Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում իրականացվեցին 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունները

1․ գլխավոր 2023թ. հոկտեմբերի 12-13-ը ԵՊՀ ԻՄ-ում անցկացվեցին 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցացրույցները և քննությունները՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» և «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերով:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար լիցենզիայով սահմանված էր 25 տեղ: Մասնաճյուղում առաջին տարին ներդրված «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունվելու համար ստացվել էր 15 դիմում, իսկ արդեն երրորդ տարին գործող «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունվելու համար՝ 20 դիմում:

Ըստ գործող կարգի՝ ընդունելությունը կազմակերպվում է երկու ձևով (հարցազրույց և քննություն): Այս տարի մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության, մասնակցել է 2 մագիստրոսական ծրագրերից 1-ական դիմորդ, մյուսները հանձնել են ընդունելության քննություն:

«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահում էր ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գարիկ Աշոտի Սիրոյանը: Քննությանը մասնակցել է 12 դիմորդ (2 դիմում մերժվել է մանդատային հանձնաժողովի կողմից, 1 դիմորդ չի ներկայացել). 1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Առավել գոհացնող են «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության քննության արդյունքները: Քննությանը մասնակցել է 18 դիմորդ (1 դիմում մերժվել է մանդատային հանձնաժողովի կողմից, 1 դիմորդ չի ներկայացել). 7-ը ստացել է «գերազանց», 11-ը՝ «լավ»:

«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի դիմորդների պատրաստվածության բարձր մակարդակի մասին մեզ հետ զրույցում փաստեց նաև քննական հանձնաժողովի նախագահը՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր, մ.գ.դ., ԵՊՀ ԻՄ տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հայկ Հմայակի Պետրոսյանը. «Քննությանը մասնակցած դիմորդները դրսևորեցին պատրաստվածության բարձր մակարդակ՝ ցույց տալով, որ ընտրած մասնագիտության գծով տիրապետում են ձևավորված որոշակի կարողությունների և մոտիվացված են աշխատելու մանկավարժության բնագավառում»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով մասնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը

1․ Գլխավոր

 2023 թվականի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի II, Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի I, «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի I և III կուրսերի հավաքական թիմերը:

Խաղերը կայացան օլիմպիական մրցակարգով:

Հանդիպեցին «Զբոսաշրջություն» III և «Ֆինանսներ» I կուրսերի թիմերը: Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Զբոսաշրջություն» III կուրսի թիմը:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» II կուրսի հավաքական թիմն էլ 2:0 հաշվով հաղթեց «Զբոսաշրջություն» I կուրսի թիմին:

Առաջին տեղը գրավեց «Զբոսաշրջություն» III կուրսի թիմը:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» II և «Ֆինանսներ» I կուրսերի թիմերը:

Մրցանակակիրները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և փոխանցիկ գավաթով:

Հայտնի են 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

ԵՊՀ ԻՄ  (5)

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննական օրեր են՝

  • հոկտեմբերի 22-ը (օտար լեզուներ),
  • հոկտեմբերի 23-ը (քիմիա, ռուսաց լեզու),
  • հոկտեմբերի 24-ը (հայոց լեզու և հայ գրականություն),
  • հոկտեմբերի 25-ը (կենսաբանություն, աշխարհագրություն),
  • հոկտեմբերի 26-ը (մաթեմատիկա),
  • հոկտեմբերի 27-ը (ֆիզիկա, հայոց պատմություն):

Բոլոր դիմորդներին մաղթում ենք քննությունների բարեհաջող ընթացք և բարձր արդյունքներ:

ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ

նախապատրաստական դասընթացներ  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 2024-2025 ուստարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն), ներբուհական «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից: Դասընթացները վարելու են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Սահմանամերձ գյուղերի դիմորդների համար, համապատասխան խմբերի ձևավորման դեպքում, դասընթացները կկազմակերպվեն առցանց եղանակով:

Դասընթացները սկսվում են նոյեմբերի 1-ին և ավարտվում մայիսի 31-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 17-31-ն ընկած ժամանակահատվածում MKPKIB@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը, 1 լուսանկար (3×4 չափի)  և ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը:

Յուրաքանչյուր առարկայի դասընթացի տարեկան արժեքը 160 000 ՀՀ դրամ է:

Արցախից բռնի տեղահանված դիմորդների համար նախապատրաստական դասընթացներն անվճար են:

 

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ

համագործակցության բաժին

 Հեռ.՝ (+374 94) 03 21 12

Հոգեբանական անվճար ծառայություններ

հոգեբանական ծառայություն  Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աջակցությամբ պատրաստ է հոգեբանական անվճար ծառայություններ մատուցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի բնակիչներին, մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին:

Գրանցվելու համար կարող եք զանգահարել ԵՊՀ իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներին՝ Գոհար Աշոտի Գասպարյանին (հեռ. 055 53 03 51) և Մերի Տիգրանի Ազիզյանին (հեռ. 098 89 28 90):