Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հատված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` Իջևանում ունեցած նախընտրական ելույթից

«Առավել զգալի են լինելու քայլերը կրթության որակի և մատչելիության գործում: Բուհական կրթական համակարգում նախատեսում ենք շոշափելի փոփոխություններ իրականացնել:

Նախորդ տարիներին կուտակվել է հսկայական փորձ, և շարունակելու ենք առավել հետևողական լինել այդ հարցում»:

«Երկար տարիներ է, ինչ Իջևանում գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը, և դրա օրինակով կարող ենք ասել, որ այդ բուհը, ինչպես նաև հանրապետության մյուս բուհերը, պետք է դառնան ժամանակակից հասարակության և համայնքի առաջընթացի հենքը:

Հայաստանի համաչափ զարգացման առումով մարզային բուհերը կարևորագույն առաքելություն ունեն, և պետք է աչալրջորեն ու համակարգված ձևով հետևեն հասարակություն-գիտություն կապը խթանելու գործընթացին»:

«Երիտասարդի համար բուհ ընդունվելը կդառնա ավելի դյուրին, միաժամանակ, կրթության որակի և չափորոշիչների նկատմամբ լինելու ենք առավել խստապահանջ:

Բարձրագույն կրթությունը անվճար ենք դարձնելու անապահով ընտանիքների համար, մյուսների համար ապահովելու ենք երկարաժամկետ և մատչելի վարկավորման հնարավորություն:

Ուրախ եմ ձեզ հաղորդելու, որ արդեն փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսանող կարող է դիմել բանկերին և ստանալ կրթության համար վարկ առանց որևէ գրավի՝ միայն ու միայն ծնողների համաձայնությամբ, երկարաժամկետ, այնպես, որպեսզի այդ վարկը մարվի ուսում ստանալուց հետո»:

26.01.2013թ.

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման 21-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ ԻՄ-ի ութ աշխատակիցների միջև կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

1/8 եզրափակիչում հանդիպեցին մասնաճյուղի ԿՈԱԳ բաժնի վարիչ Ա. Մարգարյանը և հասարակական կարգով գրադարանի վարիչ Կ. Ուլիխանյանը, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վ. Դավթյանը և բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը, ընդհանուր ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի, ռենտգենյան ճառագայթների գիտաուսումնական հետազոտությունների լաբորատորիաների վարիչ Գ. Գուլակյանը և տնօրենի օգնական Մ. Աթոյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը և գիշերապահ Ա. Ղուլարյանը:

1/4 եզրափակիչ դուրս եկան Ա.Մարգարյանը և Վ.Դավթյանը, Մ.Աթոյանը և Ա.Ղուլարյանը:

Եզրափակիչում հանդիպեցին Ա.Մարգարյանը և Մ.Աթոյանը: Հաղթեց Մ.Աթոյանը:

Վոլեյբոլի ընկերական հանդիպում

Ս.թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի ընկերական հանդիպում Իջևանի մարզադպրոցի և մասնաճյուղի վոլեյբոլի թիմերի միջև:

Դիտել ցանկացողները կարող են գալ մարզադահլիճ:

Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն 

Մասնաճյուղում ընթանում են կրթության որակի ապահովման և բարելավման աշխատանքները

2011 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկված է հավատարմագրման գործընթացում, որի բաղկացուցիչ մասն է կազմում ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության ձևաչափի լրացումը:

Մասնաճյուղում եռանդով ընթանում են կրթության որակի ապահովման և բարելավման աշխատանքները, որոնցում, բացի ԿՈԱԳ բաժնի աշխատակիցներից, ներգրավված են նաև ֆակուլտետների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և ուսանողներ:

 Ինքնավերլուծության ձևաչափը ենթադրում է ՄՈՒՀ-ի ծավալած բոլոր ոլորտների գործընթացների վերլուծություն, նրանց թույլ և ուժեղ կողմերի բացահայտում, կրթության ոլորտում նոր մոտեցումների ներդրում ու համադրում և պլանավորման երկարաժամկետ ծրագրում, անհրաժեշտ փոփոխությունների իրականացում:

Տնօրենության նիստում

Ս.թ. հունվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները: Նիստը նախագահում էր տնօրեն Ս. Առաքելյանը:

Քննարկվեցին մի  շարք հարցեր, այդ թվում՝ մասնաճյուղի անձնակազմի հաստիքային  ցուցակի վերաբերյալ հարցը:

Նշվեց, որ անհրաժեշտ է հստակեցնել հաստիքացուցակը, որն ընդգրկում է մասնաճյուղի վարչակառավարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի պաշտոնների հրահանգները՝ նրանց իրավունքների ու պարտականությունների ամրագրումով:

Ընթացքի մեջ են նաև դասախոսների պարտականությունների հստակեցման աշխատանքները:

Շարունակվելու է իրենց աշխատանքը հստակ ու բարեխղճորեն կատարող  աշխատողների դրույքաչափը ընդլայնելու գործընթացը:

Նախատեսվում է  այս տարի  մասնաճյուղի  աշխատողների միջին աշխատավարձը բարձրացնել 15%-ով:

23.01.13