Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը հաղթել է «Beeline Scholarship» ծրագրում

2014թ. փետրվարի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Beeline Scholarship» ծրագրի փակման արարողությունը:

Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական բուհերի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

«Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող: Ծրագրի երկրորդ փուլում 178 ուսանողից ընտրվել է  95 հաղթող:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից  երկրորդ փուլ է անցել Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Ասատրյանը: Մեր ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձը կտրամադրի «Beeline» ընկերությունը:

Ընդհանուր վարկանիշով մասնաճյուղն առաջինն է բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի իր խմբում

Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը, բուհերը բաժանելով 9 խմբերի, կատարել է նրանց վարկանիշավորում` ըստ  9 չափորոշիչների:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկված է 4-րդ` «Բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում  կրթական ծրագրեր իրականացնող» բուհերի խմբում:

Ընդհանուր վարկանիշով մասնաճյուղն առաջինն է նույն խմբում ներառված 14 բուհերի մեջ:

Առաջինն է նաև 3-րդ չափորոշիչով («Ուսումնառության արդյունքներ»):

2-րդ չափորոշիչով («Ուսանողներ») մասնաճյուղը զբաղեցրել է յոթերորդ տեղը:

4-րդ չափորոշիչով («Միջազգային ուղղվածություն») մասնաճյուղը զբաղեցրել է 4-րդ տեղը:

5-րդ չափորոշիչով («Գիտահետազոտական աշխատանք») մասնաճյուղը գրավել է 2-րդ տեղը:

6-րդ չափորոշիչով («Դասավանդման գործընթաց») մասնաճյուղը զբաղեցրել է 5-րդ տեղը:

7-րդ չափորոշիչով («Հաստատության կարողություններ») մասնաճյուղը զբաղեցրել է 6-րդ տեղը:

8-րդ չափորոշիչով («Աշխատանքային շուկա») մասնաճյուղը գրավել է 3-րդ տեղը:

9-րդ չափորոշիչով («Ընդհանուր գնահատումներ») մասնաճյուղը զբաղեցրել է 8-րդ տեղը:

1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ չափորոշիչներով մայր բուհն առաջինն է իր համապատասխան խմբի` «Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում  կրթական ծրագրեր իրականացնող»  8 բուհերի մեջ:

Մանրամասները` ranking.armedu.am

«Գծանկար, գունանկար» ամբիոնի դասախոսը Նկարիչների միության անդամ

2013թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի «Գծանկար, գունանկար» ամբիոնի դասախոս Արևիկ Ռաֆիկի Խաչատրյանը դարձավ Հայաստանի նկարիչների միության անդամ:

Անդամակցության տոմսը  հանձնվեց դեկտեմբերի 9-ին Երևանում` Նկարիչների միությունում:

Այժմ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի 7 դասախոսներ նկարիչների միության անդամներ են:

Կարևորելով Ա. Խաչատրյանի գեղանկարչական արվեստի դերն ու նշանակությունը Տավուշի մարզի մշակութային կյանքում` ՆՄ նախագահ Կ.Աղամյանն ի սրտե շնորհավորեց նրան` նշելով, որ ՆՄ անդամակցությունը և՛ պատվաբեր, և՛ պարտավորեցնող է:

2013թ. մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ ստացան գիտական աստիճան

2013թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի Կենսաֆիզիկայի 051 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Ալեքսան Շամիլի Մարգարյանի` Գ.00.02-Կենսաֆիզիկա մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Միլիմետրային էլեկտրամագնիսական ալիքներով ճառագայթված ԴՆԹ-ի հետ որոշ ցածրամոլեկուլային միացությունների կոմպլեքսների ուսումնասիրությունը»:

Գիտական ղեկավարն էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յու.Ս. Բաբայանը:

 ___________________________________________________

2013թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի «Հայ և արտասահմանյան գրականության» 003 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վահան Արշակի Աղաբաբյանի` Ժ.01.02-«Նորագույն շրջանի հայ գրականություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Սերո Խանզադյանի պատմվածքները և վիպակները»:

Գիտական ղեկավարն էր բան. գիտ. դոկտոր Ս.Ա. Աղաջանյանը:

___________________________________________________

2013թ. հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի «Հայ և արտասահմանյան գրականության» 003 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Սամվելի Վանյանի` Ժ.01.02-«Հայ դասական գրականություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Ավետիք Իսահակյանի չափածո և արձակ լեգենդները»:

Գիտական ղեկավարն էր բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Զ.Վ. Ավետիսյանը:

  ___________________________________________________

2013թ. հունիսի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի 032` «Կառավարման, ավտոմատացման համակարգերի և էլեկտրոնիկայի» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Աննա Սմբատի Սիմոնյանի` Ե.13.02-«Ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Մուր-Պենրոուզի պարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների որոշման թվա-անալիտիկ եղանակների մշակումը և հաշվողական գործընթացների ավտոմատացումը»:

Գիտական ղեկավարն էր տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա.Գ. Ավետիսյանը:

Սոցիալական մանկավարժության վերաբերյալ միջբուհական օլիմպիադա

2013թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Սոցիալական մանկավարժություն» առարկայից միջբուհական օլիմպիադա, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի, Վանաձորի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտների համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Օլիմպիադան անցկացնելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որի նախագահն էր Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Սողոյանը, մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վ.Ալեքսանյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժ/պ, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, նույն ամբիոնի դասախոս Ա.Հովակիմյանը, ՎՊՄԻ-ի գիտքարտուղար, դասախոս Ս.Բեժանյանը, ԳՊՄԻ-ի դասախոս Ա.Տոնոյանը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` բարձր գնահատելով այս մասնագիտության դերը մեր հասարակության մեջ:

Օլիմպիադան կրում էր գիտագործնական բնույթ` կյանքից վերցված իրադրություններին տալ գործնական լուծում:

Այն նպատակ ուներ սոցիալ-մանկավարժական իրադրային խնդիրների ներկայացման և քննարկման միջոցով ուսանողների մեջ ձևավորել մասնագիտական հմտություններ և կարողություններ:

Ուսանողները ներկայացրին և վերլուծեցին իրադրային խնդիրները` յուրաքանչյուրը իր մասնագիտության դիտանկյունից (մանկավարժ-հոգեբան, սոցմանկավարժ, սոցաշխատող):