Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2013 թ-ի ամփոփ տվյալների համաձայն՝ «Ինտերֆաքս» խմբի վարկանշային ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը

«Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբը 2013 թ-ին հրապարակել է հետխորհրդային երկրների (ԱՊՀ, Բալթյան երկրներ և Վրաստան) բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային աղյուսակը:

Բուհերի վարկանիշների կազմման մեթոդաբանությունում կիրառվել են առաջատար համալսարանների համաշխարհային վարկանիշը մշակող բրիտանական «QS» (Quacquarelli Symonds)  գործակալության մեթոդաբանական մոտեցումները:  Վարկանիշի կառուցվածքը բաղկացած է երեք բաղադրիչներից` բուհի կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն: Վարկանիշավորվել են հետխորհրդային տարածքի առավել հայտնի և ճանաչված  405 համալսարաններ:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ տեղում է Բելառուսի պետական համալսարանը,  3-րդ տեղում` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Կիևի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիլնյուսի համալսարանը նշված ցանկում 5-րդն է:

Երևանի պետական համալսարանը վարկանիշային աղյուսակում 11-րդ տեղում է: Մեր տարածաշրջանի բուհերից Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է  51-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը՝ 61-րդը:

«Ինտերֆաքս»-ը (Interfax Information Services Group) ԱՊՀ տարածաշրջանում խոշորագույն լրատվական, տեղեկատվական և վերլուծական խմբերից մեկն է և տարբեր ոլորտներում իրականացնում է ռեյտինգավորման, ֆինանսական վերլուծությունների և տվյալների որոնման և ներկայացման ծրագրեր:

Հրապարակված ռեյտինգների մասին առավել մանրամասն ներկայացված է այստեղ:

Աղբյուրը` www.ysu.am

Հանդիպում ավագների հետ

2014թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը բոլոր կուրսերի ավագների հետ, որի նպատակն էր քննարկել 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին առնչվող կազմակերպչական, կարգապահական և այլ բնույթի հարցեր:

Տնօրենը ներկայացրեց այն հիմնական պահանջները, որոնք պետք է կատարեն ավագները:

Նրանք պետք է հետևողական լինեն դասի թեմաների, առարկայական ծրագրերի, մատենավարության հարցերում, բացթողումների դեպքում կրեն պատասխանատվություն:

Ավագները տնօրենին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց նա հանգամանորեն պատասխանեց:

Հրամանատար Մախսուդյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2014թ. փետրվարի 3-ին մասնաճյուղը հյուրընկալեց Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար Մ.Մախսուդյանին:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորեց Հայոց բանակի 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նա նշեց, որ Տավուշի մարզը ամենաերկար սահմանն ունի հակառակորդի հետ, և բուհի ու զորամասի սերտ համագործակցությունը խիստ կարևոր է: Մասնաճյուղն էլ մի սահմանապահ զորամաս է, որն ամուր վահանի պես պաշտպանում է մեր երկրի հյուսիսարևելյան հատվածը:

Այնուհետև ելույթ ունեցավ գնդի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը: Հրամանատարը ներկայացրեց նախարարի ուղերձը դպրոցներին ու բուհերին, ընդգծեց, որ տարեցտարի կարևորվում է բուհ-բանակ համագործակցությունը: Պարոն Մախսուդյանը խոսեց հայ զինվորների կատարած սխրագործությունների, բանակի համալրման, առկա խնդիրների և նպատակների մասին:

Հրամանատարը նաև պատասխանեց դասախոսների և ուսանողների հղած հարցերին: Ծավալվեց անկեղծ երկխոսություն:

Սեղանի թենիսի առաջնություն

2014թ. հունվարի 29-ին Հայոց բանակի 22-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները (Արկադի Դավթյան, Ալեքսան Մարգարյան, Արտակ Ցուցուլյան, Մհեր Աթոյան, Վարդիթեր Պողոսյան, Արթուր Վանեսյան, Ալվինա Առուստամյան, Սլավիկ Սարգսյան,  Օնիկ Ճոկլինյան և այլք):

Այն կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով:

Գերազանց խաղաց Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Արտակ Ցուցուլյանը և դարձավ առաջնության հաղթող:

Հանդիպում շրջանավարտների հետ

2014 հունվարի 27-ին ԵՊՀ ԻՄ մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում վերջին հինգ տարիներին ուսումնառությունը գերազանցությամբ ավարտած մի խումբ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը կարևորեց շրջանավարտների ակտիվ դերակատարությունը բուհի կայացման գործում: Նա նշեց, որ մասնաճյուղը միշտ հետաքրքրվում է իր շրջանավարտներից յուրաքանչյուրի գործունեությամբ, հպարտանում նրանց ձեռքբերումներով, տխրում անհաջողությունների դեպքում, կարևորում երիտասարդների նոր գաղափարներն ու մտահղացումները, խրախուսում նախաձեռնությունները:

Հնչեցին տարաբնույթ հարցեր և պատասխաններ: Շրջանավարտները նշեցին մասնաճյուղի առավելությունները իրենց ուսանած այլ բուհերի նկատմամբ, ներկայացրին այն բացթողումները, որոնց լուծումը հնարավորություն կտա առավել որակյալ կրթություն տրամադրել և լինել մրցունակ:

Մասնակիցները ներկայացրին գիտության բնագավառում իրենց ունեցած հաջողությունները: Մասնաճյուղի տնօրենությունը մի քանի շրջանավարտների առաջարկեց դասախոսական աշխատանք՝ իրենց մասնագիտացմամբ, որը շրջանավարտներին հնարավորություն կտա կուտակած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: