Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերին նվիրված երիտասարդական գիտաժողով

2014 թ. փետրվարի 20-23-ը Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում տեղի է ունենալու տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերին նվիրված երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ դասախոսներն ու գիտաշխատողները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան): Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2014 թ. հունվարի 20-ըeconomconf@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել`

  • լրացված մասնակցության հայտը,
  • զեկուցման թեզիսը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի թեզիսները հրատարակվելու են առանձին ժողովածուում:

Թեզիսներին ներկայացվող պահանջներն են.

Հոդվածի համակարգչային շարվածքը` «Word-97-2003» ծրագրով:

Ծավալը` 2-3 էջ:

Տեքստի տառատեսակը. հայերեն` Arial Armenian, Armenian Phonetic, ռուսերեն կամ անգլերեն` Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև՝ տողի մեջտեղում, 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև՝ տողի մեջտեղում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) գրվում է բուհի կամ գիտահետազոտական կենտրոնի, ֆակուլտետ անվանումը, դիմողի կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, դասախոս, գիտաշխատող, գիտությունների թեկնածու): Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը:

Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1, էջի ֆորմատը` A4 (210 x 297 մմ), լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում` 8pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած ինֆորմացիայի էջը:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մասնակցության հայտը` HAYT-arm

Աղբյուրը` armscoop.com

Ասպիրանտների եւ երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» ՄՐՑՈւՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2014 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝ 210 140 +112 կամ +113):

Մրցույթի հրավերի փաթեթը

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

Աղբյուրը` scs.am

Հունվարի 8-ի տնօրենության նիստում

2014թ. հունվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԿՈԱԳ բաժնի մասնագետ Վ.Աղաբաբյանը, Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ն.Գրիգորյանը:

Քննարկվեցին 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգարքների, հանրագումարային քննությունների անցկացման կարգի և հաստիքացուցակի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Ըստ ֆակուլտետների ամփոփելով 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների արդյունքները` նշվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջադիմությունը կազմում է 73%, Կիրառական արվեստի ֆակուլտետում` 67%, Տնտեսագիտության ֆակուլտետում` 66.2%, Բնական գիտությունների ֆակուլտետում` 50%: Ընդհանուր առաջադիմությունը բարձր է. առկա ուսուցման համակարգում սովորող 618 ուսանողների  առաջադիմությունը կազմում է 73%:

Որոշվեց հանրագումարային քննությունների անցկացման կարգում և հաստիքացուցակում  կատարել որոշակի փոփոխություններ:

Մասնաճյուղի ԿՈԱԳ բաժինը դուրս կգա Ուսումնամեթոդական վարչության կազմից և կկոչվի Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին, որտեղ շրջանավարտների և արտաքին շահառուների հետ տարվող աշխատանքները կհամակարգի Վ.Աղաբաբյանը:

Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական աշխատանքների բաժինը այսուհետև կկոչվի ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժին: Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինը կդառնա  մասնագիտական կողմնորոշման  և պրակտիկայի կազմակերպման բաժին, որը կվարի Վ.Չոբանյանը:

Գիտքարտուղարի պարտականություններից կազատվի Մ.Սարուխանյանը, իսկ տնօրենի օգնականի պարտականություններից` Մ.Աթոյանը:  Գիտքարտուղարի պարտականությունները կստանձնի Մ.Աթոյանը, իսկ տնօրենի օգնականի պարտականությունները` Ն.Գրիգորյանը:

Շնորհավո՛ր նոր՝ 2014 թվական

Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, իղձերով ու նպատակներով:

 Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ նահապետը հաղթեց Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից: Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:

 Նոր տարվա գլխավոր անձը՝ Ձմեռ պապը, տարբեր երկրներում տարբեր նախատիպեր է ունեցել: Մի երկրում նրանք համարվում են թզուկները, մյուսում` խաղալիքների թափառաշրջիկ վաճառականը: Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Ձմեռ պապը Զմյուռնիայի Հայրապետն է եղել, որին կոչել են Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ: Իսկ հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ:

 Այս Նոր տարին՝ 2014 թվականը, կապույտ փայտե Ձիու տարի է: Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր, սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը: Նրան խորթ է որոգայթներ լարելը և թիկունքից հարվածելը, ուստի նրա համար առաջնային են անկեղծությունն ու արդարությունը: Ձին գնահատում է ազնվազարմությունն ու պարզությունը,  սիրում է որակ և լակոնիզմ: Նրան գրավում են ընտանեկան ջերմությունն ու հարմարավետությունը:

Տարվա գլխավոր թալիսմաններն են՝ պայտը, ծնծղան, ձին:

Թո՛ղ այս Նոր տարին լինի նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների, նպատակների իրականացման տարի, խաղաղության, երջանկության, բարեկեցության տարի:

Թո՛ղ Կապույտ փայտե Ձին բոլորիս երջանկություն պարգևի:

Ամանորյա միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

2013թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական  գիտությունների ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամանորյա գեղեցիկ միջոցառում:

Միջոցառմանը հրավիրված էր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ դեկան Ա.Ցուցուլյանի գլխավորությամբ:

Ֆակուլտետի տոնական զարդարված միջանցքը վերածվել էր ուրախ պարահրապարակի:

Ուսանողները ներկայացրին բեմականացված տոնական ծրագիր՝ կենդանի երաժշտությամբ, ասմունքով, երգով ու պարով:

Բոլոր կուրսերը հանդես եկան յուրովի. հումորով ներկայացրին իրենց և իրենց ընկերներին, ցուցադրեցին իրենց տաղանդը, ստեղծագործական միտքն ու գեղարվեստական բարձր ճաշակը:

Միջոցառումն իրենց ներկայությամբ աշխուժացրին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Ա.Ցուցուլյանը միջոցառման ավարտին շնորհավորեց ներկաների ու մասնաճյուղի բոլոր ուսանողների և աշխատակիցների Նոր տարին, մաղթեց նորանոր նվաճումներ, ձեռռքբերումներ և մշտապես ուղեկցող հաջողություն ու երջանկություն: