Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականները Իջևանի վարժարանում իրականացրին «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը

1. glxavor 2023 թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի վարժարանում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 12 աշակերտներ:

Խաղը վարեց ՈՒԳԸ նախագահ, «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան խաղը շարունակելու երկրորդ փուլում:

Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Միքայել Հարությունյանը, Տիգրան Գևորգյանը և Ռոբերտ Ապրեսյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Պայքարը շատ թեժ էր:

Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Միքայել Հարությունյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գեղարվեստական գրքով (Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը):

Պատվոգրերով պարգևատրվեցին նաև Տիգրան Գևորգյանը և Ռոբերտ Ապրեսյանը, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները անհամբեր սպասում են այս ուսումնական տարվա վերջում մասնաճյուղում կայանալիք եզրափակիչ փուլին, որին իրենք ևս կմասնակցեն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը նման նախաձեռնությունների միջոցով ձգտում է մոտիվացնել աշակերտներին, որ ավելի լավ սովորեն, բազմակողմանիորեն  զարգանան և ձեռք բերեն հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև այս ճանապարհով ամրապնդվում է դպրոց-բուհ կապը:

Միջազգային համաժողովում մեր ուսանողուհիներն արժանացան 1-ին կարգի դիպլոմների

1․ գլխավոր

 2023 թ. նոյեմբերի վերջին ամփոփվեցին ս.թ. նոյեմբերի 18-ին Ուրալի պետական համալսարանում մեկնարկած «Ռուսական տարածաշրջանները փոփոխման կենտրոնում» թեմայով միջազգային XVIII համաժողովի արդյունքները, որին մասնակցել և առաջին կարգի դիպլոմների են արժանացել մեր ուսանողները՝ ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը:

Միգրացիոն գործընթացների ուսումնասիրությանն ուղղված միջազգային համաժողովում ընդգրկված էին առավելապես հայցորդներ, պրոֆեսորներ, դոկտորներ, գիտությունների թեկնածուներ և քիչ թվով ուսանողներ, որոնց մեջ էին մասնաճյուղի ուսանողները:

Միջազգային համաժողովում ԵՊՀ ԻՄ ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը ներկայացրին «Միգրացիոն գործընթացները և միջմշակութային հաղորդակցությունը գլոբալ մարտահրավերների պայմաններում» և «Հուզական ինտելեկտը որպես ուսուցման գործընթացի անհրաժեշտ պայման» թեմաներով զեկուցումներ՝ ստանալով առաջին կարգի դիպլոմներ:

Մարիամ Դարբինյանը և Նազելի Եսայանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով համաժողովին իրենց մասնակցությանը և գրանցած հաջողություններին, խորին շնորհակալություն հայտնեցին համաժողովի կազմակերպիչներին և իրենց գիտական ղեկավար, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ԲԳՌԱ) պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին՝ համաժողովին մասնակցելու հրաշալի հնարավորության և դրա նախապատրաստման գործում անփոխարինելի աջակցության համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:

նկար - poxvac1 

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1․ գլխավոր - Copy 2023 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում այցելեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ պատվիրակության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մասնաճյուղում ֆրանսերենի դասավանդման կազմակերպմանը, մարզում ֆրանսերենի զարգացմանը, դեսպանատան հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Պարոն Մակարյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց առաջին անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելած ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին, կրթական համագործակցության հացերով դեսպանի կցորդ Դոմինիկ Վեսին, համառոտ ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, կառուցվածքը, անդրադարձավ իրականացվող մասնագիտություններին և առանձնապես «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրին, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնում գործող Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի աշխատանքներին:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի նիստերի սենյակում տեղի ունեցավ դեսպանի գլխավորած պատվիրակության, բուհի ղեկավարության ու Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսների հանդիպումը մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ 2013 թվականից ի վեր Ֆրանկոֆոնիայի և քույր քաղաքների բարեկամության շրջանակներում Վալանսի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի հրավերով ամեն տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողներ դասախոսի ուղեկցությամբ հյուրընկալվում են Վալանսում, իրենց մասնագիտական գիտելիքները և բանավոր խոսքը կատարելագործելու նպատակով մասնակցում են դասընթացների և հանդիպումների, կատարում ճանաչողական այցեր:

Խոսվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև ավելի քան 10 տարվա համագործակցության մասին, որի շրջանակներում ֆրանսիական կողմը կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, ովքեր նպաստում են մարզի դպրոցներում ֆրանսերենի տարածմանը:

Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին մասնաճյուղի ուսանողների՝ ֆրանսերենով հաղորդակցվելու հմտությունների բարձր մակարդակի վերաբերյալ:

Մասնաճյուղի դասախոսները դեսպանին ներկայացրին Ֆրանսիայում վերապատրաստում անցնելու իրենց ցանկության մասին և խնդրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությունն այդ գործում:

Պարոն Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներին հրավիրեց այցելելու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: 

ԵՊՀ ԻՄ-ում տրվեց հոգեբանական ծառայությունների մեկնարկը

1. glxavor 2023 թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի բնակիչներին և համալսարանականներին հոգեբանական անվճար ծառայություններ մատուցելու գործընթացը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի՝ 2023 թ. նոյեմբերի 9-ի հրամանի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ում թույլատրվել է կազմակերպել և մատուցել հոգեբանական խորհրդատվական, հոգեթերապևտիկ, անձնային և մասնագիտական զարգացնող բնույթի ծառայություններ մասնաճյուղի ուսանողների, աշխատակիցների ու Տավուշի մարզի բնակիչների համար: Մինչև համապատասխան ստորաբաժանման ձևավորումը ծառայությունների մատուցման աշխատանքների կազմակերպման պատասխանատու է նշանակվել ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մերի Տիգրանի Ազիզյանը: Նրա կողմից տնօրենի հաստատմանն է ներկայացվել 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար գործունեության ծրագիր և համապատասխան մասնագետների խմբի կազմը:

Հոգեբանական ծառայությունների մատուցման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը և խմբի ղեկավար Մերի Ազիզյանը հանդիպում ունեցան Արցախից բռնի տեղահանված և իրենց ուսումնառությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շարունակող ուսանողների հետ:

Առաջին հանդիպման ընթացքում Ա. Մակարյանը և Մ. Ազիզյանը ծանոթացան ուսանողների հետ, ուսումնական գործընթացում հնարավորինս արագ ներգրավվելու հետ կապված դժվարություններին, պատասխանացին նրանց հուզող հարցերին: Ուսանողներին առաջարկվեց իրենց և իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին ցանկության դեպքում տրամադրել հոգեբանական աջակցություն:

Նույն օրը Մերի Ազիզյանը վարեց հոգեբանական ծառայությունների առաջին թրեյնինգը («Կոնտակտի խզման մեխանիզմները»), որին մասնակցում էին առկա և հեռակա ուսուցման հոգեբանության և հարակից մասնագիտությունների ուսանողներ:

Թրեյնինգի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է նշանակում կոնտակտ, ինչպես է մարդն ունենում կոնտակտ մարդկանց և աշխարհի հետ, ինչ պաշտպանական մեխանիզմներ է կիրառում, որոնք կոնտակն ունենալու ցանկությանը զուգահեռ հանգեցնում են սեփական անձի և աշխարհի հետ կոնտակտի խզմանը:

Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դաս-քննարկում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

1. glxavor 2023 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ՆԳ նախարարության փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի ներկայացուցիչները՝ Բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության մայոր Սարգիս Մարկոսյանի գլխավորությամբ:

Այցելության նպատակն էր ուսանողների համար անցկացնել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դաս-քննարկում:

Դաս-քննարկման ընթացքում ուսանողներին շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեցին սեյսմապաշտպանական վարքականոնները, թե ինչ պետք է անել երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և երկրաշարժից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Բացատրվեցին քաղաքացիական պաշտպանության ձևերը (տարհանումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը), քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տեսակները (նախապատրաստական և հիմնական), ծառայությունները:

Խոսվեց բնական աղետների, դրանց կանխարգելման միջոցառումների և պաշտպանվելու եղանակների մասին:

Ուսանողները ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից ստացան դաս-քննարկման թեմաների շրջանակներում իրենց հուզող հարցերի պատասխանները: