Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ՄԿՈԱ բաժնի նախաձեռնած հանդիպումը պրակտիկա անցած ուսանողների հետ

IMG_0086 2018թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը նախորդ (2017-18) ուստարում արտադրական կամ մանկավարժական պրակտիկա անցած ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում-քննարկում:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները, պրակտիկաների ղեկավարները, կրթական ծրագրերի պատասխանատուները և պրակտիկա անցած ուսանողները:

Հանդիպման սկզբում ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ ներկաների քննարկմանը ներկայացնել բաժնի կողմից 2017-18 ուստարվա ընթացքում արտաքին և ներքին շահակիցների շրջանում անցկացված պրակտիկաների կազմակերպումից բավարարվածության հարցման արդյունքները:

Մ.Ճաղարյանը, ներկայացնելով հանդիպման օրակարգը, նշեց, որ մասնաճյուղի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տալիս արտաքին շահակիցների շրջանում պարբերաբար իրականացվող սոցիալական հարցումներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձագանքել աշխատաշուկայի պահանջների դինամիկային: Վերջին հարցումն անց է կացվել 2017-18 ուստարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների ուսանողների մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների ժամանակ: Արտաքին շահակիցները գնահատել են պրակտիկանտ-ուսանողների մասնագիտական և անձնային որակները՝ տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, մասնագիտական խոսքը, ժամանակակից մեթոդներ կիրառելու հմտությունները, վարվեցողությունը, թիմում աշխատելու հմտությունները, նշել են մեր ուսանողների՝ ուշադրության արժանի  մասնագիտական  առավելությունները և թույլ կողմերը, կատարել հետաքրքիր և կարևոր առաջարկներ: 

Նա նշեց, որ մասնակիցներին ներկայացնելով պրակտիկանտ-ուսանողներին արտաքին շահակիցների տված գնահատականները, պրակտիկայի կազմակերպումից և բովանդակությունից ուսանողների և շրջանավարտների բավարարվածության արդյունքները՝ ակնկալում է, որ այդ արդյունքների քննարկումը թույլ կտա վերհանել պրակտիկայի ընթացքում առաջացած խնդիրները, հավաքագրել պրակտիկայի իրականացման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Բաժնի մասնագետ Անահիտ Հովսեփյանը ներկայացրեց, որ  2017-18 ուստարվա ընթացքում մասնաճյուղի առկա ուսուցման 243 և հեռակա ուսուցման 357 ուսանողներ արտադրական, մանկավարժական և ուսումնական պրակտիկա են անցել ՀՀ բնական և պատմական հուշարձանների տարածքում, հնավայրերում և թանգարաններում, Տավուշի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում, մարզի հյուրանոցներում և սպասարկման ոլորտի տարբեր օբյեկտներում, սոցիալական տարբեր ծառայություններում, Անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումում, Իջևանի անտառտնտեսությունում և Դենդրոպարկում, «Քարարտ» փակ բաժնետիրական ընկերությունում, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնում, Իջևանի արվեստի դպրոցում:

Ապա նա շնորհանդեսի միջոցով մասնակիցներին ներկայացրեց մասնաճյուղի պրակտիկանտ-ուսանողների մասնագիտական ու անձնային որակների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիք-գնահատականները, նաև դրանց համեմատական վերլուծությունը:

Նշվեց, որ արտաքին շահակիցների կողմից բարձր են գնահատվել պրակտիկանտների տեսական գիտելիքների իմացությունը (հարցվողների 84.9%-ը գնահատել է գերազանց (36,4%) ու լավ (48,5%), գործնական հմտությունները՝ 87,9% (գերազանց՝ 36,4%, լավ՝ 51,5%) և մասնագիտական խոսքը՝ 81,8%  (գերազանց՝ 39,4%, լավ՝ 42,4%):  Ի լրումն նշվածին՝ փաստվեց նաև, որ բավականին շահակիցներ իրենց գրած բաց կարծիքներում վերոնշյալ հատկանիշները նույնիսկ համարել են նկատելի առավելություն:

Հաշվի առնելով կրթության և գիտության ոլորտում տեղի ունեցող պարբերական զարգացումն ու առաջընթացը և աշխատաշուկայում մրցակցային պայքարի ժամանակակից մարտահրավերը՝ առանձնապես կարևորվեցին  դասավանդման ժամանակակից մեթոդներին (հատկապես մանկավարժական պրակտիկայի տեսանկյունից) և տեղեկատվական տեխնոլոգիաներին ուսանողների տիրապետելու ունակությունները։ Ներկայացնելով արտաքին շահակիցների տված գնահատականները՝ նշվեց, որ հարցմանը մասնակցած շահակիցների 75,8%-ը պրակտիկանտների՝ դասավանդման ժամանակակից մեթոդներին տիրապետելու կարողությունները գնահատել է գերազանց (39,4%) և լավ (36,4%) գնահատականներով, իսկ  տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու մակարդակը շահակիցների 81,8%-ը գնահատել է  բարձր (գերազանց՝ 48,5%, լավ՝ 33,3%):

Ա.Հովսեփյանը, ներկայացնելով մասնագիտական գործընթացին ստեղծագործաբար մոտենալու մեր պրակտիկանտ-ուսանողների ունակություններին արտաքին շահակիցների 84%-ի տված բարձր գնահատականները, փաստեց, որ այդ հատկանիշը դրսևորվում է գործատուների հետ հենց առաջին հանդիպումների ժամանակ:

Ապա ներկայացվեցին պրակտիկանտների՝ թիմում աշխատելու հմտություններին (84,8%), վարվեցողության և էթիկայի նորմերը պահպանելու ունակություններին (93․9%) տրված գնահատականները, որոնք նույնպես բարձր էին, որակական հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են ինչպես գործատու-ուսանող հարաբերություններում, այնպես էլ հասարակության մեջ ուսանողի դերակատարության ըմբռնման համար: Պրակտիկաների կազմակերպման գործընթացը արտաքին շահակիցները գնահատել են բարձր (4.72 միջին գնահատական)։

Ներկայացված յուրաքանչյուր արդյունքի շուրջ տեղի էր ունենում բուռն քննարկում, որին ակտիվորեն մասնակցում էին նաև ուսանողները՝ ազատ արտահայտելով իրենց տեսակետները և անհամաձայնությունը արտաքին շահակիցների տված որոշ գնահատականների վերաբերյալ։

Զեկուցողը ներկայացրեց նաև ըստ արտաքին շահակիցների մասնաճյուղի պրակտիկանտների առավելություններն ու ուժեղ կողմերը՝ մասնավորապես առանձնացնելով այդ կարծիքներից մասնագիտական բարձր պատասխանատվությունը, պարտաճանաչությունը, աշխատասիրությունը, ուշադրությունը, լսելու ունակությունը, մասնագիտորեն ճիշտ ձևակերպված խոսքը, նորին ու առավելագույնին ձգտելու ցանկությունը, խորը գիտելիքները, մասնագիտական գրականությունից տեղին օգտվելու հմտությունները, ճիշտ և հետաքրքիր հարցադրումներ կատարելու ունակությունները, ստեղծագործական կարողությունները:

Վերոնշյալ դրական հատկանիշների հետ միասին արտաքին շահակիցները նշել էին նաև մեր ուսանողների որոշ մասնագիտական թերություններ և բարելավմանն ուղղված առաջարկներ (փորձ ձեռք բերելու նպատակով ավելի հաճախ ներգրավվեն տարբեր պրակտիկ աշխատանքներում, փոխեն մոտեցումները ուսման նկատմամբ և սովորեն սովորեցնելով, արդեն իսկ մտածեն լավ մանկավարժ դառնալու մասին, դրա համար ձեռք բերեն ավելի շատ գիտելիքներ ու մեթոդական հմտություններ և այլն):

Հարցման մասնակիցները կատարել էին նաև այսպիսի առաջարկներ՝ երկարացնել պրակտիկայի տևողությունը կամ դարձնել ավելի հաճախակի, ավելի հստակ պլանավորել և կազմակերպել պրակտիկայի գործընթացը, ուսանողներին նախապատրաստել նոր մեթոդներով աշխատելուն և հետո ուղարկել պրակտիկայի վայրեր, այդ գործընթացում ներգրավել մի քանի մասնագետներ։

Ապա ներկայացվեցին 2017-18 ուստարվա մայիսին բաժնի կողմից մասնաճյուղի I-III կուրսերի ուսանողների շրջանում անցկացված առցանց հարցման շրջանակներում պրակտիկայի կազմակերպման գործընթացին ուսանողների տված գնահատականները մասնաճյուղի կտրվածքով, ապա ըստ ֆակուլտետների։ Որոշ գործընթացներին տված ուսանողների գնահատականները համեմատվեցին արտաքին շահակիցների տված գնահատականների հետ, որը նույնպես դարձավ բուռն քննարկման առարկա։

Հանդիպմանը ներկա պրակտիկաների ղեկավարները որոշեցին արդյունքները քննարկել ֆակուլտետներում, վերհանել խնդիրները և պրակտիկայի գործընթացի բարելավվմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել ՄԿՈԱ բաժին։

Վերջում հանդիպմանը մասնակցող ուսանողներին բաժանվեցին հարցաթերթեր, որոնց միջոցով նրանք գնահատեցին հանդիպման արդյունավետությունը։

Ամփոփվեց համալսարանականների մասնակցությամբ ընթացող «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարը

Աղ 6 2018թ. նոյեմբերի 10-12-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 30 երիտասարդների համար նախատեսված «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի երկրորդ փուլը, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ուսանող Հրանտ Ղարագյոզյանը, շրջանավարտներ Լիլիթ Ոսկանյանը, Անահիտ Աթոյանը, Աղավնի Ղազարյանը, Լուսինե Ամիրյանը և Շուշան Խառատյանը:

Դասընթացաշարն իրականացվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ըստ խմբերի՝ դասընթացին մասնակցում էին 16-30 տարեկան 300 երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

Այս անգամ մասնակիցները ստացան գիտելիքներ անձնական աճի և զարգացման կարևորության, սեփական կյանքի պլանավորման և նախաձեռնողականության, սովորելու ձևերի, քննական մտածողության, ստեղծարարության և նորարարության վերաբերյալ:

Դասընթացը վարեցին Զարուհի Լավչյանը և Արեգ Թադևոսյանը, կազմակերպչական հարցերով զբաղվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի աշխատակից Միլենա Նահապետյանը:

Առաջին օրը տեղի ունեցավ նախորդ դասընթացի արդյունքների ամփոփում, մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները և սովորածը կիրառելու հմտությունները, այնուհետև լրացրեցին ոչ ֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման հարցաշարը: Մասնակիցները նաև կատարեցին առաջադրանք և 40 րոպեում սովորեցին նոր հմտություն (նկարել, ստեղծագործել, սովորել բառեր անծանոթ լեզվով, աճպարարական հնարքներ կատարել և այլն):

Երկրորդ օրը տարբեր վարժությունների միջոցով մասնակիցները հիշեցին մանկության երազանքները, վերլուծեցին իրենց բազային կարիքները, դրանք դասակարգեցին ըստ առաջնահերթությունների, մտածեցին դրանց բավարարման մի քանի այլընտրանքներ: Սեմինարավարները ներկայացրին երիտասարդական ծրագրերի մասնակցելու և իրականացնելու վերաբերյալ համացանցային ռեսուրսներ և հարթակներ:

Երրորդ օրը նվիրված էր քննական մտածողությանը և ստեղծարարությանը: Մասնակիցները սովորեցին, որ ինֆորմացիան վերլուծելիս պետք է տալ ճիշտ հարցեր, փաստերը առանձնացնել ենթադրություններից: Ներկայացվեցին ստեղծարարության վրա ազդող գործոնները, ստեղծարար մարդկանց բնորոշ հատկանիշները: Մասնակիցները կատարեցին առաջադրանք հասարակ իրը օգտագործելու հնարավորինս շատ տարբերակներ մտածելու վերաբերյալ:

Դասընթացն անցավ քննարկումների, հետարքիր վարժությունների և ակտիվ ժամանցի մթնոլորտում:

Վերջում դասընթացի երկու փուլերին մասնակցած երիտասարդները ստացան վկայականներ:

Առաջիկայում նրանց մի մասը հնարավորություն կունենա վճարվող պրակտիկա անցնել մի շարք կազմակերպություններում:

Մասնաճյուղում կայացավ «Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթաց

   IMG_9793-10-11-18-10-38

 2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  «Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթաց, որը վարեց WWF  Հայաստան (World Wildlife Fund, բնության համաշխարհային հիմնադրամ) միջազգային կազմակերպության  ֆոնդահայթայթման և համագործակցության մենեջեր Հայկ Տիրատուրյանը:

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Ֆոնդահայթայթում» դասընթացի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «ֆոնդահայթայթում» տերմինին, պարզաբանել ֆոնդահայթայթման տեսակները և միտումները, ներկայացնել ֆինանսավորման համար WWF Հայաստան միջազգային կազմակերպության կողմից ներկայացվող ծրագրերը:

Դասընթացավար Հայկ Տիրատուրյանը բացատրեց «քրաունդֆանդինգ» (Crowdfunding, crowd – բազմություն, fund – ֆինանսավորել) միջազգային եզրույթը, որը համարվում է ֆոնդահայթայթման կարևորագույն տեսակներից մեկը, նշեց վերջինիս առավելությունները, թերություններն ու ռիսկերը:

Ներկայացվեց լավագույնս ֆինանսավորված՝ GPS համակարգ և ներկառուցված տեսախցիկ ունեցող բազմաֆունկցիոնալ դրամապանակներ արտադրող “Volterman” ընկերության մասին, որին երրորդ փորձից հաջողվել է ստանալ 2.677.616 (երկու միլիոն վեց հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր տասնվեց) ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Դասընթացի ժամանակ համառոտ ներկայացվեցին նաև WWF Հայաստան կազմակերպության գործառույթները, մի շարք ծրագրեր ու նախագծեր, ինչպիսին է, օրինակ, «Կենդանիների որդեգրում» նախագիծը: Նշվեց, թե ռազմավարական ինչ գործողություններ են կիրառվել այդ նախագիծը ֆինանսավորելու համար (օրինակ՝ ֆինանսավորող անձանց կամ ընկերություններին տրամադրել նվերներ և հավաստագրեր):

«Ֆոնդահայթայթում» թեմայով ներածական դասընթացն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, ուսանողները դասընթացավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Մասնաճյուղում կայացավ «Ծանոթություն PR-ին» թեմայով դասընթաց

IMG_9734-10-11-18-10-24 2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ծանոթություն PR-ին» թեմայով դասընթաց-քննարկում, որը վարեց WWF Հայաստանի հաղորդակցությունների և համագործակցության բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների ուսանողներ և աշխատակիցներ:

Դասընթաց-քննարկման նպատակն էր ներկայացնել գրագետ PR-ի (Public Relations – հանրային կապեր) առանձնահատկությունները, ինչպես նաև խոսել PR-ի գործիքների, ժամանակակից աշխարհում դրա ազդեցության և նշանակության մասին:

Սկզբում ներկայացվեցին PR-ի ձևավորման նախադրյալները, հանրային կապերի էությունը, բացատրվեց, թե ինչ է սև PR-ը:

Դասընթացավար Հերմինե Հակոբյանն ընդգծեց, որ PR-ը մի երևույթ է, որը հսկում է քո հեղինակությունը՝ նպատակ ունենալով լսարանից ստանալ աջակցություն, լսարանի կարծիքի և վարքագծի վրա ազդելու հնարավորություն:

Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ ներկայացնելով թեմայի վերաբերյալ իրենց պատկերացումներն ու տեսակետները: 

Քննարկման վերջում ցուցադրվեց PR-ի պատմության և դրա զարգացման փուլերի վերաբերյալ հոլովակ:

Հերմինե Հակոբյանն իր գոհունակությունն արտահայտեց դասընթացին մեր ուսանողների ակտիվ մասնակցության ու հետաքրքրվածության վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցությունը շարունակելու հարցում:

Կայացավ «Մեդիագրագիտություն. լրագրությունն ու հասարակությունը» թեմայով դասընթաց-քննարկում

    DSCN4550

 2018թ.նոյեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն. լրագրությունն ու հասարակությունը» թեմայով դասընթաց-քննարկում, որը կազմակերպվել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով:

Դասընթացը վարեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի ծրագրերի համակարգող Վարսիկ Ներկարարյանը:
Դասընթաց-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի լրագրության խմբի ուսանողներ, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:
Դասընթացի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել մեդիայի էությանը, նպատակին ու խնդիրներին, մեդիագրագիտության հիմունքներին, պարզաբանել լրագրություն-հասարակություն կապը և հասարակության վրա մեդիայի ազդեցությունը:
Ներկայացվեց, թե ինչ է մեդիան, որոնք են մեդիա գործիքերը, ինչպես կողմնորոշվել ժամանակակից մեդիահոսքերում, տարբերել ճշմարիտ և կեղծ ինֆորմացիան:
Ընդգծվեց, որ մեդիագրագիտության դասընթացների նպատակը ոչ այնքան գրագետ մեդիա արտադրող, որքան գրագետ մեդիա սպառող ձևավորելն է, իսկ վերջինիս համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչպես է ստեղծվում մեդիան:
Այդ նպատակով դասընթացի ժամանակ կազմակերպված խմբային աշխատանքների ու դերային խաղերի միջոցով մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես է իրականում ստեղծվում մեդիան:
Դերային խաղերը մասնակցիներին նաև օգնեցին ավելի լավ հասկանալու, թե ինչպես են մեդիաները թիրախավորում իրենց լսարաններին, և թե ինչպես պետք է որպես մեդիասպառող դա հասկանալ ու խելամիտ որոշումներ կայացնել:
Դասընթացի ժամանակ ծավալվեց նաև արդյունավետ քննարկում Հայաստանի ներկայիս մեդիա ստեղծողների և հասարակության վրա դրանց ունեցած ազդեցությունների շուրջ:
«Մեդիագրագիտություն. լրագրությունն ու հասարակությունը» թեմայով դասընթաց-քննարկման վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Հավաստագրերի հանձնման լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: