Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՏԱՎՈՒՇ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2014թ. մարտի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի առաջին հանդիպումը, որին հրավիրված էր նաև Մակարավանքի հոգևոր հովիվ Հայր Սամվել Մխիթարյանը:

Նախ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց ակումբի անդամներին, ևս մեկ անգամ շեշտեց ռազմահայրենասիրական ակումբի կարևորությունը` ուսանողների մեջ հայրենասիրական ոգին բարձր պահելու իմաստով: Նա նշեց, որ այսուհետև մասնաճյուղի «Վազգեն Սարգսյան» և «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակները կտրվեն ակումբի բարձր առաջադիմություն ունեցող անդամներին:

 Տնօրենն ասաց, որ ակումբը պետք է մեծ տեղ հատկացնի ուսանողների քրիստոնյա դաստիարակությանը, հայոց եկեղեցուն, որը մեր պետականության բացակայության պայմաններում անփոխարինելի դեր է ունեցել ազգապահպանման գործում:

Ապա ելույթ ունեցավ Հայր Սամվելը` մասնավորապես նշելով, որ շատ ողջունելի է ռազմահայրենասիրական ակումբի ստեղծումը մասնաճյուղում, կարևորեց ակումբում աղջիկների` որպես մեր ապագա մայրերի առկայության փաստը, տվեց իր օրհնությունը:

Ակումբի առաջին հանդիպումն ավարտվեց տերունական աղոթքով:

Զեկուցում կարդաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը

2014թ. մարտի 3-ին` Հր. Մաթևոսյանի ծննդյան 79-ամյակի կապակցությամբ,    ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում գիտական զեկուցում կարդաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Ներկա էին ամբիոնի դասախոսներ, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Ա.Մարգարյանը, գիտական քարտուղար Մ.Աթոյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակը»: Ներկայացված թեման հետաքրքիր էր և արդիական:

Զեկուցումն ուղեկցվեց «Աշնան արև» ֆիլմի բնորոշ դրվագների ցուցադրությամբ:

Վերջում իր տպավորություններն արտահայտեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը` ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը:

Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

2014թ. փետրվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր 10 ուսանող` տարբեր ֆակուլտետներից:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով (աջ և ձախ ձեռքով):

 Աջ ձեռքի մրցապայքարում հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Ռուբեն Նազարյանը:

Ձախ ձեռքի մրցապայքարում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Մարատ Ավագյանը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը

2014թ. փետրվարի 24-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի` փոխանցիկ գավաթի մասնաճյուղային առաջնություն:

Նպատակը լավագույն մարզիկներով մասնաճյուղի վոլեյբոլի հավաքականը համալրելն էր:

Առաջնություն մասնակցում էր 6 թիմ (Տնտեսագիտության ֆակուլտետի և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության I կուրսի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և «Պատմություն» մասնագիտության IV կուրսի, Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության I կուրսի, Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության I կուրսի հավաքականները):

Եզրափակիչ դուրս եկան «Պատմություն» մասնագիտության IV կուրսի և Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականները:

2:0 հաշվով հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը:

Հաղթող թիմը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով և հուշանվերով:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի պիլոտային տարածքը ավարտական աշխատանքի թեմա

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի չորրորդ կուրսի ուսանող Մերի Ամիրզյանի ավարտական աշխատանքի թեման վերաբերում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրին։ Ծրագրի պիլոտային տարածքներից մեկը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբի անտառապետությունում գտնվող «Նոյեմբերյան» տարածքը (մոտ 78 հա) ընտրվել է որպես աշխատանքի թեմա։

Այն որոշվել է 2013թ-ի գարնանը, որից հետո ուսանողը սկսել է աշխատանքները՝ ներառյալ բազմաթիվ այցեր ծրագրի տարածք, հանդիպումներ անտառտնտեսության աշխատակիցների հետ, քննարկումներ և դաշտային դիտարկումներ։ Ավարտական աշխատանքը ղեկավարում է վերոնշյալ ծրագրի համակարգող, ինչպես նաև ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի անտառագիտության ամբիոնի վարիչ՝ Արթուր Ալավերդյանը։

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրով մարդկային հզորությունների ստեղծման շրջանակներում Մերի Ամիրզյանը մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և դասախոսներին ուղղված իրազեկության բարձրացման և կրթական միջոցառմանը (նոյեմբերի 7, 2013 թ․, Իջևան, Սպիտակ պիլոտային տարածք), համայնքային աշխատանքային հանդիպմանը Կողբ համայնքում (նոյեմբերի 12, 2013 թ․, Կողբ, Տավուծի մարզ) և միջազգային խորհրդատու Դիրք Ֆրանկենհաուզերի կողմից անցկացված կլիմայի փոփոխության և անտառի տրանսֆորմացիայի ուսուցմանը (փետրվարի 18, 2014թ․, Երևան)։

Իրականացվել են նաև համատեղ դաշտային այցեր ծրագրի անձնակազմի հետ ՝ տարբեր առնչվող հարցերի քննարկման և դաշտային գործողությունների արդյունքների դիտարկման նպատակով։ Ուսանողը մշտական կապ է պահպանում ծրագրի հետ՝ ստանալով անհրաժեշտ տեղեկություններ (անտառի տրանսֆորմացիայի պլան, փոփոխություններ, դաշտային գործողություններ և այլն), ինչպես նաև հայտնելով իր աշխատանքի առաջընթացի մասին։

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի անձնակազմը պատրաստվում է մասնակցել ավարտական աշխատանքի ներկայացմանը։

Աղբյուրը` armenia.panda.org