Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

2015թ. հուլիսի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները գիտաժողով անցկացնելու նպատակով այցելեցին Գեղարքունիքի մարզ` պատանի երկրապահների ճամբար, որտեղ ընդգրկված էին երիտասարդ և պատանի երկրապահներ` հանրապետության տարբեր վայրերից ու Արցախից:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

Պատանի երկրապահներն ուսումնամարզական վարժանքներ և հրամանատարասերժանտական դասընթացներ են անցնում Գեղարքունիքի մարզում, որը պատահական չէ ընտրված:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

Գեղարքունիքը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող սահմանամերձ մարզ է, որի բնակչությունն ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, այսօր էլ ներգրավված է հայրենիքի շենացման գործում:

Մարզում կա Երկրապահի 2625 անդամ, «Երիտասարդ երկրապահի» մարզային կառույցում հաշվառված են 368 հոգի, «Պատանի Երկրապահ»-ում ընդգրկված են 1372 պատանի և աղջիկ: Մարզում գործում են վեց (Գավառի, Ճամբարակի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Վարդենիկի) տարածքային բաժանմունքներ:

Այցի ընթացքում նախ ողջույնի խոսք ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` մասնավորապես նշելով. «Այս դաստիարակված սերունդը ստեղծելու է այն ազատ, անկախ, միասնական Հայաստանը, որը մեր բոլորիս երազանքն է: … Շնորհակալություն ձեզ, կրկին շնորհակալություն Երկրապահին, այն մարդկանց, որոնք իրենց ուսերին են տարել այս տարիների ընթացքում մեր երկրի հզորացումը… Մենք կարող ենք ասել, որ, հանձինս պատանի երկրապահների, Հայաստանում ստեղծվել է մի մեծ համալսարան, մի կրթական համալիր, որի պատերի ներսում դաստիարակվում է այս հերոսական սերունդը: Փա՛ռք ու պատիվ ձեզ»:

Ապա մասնաճյուղի ներկայացուցիչները պատանի և երիտասարդ երկրապահների համար անցկացրին գիտաժողով, քննարկեցին հայրենասիրության, անկախության և այլ թեմաներ:

Գիտաժողովի մասնակիցները ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից արժանացան հուշամեդալների և պատվոգրերի:

Մասնաճյուղի ներկայացուցիչների այցը պատանի երկրապահների ճամբար

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպեցին նաև փոքրիկ երաժշտական միջոցառում` «Հայ ենք մենք», «Մարտիկի երգը», «Ախպերս ու ես», «Գետաշեն» և այլ ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Ակումբականներին ակտիվ ձայնակցեցին և պատանի երկրապահներն ու նրանց ղեկավարները:

Գիտական խորհրդի նիստում

2015թ. հուլիսի 10-ին «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Գիտական խորհրդի նիստում

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների զարգացման հեռանկարներին, ՄԿՈԱ բաժնի` 2014-2015 ուստարվա կատարած աշխատանքներին, ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ 2015-2016 ուստարվա ընդունելությանը վերաբերող հարցեր:

Ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի մագիստրոսի կրթական ծրագրով առկա և բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման 2015թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման 2015թ. հարցման և ԵՊՀ ԻՄ-ի դասավանդման որակի ու արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման` 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի արդյունքները:

Գիտական խորհրդի նիստում

Մասնաճյուղում որակի ներքին ապահովման իմաստով հատկանշական են հաշվետու ուստարում ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված աշխատանքները` ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի անցկացման կարգի մշակում, դասընթացների փաթեթների կառուցվածքային համապատասխանության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015 զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի մասին հաշվետվության պատրաստում, ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի` 2011-14թթ. գործողությունների կատարման ամփոփ զեկույցի նախապատրաստում տպագրության, «ԵՊՀ ԻՄ-ի գործունեությունը 2013-14 ուստարում» հաշվետվության կազմում, հարցումների իրականացման համար համապատասխան կանոնակարգերի, հարցման գործիքի անձնագրերի ստեղծում, իրականացված հարցումների արդյունքների վերլուծություն, ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման կազմակերպական կառուցվածքի սխեմայի վերանայում, ամբիոնների և դեկանատների փաստաթղթերի կանոնակարգված ցանկի, ՄԿՈԱ բաժնի և մասնաճյուղի ենթակառուցվածքների միջև տեղեկատվության փոխանակումը կարգավորող սխեմայի կազմում, ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման ձեռնարկի բովանդակության նախնական տարբերակի մշակում, վերապատրաստման դասընթացների իրականացում, 2010-15թթ. գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների /ԳԱՑ/ համալրում և վերլուծություն, մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումներում տեղեկատվական համակարգերի անխափան գործունեության վերահսկում, խորհրդատվության տրամադրում, մասնաճյուղի պաշտոնական կայքի կառավարում, բոլոր հարցումների արդյունքների հաշվառման 9 տեղեկատվական համակարգերի՝ բազաների մշակում, մասնաճյուղի տարեկան ինքնավերլուծության զեկույցի համար անհրաժեշտ հիմքերի վերհանում, ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման կարգի նախնական մշակում:

ԵՊՀ ԻՄ-ի` 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանն ամփոփելով` նշվեց, որ հաշվետու կիսամյակի քննաշրջանն իրականացվել է ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցի համաձայն` մայիսի 25-ից մինչև հունիսի 27-ը: Ուսումնամեթոդական վարչության կողմից իրականացվել է քննաշրջանի վերահսկում, որի ընթացքում խախտումներ չեն նկատվել:

Գիտական խորհրդի նիստում

Նախապես ամբիոնների վարիչների կողմից ստուգվել և ստորագրվել են բոլոր հարցատոմսերը, որոնք վավերացվել են ֆակուլտետների դեկանների կողմից: Քննաշրջանի արդյունքների վերաբերյալ ֆակուլտետները ներկայացրել են հաշվետվություններ:

Ամփոփելով ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցմամբ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները` նշվեց, որ 2014-2015 ուստարում մասնաճյուղն ունեցել է 192 շրջանավարտ, որոնցից 188-ը հեռակա ուսուցմամբ, 4-ը` մագիստրոսական:

Այս տարի մասնաճյուղը առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտ չի ունեցել:

Ամփոփելով ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության 2015թ. հարցման արդյունքները` նշվեց, որ մեր շրջանավարտները բավարարված են իրենց ստացած տեսական գիտելիքներից ու մասնագիտական կարողություններից, պրակտիկաների միջոցով գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերումից:

Գիտական խորհրդի նիստում

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

2015թ. հուլիսի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց մասնաճյուղի այն լավագույն շրջանավարտների հետ, ովքեր նախապես գրանցվել էին մասնաճյուղի «Կադրային բանկ»-ում և էլեկտրոնային տարբերակով ուղարկել իրենց ինքնակենսագրությունները:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

Հանդիպումը կայացավ մասնաճյուղի դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը բուհի շրջանավարտներով համալրելու նախաձեռնության շրջանակներում:

«Մեր շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և լիովին արդարացնում են իրենց: Մենք պիտի շարունակենք կիրառել արդեն հաջողված կադրային այդ քաղաքականությունը»- իր խոսքում ընդգծեց Ս.Առաքելյանը:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

Հանդիպման ընթացքում քննարկվեցին շրջանավարտների ստացած կրթությանը (բակալավրական և մագիստրոսական), աշխատանքային փորձին, նրանց կողմից ակնկալվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Շրջանավարտներին նաև առաջարկվեց անդամագրվելու մասնաճյուղին կից ստեղծվող «Շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպությանը:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

 

Քննարկումից հետո որոշվեց, որ նոր ուսումնական տարվանից մի քանի շրջանավարտներ կհրավիրվեն փորձաշրջանով աշխատելու մասնաճյուղում:

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

2015թ. հուլիսի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննություններից վերջինը` ֆրանսերենի քննությունը: 

Քննություններում ցուցաբերված արդյունքներից հայտնի դարձավ մեր լավագույն դիմորդը` ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության դիմորդ Աստղիկ Բագրատի Սարիբեկյանը:

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

Այդ կապակցությամբ Աստղիկի հետ ունեցանք փոքրիկ հարցազրույց` բուհի և մասնագիտության ընտրության շուրջ.

-Ինչպե՞ս եք տեղեկացել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասին:

 -Մասնաճյուղի մասին տեղեկացել եմ ծանոթներիս և բուհի ներկայացուցիչների` մեր դպրոց կատարած այցելության միջոցով:

 

-Մեր բուհն ընտրելիս ի՞նչ չափանիշներ եք հաշվի առել (նրա վարկանիշը, կրթության որակը, վարձավճարը, այլ չափանիշներ):

– Ընտրել եմ   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` հաշվի առնելով նրա տրամադրած կրթության որակը:

 

-Ձեր մասնագիտությունն ընտրելիս ի՞նչ սկզբունք եք հաշվի առել:

-Ես ընտրել եմ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը, քանի որ շատ եմ սիրում այն: Թեև դպրոցում անցել եմ անգլերեն, բայց ֆրանսերենի նկատմամբ սերը, այդ լեզվի հմայքը` նրբությունը, երաժշտականությունը, մղեց ինձ ընտրելու հենց այդ մասնագիտությունը:  

 

-Գո՞հ եք արդյոք ընդունելության քննություններից, դրանց անցկացման գործընթացից:

-Այո՛, ես շատ գոհ եմ ընդունելության քննություններից, դրանք անցկացվեցին թափանցիկ, օբյեկտիվ: Կարծում եմ, որ դիմորդները անկաշկանդ կերպով հանձնեցին քննությունները և ստացան իրենց արժանի գնահատականները:  

 

-Ի՞նչ առաջարկներ ունեք` ընդունելության քննությունների հետ կապված:

-Ես կուզենայի, որ չլինեին շտեմարաններ, քանի որ դրանք, ըստ իս, մեխանիկական վարժեցման վտանգ ունեն իրենց մեջ:

 

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ես ակնկալում եմ, որ կստանամ որակյալ կրթություն, կդառնամ պահանջված մասնագետ, հասարակությանը պիտանի մարդ և կկարողանամ իմ լուման ներդնել մեր երկրի զարգացման գործում:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակում ԱՄՆ Խաղաղության կորպուսի անգլերեն լեզվի ուսուցման կամավոր, պրոֆեսոր Պամելա Ուոթքինսը ավարտեց իր աշխատանքը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնում:

Երկու տարվա բեղմնավոր գործունեության արդյունքում մեր ուսանողները կարողացան մասնագիտական խոր գիտելիքներ ձեռք բերել և զարգացնել խոսակցական անգլերենի իրենց հմտությունները:

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

Նրա շնորհիվ մեր ուսանողները նաև հաղթեցին հանրապետական
և միջազգային մրցույթներում՝ անգլերեն լեզվով ներկայացնելով շարադրություններ:

2015թ. հուլիսի 7-ին` հրաժեշտի ժամանակ, պրոֆեսոր Ուոթքինսը Անգլերեն լեզվի ռեսուրս կենտրոնին նվիրեց բազմաֆունկցիոնալ տպիչ սարք:

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները իրենց երախտագիտությունն են հայտնում սիրելի դասախոսին` նրան մաղթելով նոր հաջողություններ: