Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղը հյուրընկալեց անտառագետներին

2013թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» ՊՈԱԿ-ի տնօրեն, ԵՊՀ ԻՄ-ի անտառագիտության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանի ուղեկցությամբ մասնաճյուղ այցելեցին անտառագետներ, կենսաբանական գիտությունների դոկտորներ Կարեն Տեր-Ղազարյանը և Ալբերտ Դումիկյանը:

Կարեն Տեր-Ղազարյանը Կալիֆորնիայի համալսարանի անտառային փորձագետ է: Ալբերտ Դումիկյանը 1988-1993թթ. աշխատել է  Խաբարովսկի երկրամասի «Բուրեինյան»   պետական արգելոցում՝  որպես գիտական գծով փոխտնօրեն: 1993-2012թթ. եղել է «Բուրեինյան»  պետական արգելոցի տնօրեն: 2012թ. վերադարձել է հայրենիք:

Այցի նպատակն էր հանդիպել ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, կիսվել իրենց առաջավոր փորձով:

Կարեն Տեր-Ղազարյանը ուսանողների շրջանում անցկացրեց հետաքրքիր մրցույթ-խաղ, որի նպատակն էր պարզել երիտասարդների տեսակետները և առաջարկները անտառտնտեսության զարգացման խնդիրների վերաբերյալ:

Խաղի մասնակիցները նախապես բաժանված թերթիկների վրա գրեցին իրենց տեսակետներն ու առաջարկները, այնուհետև հերթով ներկայացրին դրանք: Խաղի հաղթողները որոշվեցին ժյուրիի կողմից, որի անդամներն էին Անդրանիկ Ղուլիջանյանը, Կարեն Տեր-Ղազարյանը և Ալբերտ Դումիկյանը:

I և II մրցանակային տեղերի համար ընտրվեցին երկուական մասնակիցներ:

I տեղը գրավեցին «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Մերի Ամիրզյանը և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Դիանա Վանեսյանը:

II տեղը զբաղեցրին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության IV կուրսի ուսանողներ Մելինե Մելիքյանը և Արթուր Մարդանյանը: Խաղի հաղթողները ստացան մրցանակներ:

Ալբերտ Դումիկյանը ներկայացրեց զեկուցում՝ Ռուսաստանում արգելոցների հիմնադրման պատմության և «Բուրեինյան»  պետական արգելոցի գործունեության ու արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներն այցելեցին պատկերասրահներ

2013թ. հոկտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի I և II կուրսերի ուսանողները ֆակուլտետի դեկանի և մի խումբ դասախոսների հետ մեկնեցին Երևան` պատկերասրահներ այցելելու նպատակով:

Նրանք այցելեցին Ռուսական արվեստի թանգարան և ծանոթացան 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի ներկայացուցիչների (Մ.Վրուբել, Վ.Սերով, Կ.Կորակին, Մ.Նեստերով, Ա.Բենուա, Զ.Սերեբրյակով և ուրիշներ) ստեղծագործությունների հետ:

Այնուհետև այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որտեղ ծանոթացան Ջերարդ Գաֆէսճեանի լայնածավալ (5000 արվեստանմուշ) հավաքածուի հետ: Ուսանողները տպավորված էին անվանի ապակեգործների ստեղծագործություններով:

Ապա նրանք այցելեցին կասկադի տարածքում բացված ցուցասրահներ, որտեղ հիացած էին հատկապես Գր. Խանջյանի «Վարդանանք» լայնածավալ կտավով:

Խումբը եղավ նաև «GALA ART GALLERY» ցուցասրահում, որն աչքի էր ընկնում դիզայներական հետաքրքիր լուծումներով:

Միջոցառում` նվիրված սոցիալական մանկավարժի միջազգային օրվան

2013թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մ.գ.թ., դոցենտ Ս.Բեժանյանը:

Մասնաճյուղից միջոցառմանը հրավիրված էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի “Մանկավարժություն և հոգեբանություն” ամբիոնի ասիստենտ Ա.Հովակիմյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման նպատակն էր կարևորել սոցիալական մանկավարժի դերը սոցիալական ինստիտուտների (հասարակություն, ընտանիք, կրթական հաստատություններ և այլն) կայացման և զարգացման գործում:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ա.Հովակիմյանը`  ընդգծելով “Սոցիալական մանկավարժություն” մասնագիտության և միջբուհական համագործակցության կարևորությունը որակյալ կադրեր պատրաստելու հարցում:

Միջբուհական համագործակցության վառ դրսևորում է սոցիալական մանկավարժության իրադրային խնդիրների վերաբերյալ 2013թ. հոկտեմբերին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայանալիք օլիմպիադան, որին կմասնակցեն ԵՊՀ ԻՄ-ի և ՎՊՄԻ-ի “Մանկավարժություն և հոգեբանություն”  մասնագիտության ուսանողները:

Մասնաճյուղի ներկայացուցիչները համայնքային երկրորդ փառատոնում

2013թ. հոկտեմբերի 1-ին Երևանում “Քաունթերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվեց համայնքային երկրորդ փառատոնը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրում ընդգրկված 43 համայնքներ, այդ թվում` Իջևան համայնքը:

Մասնակիցները ներկայացրին իրենց համայնքների մշակույթը, բարիքները, ավանդական ճաշատեսակները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից փառատոնին իրենց ստեղծագործություններով ներկայացան կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորտատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Դոնարա Չիբուխչյանը, նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Դիանա Իսախանյանը և Սիրանուշ Գոգինյանը:

Փառատոնի ընթացքում մասնաճյուղի ներկայացուցիչները անցկացրին վարպետության դասեր: Դ.Չիբուխչյանը ներկայացրեց մաքոքագործության և մետաքսանկարչության, իսկ Դ. Իսախանյանը` գոբելենագործության տեխնիկան:

Փառատոնի յուրաքանչյուր տաղավարի կողմից ներկայացված անհատական կտավներից ձևավորվեց մի ամբողջական խճանկար` Հայաստանի համայնապատկերով, որի ներքո փառատոնի մասնակիցները բռնեցին շուրջպար:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի ընկերական հանդիպում

2013թ. սեպտեմբերի 28-29-ը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կայացավ բադմինթոնի ընկերական հանդիպում Վանաձորի մարզադպրոցի սաների հետ:

Նախ տեղի ունեցավ թիմային մրցապայքար, որտեղ հաղթող ճանաչվեց Իջևանի բադմինթոնի հավաքականը:

Այնուհետև անցկացվեց անհատական մրցապայքար, որտեղ հաղթեցին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի  տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը և հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը: