Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գրքի բանկ»-ը ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ին տրամադրել է ավելի քան 600 գիրք

2013թ. մայիսի 20-ին «Գրքի բանկ»-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությանը տրամադրեց 130 գիրք, իսկ մեկ ամիս առաջ տրամադրել էր 500-ից ավելի գիրք:

«Գրքի բանկ»-ը նախաձեռնել է «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն՝ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: «Գրքի բանկ»-ի նպատակն է ամրապնդել գիրք նվիրելու  մշակույթը Հայաստանում, հասարակությանը մասնակից դարձնել համայնքային զարգացմանը, աջակցել համայնքային գրադարաններին։

Այս ուսումնական կիսամյակում մասնաճյուղի ՈՒԳԸ-ն նախաձեռնեց մարզի գյուղերի համար գրքերի հավաքագրման գործը, որին միացան մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները և մի շարք կազմակերպություններ: Արդյունքում հավաքագրված մոտ 500 գրքերը տրամադրվեցին Խաչարձան, Աղավնավանք, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան համայնքների դպրոցներին:

Ապա սկսվեց համագործակցությունը մասնաճյուղի ՈՒԳԸ-ի և «Գքրի բանկ»-ի միջև, որի արդյունքում տրամադրված ավելի քան 600 գրքերից 80-ը նվիրաբերվել է մասնաճյուղի գրադարանին, իսկ մնացածն առաջիկայում կտրամադրտվի Տավուշի մարզի մի շարք համայնքների գրադարաններին և դպրոցներին:

Իջևանում կստեղծվի մոբայլ ծրագրավորման կենտրոն

2013թ. մայիսի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի մասնագիտական համակարգչային լաբորատորիայում տեղի ունեցավ «Մոբայլ Ծրագրավորման Կենտրոն Իջևան» նախագծի համակարգող Արեգ Պետրոսյանի հանդիպումը մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների հետ: Նա ներկայացրեց ծրագրի մանրամասները:

Նախագիծը նպատակ ունի Իջևանում զարգացնել մոբայլ ծրագրավորումը և Իջևանի երիտասարդության համար տեղում լավ աշխատանք գտնելու հնարավորություն ստեղծել:

Նախագիծը բաղկացած է 3 մասից.

  • Ծրագրավորման, դիզայնի և անգլերենի երկամյսա դասընթաց (հուլիս-օգոստոս),
  • 10-ամսյա աշխատանքային պրակտիկա,
  • Մոբայլ ծրագրավորման կազմակերպության ստեղծում և լավագույն մասնակիցներին աշխատանքով ապահովում:

Առաջիկայում տեղի կունենա հերթական հանդիպումը նախագծին մասնակցելու շահագրգիռ անձանց հետ, որի ժամանակ ներկա կլինեն նաև նախագծի դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մասնակցելու համար ցանկացողները կարող են գրանցվել այստեղ՝ http://mpcijevan.wordpress.com/register/:

Կայացավ «ԲՈՒՀԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով հանրապետական գիտագործնական կոնֆերանսը

2013թ. մայիսի 18-ին  կայացավ «Բուհերի կառավարման համակարգի բարելավման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական կոնֆերանսը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` նշելով, որ գիտաժողովի թեման արդիական է,  կրթական բարեփոխումների ներկա գործընթացում առաջնային խնդիր է ուսանողակենտրոն ուսուցման կազմակերպումը և ժամանակի պահանջն է, որ բուհերում ստեղծվեն կառավարման այնպիսի համակարգեր, որ ուսանողները բուհն ավարտելուց հետո առանց վերապատրաստման կարողանան աշխատանքի անցնել:

Տնօրենը  կոչ արեց, որ զեկուցողները հանդես գան գործնական առաջարկներով:

Այնուհետև գիտաժողովի կազմակերպիչ, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանը ներկայացրեց գիտաժողովի անցկացման կարգը:

Զեկուցումներով հանդես եկան.

1. Երևանի Ավ.Մկրտչյանի անվան Տնտեսաիրավական համալսարանի տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ճուղուրյանը («Ուսանողական բիզնես ինկուբատորները կրթական նոր տեխնոլոգիաների համատեքստում»),

2. Վանաձորի Ղ.Աղայանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանական գիտ. թեկն., դոցենտ Վ.Ղույումչյանը («Կառավարման հոգեբանական գործընթացները բուհական կրթական համակարգում»),

3. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկ. գիտ. թեկն. Թ.Հարությունյանը («Դասախոս-ուսանող համագործակցության դերը մասնագիտական կրթության գործում»),

4. ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտ. ամբիոնի վարիչ, տ.գ.դ, պրոֆեսոր Հ.Մարզպանյանը («Կրթության որակի ապահովման ներքին համակարգի ձևավորումը, որպես բուհի կառավարման արդյունավետության բարձրացման գործոն»):

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

Կոնֆերանսի արդյունքներն ամփոփեց գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական Վ.Բրուտյանը: «Ի՞նչ տվեց կոնֆերանսը. ինչպես մոտիվացնել ուսանողներին»,- մասնավորապես նշեց նա:

Մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի բաց առաջնություն

2013թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Սարիգյուղի, Կայանավանի, Իջևանի մարզադպրոցի, ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների և ուսանողների թիմերը:

Եզրափակիչ դուրս եկան մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հավաքականները:

Դասախոսների թիմը ներկայացավ հետևյալ կազմով՝ Ա.Մարգարյան, Վ.Աղաբաբյան, Ա.Ղուլարյան, Ս.Ադամյան, Ա.Վանեսյան, Կ.Մելիքսեթյան և Վ.Պողոսյան:

Ուսանողների թիմում ընդգրկված էին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետներից ուսանողներ՝ Հայկազ Ստեփանյանը, Օգսաննա Գորգինյանը, Կարեն Բալդրյանը, Մհեր Բեգինյանը, Վարդան Մազմանյանը, Հրաչ Ներսիսյանը, Խաչատուր Ղուշչյանը, Նարեկ Սարդարյանը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթող ճանաչվեց ուսանողների թիմը:

Եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն առաջընթաց է գրանցել

2013թ. մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կիսամյակային ընդլայնված նիստ, որին ներկա էին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ՈՒԳԸ-ի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և անդամները, դասախոսներ, ուսանողներ:

ՈՒԳԸ-ի նախագահ Միքայել Մալխասյանը ներկայացրեց կիսամյակի գործունեության հաշվետվությունը: 2012-2013 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում կազմակերպվել են ավելի շատ գիտական միջոցառումներ, քան նախորդ հաշվետու ժամանակահատվածում՝ 17 միջբուհական ու 13 ֆակուլտետային գիտաժողովներ, 140-ից ավելի սեմինարներ ու կլոր-սեղան քննարկումներ, 40-ից ավելի ֆիլմի դիտումներ, մոտ 25 բաց դասեր, 6 օլիմպիադաներ, 20-ից ավելի բանավեճեր ու դատախաղեր, ավելի քան 20 գիտաճանաչողական էքսկուրսիաներ և այլ տիպի միջոցառումներ:

ՈՒԳԸ-ի փոխնախագահ Գրիգոր Շահինյանը նշեց, որ հաջողվել է շատ լավ արդյունք ստանալ. «Անցած կիսամյակում ֆակուլտետներ կային, որոնք գիտական միջոցառումներ կազմակերպելու իմաստով բավականին պասիվ էին: Այս կիսամյակում մեզ հաջողվել է շատ բեղուն աշխատանք կատարել»:

ԵՊՀ 4 ֆակուլտետների (Պատմության, Արևելագիտության, Իրավագիտության և Հայ բանասիրության) և Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունները արժանացել են «Գերազանց» գնահատականի: Եվս 4 ֆակուլտետների ՈՒԳԸ-ներ արժանացել են «Գերազանց վերապահումով» գնահատականի:

Նրանք պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Պարգևատրվեցին նաև բոլոր ՈՒԳԸ-ների ամենաակտիվ անդամները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ի ամենաակտիվ անդամ էր ճանաչվել Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը: Նա ստացավ և՛ իր, և՛ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի պարգևները:

Մայիսի վերջին լույս կտեսնի նաև Հայ գրատպության 500 և ՈՒԳԸ-ի 65-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 240 աշխատանք:

Հավելենք, որ մասնաճյուղի ՈՒԳԸ-ն աննախադեպ առաջընթաց է գրանցել թե՛ միջոցառումների քանակության, թե՛ ծավալների տեսանկյունից, որի համար վաստակել է 130 միավոր և դրանով զբաղեցրել 3-րդ տեղը ԵՊՀ ՈՒԳԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ: Նախորդ ուսումնական կիսամյակում 53 միավորով (նոր սանդղակով՝ մոտավորապես 65) այն 5-րդն էր և արժանացել էր «Գերազանց վերապահումով» գնահատականի: