Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց ՄԱԿ-ի անկյուն

2013թ. հունիսի 10-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անկյունի հանդիսավոր բացումը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Բացմանը մաասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գրադարանի տնօրեն Կ.Ուլիխանյանը, Իջևանի փոխքաղաքապետ Ս.Մանուկյանը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Լ.Ղալումյանը,  մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Նախաձեռնության նպատակը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մարզերում երիտասարդության հնարավորությունների ընդլայնումն է: Ուսանողները, դասախոսները, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներն այժմ ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ:

Մասնաճյուղի գրադարանին ՄԱԿ ՀՏՎ կողմից տրամադրվեց ավելի քան 800 միավոր գրականություն, պաստառներ, գրքույկներ և այլ հրատարակումներ՝ թողարկված Նյու Յորքում, Վիեննայում և Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների, ինչպես նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից:

«Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Ձեր համայնքների ներկայացուցիչները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»,-նշեց  ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ողջունեցին այս համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. մայիսի 21-ին պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Իրանի Իսլամանական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսը: Նրան ուղեկցում էր տնտեսական հարցերով խորհրդական Ռըզա Մուստաֆան:

Մարզպետարանում տեղի ունեցած ընդունելությունից հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, փոխմարզպետներ Լևոն Սարգսյանի, Վահե Վարդապետյանի, մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի, ինչպես նաև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Նախ նրանք հանդիպում ունեցան մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հետ, այնուհետև այցելեցին Կիրառական արվեստի ֆակուլտետ, ծանոթացան ուսանողների ավարտական աշխատանքներին:

Քննարկվեցին կրթության բնագավառում համագործակցելու վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպանը խոստացավ օժանդակել մասնաճյուղին՝ ստեղծելու պարսկերենի ուսուցման ժամանակակից կենտրոն:

Մոհամմադ Դեյիսը և նրան ուղեկցողներն իրենց հիացմունքն արտահայտեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների կապակցությամբ, իրենց տպավորությունները գրի առան տպավորությունների մատյանում:

            Վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից Իրանի Իսլամանական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին նվիրվեց նախորդ տարիների ավարտական աշխատանքներից մեկը:

Անհատական ցուցահանդեսի բացումը

2013թ. մայիսի 13-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Բաղդասարյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կրում է «Տավուշի գույները» խորագիրը:

Ներկա էին Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Աղավնավանքի գյուղապետ Վ.Ներսիսյանը, քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենը՝ նշելով, որ աստիճանաբար իրականանում է Իջևանը մշակութային քաղաք դարձնելու երազանքը: Իջևանում ուսանողական առաջին ցուցահանդեսի կապակցությամբ նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Շուշանին, նրա դասախոսներին ու ծնողներին:

Շուշան Բաղդասարյանին շնորհավորեցին նաև Տավուշի մարզպետ  Ա.Ղուլարյանը, Աղավնավանքի գյուղապետ Վ.Ներսիսյանը, մասնաճյուղի դասախոս, արվեստագետ Լ.Լաչիկյանը, Մ.Ստեփանյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ.Ղալումյանը:

Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 100 աշխատանք:

«Տավուշի գույները» խորագրով ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

Մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ վաստակավոր պատմաբանի հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

Նախ  մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց պատվավոր հյուրին և ընդհանուր գծերով ներկայացրեց վաստակավոր պատմաբանի անցած ուղին:

Այնուհետև Ա.Մելքոնյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայացքները` կուռ տրամաբանությամբ քննադատության ենթարկելով հայոց պատմության կեղծարարներին և հատկապես թուրք-ադրբեջանական պատմաշինարարներին:

«Մենք պետք է նահանջենք ճանաչումից, որն արդեն իրողություն է: Անհրաժեշտ է խոսել հատուցման մասին»,- նշեց նա: Ա. Մելքոնյանը մատաղ սերնդին կոչ արեց լինել հաստատակամ և նպատակասլաց` հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

Անվանի պատմաբանը նաև պատասխանեց ներկաների հարցերին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը նրան շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բազմաբովանդակ վերլուծության համար` ակնկալելով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Վերջում Ա.Մելքոնյանը մասնաճյուղի գրադարանին նվիրեց իր նոր տպագրված «Հայոց պատմության դասերն ու պատգամները» գիրքը:

Տեղի ունեցավ ամբիոնների համատեղ նիստ

2013թ. ապրիլի 30-ին մասնաճյուղում հրավիրվեց Հայոց լեզվի և գրականության ու Օտար լեզուների ամբիոնների համատեղ նիստ` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսների այցի կապակցությամբ:

Նիստին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ավագյանը, Հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Մուրադյանը, նույն ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ս.Սրապիոնյանը, Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ա.Աբրահամյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Քննարկվեցին մայր բուհում ու մասնաճյուղում հայոց լեզվի և գրականության ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը նշեց, որ մասնաճյուղն ամբողջովին առաջնորդվում է մայր բուհի ուսումնական պլաններով (բացառությամբ սփյուռքահայ գրականության): Շարունակվում է մասնաճյուղը տեղացի որակյալ կադրերով ապահովելու գործընթացը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա.Ավագյանը կարծիք հայտնեց, որ Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ-ի անբաժանելի մասն է: «Մասնաճյուղը կարևորագույն առաքելություն ունի. այն ոչ միայն մանկավարժական կադրերի դարբնոց է, կրթական, մշակութային կենտրոն, այլև գիտական: Գնահատելի է տնօրենի նվիրվածությունը բուհն ավելի ուժեղ դարձնելու գործում»,-հավելեց Ա.Ավագյանը:

Նիստում դիտարկվեց գրավոր ընթացիկ քննությունների անարդյունավետության հարցը: Այդ կապակցությամբ Ս.Առաքելյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղում փոխվել է 2 գրավոր ընթացիկ քննությունների կարգը, դրանցից մեկը փոխարինվել է թեստային համակարգով, մյուսը` բանավոր քննությամբ:

Քննարկվեց նաև այն հարցը, թե կրկնությունից խուսափելու և առարկան լավ յուրացնելու համար որ ուսումնական կիսամյակում է առավել նպատակահարմար ընդգրկել գրականության և լեզվի տեսության առարկաները: