Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը

1. գլխավոր 2023թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մունետիկ» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, նույն վարչության ավագ մասնագետ Նարինե Հովհաննիսյանը, «Մունետիկ» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Համբարձումյանը, ծրագրի նախաձեռնող խումբը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր, այլ արվեստասերներ:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագրի կազմակերպիչ Հ.Համբարձումյանը, ծրագրի արվեստաբան Տ.Համբարձումյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Զ.Ասլանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ նման կարևոր ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման համար, երիտասարդների կրթության, ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում ընդգծելով այդպիսի ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց դերն ու նշանակությունը, շարունակական բնույթը:

Կազմակերպիչներն իրենց խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցին նաև ԵՊՀ ԻՄ-ի՝ ծրագրին միացած դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյաններին, որոնց անցկացրած վարպետաց դասերի շնորհիվ ցուցահանդեսը համալրվել էր նոր թեմատիկ աշխատանքներով:

Այնուհետև ցուցահանդեսի աջակիցներին ու մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր, և այն հայտարարվեց բացված:

Ցուցահանդեսում ներկայացված էին հայրենաճանաչողական ծրագրի մասնակիցների բազմաժանր (գեղանկար, գրաֆիկա, բատիկա և այլն) ստեղծագործությունները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների աշխատանքները:

Ծրագրի մասնակիցները բազում ոճերով և տեխնիկաներով անդրադարձել էին իրենց հետաքրքրող հայրենաճանաչողական թեմաներին՝ ստեղծելով գեղագիտական բարձր որակներով օժտված գործեր:

 

Չարլի Չապլինի կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառում

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ Չարլի Չապլինի կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա.Պարոնյանը:

Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, նույն մասնագիտության ուսանողներ:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները շնորհանդեսի ուղեկցությամբ նախ ներկայացրին Չարլի Չապլինի կյանքը, թե ով էր նա, ովքեր էին Չապլինի ընկերները, նրա առաջին սերը: Այդ ամենը ներկայացվեց հենց Չապլինի կողմից, ում մարմավորում էր ուսանողներից մեկը:

Հաջորդիվ ընթերցվեց Չապլինի նամակը՝ ուղղված իրենից հեռու գտնվող դստերը՝ Ջերալդինին, նամակ, որ անտարբեր չի թողնում և ոչ մեկին:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Չապլինի մասնագիտական գործունեությունը, նրա հաջուղությունները և դժվարությունները վերելքի ճանապարհին, նրա ստեղծած կազմակերպությունը և լավագույն ֆիլմերը:

Ցուցադրվեց Չապլինի «Դիկտատոր» ֆիլմի ելույթը, որը տասնյակ տարիներ անց էլ չի կորցնում իր արդիականությունը:

Միջոցառման վերջում ուսանողներն անդրադարձան նաև Չապլինի մեկ այլ տաղանդին՝ նրա ստեղծած երաժշտությանը, որը քչերին է հայտնի, և կատարեցին նրա ստեղծագործություններից մեկը:

Կայացավ «Ապրել միասին, սովորել միասին» համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2023թ. մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացան «Ապրել միասին, սովորել միասին» խորագիրը կրող համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը և փակումը:

Ս.թ. մայիսի 10-ից մեկնարկած փառատոնն անցկացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և գործընկերությամբ Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

Փառատոնը, որին մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի 11 հանրակրթական դպրոցներ, նպատակ ուներ բարձրացնելու համընդհանուր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակը, նպաստելու կրթությանն աջակցող ծառայությունների և ներառականության գաղափարի տարածմանը:

Համամարզային թատերական փառատոնում ընդգրկված էին հայ գրականության ծրագրային ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ:

Ս․թ․ մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի մեծ դահլիճում անցկացված ամփոփիչ միջոցառմանը ներկա էին մասնակից 11 դպրոցների սաները, ուսուցիչներ, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ: Տրվեց չորս ներկայացում (Մ.Գալշոյանի «Մամփրե արքան», Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը», «Քաջ Նազարը», Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» ստեղծագործությունների հիման վրա):

Վերջում բոլոր դպրոցները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համագործակցության և օժանդակության համար հատուկ շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությանը, միջոցառմանը մասնակցող ուսանողներին, «M Dance Studio»-ին, բոլոր աջակիցներին:

Դասախոսություն-հեռակամուրջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռուսական նոր համալսարանի միջև

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռուսական նոր համալսարանի միջև ս.թ. մայիսի 11-ին կայացավ ավարտական, եզրափակիչ դասախոսություն-հեռակամուրջ՝ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ: Շարահյուսության վերաբերյալ դասախոսություն վարեցին Ռուսական նոր համալսարանի ռուսաց լեզվի և հրատարակչական գործի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աննա Ֆելիքսի Գերշանովան և մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը:

Լրացնելով միմյանց և քննարկելով դիտարկվող յուրաքանչյուր հարցը՝ դասախոսներն անդրադարձան շարահյուսության այն ոլորտներին, որոնք հետաքրքիր և անհրաժեշտ են ուսանողների հատուկ հետազոտական աշխատանքների համար՝ հիմնված Լ. Ն. Տոլստոյի, Ֆ. Մ. Դոստոևսկու, Ա. Պ. Չեխովի ստեղծագործություններից վերցված բնագրային նյութերի վրա: Դիտարկվեցին մասնավորապես բարդ համադասական և ստորադասական նախադասությունների շարահյուսությունը և գեղարվեստական տեքստը, դրանց շարադասությունը (ուղիղ և շրջուն), հնչերանգը՝ որպես բարդ նախադասության բաղադրիչների կապակցման եղանակ, համադասության և ստորադասության միջև եղած տարբերությունների ժամանակակից ըմբռնումը, թե որն է իմաստային խմբերի քանակն ու միջոցները որոշելու դժվարությունը, շարահյուսության այլ նրբերանգներ գեղարվեստական տեքստում: Ուսանողների մեջ մեծ հետաքրքրություն առաջացրին բարդ նախադասությունների կառուցվածքային դասակարգման թեման՝ ըստ Մ. Ն. Պետերսոնի, և բարդ ստորադասական նախադասությունների դասակարգումը՝ ըստ Վ. Ա. Բելոշապկովայի:

Հեռակամուրջ-դասախոսության այս մեթոդը թույլ է տալիս շոշափել կոնկրետ առարկայի, հետազոտության վերաբերյալ այն արդիական խնդիրները, որոնք հակասական են և պարզաբանման կարիք ունեն: Մեթոդն ինքնին բարդ է, բազմակողմանի և գտնվում է զարգացման մշտական գործընթացում: Միևնույն ժամանակ դասախոսության կառուցվածքը կախված է դասավանդողների մտադրությունից և թեմայի վերլուծական կառուցումից: Նման դասախոսությունները թույլ են տալիս ամբողջացնել փաստական նյութը և ներկայացնել այն հետագա հետազոտության համար:

ԱՅՍՕՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 78-ԱՄՅԱԿՆ Է

Մայիսի-9-ի-նորութ.-նկ.-517x390 2023թ. մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի զավթիչների դեմ Խորհրդային Միության ժողովուրդների մղած ծանրագույն պատերազմում անասելի զրկանքների ու կորուստների գնով տարած Հաղթանակի 78-ամյակը:

Այդ հաղթանակի կերտման գործում անհերքելի է հայ ժողովրդի ունեցած ներդրումը: Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընդունված տվյալների համաձայն, ԽՍՀՄ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ, ընդ որում՝ մոտ 300 հազարը՝ Հայկական ԽՍՀ-ից, որը մեր հանրապետության այն ժամանակվա բնակչության 22 տոկոսն էր կազմում: Պատերազմին մասնակցած հայորդիների գրեթե կեսն էլ կյանքի գնով է կռել հաղթանակը:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով, և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ:

104 (այլ տվյալների համաձայն՝ 106) հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում (Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոսի կոչում), 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ (հավասարազոր է Հերոսի կոչմանը), իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ:

Գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ, այլ խոսքով՝ հայ ժողովրդի զավակներ, սերմնացաններ, որոնք չվերադարձան տուն…

Հայկական 6 դիվիզիաներից միայն մեկն էր մնացել հանրապետությունում՝ սովետա–թուրքական սահմանի պահպանության և Հիտլերի դաշնակից Թուրքիայի ենթադրվող ագրեսիային դիմագրավելու համար:

Մյուս հայկական դիվիզիաները, որոնցից ամենահայտնին համարվում է 89-րդ Թամանյանը, լիարժեք մասնակցել են ՀՄՊ ընթացքին` Կովկասից հասնելով մինչև Բեռլին, Կուրլանդիա, Ավստրիա, մասնակցել Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ազատագրական գործողություններին:

Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, այլուր, ԽՍՀՄ օկուպացված հատվածում ակտիվ մասնակցել են պարտիզանական պայքարին, դիմադրության շարժմանը, դարձել այդ երկրների ազգային հերոսներ:

ԱՄՆ-ում այդ շրջանում հաստատված մոտ 200 հազար հայերից շուրջ 20 հազարը արդեն ամերիկյան զորքերի կազմում հերոսաբար պայքարել է Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում՝ Պերլ Հարբորում, Իտալիայի ազատագրման համար մղված ճակատամարտերում:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ըստ էության, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, դաշնակից պետությունների, մեր բոլորի հաղթանակն է:

Փառք ու պատիվ մեր հին ու նոր հաղթանակների կերտողներին, մեր բոլոր հերոսներին…