Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը հաղթել է «Beeline Scholarship» ծրագրում

2014թ. փետրվարի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Beeline Scholarship» ծրագրի փակման արարողությունը:

Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական բուհերի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

«Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող: Ծրագրի երկրորդ փուլում 178 ուսանողից ընտրվել է  95 հաղթող:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից  երկրորդ փուլ է անցել Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Ասատրյանը: Մեր ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձը կտրամադրի «Beeline» ընկերությունը:

Հանդիպում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ

2014թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը հանդիպեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ֆակուլտետների դեկանները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում հանրակրթական (ոչ մասնագիտական) առարկաների դասավանդմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ոչ մասնագիտական յուրաքանչյուր առարկա պիտի նպաստի տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի  հմտությունների զարգացմանը»,- ընդգծեց Ս.Առաքելյանը:

Դասախոսներին առաջարկվեց վերանայել իրենց կողմից դասավանդվող առարկաների առարկայական ծրագրերը:

Կայացան Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի ընտրությունները

2014 թ. փետրվարի 14-ին տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրությունները:

Առաջադրվել էր «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Ղևոնդյանի թեկնածությունը:  Ընտրությանը մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, ուսումնական խորհրդատու Ք.Օթարյանը, ֆակուլտետի ուսանողներ, ՈՒԳԸ անդամներ:

Ընտրությունների արդյունքում Սոնա Ղևոնդյանը ընտրվեց ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ՝ ձայների 19 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների խնդիրները արտաքին շահակիցների ուշադրության կենտրոնում

2014թ. փետրվարի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  հանդիպում արտաքին շահակիցների` Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների, մարզպետարանի ներկայացուցիչների, բարձրաստիճան զինվորականների, համայնքների ղեկավարների, գործարարների, դպրոցների տնօրենների, լրագրողների, ծնողների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարները և Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, խնդիրները և ակնկալիքները:

 

Նա կարևորեց արտաքին շահակիցների դերը և ներդրումը մասնաճյուղի գործունեության տարբեր ոլորտներում` կրթական ծրագրերի համատեղ իրականացում, նեղ մասնագիտական դասընթացների վարում, մանկավարժական և արտադրական պրակտիկաների արդյունավետ անցկացում, շրջանավարտների աշխատանքի տեղավորում և այլն:

Տնօրենը ներկաներին առաջարկեց միավորվել մասնաճյուղի արտաքին շահակիցների խորհրդում` հետագա արդյունավետ համագործակցության նպատակով:

Մասնակիցները ներկայացրին  համագործակցության ձևերի վերաբերյալ իրենց առաջարկությունները, որոնք հետաքրքիր էին, իրատեսական և արժեքավոր:

 

Զինվորականները, կարևորելով սահմանամերձ մարզում մասնաճյուղի առկայությունը, առաջարկեցին սերտացնել բանակ-բուհ կապը` փոխադարձ այցելությունների, օլիմպիադաների անցկացման, ռազմահայրենասիրական ակումբի ստեղծման ճանապարհով:

Ներկայացնելով մարզի դպրոցներում “Հայ եկեղեցու պատմություն” առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական համապատասխան կրթություն չունենալու փաստը` Հայր Սամվել Մխիթարյանը առաջարկեց մասնաճյուղում բացել նոր մասնագիտություն, որի շրջանավարտները կունենան համապատասխան որակավորում և աշխատանք:

 

 Տնօրենն առաջարկեց գործատուներին իրենց ապագա կադրերին ընտրել դեռևս ցածր կուրսերի ուսանողներից. հետևել նրանց ուսումնառությանը, տրամադրել անհրաժեշտ աջակցություն, կուրսային և ավարտական աշխատանքների համար առաջարկել համապատասխան թեմաներ, պրակտիկաներն անցկացնել իրենց կազմակերպություններում` ուսանողների տեսական գիտելիքները խորացնելու և նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար:

Քննարկվեցին նաև երիտասարդներին վերաբերող համընդհնուր խնդիրներ, առաջարկվեցին հնարավոր լուծումներ:

Բուհ-բանակ համագործակցության շրջանակներում

2014թ. փետրվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ դասախոսներ հանդիպում ունեցան Իջևանում տեղակայված զորամասի զինվորների ու սպայակազմի հետ:

Հանդիպման նպատակը բուհ-բանակ համագործակցության խորացումն էր:

Մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Աիդա Սարհատյանը հանդես եկավ «Մեր ոգու ուժը մեր հայրենասիրության մեջ է» ոգեշունչ դասախոսությամբ: «Հաճախ առեղծված է թվում Արևելքի և Արևմուտքի բախման քառուղիներում  մինչ այսօր կռվախնձոր դարձած մեր ժողովրդի գոյության ու աներկբա հարատևության գաղտնիքը, բայց մենք գիտենք` որտեղ այն փնտրել… Այն մեր բնության մեջ է, մեր լեզվի, մեր` պատմության տված հայրենասիրական ոգեկոչող դասերի…»,- ընդգծեց Ա.Սարհատյանը:

Ելույթն ուղեկցվեց զինվորականների ջերմ ծափահարություններով:

Հանդիպումն ավարտվեց մասնաճյուղի հետ կապը միշտ ամուր պահելու ակնկալիքով: