Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2022-2023 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1. գլխավոր 2023թ. մայիսի 6-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության կրթական ծրագրերով:

Մայիսի 6-ին տեղի ունեցան «Պատմություն» և «Հոգեբանություն» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․թ․ Ավետիս Հմայակի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 7 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ցանկալի կլիներ, որ ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և հաստատման ժամանակ որոշակի ուշադրություն դարձվեր հայոց պատմության հին և միջնադարյան ժամանակաշրջանի թեմաներին, իսկ պաշտպանության ժամանակ ուսանողներն իրենց դրսևորեին ավելի անկաշկանդ:

«Հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հ․գ․թ․, դոցենտ Լաուրա Համբարձումի Պետրոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 6 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ շրջանավարտներն ունեն բարձր պատրաստվածություն և մեծ ներուժ՝ հոգեբանության դաշտում հետազոտությունները շարունակելու առումով: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ հետազոտական աշխատանքները մեթոդական տեսանկյունից լինեն առավել հիմնավորված, իսկ աշխատանքների թեմաները՝ առավել կոնկրետ:

Մայիսի 13-ին կկայանա «Զբոսաշրջություն», 19-ին՝ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Մայիսի 20-ին տեղի կունենան «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի), «Դիզայն», «Կիրառական արվեստ» («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի), «Ֆինանսներ» մասնագիտության («Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի)  շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Մայիսի 26-ին կկայանա «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, 27-ին՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի) և «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի) շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք արդեն ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ, մեր մյուս շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանություններին՝ բարի ընթացք:

 

«Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսություն

1. գլխավոր 2023թ. մայիսի 3-ին Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում անցկացվեց «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսություն, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը` ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի գործունեությունը և հրապարակային դասախոսությունների շարքի նախաձեռման նպատակն ու խնդիրները:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող  Արամ Սաֆարյանը, անդրադառնալով Եվրասիական ինտեգրման գործընթացի ծավալմանը ՀՀ շահերի և ակնկալիքի տեսանկյունից, նշեց. «Եվրասիական տնտեսական միության 9 տարիների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ աճել է ավելի քան 10 անգամ: Մեր արտաքին առևտրի այդ ուղղությանն են այսօր բաժին ընկնում արտահանման 31%-ը և ներկրման 41%-ը: 2022 թվականն աննախադեպ տնտեսական հաջողության տարի էր Հայաստանի համար: Տնտեսական ակտիվության աճի 14%-անոց մակարդակի պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12%-ով: Սա աշխարհի մասշտաբով խոշոր տնտեսական նվաճում է, և համակարգված աշխատանքի շարունակականությամբ պետք է հնարավորություններ ստեղծվեն տնտեսական կայուն աճի ապահովման համար»:

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների շուրջ հասարակական կարծիքի ձևավորման հիմնախնդիրներին, նշեց, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ մոտ 75-80%) հետևողականորեն Ռուսաստանին վերաբերվել է որպես ամենամոտ և վստահելի գործընկերոջ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներում ակնհայտորեն աճել է նաև հակառուսական դիսկուրսը:

«Հայաստանի տնտեսական առաջընթացի հեռանկարները ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» զեկույց-ելույթում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը մասնավորապես նշեց. «Հավասարակշռված և նպատակաուղղված տնտեսական քաղաքականության դեպքում Հայաստանում կարող են շարունակվել դրական միտումները: Կարելի է նաև կանխատեսել, որ եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ձեռներեցների համար, ապա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կնքումից հետո, եթե մնա ներդրված կապիտալի նույնիսկ 10%-ը, Հայաստանի տնտեսությունը կկարողանա պահպանել կայուն աճի տեմպեր»:

Հաջորդ բանախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հիմնական նպատակներից մեկը պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների միջև կապերի ամրապնդումը և անդրսահմանային համագործակցությունը: Մասնավորապես Տավուշի մարզը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և սահմանակից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների մարզերի միջև:

Հրապարակային դասախոսության վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ բովանդակային դասախոսության համար շնորհակալություն հայտնելով Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Ա.Սաֆարյանին և փորձագետներին, ընդգծելով, որ նմանօրինակ գիտական դասախոսություններն ու ոլորտի մասնագետների հետ շփումը նպաստում են ուսանողների մասնագիտական աճին, բարձրացնում տարածաշրջանային գործընթացների շուրջ տեղեկացվածության մակարդակը:

Շարունակվում է ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան

1. գլխավոր 2023թ. մայիսի 1-ին Դիլիջանի տարածաշրջանի զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրման և գնահատման նպատակով ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի գլխավորությամբ այցելեցին Դիլիջան:

Պրակտիկան իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան-Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան-Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր-«Բեսթ վեսթերն փլաս փարադայս հոթել Դիլիջան» հյուրանոցային համալիր-Դիլիջանի երկրագիտական թանգարան-Դիլիջանի զբոսայգի (“Verev rope park”)-Հաղարծին վանական համալիր-Իջևան:

Այցելության համար առանձնացվել էին Դիլիջանի առավել կարևոր զբոսաշրջային օբյեկտները և ենթակառուցվածքները, որոնց վերաբերյալ ուսանողները տեղեկատվություն էին նախապատրաստել, իսկ տեղում տվյալ օբյեկտները նրանք մասնագիտորեն ուսումնասիրեցին, ներկայացրին և գնահատեցին զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածությունը:

Ուղևորության ընթացքում ուսանողները ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, զբոսաշրջային ռեսուրսներն ու ենթակառուցվածքները:

Պրակտիկայի շնորհիվ ուսանողների տեսական գիտելիքները գործնականորեն դրսևորվեցին և ամրապնդվեցին:

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. ապրիլի 29-ին առցանց միանալու հնարավորությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը: Նիստին մասնակցում էր նաև Գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերա­պատրաստման՝ 2023-2026 թթ. ծրագրի իրակա­նացման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցված­քն ու բովանդակությունը, ԵՊՀ ԻՄ-ում ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումները, ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման (նոր խմբագրությամբ) ու լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների իրականացման կարգերը:

Նիստի ընթացքում նաև քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների, ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթում (2022թ․ մարտի 12, որոշում 58/5) շահած հետազոտական թեմաների իրականացման, ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցող Ն.Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ-ի գիտխորհրդի՝ փետրվարի 9-ի նիստում հաստատվել է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման նոր՝ 2023-2026 թթ. ծրագիրը և դրա իրականացման կարգը, որի հիման վրա Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը մշակել է ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման՝ 2023- 2026 թթ. ծրագրի իրականացման կարգը:

Կարգում ներկայացված են վերապատրաստման ծրագրի կազմակերպման և դասընթացներին դասախոսի մասնակցության, դասախոսի ատեստավորման կարգը, վերապատրաստման ծրագրի իրականացման ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները, պրոֆեսորադասախոսական կազմի՝ 2023-2026 թթ. վերապատրաստման ծրագիրը՝ հիմքերը, նպատակն ու խնդիրները, ակնկալվող կարողունակությունները, ծրագրի կառուցվածքը:

Ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ-ի կազմակերպած վերապատրաստումներին դասախոսը մասնակցում է կամավոր: ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական համակազմի ատեստավորում անցած և 20 միավորը հաղթահարած դասախոսների համար սույն կարգով նախատեսվում է աշխատավարձի բարձրացում մինչև 30%:

Հաջորդիվ ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքի և բովանդակության ղեկավար ձեռնարկները, որոնք սահմանում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը, ընդհանուր բովանդակությունն ու ուսանողի բեռնվածությունը:

Նոր պահանջների համաձայն՝ նախատեսվում են բավականին շատ փոփոխություններ: Կրճատվում է ուսանողների լսարանային շաբաթական ծանրաբեռնվածությունը (1-4-րդ կիսամյակներում՝ 22 ժամ, իսկ 5-7-րդ կիսամյակներում՝ 20 ժամ): Սահմանափակվում է դասընթացների քանակը՝ ըստ կիսամյակների. 1-4-րդ կիսամյակներում ընդհանուր դասընթացների թիվը չպետք է գերազանցի 7-ը, 5-րդ կիսամյակում՝ 6-ը, 6-8-րդ կիսամյակներում՝ 5-ը (ներառյալ պրակտիկաները) և այլ փոփոխություններ:

ԵՊՀ ԻՄ-ում ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումների կապակցությամբ նշվեց, որ ելնելով ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ՌԾ-ի 1-ին նպատակի 1-ին խնդրի 7-րդ գործողության իրականացման հանձառությունից՝ ԿԲԴՎ բաժինը մշակել է «Ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» ուղեցույցը: Դրանում ներկայացված է ինքնուրույն աշխատանքի 20 ձև, այդ աշխատանքների կատարման ժամանակ ուսանողի և դասախոսի դերերը, պարտականություններն ու աշխատանքների գնահատման չափանիշները: Ուղեցույցը հավանության է արժանացել Որակի կառավարման հանձնաժողովի կողմից:

Զեկուցող Մ.Ճաղարյանը ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կարգի (նոր խմբագրությամբ) վերաբերյալ նշեց, որ հաստատման ներկայացված փաստաթուղթը ԵՊՀ ԻՄ-ի՝ 2014թ․ հոկտեմբերի 17-ի գիտխորհրդի նիստում հաստատված և 2023թ․ մարտին ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կողմից վերանայված ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կանոնակարգն է:

Այն վերանայել է ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը՝ հիմք ընդունելով ամբիոնների վարիչների հետ քննարկումների ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված գործող կանոնակարգի Հավելված 1-ում ներկայացված դասալսման հարցաթերթում ներառված հարցերի մեծ քանակության հետ:

Գիտխորհրդի հաստատմանը ներկայացված դասալսման հարցաթերթի և արդյունքների վերլուծության գրանցման թերթի վերջնական տարբերակը կազմվել է ամբիոններում իրականացված քննարկումների միջոցով հավաքագրված առաջարկությունների հիման վրա: Հարցաթերթից բացի՝ վերանայվել է նաև կանոնակարգը, և դրանում կատարվել են համապատասխան փոփոխություններ:

ԵՊՀ ԻՄ-ում լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների իրականացման կարգի մասին նշվեց, որ տվյալ կարգը ևս մշակել է ՄԿՈԱ բաժինը՝ ելնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-26 թթ․ զարգացման ՌԾ-ի 3-րդ նպատակի (Հանրային ներգրավում) 3․1 խնդրի (Լրացուցիչ կրթական ծրագրեր) գործողությունների իրականացման պահանջներից:

Փաստաթուղթը մշակվել է «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման» և «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման» ՀՀ կարգերի (ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1062-Ն  Որոշում) հիման վրա:

Տրված կարգը սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ընթացակարգը: Մասնաճյուղում լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակն է զարգացնել մասնաճյուղի հանրային ներգրավվածությունը, աջակցել տարածաշրջանի հասարակության լայն խավերին, հնարավորություն տալ ձևավորելու, կատարելագործելու, արդիականացնելու և լրացնելու մինչ այդ ձեռք բերած իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին ևս զեկուցեց Մ.Ճաղարյանը: Նա նշեց, որ Գիտխորհրդի քննարկմանն են ներկայացվել 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում տարբեր կրթական ծրագրերով մասնաճյուղի 4 ֆակուլտետների 31 մասնագիտական դասընթացների շրջանակներում իրականացված հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքները և դրանց վերլուծությունը:

Առաջնորդվելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-26 թթ. զարգացման ՌԾ-ի համապատասխան գործողության կատարաման անհրաժեշտությամբ (1․2․4․ Պարբերաբար իրականացնել  ուսա­նող­ների  կրթական կարիքների գնահատում)՝ ՄԿՈԱ բաժինը 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո հարցման միջոցով ուսումնասիրել է 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպումից և գնահատումից ուսանողների բավարարվածությունը: Հարցման նպատակն էր բացահայտել հետազոտական աշխատանքի իրականացման ընթացքում ուսանողների մոտ ի հայտ եկած խնդիրները, հավաքագրել առաջարկներ հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման բարելավման ուղղությամբ, գրանցել նախորդ՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքների հետ համեմատության դինամիկան:

Հարցաշարը ներառել է հարցեր, որոնց միջոցով հնարավոր է եղել պարզել ուսանողների բավարարվածությունը հետազոտական աշխատանքների բովանդակությունից և ռեսուրսներից, կատարված աշխատանքից, հետազոտական աշխատանքի գնահատումից: Հարցմանը մասնակցել է հետազոտական աշխատանք իրականացրած 275 ուսանողներից 196-ը (71%), որը մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է (նաև նախորդ ուստարվա 30% մասնակցության համեմատ):

Ամփոփելով հարցման արդյունքները՝ ՄԿՈԱ բաժինն ամբիոնների վարիչներին առաջարկում է մշտապես հետևողական լինել հետազոտական աշխատանքների կազմակերպական, դրանց իրականացման բովանդակային կողմի նկատմամբ, ուսումնասիրել ուսանողների բարձրաձայնած խնդիրները և առաջարկները, գտնել խնդիրների լուծման ընդունելի տարբերակներ, պարբերաբար աջակցել ուսանողներին՝ հաղթահարելու խոչընդոտները:

ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթում (2022թ․ մարտի 12, որոշում 58/5) շահած հետազոտական թեմաների իրականացման մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա մասնավորապես նշեց, որ դրամաշնորհ է տրամադրվել հետազոտական 5 թեմաների, որոնցից 3-ն ամբողջովին իրականացված են. հաշվետվությունները ներկայացված են, հոդվածները՝ հրապարակված, և գումարները՝ վճարված: Հետազոտական 2 թեմաների դեպքում առկա են արդյունքների հրապարակման հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումից հետո վճարումները կկատարվեն:

Առաջարկվեց հաջորդիվ ներբուհական դրամաշնորհային ծրագրերը հաստատելիս չբավարարվել որպես արդյունք հոդվածների հրապարակումները դիտարկելով:

ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ.Աթոյան) որոշվեց հանձնաժողովի կազմում հաստատել ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Ռաֆայել Գառնիկի Հարությունյանին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մասնաճյուղում

1. գլխավոր 2023թ. ապրիլի 29-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 8-10-րդ դասարանի աշակերտները՝ ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, նույն բաժնի տեսուչ Ա.Սարգսյանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  ուսուցիչներ Ա.Մարտիրոսյանի, Թ.Սիմոնյանի և Ն.Հարությունյանի  ուղեկցությամբ:

Ճանաչողական այցը սկսվեց ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբից, որտեղ դպրոցականները ստացան տեղեկատվություն կենտրոնի գործունեության, Տավուշի մարզի համայնքներին առաջարկվող ծրագրերի, իրականացվող դասընթացների մասին:

Աշակերտների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր բնական գիտությունների ոլորտը: Դպրոցականները հանդիպեցին Ծրագրավոր­ման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ. գ. թ., դոցենտ Ա.Հովակիմյանի, տեխ. գ. թ., դոցենտ Ռ.Յոլչյանի, ասիստենտ Մ.Ճաղարյանի հետ: Դասախոսները դպրոցականներին ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում իրականացվող «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրը և աշխատաշուկայում վերջինիս ունեցած պահանջարկը, ֆակուլտետում առկա նյութատեխնիկական ռեսուրսները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերը և զարգացման հեռանկարները:

Աշակերտները, մեծ հետաքրքրությամբ լսելով բուհի ներկայացուցիչներին, դասախոսներին և ուսանողներին, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան խորհուրդներ, որոնք հիմնականում վերաբերում էին ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում ուսումնառության համար կարևոր համարվող հանրակրթական առարկաներին: Ուսանողները դպրոցականներին ներկայացրին իրենց փորձը, ուսանողական առօրյան, ցուցադրեցին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին աշակերտների մեջ:

Այս այցելությունները, որոնք կրում են պարբերական բնույթ, նպաստում են դպրոց-համալսարան կապի զարգացմանը, դպրոցականներին հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալու համալսարանական կրթությանը և ուսանողական առօրյային: