Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2013թ. մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ ստացան գիտական աստիճան

2013թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի Կենսաֆիզիկայի 051 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Ալեքսան Շամիլի Մարգարյանի` Գ.00.02-Կենսաֆիզիկա մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Միլիմետրային էլեկտրամագնիսական ալիքներով ճառագայթված ԴՆԹ-ի հետ որոշ ցածրամոլեկուլային միացությունների կոմպլեքսների ուսումնասիրությունը»:

Գիտական ղեկավարն էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յու.Ս. Բաբայանը:

 ___________________________________________________

2013թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի «Հայ և արտասահմանյան գրականության» 003 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վահան Արշակի Աղաբաբյանի` Ժ.01.02-«Նորագույն շրջանի հայ գրականություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Սերո Խանզադյանի պատմվածքները և վիպակները»:

Գիտական ղեկավարն էր բան. գիտ. դոկտոր Ս.Ա. Աղաջանյանը:

___________________________________________________

2013թ. հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի «Հայ և արտասահմանյան գրականության» 003 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Սամվելի Վանյանի` Ժ.01.02-«Հայ դասական գրականություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Ավետիք Իսահակյանի չափածո և արձակ լեգենդները»:

Գիտական ղեկավարն էր բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Զ.Վ. Ավետիսյանը:

  ___________________________________________________

2013թ. հունիսի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի 032` «Կառավարման, ավտոմատացման համակարգերի և էլեկտրոնիկայի» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Աննա Սմբատի Սիմոնյանի` Ե.13.02-«Ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Մուր-Պենրոուզի պարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների որոշման թվա-անալիտիկ եղանակների մշակումը և հաշվողական գործընթացների ավտոմատացումը»:

Գիտական ղեկավարն էր տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա.Գ. Ավետիսյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն

2013թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուներն էին “Պատմություն” մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանը, “Հայոց լեզու և գրականություն” մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Անուշավան  Աղաջանյաը,  “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի  Վանուհի Վանեսյանը, “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ճաղարյանը, “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  2-րդ  կուրսի ուսանողուհի Ջուլիետա Խոջումյանը, “Ֆրանսերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի Իրինա Աղաբեկյանը:

Ընտրության արդյունքում 14 կողմ ձայներով հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Վանուհի Վանեսյանը:

Ընտրությանը ներկա էր նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանըանը: Նա շնորհավորեց ֆակուլտետի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին` մաղթելով աշխատանքային բուռն գործունեություն և  նորանոր հաջողություններ:

Դեկտեմբերի 9-ի տնօրենության նիստում

2013թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից մասնաճյուղում սովորող ուսանողների բացակայությունները հարգելի համարելու, ԵՊՀ ԻՄ-ի հաստիքացուցակը հստակեցնելու մասին մի շարք հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ որոշվեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների բացակայությունները մինչև 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի դասերի ավարտը համարել «հարգելի», մասնաճյուղի կրեդիտային համակարգով  առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանողների գնահատման կարգի համաձայն`փոխանցել նրանց մասնակցության առավելագույն 2 միավորը, 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի լուծարքները թույլատրել նրանց հանձնել մինչև առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտը:

Երկրորդ հարցի կապակցությամբ հանձնարարվեց մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումներին քննարկել և հստակեցնել  բոլոր հաստիքների ցանկը և մինչև դեկտեմբերի վերջը ներկայացնել առաջարկություններ:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ԻՍՐԱՅԵԼ)

Իսրայելի կառավարությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաֆինանսավորմամբ հրավիրում է մասնակցելու կրթաթոշակային ծրագրի մրցույթին:

Հաղթողներին հնարավորություն կընձեռնվի 2014թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ը մասնակցելու “Addressing the Urbanization Challenge” խորագրով վերապատրաստման միջազգային դասընթացին, որը  կկայանա Իսրայելի Ռեհովոթ քաղաքում:

Կրթաթոշակները նախատեսված են նախագծողների, ճարտարապետների, ինժեներների, տնտեսագետների, համայնքային ծառայողների, կառավարիչների, քաղաքականություն մշակող մասնագետների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և համայնքային կազմակերպությունների, ակադեմիական հիմնարկների և գործարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք ներգրավված են հետնախորշերի բարեկարգման ծրագրերում:

Մրցույթին մասնակցելու հրավիրված յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածու:

Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Թեկնածուները պետք է լրացնեն կից ներկայացված հարցաթերթիկները և մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև Իսրայելի դեսպանություն փոխանցվելիք բոլոր փաստաթղթերի բնօրինակները:

Դեկտեմբերի 2-ի տնօրենության նիստում

2013թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը վարում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Նիստում քննարկվեցին հանրագումարային քննությունների կարգի մեջ փոփոխություններ կատարելու, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանրագումարային քննությունների կարգի մեջ փոփոխություններ կատարելու հարցի մասին որոշվեց, որ սեմինար և գործնական պարապմունքների գնահատականներն արտացոլվեն հանրագումարային քննությունների մեջ. 4 դրական գնահատականին տրվի 2 միավոր, 3 դրական գնահատականին` 1 միավոր: Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանին հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ` մշակելու գործնական պարապմունքների մեխանիզմ և այն ներկայացնելու տնօրենությանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի արդյունավետությունը բարձրացնելու կապակցությամբ հանձնարարվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում կայքի պատասխանատուի էլեկտրոնային փոստին ուղարկել թարմ տեղեկատվություն: