Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում

ԵՊՀ ԻՄ  (1)Հարգելի՛ համալսարանականներ, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2024 թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 57 լսարանում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում, որը կվարի Պրեշովի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրիկովան:

Սիրով հրավիրում ենք:

Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը

1. glxavor2024 թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:

Օլիմպիադան, որն ինտելեկտուալ մրցույթ է բուհի դիմորդների միջև, նախատեսված էր անցկացնել հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետություն և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն»): «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր իրականացնել մեկ փուլով՝ ապրիլի 6-ին:

Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 12-րդ դասարանի 153 աշակերտ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու Վահան Աղաբաբյանը, մասնակիցներին ողջունելով, նրանց ներկայացրեց անցկացման կարգը և հաջողություն մաղթեց գիտելիքների այս ստուգատեսում:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:

Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում մեր ուսանողը կրթություն է ստացել Լեհաստանում

IMG-20240110-WA0046

Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում 2023 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Մելիքբեկյանը ակադեմիական կրթություն է ստացել Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում (ք. Սլուպսկ):

Մեկնումը Լեհաստանի Սլուպսկ քաղաք կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին: Լեհաստան ժամանելուց հետո կապ է հաստատվել Սլուպսկ քաղաքի էրազմուսի գրասենյակի, ապա գրասենյակի աշխատակիցների աջակցությամբ՝ համալսարանի կոորդինատորների հետ: Ծրագրով ուսումնառողները կոորդինատորների օգնությամբ ստացել են տվյալ կիսամյակում ուսուցանվող վերջնական հստակեցված առարկայացանկը, որից հետո կազմել են նոր ուսումնառության համաձայնագիր` ըստ առկա առարկաների: Համաձայնագրի վերջնական հաստատումից հետո նրանք անցել են ուսումնառության բնականոն ընթացքին: Միևնույն ժամանակ ծրագրի մասնակիցները Էրազմուսի գրասենյակի և իրենց կցված ավագ ուսանողների օգնությամբ զբաղվել են ժամանակավոր կացության, ուսանողական քարտերի, կրթաթոշակի և փաստաթղթաբանության այլ հարցերով:

2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում Վիկա Մելիքբեկյանն ուսանել է հետևյալ առարկաները՝ «Գործնական անգլերեն»,  «Խոսակցական անգլերեն», «Անգլերեն դասավանդման մեթոդներ», «Հանրային խոսք», «Լեհերեն», «Գերմաներեն»:

«Հանրային խոսք» առարկայի համար հատուկ խումբ է ձևավորվել Էրազմուս և փոխանակման ծրագրերի ուսանողների համար: Դասերի ընթացքում ուսումնասիրել են հանրային խոսքը տեսականորեն, լավագույն խոսնակների օրինակները, պրակտիկ խաղերի և մեթոդների օգնությամբ հիմնավորել են ստացած գիտելիքները: Յուրաքանչյուր շաբաթ ուսանողները հանդես են եկել հանրային խոսքով` նախապես պայմանավորված թեմաների շուրջ:

Գործնական անգլերենի դասերն անցել են շատ պրակտիկ՝ համեմված ամենատարբեր լսողական և խոսակցական մեթոդներով: Խոսակցական անգլերենի դասերի ընթացքում շեշտը դրվել է յուրաքանչյուր ուսանողին դասերի ընթացքում խոսելու հնարավորություն տալու վրա:

«Դասախոսներից մեկի հիմնական մեթոդը նախապես արդի խնդրահարույց թեմա ընտրելն էր և դասի ընթացքում դրա շուրջ ընդգրկուն քննարկում կազմակերպելը: Մյուս դասախոսը շատ էր օգտագործում նկարի նկարագրման մեթոդը: Ստանում էինք նկար և պետք է տեղում 3 րոպե նկարագրեինք նկարը: Երբեմն բաժանվում էինք 2-ական խմբերի, և ուսանողներից մեկը պետք է նկարը մյուսին նկարագրեր այնպես, որ վերջինս կարողանար նկարել այն: Որոշ դասերի ընթացքում միացվում էր երաժշտություն, և պետք է խոսեինք, թե ինչ մտքեր, հիշողություններ, պատկերացումներ ենք ունենում երաժշտությունը լսելու ընթացքում: Ստանում էինք թեմատիկ բառապաշար և յուրաքանչյուր շաբաթ ունենում էինք թեստեր», – մանրամասնում է Վ. Մելիքբեկյանը:

Անգլերեն դասավանդման մեթոդների ուսումնասիրման ժամանակ  ուսանողներն անցել են լեզու դասավանդելու գործընթացում թեստավորման տարբեր մեթոդները և օգտագործվող թեստերի բոլոր տեսակները, տարբեր ուսանողներին մոտեցման տարբեր մեթոդները, լսարանի կառավարման մեթոդները և այլն: Ունեցել են գործնական առաջադրանքներ, ինքնուրույն պատրաստել են տարբեր տեսակի թեստեր ուսանողների և աշակերտների համար: Իրավիճակային սիմուլյացիաներ են ունեցել, թե ինչպես պետք է վարվել խնդրահարույց լսարանների հետ առնչվելիս: Ուսումնասիրել են լավագույն փորձը:

Ուսանողները լեհերեն և գերմաներեն անցել են սկսնակ մակարդակից համակարգչային լսարաններում` հագեցած լսողական, վիրտուալ առաջադրանքների բոլոր հարմարություններով, ունեցել են խմբային խաղեր, առաջադրանքներ` տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Կիսամյակի ընթացքում ուսանողները մասնակցել են համալսարանում կազմակերպված իրենց տեղական տոներին, Էրազմուս ծրագրով կազմակերպված թատրոնի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցների ներգրավմամբ: Ժամանակ առ ժամանակ ուսանողների համար կազմակերպվել են համերգներ և՛ համալսարանի, և՛ Էրազմուսի գրասենյակի կողմից:

«Լեհաստանում սովորելու ընթացքում ծանոթացել ենք ոչ միայն լեհական, այլև շատ այլ եվրոպական երկրների մշակույթին՝ շփվելով տարբեր երկրներից եկած և Լեհաստանում սովորող ուսանողների հետ: Ձեռք եմ բերել միջազգային ընկերներ, ինչը շատ եմ կարևորում: Այս փորձառության ընթացքում, բացի մասնագիտական գիտելիքներից, զարգացրել եմ նաև անձնային շատ հատկանիշներ` ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում, շփման, արագ կողմնորոշման, հարմարվողականության հմտություններ և այլն: Ազգային տոների համար նախատեսված արձակուրդների ժամանակ հասցրել եմ ճանապարհորդել մի քանի եվրոպական երկրներում», – ծրագրի տված հնարավորություններն է թվարկում Վիկան:

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթին հայտագրված ուսանողները

ԵՊՀ ԻՄ (31)

Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. ապրիլի 1-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը:

Մրցույթին հայտագրվել են հետևալ ուսանողները.

  • Նազելի Գարիկի Եսայան («Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
  • Սահակ Գեղամի Գուլակյան («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
  • Մարգարիտա Արմանի Առաքելյան («Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագիր, 4-րդ կուրս)։

Մրցույթի մանրամասները՝ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։

Տնօրենության նիստ

1. գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպմանը, 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքին, կամընտրական դասընթացների կազմակերպման խնդիրներին, 2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփմանը, մասնաճյուղից ուսանողների հեռացմանը, ուսանողի իրավունքների վերականգնմանը վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին նշվեց, որ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները և քննությունները կազմակերպվել են՝ համաձայն ժամանակացույցի: Քննաշրջանը կիրականացվի 2024 թ. ապրիլի 3-10-ն ընկած ժամանակահատվածում: Ամբիոններում քննարկումներից հետո ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները: Դրանք տեղադրվել են ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքում, և դրանց մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Ֆակուլտետներին են տրամադրվել քննությունների համար նախատեսված տետրերը: Իրականացվել են նախապատրաստական այլ աշխատանքներ, և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:

Երկրորդ հարցի կապակցությամբ նշվեց, որ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացին մասնակցել է հեռակա ուսուցման 11 ուսանող, որոնցից դրական է ստացել 10-ը: 2023-2024 ուստարում ունեցել ենք դասընթացը կրկնող 7 ուսանող (6-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգից, 1-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգից), ովքեր ստացել են դրական:

2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ նշվեց, որ հաշվետու կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 31 է, հեռակա ուսուցման համակարգում՝ 15: Ըստ կարգի՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները, և դրանք ներկայացվել են ուսանողներին:

Ապա ներկայացվեց, որ 2024-2025 ուսումնական տարվա կամընտրական դասընթացների ընտրությունն ուսանողների կողմից իրականացվելու  է էլեկտրոնային կառավարման համակարգով՝ «Registrar»-ով: Դասընթացների ընտրության գործընթացը կավարտվի ս.թ. ապրիլի 6-ին, որից հետո, ըստ նորմատիվների, կձևավորվեն խմբերը:

Մյուս հարցի վերաբերյալ նշվեց, որ 2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքներից ելնելով՝ ունենք հեռացման ենթակա 3 ուսանող և մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր կուտակած 4 ուսանող:

Նույն ուստարվա 1-ին կիսամյակի հեռակա ուսուցման քննաշրջանի արդյունքներն ամփոփելով՝ ունենք հեռացման ենթակա 10 ուսանող, մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր  կուտակած 12 ուսանող (2-ը՝ մագիտրատուրայից, 10-ը՝ բակալավրիատից) և դասընթացը կրկնող 21 ուսանող (1-ը՝ մագիտրատուրայից, 20-ը՝ բակալավրիատից):

Ըստ այդմ՝ 13 ուսանող (3-ը՝ առկա ուսուցման, 10-ը՝ հեռակա) հեռացվեց մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության (նաև ուսման վարձը չվճարելու), 120 ժամ և ավելի անհարգելի բացակայության պատճառներով:

Հաջորդիվ ներկայացվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցման համակարգի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի II կուրսի 1 նախկին ուսանողուհի դիմել է իր ուսանողական իրավունքները վերականգնելու նույն կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգում: Որոշվեց ԵՊՀ ԻՄ նախկին ուսանողուհուն թույլատրել վերականգնելու իր ուսանողական իրավունքները:

Տնօրենության նիստերի որոշումների կատարողականի ներկայացման ժամանակ անդրադարձ կատարվեց մասնավորապես 2023-24 ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրների լուծման ընթացքին և ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին ամբիոններում առկա մատյանները ղեկավարների և ուսանողների կողմից լրացվելուն, և արձանագրվեց, որ դրանք իրականացվում են: