Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. դեկտեմբերի 27-ին  տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին  խորհրդի 9 անդամները, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի  նախագահները:

Նախ Ա. Ցուցուլյանն ամփոփեց 2012-13 ուստարվա I կիսամյակը՝ ներկայացնելով դասապրոցեսի, ընթացիկ քննությունների, ընթացիկ ստուգումների, ստուգարքային շրջանի արդյունքները:

Նա նշեց, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են տնօրենության կողմից հաստատված ժամանակացույցի և ուսումնական կարգի համաձայն:

Զեկուցողը հատուկ ընդգծեց, որ իրականացվել են ուսումնական ծանրաբեռնվածությամբ նախատեսված բոլոր դասաժամերը, կրճատվել են ուսանողների անհարգելի բացակայությունները:

Այնուհետև խորհրդի նախագահը ներկայացրեց  II ընթացիկ քննությունների, ընթացիկ ստուգումների և ստուգարքային շրջանի  առաջադիմությունը:

Միաժամանակ հանձնարարեց  ամբիոններին և դասավանդող դասախոսներին պատշաճ նախապատրաստվել  քննաշրջանին՝ բարձր առաջադիմություն ապահովելու նպատակով ըստ ժամանակացույցի անցկացնել կոնսուլտացիաներ (խորհրդատվություններ), իսկ դեկանատին՝ հետևել կարգապահությանը:

2012-2013 ուստարվա I կիսամյակում աշխատանքային բուռն գործունեություն ծավալեց Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչը

 2011թ. ԵՊՀ ԻՄ արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ ընտրվեց նույն ամբիոնի ասիստենտ, ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վարդիթեր Գուրգենի Պողոսյանը:

1995 թվականից Վարդիթեր Պողոսյանը աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆիզիկական դաստիարակություն» ամբիոնում որպես դասախոս, այնուհետև (2010թ.) որպես ասիստենտ, 2011 թվականից՝ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի   վարիչ: 2011-2012 ուստարում Վ. Պողոսյանը մասնաճյուղում հիմնեց փետրագնդակի խմբակ, որտեղ նա մարզում և նախապատրաստում է մեր ուսանողներին՝ մասնակցելու տարբեր մրցաշարերի:

2012-2013 ուստարվա I կիսամյակում որպես ամբիոնի վարիչ նա ծավալեց աշխատանքային բուռն գործունեություն: 2012թ. մարտի 14-17-ին մասնաճյուղում անցկացրեց վոլեյբոլի առաջնություն, ապրիլի 2-3-ին՝ փետրագնդակի, ապրիլի 27-ին՝ բազկամարտի առաջնություն: Սեպտեմբերի 14-ին նրա նախաձեռնությամբ մեր ուսանողները մասնակցեցին անկախության 21-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպված մարզային փառատոնին և թիմային հաշվարկով գրավեցին առաջին տեղը: Նույն առիթով սեպտեմբերի 17-27-ին մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի և փետրագնդակի առաջնություն:

Հոկտեմբերի 10-17-ին Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի   վարիչն անցկացրեց բասկետբոլի և վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն: Հոկտեմբերի 22-23-ին Երևանում տեղի ունեցած փետրագնդակի ՀՀ առաջնությունում Վ. Պողոսյանի կողմից պարբերաբար անցկացված մարզումների շնորհիվ  հաջող հանդես եկավ մասնաճյուղի հավաքականը:

Նոյեմբերի 5-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նա կազմակերպեց ուսանողական սպորտլանդիա, 19-21-ը՝ շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետն ընտրեց ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ս.թ. դեկտեմբերի 24-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցան ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություններ:

ՈՒԳԸ նախագահի թեկնածուներն էին «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արման Մատինյանը և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սահակյանը:

Ընտրությանը մասնակցում էին ֆակուլտետի 48 ուսանողներ, ինչպես նաև մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահը, փոխնախագահը, մյուս ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահները:

Նախ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործող նախագահ Միկիչ Փարսադանյանը ներկայացրեց կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Ապա իր խոսքն ասեց մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով ՈՒԳԸ-ի գործող նախագահին գրեթե 3 տարի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ղեկավարելու և կազմակերպչական գործունեություն ծավալելու համար:

Այնուհետև թեկնածուները հակիրճ ներկայացրին իրենց ծրագրերը:

Փակ ընտրությունների արդյունքում 33 ձայնով ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ ընտրվեց Մերի Սահակյանը:

Ներկաները շնորհավորեցին նրան և մաղթեցին կազմակերպչական բուռն գործունեություն:

Զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը

Ս.թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլ. Միքայելյանը: Զեկուցման թեման էր «Հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը»:

Ներկա էին Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոսներ, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Վլ. Միքայելյանը բավականին հանգամանորեն ու բովանդակալից կերպով ներկայացրեց հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը՝ նախորդ դարի ձեռքբերումներից մինչև այսօրվա նվաճումները:

Թեման հետաքրքիր էր. տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որին մասնակցեցին թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները:

Ստեղծագործում են մեր ուսանողները

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երկու գրքերի շնորհանդես: Ներկա էին ՀԳՄ նախագահ Լ.Անանյանը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը, պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանը, Գրական ստուդիայի ղեկավար Ս.Մխիթարյանը, դասախոսներ, ուսանողներ:

2011 թ. Երևանի պետական համալսարանը և Արցախի պետական համալսարանը կազմակերպել էին ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:

Առաջին գրքում, որը կրում է «Քայլեր և արձագանք» վերնագիրը, ամփոփված են այդ մրցույթի լավագույն ստեղծագործությունները:

Երկրորդ գիրքը, որը «Գրական համալսարան» շարքի հերթական գիրքն է, կոչվում է «Ստեղծագործում են ուսանողները» և նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Այստեղ ընդգրկված են տարբեր տարիներին ստեղծագործած ուսանողների, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 ուսանողների՝ Սլավիկ Ալավերդյան, Լիլիթ Քալանթարյան (ԿՄ/Ֆ 4-րդ կուրս), Գոհար Ամիրխանյան, Լիանա Ափինյան (Սերվիս 3-րդ կուրս) աշխատանքները:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին գրքերում տեղ գտած ստեղծագործությունների արտասանություններ, երգեր, բեմադրվեցին փոքրիկ ներկայացումներ: