից հետո։

Կարգապահական կանոններ

Հայագիտական արշավային դասընթացն իր առանձնահատուկ բնույթով անխուսափելիորեն թելադրում է կարգապահական որոշակի կանոններ, որոնք անհրաժեշտ է խստորեն պահպանել։

  • Գիտարշավի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները միասին են լինելու․ առանձնանալը կամ առանց թույլտվության բնակավայր դուրս գալն արգելվում է։
  • Դասերին պետք է մասնակցել մեծ ուշադրությամբ ու ջանասիրությամբ. ցրվածությունը և մտքով ուրիշ տեղ լինելը ՀԳԱԴ-ի ժամանակ չի թույլատրվում։ Նյութը յուրացնելիս մասնակիցները չպիտի խուսափեն հարցեր տալուց ու հերթով արվող վարժություններից։ 
  • Գիտարշավի ամբողջ ընթացքում, բացի հանգստին հատկացվող որոշակի ժամերից, արգելվում է հեռախոս գործածելը։ Այս կանոնի խստորեն պահպանումը անհրաժեշտ է ՀԳԱԴ-ի նպատակներից բխող դասերի արդյունավետությունը և մարդկային բնական հաղորդակցությունը ապահովելու համար։
  • Գիտարշավի ժամանակ սահմանվում է քնելու հստակ ժամ՝ հիմնականում կեսգիշերը. տվյալ պահից սկսած ոչինչ չի կարելի՝ ոչ զրուցել, ոչ հեռախոսով համացանց մտնել, ոչ քայլել։ Դա պարտադիր է ոչ միայն այն պարզ պատճառով, որ մեծ խմբով գիտարշավն առհասարակ չի կարող լինել առանց կարգուկանոնի, այլև՝ որ պետք է հաջորդ առավոտ ժամանակին արթնանալ և ի վիճակի լինել դասերին ու մնացյալին լիարժեք առույգ մասնակցելու։ Հիշեք՝ չեք կարող ասել. «Քունս չի տանում, ես խելոք պառկած մի քիչ հեռախոսով զբաղվեմ»։
  • Ալկոհոլն ամբողջովին բացառվում է. կատեգորիկ կերպով։

Կանոնների խախտման դեպքում տվյալ մասնակիցն իսկույն դուրս կգա ՀԳԱԴ-ից։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ Գիտարշավի մասնակցության թեկնածուները պետք է նախապես ուսումնասիրեն և հնարավորինս յուրացնեն հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված՝ գիտարշավի գիտական ղեկավար Հրաչ Մարտիրոսյանի առցանց դասընթացը (տես academia.edu կայքում՝ Hrach Martirosyan, «Հայոց լեզվի պատմություն», 1-4):

Յուրաքանչյուր մասնակից պետք է որևէ կերպ մասնակցի կամ օժանդակի նախապատրաստական աշխատանքներին կամ էլ ընդգրկվի այս կամ այն բանավեճի մասնակիցների խմբում։ Կարող եք ինքներդ էլ ներկայացնել աշխատանքներ կամ առաջարկել բանավեճի թեմաներ։

Աղբյուրը՝ http://armscoop.com