Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան ՄԿՊԿ բաժնի հերթական հանդիպումները Տավուշի մարզի դպրոցներում

20181109_093234

 2018թ. նոյեմբերի 7-ին և 9-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցի և Դիլիջանի տարածաշրջանի ավագ և միջնակարգ դպրոցների  աշակերտների հետ:

Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ ՈՒԳՊՎ բաժնի աշխատակից Ա.Մանուչարյանը, դպրոցների տնօ­րեն­ները, ուսուցիչները և աշակերտները:

Հանդիպումների նպատակն էր մաս­նագիտական կողմնորոշման աշխա­տանքներ իրակա­նացնել հանրա­կրթա­կան դպրոցներում, ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթա­կան ծրագ­րերի վերաբերյալ:

Համալսարանականները հանդիպումների ընթացքում դպրոցականներին ընդհանուր գծերով ներկայացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններն ու ֆա­կուլ­տետները, բուհում գործող մասնագիտությունները, ընդու­նե­լության պայմաններն ու արտոնութ­յուն­ները:

Քննարկվել են 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահ­պանություն և բնօգտա­գործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբա­նություն» կրթական ծրագրերին),  քննա­կան առարկաները, ընդունելության քննութ­յուն­ներում կատարված փոփո­խությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի վրա, որը կիրականացվի առաջին անգամ` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները:

Մասնաճյուղի և տարածաշրջանի հանրակրթական դպրոցների միջև մշտական շփում իրականացնելու, դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով առաջարկվել է պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր, թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ, ինչպես նաև օգտվել հեռավար ուսուցման հնարավորություններից:

Հանդիպումներն ընթացել են հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրել են կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին վերաբերող տարբեր հարցեր:

Դպրոցների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համալսարանականներին և ակնկալել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Համալսարանականները մասնակցեցին «Կոնֆլիկտի փոխակերպում» թեմայով քննարկմանը

IMG_9648-08-11-18-08-06

 2018թ. նոյեմբերի 7-ին Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ «Կոնֆլիկտի փոխակերպում» թեմայով քննարկում, որն իրականացրեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀԱԵ Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և աշխատակիցներ, «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի ներկայացուցիչներ:

«Կոնֆլիկտի փոխակերպում» թեմայով քննարկումը վարեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը:

Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց ընկալումները կոնֆլիկտների և դրանց փոխակերպման ուղիների վերաբերյալ: 

Վերհանվեցին կոնֆլիկտի փոխակերպման շրջանակներում մասնակիցների առանջահերթ կարիքները՝ կրթական ծրագիր մշակելու նպատակով, գրվեցին կոնֆլիկտի և դրա փոխակերպման տեսակները:

Քննարկման ընթացքում կազմակերպվեցին տարբեր գործնական խաղեր: «Ո՞վ ես դու» գործնական խաղի միջոցով, օրինակ, մասնակիցները կարողացան պարզել իրենց համար կարևոր արժեքները:

Դասընթացավար Խ.Գալստյանը հավելեց, որ չկան միանման կոնֆլիկտներ, և դրանց վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր դիրքորոշումը: «Տարբեր մարդկանց մոտ,-նշեց պարոն Գալստյանը, – արժեքների գերակայությունը տարբեր է, ինչն էլ բնութագրում է կոնֆլիկտների սուբյեկտիվությունը»:

 

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը մասնակցեց «Նորարար գրադարաններ 2018» աշխատաժողովին

ashx2018_(29)

 2018թ. նոյեմբերի 1-2-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացավ «Նորարար գրադարաններ 2018» աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքային և մարզային, հանրային և համալսարանական գրադարանների աշխատողներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Նախ մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբ Անդերսոնը։ Նա նշեց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որը կնպաստի գրադարաններում նոր ծրագրեր ներդնելուն, գրադարանները համայնքային կենտրոններ վերածելուն։

Երկօրյա աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Բուդումյանը։ Նա բոլոր գրադարանավարներին հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքներին և պաշտպանել գրադարանների՝ որպես լիիրավ համայնքային կենտրոնների իրավունքները։

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը իր ելույթում աշխատաժողովի մասնակցիներին ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի նորարար ձեռքբերումները, ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կառուցվածքը, նպատակները, բաց և մատչելի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև էլեկտրոնային գրականությունից օգտվելու հնարավորություններն ու վիճակագրությունը։

Աշխատաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի գործունեությունը և հատկապես Էլեկտրոնային գրադարանի առկայությունն ու վերջինիս հանրամատչելի լինելու հանգամանքը։

 

Մեր դասախոսը՝ «Դյուցազնագրքի» ռեկորդակիր

DSC00980

 2018թ. հոկտեմբերին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիայի կողմից «Դյուցազնագիր» է տրվել Նվեր Ղարիբյանին առ այն, որ նա յուրաքանչյուր ձեռքում բռնած 9.800 կգ կցագնդերով կախ դրությունից մինչև ուսագոտի միաժամանակ բարձրացրել է 45 անգամ 30 վայրկյանում. նույն վարժությունը մեկընդմեջ կատարել է 102 անգամ 40 վայրկյանում: Այդ ռեկորդը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուում:

Այդ կապակցությամբ հարցազրույց ունեցանք ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս, աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր (2016), Եվրոպայի եռակի չեմպիոն (2016, 2017, 2018), աշխարհի չեմպիոն (2018), «Դյուցազնագրքի» ռեկորդակիր (2018), ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանի հետ.

– Պարո՛ն Ղարիբյան, ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձակազմի անունից Ձեզ սրտանց շնորհավորում ենք հերթական հաղթանակի առթիվ՝ մաղթելով նոր բարձունքներ Ձեր մարզական ու մարզչական կարիերայում, հաղթանակի բերկրանքը վայելելու բազում առիթներ և շնորհակալություն ենք հայտնում հարցազրույցին մասնակցելու համար:
– Ե՞րբ, ո՞ր մարզաձևում եք դիմում ներկայացրել ռեկորդը պաշտոնապես ձևակերպելու համար, և ե՞րբ է տրվել ռեկորդը հավաստիացնող վկայականը՝ «Դյուցազնագիրը», պարո՛ն Ղարիբյան:
– 2018թ. սեպտեմբերի 16-ին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիայի նախագահ Վարդան Թովմասյանի գլխավորած հանձնաժողովի կողմից գրանցվել է համապատասխան ռեկորդը (ուժային վարժությունից) և հոկտեմբերի 10-ին տրվել է հավաստագիրը:

– Որքա՞ն ժամանակ եք նախապատրաստվել այս ռեկորդին հասնելու համար. հերթական հաղթանակը հե՞շտ տրվեց արդյոք աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր, Եվրոպայի եռակի և աշխարհի չեմպիոն, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին:
– Այս ռեկորդին հասնելու համար նախապատրաստվել եմ շուրջ երկու տարի: Շատ բարդ էր, քանի որ վարժությունը արագաուժային է, պահանջեց մեծ ջանք ու եռանդ, երկարատև մարզումներ:

– Որպես հաղթական պատվանդանին բազմիցս կանգնած մարզիկ՝ համաձա՞յն եք այն մտքի հետ, թե որքան դժվար է հաղթանակի ուղին, այնքան քաղցր է հաղթանակի բերկրանքը: Ձեր ունեցած բազմաթիվ հաղթանակներից ու ձեռքբերումներից ո՞րն է Ձեզ համար ավելի քաղցր:
– Այո՛, համամիտ եմ, թանկ է այն, ինչը դժվար է ձեռք բերվում, և բարձր արդյունքների հասնելու համար երկարատև ջանքեր են պահանջվում, քրտնաջան աշխատանք, հետևողական մարզումներ: Այդ իսկ պատճառով ցանկացած հաղթանակ թանկ է ինձ համար, քանի որ այդ հաղթանակներին հասնելու համար անցել եմ երկար ու դժվարին ուղի: Ինձ համար շատ կարևոր և սկզբունքային էր ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը իմ երկրորդ մասնակցությունը (2017թ.). առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցեցի 2016 թվականին և անձական քաշով զիջեցի մրցակցիս: Ես խնդիր ունեի ապացուցելու, որ ի զորու եմ հաղթելու, և հաղթեցի՝ դառնալով ուժային եռամարտի՝ Եվրոպայի 2017թ. առաջնության չեմպիոն:

– Մարզական ու մարզչական աշխատանքի հետ կապված՝ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, մարզական ի՞նչ նոր բարձունքներ կան, որոնք կցանկանայիք նվաճել:
– Ցանկացած մարզիկի համար պատիվ է իր մարզական կարիերայի ընթացքում մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն իմ մարզաձևը (ուժային եռամարտ՝ փաուերլիֆտինգ) դեռևս օլիմպիական մրցաձև չէ: Ես մինչև օրս, կարծում եմ, նվաճել եմ բոլոր տիտղոսները (աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն), և չկա այնպիսի մի առաջնություն, որին մեծ ձգտումով կցանկանայի մասնակցել: Մարզչական գործունեության ընթացքում իմ մարզիկները բազմաթիվ մրցաշարերում նվաճել են հաղթողի կոչումը, ունեմ երեք ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ, երկու ՀՀ սպորտի վարպետ սան, իմ երեք սաները սովորում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Մոտ ժամանակներս (2018թ. նոյեմբերի 16-18-ին) իմ մարզիկներից չորսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կմասնակցի Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը:

– Ձեր այս նոր ձեռքբերումը («Դյուցազնագրքի» ռեկորդակիր դառնալը), պարո՛ն Ղարիբյան, ոչ միայն նշանակալի իրադարձություն է մասնաճյուղի ու մարզաշխարհի համար, այլև ոգեշնչման աղբյուր` մեր ուսանողների ու մարզի երիտասարդների համար: Դարձյալ շնորհավորում ենք, մաղթում նոր հաղթանակներ և հարցազրույցին մասնակցելու համար շնորհակալություն հայտնում Ձեզ:

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Համալսարանականները մասնակցեցին «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկմանը

2018թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում (ՔԵԿ) “Together 4 Armenia” Միասին հանուն Հայաստանի պլատֆորմի փորձագետներից Ինգա Գրիգորյանն անցկացրեց «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով “Together 4 Armenia” պլատֆորմի և Իջևանի քաղաքացիական … Կարդալ ավելին