Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ներկայացվեց «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում. առկա խնդիրների վերլուծություն» զեկույցը


2013թ. նոյեմբերի 14-ին Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Ball Room» սրահում ներկայացվեց «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում. առկա խնդիրների վերլուծություն» թեմայով զեկուցումը, որը կազմվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» ՀԿ-ի կողմից: Զեկուցումը ներկայացնում էր կրթության ոլորտի ներկա իրավիճակը Հայաստանում և Բոլոնյան գործընթացի ներկա արդյունքը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պետական և մասնավոր բուհերի ռեկտորներ, ներկայացուցիչներ, պաշտոնյաներ` ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ուրիշներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ներկա էր Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊԾ բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանը:

Բացման խոսքով հանդես եկավ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հաշվետվություն ներկայացրեց «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում. առկա խնդիրների վերլուծություն» զեկույցի հեղինակային թիմը` Լիվիու Մատեյը (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ), Յուլիա Իվինսկան (Կենտրոնական եվրոպական համալսարան), Կուն Գևենը (Եվրոպական համալսարանական ինստիտուտ, Ֆլորենցիա):

Ոլորտում առկա ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ ելույթ ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

2013թ. նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որը  կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը: Առաջնությանը մասնակցում էր 10 ուսանող` Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի  և Հումանիտար գիտությունների ֆակուլտետներից:

Եզրափակիչում հանդիպեցին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ և առաջին   կուրսերի ուսանողներ Ռուբեն Նազարյանը և Բաբկեն Խուդավերդյանը:

Հաղթող ճանաչվեց Բաբկեն Խուդավերդյանը (“Տնտեսագիտության տեսություն” մասնագիտության 1-ին կուրս), որին տրվեց պատվոգիր:

Ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

2013թ. նոյեմբերի 6-7-ը Իջևանի «Արնար» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին Հումանիտար, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների հավաքականները:

Նոյեմբերի 6-ին հանդիպեցին Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը:

3:1 հաշվով հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը:

Նոյեմբերի 7-ին հանդիպեցին Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:

4:1 հաշվով հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը:

Հաղթող թիմին և նրա լավագույն խաղացողին տրվեցին հուշանվերներ:

Անտառային ծրագիր

2013թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տեղեկատվական և կրթական միջոցառում`«Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Տարածաշրջանային ծրագիրն ուղղված է անտառի լիազոր մարմինների համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն միատարր անտառտնկարկների տրանսֆորմացիայի ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը` կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի կայուն և «բնականին մոտ» անտառներ ունենալու համար: 

Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասում բարձրացնել անտառային էկոհամակարգերի կայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և բարելավել կենսաբազմազանությունը և տեղական բնակչության կենսամիջոցները:

Միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկացան ԲՀՀ հայաստանյան մասնաճյուղի անտառային ծրագրի մասին, կարևորվեց անտառի տրանսֆորմացիայի (փոխակերպության) և անտառվերականգնման դերը կլիմայի փոփոխության համատեքստում, ներկայացվեցին կենսաբազմազանության, «բնականին մոտ» անտառային ծառուտների, տեղական համայնքներին տրամադրվող կարճաժամկետ և երկարաժամկետ օգուտները և այլն:

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Հարգելի’ ուսանողներ, 2013թ. նոյեմբերի 13-20-ը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: