Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Իրականացվեցին մեր ուսանողների դրամաշնորհային ծրագրերը

            2013թ. հունիսի 27-ին և 28-ին կյանքի կոչվեցին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի 2012-2013 թթ. ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների փոքր դրամաշնորհային երկու ծրագրերը:

            Առաջին ծրագիրը կոչվում էր «Սպորտլանդիա», և նրա նպատակն էր նպաստել հասարակության խոցելի խավերի ներկայացուցիչների ինտեգրմանը հասարակություն, խորացնել Իջևանում գործող, նրանց խնամքով զբաղվող կազմակերպությունների միջև կապը, հետաքրքիր դարձնել նրանց առօրյան:

Առաջին օրը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի և Իջևանի «ՍՈՍ մանկական գյուղի» սաների մասնակցությամբ տեղի ունեցան մրցումներ տարբեր մարզաձևերից:

Յուրաքանչյուր հաստատությունից մասնակցում էր 10 երեխա: Մրցանակային տեղ զբաղեցնողները ստացան մրցանակներ, իսկ մյուս մասնակիցները՝ խրախուսական նվերներ:

Երկրորդ օրը մասնակիցներին ու հաղթողներին տրվեցին հավաստագրեր և պատվոգրեր:

Դրան հաջորդեց Տավուշի մարզպետարանից Իջևանի քաղաքապետարան խաղաղ երթը, որն ուղեկցվեց հավասարության կոչերով և ծրագրի մասին տեղեկատվական թերթիկների բաժանումով:

Մյուս ծրագիրը կոչվում էր «Մկրտություն» և նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից քրիստոնեական խորհուրդների վերաբերյալ գիտելիքների իմացության մակարդակի բարձրացմանը:

Ս.թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի փոխառաջնորդ  հայր Սամվելի հանդիպումը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնի սաների  և նրանց ծնողների հետ:

Նա ներկայացրեց մկրտության խորհուրդը, պատասխանեց երեխաների և ծնողների հարցերին: Երեխաների կնքման արարողության հետ կապված՝ տեղի ունեցան նախապատրաստական զրույցներ:

Հուլիսի 11-ին Մակարավանքում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 10 երեխաների մկրտություն:

 Կնքահայրերն էին Իջևանի փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը, ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Արտակ Ցուցուլյանը, մասնաճյուղի շրջանավարտներ Ալբերտ Գաբրիելյանը, Հովհաննես Խաչատրյանը, Արտակ Նիազյանը:

Հուլիսի 14-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոնում տեղի ունեցավ մյուռոնի հանման առարողությունը:

Առաջիկա գագաթաժողովի ժամանակ իրականացված ծրագրերը կներկայացվեն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ղեկավարությանը և ՀՀ այն 6 բուհերի (ՀՊՃՀ, ԳՊՄԻ, ՎՊՄԻ, ՀՊՃՀ ԿՄ, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարան) ուսանողներին, որտեղ իրականցվում է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագիրը:

Ցուցահանդես` ավարտական աշխատանքների ներկայացմամբ

Հունիսի 19-ին Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ պատմության թանգարանում կազմակերպել էր ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ավարտական աշխատանքները:

«Մենք պարբերաբար ավարտական աշխատանքների ցուցադրություններ անում ենք` թեմատիկան անընդհատ թարմացնելով: Նմանաբնույթ միջոցառումներն ավելի են սերտացնում մեր համագործակցությունը Մայր բուհի հետ: Հուսով եմ, որ այս ամենը շարունակական է լինելու»,- նշում է Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը:

Աշխատանքները բազմաժանր էին: Ներկայացված էին փայտի գեղարվեստական մշակման նմուշներ, դեկորատիվ ծաղկաման, փայտից ծաղկազարդ սկուտեղ, գոբելեններ, հայկական կարպետ` պատմական նախշազարդերով, գեղանկարներ և այլ աշխատանքներ:

Ֆակուլտետի ուսանողները Հայաստանի մի շարք քաղաքներում և մարզերում պարբերաբար մասնակցում են տարբեր մրցույթների, ցուցահանդեսների: Նրանց մի մասն էլ արդեն ունեցել է իր անհատական ցուցահանդեսը:

Կամո Այվազյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն էր համալսարանականներին մասնաճյուղի ուսանողների անհատական աշխատանքներին ծանոթացնելը և հավելեց, որ ֆակուլտետն ունի մի շարք կիրառական մասնագիտացումներ, որոնցից են գորգագործությունը, կարպետագործությունը, գոբելենագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը, փայտի գեղարվեստական մշակումը:

Ոստիկանություն-ուսանողություն համագործակցության բարելավում

2013թ. հունիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Երանոսյանը, փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Սուսաննա Նալթակյանը և Լաուրա Հայրունին, Տավուշի մարզային ոստիկանության ներկայացուցիչները:

Այցի նպատակը ոստիկանություն-ուսանողություն համագործակցության բարելավումն էր, համայնքային ոստիկանության մոդելի ներկայացումը:

Հանդիպմանը ներկա էին տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գրադարանի վարիչ Կ.Ուլիխանյանը, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Տնօրենը ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց մարզային ոստիկանությանը` պարոն Գևորգյանի գլխավորությամբ` և´ այս նախաձեռնության, և´ տարածաշրջանում հասարակակական կարգը առավելագույնս ապահովելու համար: «Մասնաճյուղի և մարզային ոստիկանության միջև կապը բավականին խորն է. հետևողական ենք, որ  մեր կողմից չլինի որևէ խախտում»,-նշեց նա:

Այնուհետև «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձան օրակարգով նախատեսված հարցերին:

Ծրագրի օրակարգը տե´ս այստեղ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց ՄԱԿ-ի անկյուն

2013թ. հունիսի 10-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյունի հանդիսավոր բացումը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Բացմանը մաասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գրադարանի տնօրեն Կ.Ուլիխանյանը, Իջևանի փոխքաղաքապետ Ս.Մանուկյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լ.Ղալումյանը,  մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Նախաձեռնության նպատակը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մարզերում երիտասարդության հնարավորությունների ընդլայնումն է: Ուսանողները, դասախոսները, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներն այժմ ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ:

Մասնաճյուղի գրադարանին ՄԱԿ ՀՏՎ կողմից տրամադրվեց ավելի քան 800 միավոր գրականություն, պաստառներ, գրքույկներ և այլ հրատարակումներ՝ թողարկված Նյու Յորքում, Վիեննայում և Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների, ինչպես նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից:

«Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Ձեր համայնքների ներկայացուցիչները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»,-նշեց  ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ողջունեցին այս համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:

«Ինստիգեյթ» ընկերության հիմնադիրը այցելեց մասնաճյուղ

2013թ. հունիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Մոբայլ Ծրագրավորման Կենտրոն Իջևան» նախագծի համակարգող Արեգ Պետրոսյանի և «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանի հետ հանդիպում:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողներ, շրջանավարտներ, աշխատակիցներ, դիմորդներ:

Ա.Պետրոսյանը ներկայացրեց նախագծի մանրամասները, հստակեցրեց ժամանակացույցը:

Վ.Պողոսյանը պատմեց ընկերության հիմնադրման մասին, ներկայացրեց նրա կառուցվածքը և գործունեությունը:

Ընկերության մասնագետները «Մոբայլ Ծրագրավորման Կենտրոն Իջևան» նախագծի շրջանակներում կանցկացնեն ծրագրավորման դասընթացներ:

Նախագիծը նպատակ ունի Իջևանում զարգացնել մոբայլ ծրագրավորումը և Իջևանի երիտասարդության համար տեղում լավ աշխատանք գտնելու հնարավորություն ստեղծել:

Նախագիծը բաղկացած է 3 մասից.

  • Ծրագրավորման, դիզայնի և անգլերենի քառամյսա դասընթաց (հուլիս-հոկտեմբեր 2013 թ.),
  • 8-ամսյա աշխատանքային պրակտիկա՝ Google Play և App Store(iOS)-ի համար հավելվածներ պատրաստելով (նոյեմբեր 2013 թ. -հուլիս 2014 թ.),
  • Մոբայլ ծրագրավորման կազմակերպության ստեղծում և լավագույն մասնակիցներին աշխատանքով ապահովում (հուլիս 2014 թ.):

Մասնակցելու համար մինչև 2013թ. հունիսի 21-ը ցանկացողները կարող են գրանցվել այստեղ՝ http://mpcijevan.wordpress.com/register/: