Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կարճատև ուսման և վերապատրաստման 3 միջազգային կրթաթոշակ

 Կարճատև ուսման և վերապատրաստման 3 միջազգային կրթաթոշակ

Համֆրիի անվան կրթաթոշակ, ԱՄՆ

Հուբերտ Հ. Համֆրիի անվան կրթաթոշակային ծրագիրը (Hubert H. Humphrey Fellowship Program) նախատեսված է օտարերկրյա գիտաշխատողների համար՝ ԱՄՆ առաջնակարգ բուհերից մեկում (տես ծրագրին մասնակից բուհերի ցանկը) մեկ տարի ժամկետով ինքնուրույն մշակված հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Մասնակիցներըմասնագիտական զարգացման տարատեսակ հնարավորություններ ունեն՝ ընտրված համալսարանական դասընթացների, գիտաժողովների մասնակցության, մասնագիտական կապերի հաստատման և գործնական աշխատանքների միջոցով։ Մասնագիտական գործունեության ոլորտները բազմազան են՝ իրավունք, հանրային քաղաքականություն, լրագրություն, ֆինանսներ և բանկային գործ, կրթության կառավարում, հանրային առողջապահություն և այլն (ամբողջական ցանկը)։ Յուրաքանչյուր տարի շնորհվում է մոտ 200 կրթաթոշակ։ Ծրագրի ավարտին մասնակիցներին ԱՄՆ կառավարության կողմից տրվում է վկայական, սակայն գիտական կոչում չի շնորհվում: Համֆրիի ծրագիրը մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ 1978 թ․ Ֆուբրայթի փոխանակման ծրագրի շրջանակներում՝ ի նշանավորումն ԱՄՆ 38-րդ փոխնախագահ Հուբերտ Հ․ Համֆրիի (1911-1978) գործունեության։

Դրամաշնորհը ներառում է հյուրընկալող համալսարանում դասավանդման վճարը, կեցության թոշակը, բժշկական ապահովագրությունը, մասնագիտական գործունեության (գիտաժողովներ, հետազոտական այցեր), ուսումնական գրքերի ծախսը, անհրաժեշտության դեպքում նաև՝ անգլերենի կատարելագործման դասընթացների ծախսը․ մանրամասները՝ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է մասնագիտական գործունեության որոշակի փորձ (առնվազն 5 տարի) ունեցող մասնագետներին, որոնք ունեն անգլերենի պահանջվող ունակություններ և նախկինում չեն օգտվել ԱՄՆ-ում նման հնարավորությունից։ Կարևոր նախապայմաններ են նաև առաջնորդական հմտությունների առկայությունը և հանրային ու հասարակական ակտիվությունը։
Ինչպե՞ս դիմել. Հայաստանում Համֆրիի ծրագիրն իրականացվում է ուղղակիորեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից: Ծրագրի շրջանակներում ըստ գիտական ոլորտների հասանելիության և համապատասխանության չափանիշների վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Ե՞րբ դիմել. Հայաստանում Հեմֆրիի ծրագրի 2017 թ․ մրցույթին մասնակցելուվերջնաժամկետն է 2016 թ․ հունիսի 10-ը։

Համֆրիի ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ։
Երևան 0082, Ամերիկյան փողոց 1
հեռախոս` (+37410) 46 47 00
ֆաքս`:(+37410) 46 47 35

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր կարճատև դասընթացների համար

Նիդերլանդների Միջազգային համագործակցության համալսարանական հիմնադրամը (NUFFIC) Նիդերլանդների կրթաթոշակային ծրագրի (Netherlands Fellowship Programme) միջոցով 51 երկրի քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ Նիդերլանդների տարբեր կրթական հաստատություններում կարճատև դասընթացների ու վերապատրաստման ծրագրերի համար։  Դասընթացների տևողությունը տարբեր է՝ 2 շաբաթից մինչև 12 ամիս։ Ավարտելուց հետո շնորհվում է հոլանդական հավաստագիր կամ դիպլոմ։ NFP-ի կարճատև դասընթացների ծրագրի նպատակը անդամ 51 երկրների քաղաքացիների մասնագիտական կարողությունների զարգացումն է և մրցակցային հիմունքներով շնորհվում է հավակնորդների գործատու կազմակերպությունների (կառավարական և ոչ կառավարական) ներկայացրած դիմումի հիման վրա։ NFP ծրագիրը ամբողջովին ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության կողմից։ 

Ծրագրում ներառված է մասնագիտական ոլորտների լայն շրջանակ, առավել մեծ թվով կրթաթոշակներ շնորհվում են գյուղատնտեսական գիտությունների և մասնավոր ձեռնարկատիրության զարգացման բնագավառներում (հետաքրքրող դասընթացը կարող եք գտնել հետևյալ ցանկից)։ Առավելություն է տրվում կին թեկնածուներին։

Դրամաշնորհը․ NFP կրթաթոշակը ներառում է ուսման ընթացքում ծրագրի մասնակցի աշխատավարձի փոխհատուցումը, ուսման վարձավճարը, կեցության ծախսերը, վիզայի վճարը, ճանապարհածախսը, ապահովագրությունը։ Մանրամասները՝ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է այն մասնագետներին, որոնք NFP ծրագրին մասնակից երկրների քաղաքացիներ են և բնակվում ու աշխատում են այդ երկրում։ Հավակնորդները պետք է առաջադրվեն իրենց գործատուների կողմից՝ ծրագրին համապատասխանության համար։
Ինչպե՞ս դիմել. Ծրագրի հավակնորդները համապատասխան դասընթացն ընտրելուց հետո պետք է ուղղակիորեն դիմեն տվյալ դասընթացը կազմակերպող կրթականհաստատությանը՝ ընդունելության գործընթացի մանրամասները ճշտելու համար։ Անհրաժեշտ քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հայաստանի քաղաքացիները վիզայի վերաբերյալ հարցերի համար կարող են դիմել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն (Թբիլիսի):
Ե՞րբ դիմել. վերջնաժամկետները տարբեր են՝ ըստ դասընթացի։

«Կառավարման ձիրք» ուսումնական կրթաթոշակ զարգացող երկրների համար, Նիդերլանդներ

Զարգացող երկրների համար «Կառավարման ձիրք» ուսումնական կրթաթոշակային ծրագիրը (Talent for Governance Training Scholarships for Developing Countries) անցկացվում է Տեղական ինքնակառավարման Հաագայի ակադեմիայի (Նիդերլանդներ) կողմից՝ նպատակ ունենալով աջակցել Արևելյան Եվրոպայի և զարգացող երկրների երիտասարդ (մինչև 37 տարեկան) քաղծառայողներին։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից՝   միջազգային պրակտիկայի կողմնորոշման դասընթաց Հաագայի ակադեմիայում, մեկ շաբաթ տևողությամբ պրակտիկահոլանդական որևէ տեղական ինքնակառավարման մարմնում, գործընկերային ցանցի հաստատում և վերադարձի գործողությունների ծրագիր։ Ծրագիրն անցկացվում է տարեկան 2-3 անգամ։ Մասնակիցները պետք է ընտրեն ծրագրի թեմաներից որևէ մեկը (թեմաների ցանկը՝ այստեղ․ [What?]): 

Դրամաշնորհը․ ծրագիրը ներառում է ուսման վարձավճարը, ճանապարհածախսը և կեցության ծախսերը։ Կախված մասնակից երկրից՝ մասնակիցները կարող են ծրագրի ծախսերի համար նվիրաբերել 100-200 եվրո։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է մասնակից երկրների՝ 37 տարեկան այն քաղաքացիներին, որոնք աշխատում են տեղական ինքնակառավարման մարմնում, ունեն առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ և պատրաստ են առնվազն ևս 2 տարի աշխատել նույն ոլորտում։ Համապատասխանության հավելյալ մանրամասները տես այստեղ․ [Who?]:  
Ինչպե՞ս դիմել. ծրագրի հերթական փուլի ժամկետում անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։ Դիմումների ընդունման գործընթացի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։
Ե՞րբ դիմել. ծրագրի հերթական փուլի համար դիմելու գործընթացը կսկսվի 2016 թ․ նոյեմբերի սկզբին։

Աղբյուրը՝ http://armscoop.com

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

«ԼՂՀ 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողով 

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հուլիսի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakh.conference@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`

  • զեկուցման թեզիսը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից՝ 18 մմ, ներքևից՝ 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, ասպիրանտուրա, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Աղբյուրը՝ http://aegmm.org/archives/399

Գիտական դրամաշնորհի մրցույթ գիտնականների և հետազոտողների համար

Գիտական դրամաշնորհի մրցույթ գիտնականների և հետազոտողների համար

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2017թգիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2017թ. հունվարին: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` help@ansef.org

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում  (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով`ansef.herokuapp.com մինչև 2016թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2017 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 30 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից: ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի   կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների   բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին: 

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:

Աղբյուրը՝ http://armacad.info

Մասնաճյուղի աշխատակից Էմիլ Մկրտումյանին տրվեց շնորհակալագիր

Մասնաճյուղի աշխատակից Էմիլ Մկրտումյանին տրվեց շնորհակալագիր

2016թ. հունիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 3-րդ մասնաշենքի պարետ Էմիլ Լիպարիտի Մկրտումյանի հետ  կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվեց:

Մասնաճյուղում բարեխիղճ և արդյունավետ աշխատելու համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից Է.Մկրտումյանին հանձնվեց շնորհակալագիր:

Ամառային ծրագիր – Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները, 11-22 հուլիս 2016, Երևան

Ամառային ծրագիր - Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները, 11-22 հուլիս 2016, Երևան 

«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2016 թվականի ամառային ծրագրի ընդունելություն:

Այս տարվա թեման է «Homo Soveticus-ին հետազոտելու մարտահրավերները»:

Այն մեծապես կանդրադառնա արխիվային աշխատանքի մեթոդներին տարբեր ոլորտների դիտանկյունից:

Ծրագիրը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 11-22-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ծրագրին կարող են մասնակցել հասարակական գիտությունների` հատկապես ազգագրություն, մշակութային մարդաբանություն, մշակութաբանություն, սոցիոլոգիա, պատմություն, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ը վերջերս ավարտածները:

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար ՀԲԿՆ ամառային ծրագիրը հիանալի հարթակ է դարձել ինտերակտիվ միջավայրում բացահայտելու նոր և արդիական թեմաներ ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ծրագրի մասնակիցները կապեր կհաստատեն ՀԲԿՆ անձնակազմի, դասախոսների և նախորդ ծրագրերի շրջանավարտների հետ: Նրանք հնարավորություն կունենան միանալ կազմակերպության օնլայն հարթակին, որի միջոցով կկարողանան այլ հնարավորությունների և իրենց փորձառության մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր խմբերի միջև:

Ծրագրի տևողությունը երկու շաբաթ է, և անցկացվելու է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-15:00-ը: Դասախոսություններն ու սեմինարները կներառեն հետևյալ թեմաները.

  • Դաշտային աշխատանք և արխիվային աշխատանք։
  • Եկեղեցին և կրոնը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում։
  • Ստալինյան բռնաճնշումների սոցիալ-քաղաքական ազդեցությունը Հայաստանում։
  • Պատմության ընկալումը գենդերային տեսանկյունից։
  • Մշակույթը, ճարտարապետությունը և առօրյան Խորհրդային Հայաստանում։

Մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է:

Ծրագրին հաջորդող ժամանակահատվածում շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների շրջանակներում համագործակցել ծրագրի հեղինակավոր դասախոսների հետ: Կդիտարկվի նաև հետազոտությունները անգլալեզու գրախոսվող ակադեմիական «Armenian Review» ամսագրում տպագրելու հնարավորությունը: Ծրագրի շրջանավարտ դառնալուց զատ մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀԲԿՆ-ի, «Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հարուստ ակադեմիական ռեսուրսներից:

Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է:

Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչ կառույցները:

Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:

Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը (resume) և լրացված հայտադիմումի ձևն ուղարկեն info@armhei.org էլ.փոստին մինչև 2016 թվականի հունիսի 5-ը: Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի հայտերը չեն դիտարկվելու: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2016թ. հունիսի 15-ը: