Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ մարզային փառատոնը

2013թ. սեպտեմբերի 13-ին Իջևանում տեղի ունեցավ մարզային փառատոն` նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարելիցին:

Փառատոնին մասնակցում էին մարզի ուսումնական հաստատությունների աշակերտները և ուսանողները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից փառատոնում ընդգրկված էին 20 ուսանողներ` տարբեր մարզաձևերից:

Բազկամարտի մրցապայքարում I տեղը գրավեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Արգիշտի Եգանյանը: III տեղը գրավեց Բաբկեն Խուդավերդյանը (ՏՏ 2):

Գիր մարզաձևից I տեղը զբաղեցրեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Վահե Առուստամյանը: II տեղը գրավեց Էդուարդ Սիմոնյանը (ԿԱ 2):

Շախմատի մրցապայքարում III տեղը գրավեց Էդգար Քոչարյանը (Պ 2):

 

Գերմանացի հյուրերի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Բավարիայի Այխշտետ Ինգոլշտադ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հարալդ Պեխլաները և նույն համալսարանի տուրիզմի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի մի խումբ ուսանողներ: Նրանց ուղեկցում էին Գերմանիայի Միջազգային Համագործակցության (GIZ) «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակներում Տավուշի մարզի ու Ռեգենի տարածաշրջանի միջև համագործակցության գերմանական կողմի գործընկերներ Հերբերթ Ուննաշը, Սուսաննե Վագները և Ռեգինա Քաուշինգերը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռեգենի տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ուղղությամբ նախնական քայլեր ձեռնարկելն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: Հայ և գերմանացի ուսանողների միջև անգլերեն լեզվով տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, խոսեցին իրենց նախասիրությունների և ընդհանուր հետաքրքրություննների մասին: Տնօրենի կողմից առաջարկվեց մասնաճյուղում ստեղծել գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն, որպեսզի հետագա հաղորդակցումը լինի գերմաներենով:

Հյուրերն այցելեցին նաև մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահ, որտեղ ծանոթացան ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) ստեղծագործություններին:

Պատկերասրահի տպավորությունների գրքում պրոֆեսոր Պեխլաները կատարեց գրառում իր ստացած ջերմ տպավորությունների վերաբերյալ:

Երկու կողմերն էլ շահագրգռված էին հետագա լուրջ համագործակցության համար:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

2013թ. սեպտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

Քննարկվեցին դասախոսական նոր տարակարգերի վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես տնօրենության նիստում սահմանվել էր դասախոսական երեք տարակարգ` մեթոդիստ դասախոս, հետազոտող դասախոս, մանկավարժ դասախոս:

Տարբերակված աշխատավարձերը սահմանելիս հաշվի կառնվեն նաև նշված տարակարգերը:

Տոնական միջոցառմամբ մասնաճյուղում սկսվեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 2-ին մասնաճյուղում մեկնարկեց նոր` 2013-2014 ուստարին: Նոր ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունեց 211 առաջին կուրսեցիների, որոնց դիմավորելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում: Այն սկսվեց ՀՀ օրհներգով:

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին ողջունեց Սամվել աբեղա Մխիթարյանը` իր օրհնությունն ու շնորհավորանքը հղելով բոլորին: 

Դասախոսներին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` նրանց մաղթելով բարի գալուստ,  հաջողություններ գիտության մեջ և կյանքում: 

Նա միաժամանակ նշեց, որ բուհը և դպրոցը սոսկ ուսումնառության կենտրոն չեն, այլև դաստիարակության կենտրոն: Տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին` բուհի նկատմամբ նրանց վստահության համար:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց նաև Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ պարոն Մախսուդյանը:

Տոնական միջոցառման ընթացքում գեղեցիկ երգ ու պարով, բանաստեղծությամբ հանդես եկան մասնաճյուղի տաղանդավոր ու շնորհալի ուսանողները:

Մասնաճյուղի մշակութային արժեքներին հաղորդակցվեցին ֆրանսահայ աշակերտները

2013թ. օգոստոսի 26-ին «Բարև՛, Իջևան» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Ֆրանսիայում գործող Հայ օգնության միության (ՀՕՄ) աշակերտները՝ ՀՕՄ-ի ատենապետուհի ու դպրոցի պատասխանատու  Էլիզաբեթ Ալաշյանի և ուսուցչուհի Թամար Ստեփանյանի ուղեկցությամբ:

Ծրագրի նպատակն է փոխադարձ այցերի միջոցով ամրապնդել Հայաստանի և սփյուռքի միջև կապը՝ մասնավորապես մշակույթի ոլորտում: Իջևանը պատահական չի ընտրված, քանի որ Տավուշի մարզկենտրոնը և ֆրանսիայի Վալանս քաղաքը քույր քաղաքներ են:

Հյուրերը եղան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահում, որտեղ ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը նրանց մանրամասն ներկայացրեց այս և նախորդ տարիների շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) աշխատանքները:

Հյուրերը շատ տպավորված էին նրբաճաշակ ստեղծագործություններով և իջևանյան ջերմ ընդունելությամբ: «Տաս օրով մի խումբ աշակերտների բերել ենք Իջևան, որ ծանոթանան տեղվույն կյանքին և մշակույթին: Թե՛ հասարակական, թե՛ ընտանեկան միջավայրի իմաստով իրենց համար մեծ փոփոխություն է գտնվիլ հոս: Մեծապես շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար և հուսով ենք, որ այցելությունները կլինեն շարունակական»,-նշեց տիկին Էլիզաբեթը: