Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառման հրավեր

Layout 1

 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը:

Սիրով հրավիրում ենք:

Կայացավ հայկական հուշարձանների պահպանությանը վերաբերող դաս-քննարկում

DSCN7169

 2019թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հայկական հուշարձանների պահպանությանը վերաբերող դաս-քննարկում, որը վարեց հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

Դաս-քննարկման ընթացքում պարոն Կարապետյանը ներկայացրեց իր գործունեությունը, պատմեց հայկական հուշարձանների հաշվառման աշխատանքների, Հայաստանի՝ թշնամու հողում թողած պատմաճարտարապետական կոթողների նախկին և ներկայիս վիճակի,  դրանց վերաբերյալ իր ունեցած հիշողությունների մասին: Շեշտվեց, որ շինությունների մի մասը սկզբնական շրջանում որպես հարդանոց կամ գոմ է ծառայում, այնուհետև ավիրվում քրդերի կողմից, եկեղեցիները սեփականաշնորհված են, իսկ գերեզմանների տեղում կառուցված են դպրոցներ և այլ շինություններ:

Բանախոսն անդրադարձավ Ժան-Միշել Թիերիի գործունեությանը՝ նշելով, որ նա մեծ դեր է ունեցել հայ ճարտարապետական հիշողության փրկության հարցում:

Ներկայացվեց նաև Համբարձում Երամյանի հայանվեր գործունեության մասին, նշվեց, որ նույնիսկ կուրանալուց հետո նա շարունակեց կրթվել, զարգանալ և ամբողջությամբ նվիրվել հայ պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության գործին, ինչպես նաև դպրոց հիմնադրեց:

Ս.Կարապետյանը խոսեց նաև «Հայաստանի պատմություն» գրքաշարի ստեղծման մասին՝ նշելով, որ շարքի առաջին գիրքը նվիրված է «Հայոց Ձոր» գավառին, որտեղ, համաձայն ավանդության, Հայկ Նահապետը Բելին հաղթելուց հետո իր տունը շինեց:

Քննարկման մասնակիցները նրան ուղղեցին հարցեր, որոնցից հատկանշական է ուսանողական պրակտիկայի ծրագրում Տավուշի պատմաճարտարապետական հուշարձանների ընդգրկման հնարավորություններին և դրա կարևորությանը վերաբերող հարցը:

Իբրև ամփոփում՝ պարոն Կարապետյանն անդրադարձավ ժամանակակից երիտասարդության մեջ մոտիվացիայի բացակայությանը կամ դրա պակասին, ընդգծեց, որ կյանքին իմաստ հաղորդելու համար մարդուն նպատակ է պետք:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց)» թեմայով դաս-քննարկումը

DSCN7133 2019թ. ապրիլի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Արդի լրագրության զարգացման միտումները և մարտահրավերները (ֆեյք, համացանց թեմայով դասքննարկումը, որը վարեց «Փաստարկ» մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Տիգրան Ռուբենի Սիմոնյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Դաս-քննարկման առաջին հատվածում պարոն Սիմոնյանն անդրադարձավ ֆեյքերի խնդրին, երկրորդ հատվածում՝ լրագրության զարգացման միտումներին:

Նախ շնորհանդեսի ուղեկցությամբ բացատրվեց, թե ինչ է ֆեյքը, ներկայացվեցին դրա վերաբերյալ հակասական կարծիքները, ֆեյքերի տեսակները:

Մասնավորապես նշվեց, որ ֆեյքը (fake – կեղծ), որ նախկինում կոչվում էր “газетная утка”, “слив” (արտահոսք) 21-րդ դարի հախուռն դրսևորում է. արմատավորվել է վերջին 15 տարվա ընթացքում: «Ֆեյքերը մեր կյանք են մտել երկար ժամանակով: Ինչպես մուկը կարագում, այնպես էլ ֆեյքերը համացանցում, իրենց լավ են զգում: Ֆեյքերի կողքին ապրելու ենք՝ դրանք չեզոքացնելու մեթոդներ գտնելով», – ընդգծեց Տ.Սիմոնյանը:

Ֆեյքերն ի հայտ են գալիս 3 ճանապարհով՝ վիզուալ (լուսանկար, որը ենթարկվել է ձևափոխության ֆոտոշոփի կամ այլ գործիքակազմերի միջոցով), անանուն (չկա լուսանկար, չկան անձնական տվյալներ) և տեքստային: Այդտեղ կարևորվում են երեք գործոններ, որոնք առաջացնում են թյուրըմբռնում. նախ՝ վերնագիրը, ապա տեքստի վերջում ինչ-որ բառի կամ արտահայտության հավելումը (օրինակ՝ … և ոչ միայն) և անմեղության կանխավարկածը (արդյո՞ք հրապարակողները լիովին տիրապետում են իրենց նյութի բովանդակությանը):

Բովանդակային առումով կան ֆեյքեր, որոնք բացահայտ կամ մասամբ են հանդես գալիս, քարոզչական բնույթի են, օգտատիրոջ թափթփված խոսքի արդյունք են և այլն:

Շեշտվեց, որ Հայաստանում տակավին չկա ֆեյքերի մասին օրենք, և դրանց դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար անհրաժեշտ է, որ օրենքով կանխարգելիչ մեխանիզմներ մշակվեն:

Այնուհետև պարոն Սիմոնյանն անդրադարձավ հայ լրագրության արդի վիճակին, թե ինչ առաքելություն ունի այն. «Մեր լրագրությունը շատ է քաղաքականացված: Ես կարծում եմ՝ դրան չի կոչված հայ լրագրությունը: Ամեն փուլ հաղթահարելով՝ այն պետք է հասնի մեկ այլ մակարդակի»:

Լրագրողի գործունեության մասին խոսելիս բանախոսը մասնավորապես նշեց. «Մասնագիտություններից ամենալայն աշխարհայացք տվողը լրագրությունն է (մեծ շփումներ, թեմատիկ բազմազանություն, սեփական երկիրը ճանաչելու, քո հրապարակմամբ ուրիշների խնդիրները լուծելու հնարավորություններ և այլն): Լրագրողն ապրում է և՛ իր, և՛ ուրիշների հոգսերով: Լրագրողի համար ամեն ինչն է հետաքրքիր, նրա հայացքը նկատող, քննախույզ հայացք է…»:

Անդրադառնալով մարզում լրագրության պասիվ վիճակի վերաբերյալ ուսանողների դիտարկմանը՝ պարոն Սիմոնյանը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցելու այն ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն լրագրության ուղին բռնելու: Նա ուսանողներին խորհուրդ տվեց սկսել ֆոտոլրագրությունից կամ գրավոր տեսակներից:

Ծավալվեց հետաքրքիր քննարկում. ուսանողները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:   

«Մաթեմատիկական մեթոդների կիրառումը տնտեսագիտության մեջ» թեմայով դաս-քննարկման հրավեր

45209161_1941500952594829_2054352131204317184_o 2019թ. ապրիլի 26-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի №39 լսարանում տեղի կունենա ՌԴ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ հանդիպում, և կանցկացվի «Մաթեմատիկական մեթոդների կիրառումը տնտեսագիտության մեջ» թեմայով դաս-քննարկում:

 

«Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դաս-քննարկմանը մասնակցելու հրավեր

        IMG_6366-6-1024x960

 2019թ. ապրիլի  26-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա «Կրթությունը ԱՄՆում» թեմայով դաս-քննարկումը, որը անգլերենով (սինխրոն թարգմանությամբ) կվարի ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը:

Սիրով հրավիրում ենք: