Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընդհանուր վարկանիշով մասնաճյուղն առաջինն է բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի իր խմբում

Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը, բուհերը բաժանելով 9 խմբերի, կատարել է նրանց վարկանիշավորում` ըստ  9 չափորոշիչների:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկված է 4-րդ` «Բակալավրական և մագիստրոսական և մինչև երեք մասնագիտական ոլորտում  կրթական ծրագրեր իրականացնող» բուհերի խմբում:

Ընդհանուր վարկանիշով մասնաճյուղն առաջինն է նույն խմբում ներառված 14 բուհերի մեջ:

Առաջինն է նաև 3-րդ չափորոշիչով («Ուսումնառության արդյունքներ»):

2-րդ չափորոշիչով («Ուսանողներ») մասնաճյուղը զբաղեցրել է յոթերորդ տեղը:

4-րդ չափորոշիչով («Միջազգային ուղղվածություն») մասնաճյուղը զբաղեցրել է 4-րդ տեղը:

5-րդ չափորոշիչով («Գիտահետազոտական աշխատանք») մասնաճյուղը գրավել է 2-րդ տեղը:

6-րդ չափորոշիչով («Դասավանդման գործընթաց») մասնաճյուղը զբաղեցրել է 5-րդ տեղը:

7-րդ չափորոշիչով («Հաստատության կարողություններ») մասնաճյուղը զբաղեցրել է 6-րդ տեղը:

8-րդ չափորոշիչով («Աշխատանքային շուկա») մասնաճյուղը գրավել է 3-րդ տեղը:

9-րդ չափորոշիչով («Ընդհանուր գնահատումներ») մասնաճյուղը զբաղեցրել է 8-րդ տեղը:

1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ չափորոշիչներով մայր բուհն առաջինն է իր համապատասխան խմբի` «Երեք կրթական աստիճաններում և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում  կրթական ծրագրեր իրականացնող»  8 բուհերի մեջ:

Մանրամասները` ranking.armedu.am

Ա. Աշոտյան. «Կստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»

Ս.թ. հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման  ազգային համակարգի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով  բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ դրա նպատակը բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացումն է, բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ  տեղեկատվություն ստանալու հնարավորության ընդլայնումը, ինչպես նաև հասարակության  իրազեկվածության բարձրացումը` կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ:

«Աբողջ աշխարհում ընդունված է, որ այն երկրները, որոնց բուհերը հասկանալի պատճառներով չեն ընդգրկվում համաշխարհային բուհական վարկանիշավորման համակարգերում, մշակում են սեփական վարկանիշավորման համակարգերը: Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ: Նշեմ, որ ազգային համակարգը մշակվել է`  հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը. ավելին` համակարգի մշակման գործընթացում ներգրավված են  եղել մարդիկ, ովքեր եղել են, օրինակ, Շանհայի և այլ միջազգային վարկանիշային համակարգերի հեղինակներ: Այսինքն` մենք ներկայացնում ենք տեղայնացված, ազգային առանձնահատկությունները հաշվի առնող, մեր կրթական միջավայրին հարմարեցված, բայց միջազգային փորձի վրա խարսխված տեղեկատվություն, որը կրում է փորձնական բնույթ: Այն մեթոդաբանությունը, որն ընդգրկում է տասնյակ չափանիշներ, մեկ տարվա ընթացքում լրամշակման կարիք ունի, որպեսզի արդյունքում ստեղծվի համակարգ, որն ամբողջությամբ կարտացոլի բուհական համակարգի իրական պատկերը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ նախարարությունը շնորհակալ կլինի բոլոր մասնագիտական կարծիքների համար: Նախարարը հավելել է նաև, որ վարկանիշավորման մշակման գործընթացի վրա մեծ ազդեցություն  է ունեցել սոցիոլոգիական հարցումը, որն արվել է` պարզելու հատկապես գործատուների շրջանում երիտասարդ կադրերի ներգրավվածության աստիճանը:
Նշենք, որ բացի Բոլոնիայի գործընթացի նոր տասնամյա ծրագրի գործողություններից, ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի մշակումը ներառված է եղել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների  և միջոցառումների ցանկում: ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը նպատակ ունի Հայաստանյան բուհերի խմբավորումը իրականացվել է երկու հիմնական չափանիշների հիման վրա: Դրանք են` բուհում առկա կրթական ծրագրերը՝ բակալավրի, մագիստրոսի, հետբուհակա, բուհում առկա մասնագիտական ոլորտների թիվը՝ մինչև երեք մասնագիտական ոլորտում կրթություն իրականացնող բուհեր և երեք ու ավել մասնագիտական ոլորտներում կրթություն իրականացնող բուհեր, ինչպես նաև արվեստի բուհեր:
ՀՀ  բուհերի վարկանիշավորման  ազգային համակարգը հանրությանը հասանելի կլինի հունվարի 24-ից, ranking.armedu.am կայքում:

Աղբյուրը` edu.am

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Արվեստ հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը երիտասարդ ստեղծագործողների համար հայտարարում է լավագույն սցենարի մրցույթ:

Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր սցենարիստների և օգտագործել նրանց ստեղծագործական ներուժը երիտասարդության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և հնարավոր լուծումներ առաջարկելու գործում:

Մրցույթի խնդիրներն են՝

  • բացահայտել տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների,
  • խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը,
  • զարգացնել կինոարտադրությունը,
  • վեր հանել երիտասարդներին հուզող խնդիրները:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի 16-30 տարեկան այն երիտասարդ ստեղծագործողները, ովքեր տարրական գիտելիքներ ունեն ֆիլմարտադրության ոլորտում, ունեն ստեղծագործական երևակայություն և ցանկություն՝ իրենց ներկայացրած սցենարը կյանքի կոչելու:

Մրցույթին մասնակցելու հայտադիմումը մինչև սույն թվականի փետրվարի  20 ուղարկել artforpeace12@gmail.com էլ. հասցեով:

Մրցույթի մասնակցության պայմանները

Աղբյուրը՝ afpint.jimdo.com

Նիդերլանդական կրթաթոշակ լրագրողների համար

Նիդերլանդների արտգործնախարարության կողմից տրամադրվում է կրթաթոշակ Ռադիո Նիդերլանդների ուսումնական կենտրոնում (RNTC) սովորելու համար: Այն ներառում է բոլոր ծախսերը՝ դեպի Նիդերլանդներ երկկողմանի ավիատոմս, ուսման վարձ, ապրելու վայր, սնունդ, ապահովագրություն և տեղական տրանսպորտ։

Այս պահին դիմումների համար բաց են հինգ ծրագրեր՝

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 4:

Մանրամասների համար այցելել www.rntc.nl էլ. հասցեով:

Աղբյուրը՝ www.media.am 

ՀՀ Կառավարության ս.թ. հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Մայիսի 16-ը «Ուսանողների և երիտասարդների օր» նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Կառավարության ս.թ. հունվարի 16-ի նիստում հավանության է արժանացել:

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր: Հարցը ՀՀ Կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կառավարության կայքում տեղադրված է որոշման նախագիծն ու տեղեկանք-հիմնավորումը, որում մասնավորապես նշվում է, որ ՀՀ օրենքում ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ: Դեռևս 2010 թ-ի ապրիլին ԵՊՀ ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ Կառավարությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուսանողության օր ունենալու առաջարկությամբ:

Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների` պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ կարժևորվի Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում  Մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առել նաև ուսանողական կյանքը, ձևավորվել են ուսանողական ավանդույթներ:

ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջարկությունում նշվել է նաև, որ բացի այն ավանդից, որ ունեցել է և ունի ԵՊՀ-ն մեր պետության զարգացման տարբեր ոլորտներում, մայիսի 16-ը նաև նպատակահարմար է` իբրև գարնան գեղեցիկ ժամանակահատված: Մայիսը` իբրև հաղթանակների, ազգային զարթոնքի ամիս, ինքնին խրախուսելի է հայ ուսանողի օրն այս ամսում նշելու համար:

Բացի այդ` մայիսը համընկնում է նաև ուսանողների համար կարևոր մի շրջանի` ուստարվա ավարտի հետ, երբ գալիս է պահն ապացուցելու ու հիմնավորելու ստացած գիտելիքները, ու տոնն էլ, կարծես, լրացուցիչ խթան է դառնում ուսանողին` իր դերն ու ստացած ուսումը կարևորելու համար: Գարնանային այս տոների շարքում իր ուրույն տեղը կունենա ուսանողների և երիտասարդների օրը: Այն կդառնա տոնական գեղեցիկ հանդիսությունների առիթ հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Տոնը ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռի մեծացնելու հետաքրքրությունը հանրության լայն շերտերում ուսանողների, երիտասարդների, կրթական հաստատությունների, նրանց դերի և, ինչու չէ, նաև խնդիրների հանդեպ` սևեռելով հասարակության ու պետության ուշադրությունն ուսանողի ու նրա խնդիրների վրա:

Աղբյուրը` www.ysu.am