Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ քաղաքացու օրը ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ուսանողական քննարկում

 IMG_3894 

 2019թ. ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի հետ:

Հանդիպման նպատակն էր մասնաճյուղում անցկացնել ուսանողական քննարկում:

Թիմային բուռն քննարկման շնորհիվ ուսանողները վերհանեցին կրթական ոլորտին առնչվող խնդիրներ, փորձեցին գտնել դրանց հաղթահարման ուղիները և հնարավոր հասցեատերերին:

Նախ՝ քննարկման մասնակիցները բաժանվեցին 2 թիմի: Ապա կազմակերպվեց «Կրթություն» թեմայով բառախաղ, որի ընթացքում ուսանողները կրթությանը վերաբերող բառեր պետք է բացատրեին իրենց թիմակիցներին, իսկ վերջիներս՝ կռահեին այդ բառը:

Թիմային մթնոլորտ ձևավորելուց հետո անցում կատարվեց հանդիպման բուն նպատակի իրականացմանը. արդեն ձևավորված թիմերին հանձնարարվեց վեր հանել 3 հիմնախնդիր, որոնք խանգարում են ուսանողներին որակյալ կրթություն ստանալու հարցում:

Ուսանողները հիմնախնդրի ձևակերպումներից հետո տվեցին նաև դրանց հնարավոր լուծման ուղիները, ինչպես նաև նշեցին, թե ում են հասցեագրված այդ լուծումները:

Երկու թիմերի աշխատանքների ներկայացումից, համեմատությունից և ամփոփումից հետո «Ռեստարտ» նախաձեռնության անդամները ներկայացրին պարզ բանաձև, որի շնորհիվ կարող է լուծվել ցանկաված խնդիր. «Մեր բոլոր խնդիրների լուծման հիմքն է գիտելիքի, հմտության և ցանկության համատեղությունը»։

Հանդիպման վերջում ուսանողներն իրենց մաղթանքները և ակնկալիքները փոխանցեցին «Ռեստարտ» նախաձեռնությանը:

Տավուշում (Իջևանում) ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը տե՛ս այստեղ:

Քննարկման ամբողջական տեսանյութը տե՛ս հետևյալ հղումով: 

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

ՌԴ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների այցը ԵՊՀ ԻՄ

DSCN7372

2019թ. ապրիլի 27-ին դաս-քննարկում իրականացնելու նպատակով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Ռուսաստանի Դաշնության՝ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դասախոսներ տ.գ.դ., պրոֆեսոր Ն. Վ. Գրիզունովան և տ.գ.դ., պրոֆեսոր Ի. Ա. Կիսելյովան:

Դաս-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության և բնական գիտությունների ֆակուլտետների դասախոսների և ուսանողներ:

Ն. Վ. Գրիզունովան և Ի. Ա. Կիսելյովան կարդացին «Մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ», «Գնագոյացում և գնային քաղաքականություն» թեմաներով դասախոսություններ:

Ուսանողները հնարավորություն ունեցան լսել նոր մոտեցումներ նշված թեմաների շուրջ և պրոֆեսորներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

ՌԴ Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դասախոսները ներկայացրին նաև իրենց համալսարանը, քննարկեցին վերջինիս և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխհամագործակցության հնարավորությունները (ուսանողների փոխանակում, դասախոսների փոխադարձ այցեր և այլն):

Ռուսաստանից ժամանած հյուրերը, շրջելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, մեծ բավականություն ստացան Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների՝ բուհի պատերը զարդարող աշխատանքներից:

Ն. Վ. Գրիզունովան և Ի. Ա. Կիսելյովան այցելեցին նաև ԵՊՀ ԻՄ-ի տարածքում գործող Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն և ծանոթացան կենտրոնի գործունեությանը:

Կայացավ «Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դաս-քննարկումը

DSCN7402 2019թ. ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դաս-քննարկում, որը կազմակերպվել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության և ԵՊՀ ԻՄ-ի կողմից:

Դաս-քննարկումը վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանն ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:

Քննարկման ընդհանուր թեման ԱՄՆ-ի կրթությունն էր ու կրթական համակարգը: Ջ.Դոշերը մեծ մասամբ անդրադարձավ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ամենամեծ համալսարանի, Հարվարդի, Լուիզիանայի համալսարանների, ինչպես նաև մի քանի քոլեջների ու ավագ դպրոցների կրթությանը:

Ընդգծվեց այն փաստը, որ յուրաքանչյուր կրթական կառույց առանձնանում է սեփական կանոններով, կրեդիտային համակարգով: Թեմայի կարևորագույն մասերից էր ԱՄՆ-ի համալսարանների ուսման վարձի չափը նահանգների ներսում ապրող ուսանողների, նահանգից դուրս ապրող ուսանողների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար:

Ներկայացվեց, որ ԱՄՆ-ի համալսարաններում ուսանողները գնահատվում են հետևյալ սկզբունքով՝ 1-A, 2-B, 3-C, 4-D սանդղակին համապատասխան, որը բավականին տարբերվում է Հայաստանի գնահատման համակարգից: Եթե ուսանողը ստանում է 0, դա վկայում է ձախողման մասին: Ուսումնական տարվա ընթացքում կան սահմանված դասաժամեր յուրաքանչյուր առարկայի համար, բայց կան նաև պարտադիր առարկաներ, օրինակ՝ օտար լեզուները, որոնք պետք է դասավանդվեն համալսարաններում: Բանախոսը նշեց նաև ԱՄՆ-ում կրթության բացասական կողմերի մասին, ինչպիսին է, օրինակ, տարեցտարի ուսման վարձերի բարձրացումը:

Դաս բնության գրկում

58620711_310186906315113_2435802758176047104_n

 2019թ. ապրիլի  26-ին բնության գրկում՝ Իջևանի դենդրոպարկում, «Օտար լեզուներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Տավուշի տեսարժան վայրերը» թեմայով դաս, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը:

Դասի ընթացքում ուսանողները անգլերենով ներկայացրին Տավուշի մարզի քաղաքներն ու գյուղերը, դրանց տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, վանքերը և եկեղեցիները:

Ներկայացված վայրերից հատկապես առանձնացվեցին Իջևան և Դիլիջան քաղաքները:

Իջևանի տեսարժան վայրերից ներկայացվեցին կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին, պատմաերկրագիտական թանգարանը և այլն: Իջևանի պատմաճարտարապետական կոթողներից առանձնահատուկ խոսվեց Մակարավանքի մասին, որը կառուցվել է 10-13 դարերում:

Ընդգծվեց, որ Դիլիջան քաղաքը նույնպես առանձնանում է իր բնությամբ, ազգային պարկով, պատմամշակութային հուշարձաններով: Վերջիններիս թվին են պատկանում Հաղարծինը, Գոշավանքը, Մաթոսավանքը, Ջուխտակ վանքը:

Ուսանողների ելույթները լի էին մայրենի տարածաշրջանի նկատմամբ մեծ սիրով ու հիացմունքով:

Դասն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում: