Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

2017թ. հունվարի 25-ից փետրվարի 4-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ֆակուլտետների (Կիրառական արվեստի, Բնական և Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության) գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցում էին տնօրենը, ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, հունվարի 27-ին՝ Բնական և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների նիստերը, փետրվարի 4-ին կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը:

Ֆակուլտետների ընդլայնված նիստերում ամփոփվեց 2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, քննարկվեցին 2016-2017 ուստարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքները և մի շարք ընթացիկ հարցեր:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում, նշված հարցերից բացի, քննարկվեցին ֆակուլտետի կողմից ցուցահանդեսների կազմակերպմանը, դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության աստիճանի բարձրացման ուղիներին վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

Հատուկ ուշադրություն դարձվեց «Գծանկարչություն» և «Գունանկարչություն» առարկաների դասավանդման, դասընթացների փաթեթների առկայության, ժամանակակից մեթոդների կիրառման, նյութատեխնիկական ապահովվածության խնդիրներին:

Հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ «Դիզայն» կրթական ծրագրի ուսումնական պլանի, պրակտիկայի կազմակերպման հետ կապված որոշակի փոփոխություներ իրականացնելու նպատակով:

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներից շեշտը դրվեց դասընթացների փաթեթների կիրառական նշանակության, մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկավարի ինստիտուտի գործունեության կարևորության վրա:

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ընդհանուր գծերով ներկայացվեցին կայացած քննությունների արդյունքները: Նշվեց, որ քննաշրջանը կազմակերպվել է սահմանված կարգով՝ ըստ 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցի, մի քանի քննություն դեռևս ընթացքի մեջ է, ուստի թվային վերջնական տվյալները կներկայացվեն ֆակուլտետի գիտական խորհրդի հաջորդ նիստին:

Նշվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում 2016-2017 ուստարվա ձմեռային քննաշրջանին մասնակցած 332 ուսանողներից միայն գերազանց գնահատականներ ստացել է 44 ուսանող, գերազանց և լավ` 88, միայն բավարար` 15, խառը գնահատականներ է ստացել 162 ուսանող:

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

Ֆակուլտետի 23 ուսանող քննաշրջանը փակել է ակադեմիական պարտքերով («Պատմություն» մասնագիտությունից՝ 9 ուսանող, «Հոգեբանություն»-ից՝ 3 ուսանող, «Ֆրանսերեն լեզու և գրականություն»-ից՝ 2 ուսանող, «Անգլերեն լեզու և գրականություն»-ից՝ 4 ուսանող, «Հայոց լեզու և գրականություն»-ից՝ 1 և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»-ից՝ 4 ուսանող):

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանը նշեց, որ քննաշրջանի ընթացքում յուրաքանչյուր օրվա արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին: Վերահսկման այս համակարգի ներդրումը ակնառու դրական է անդրադարձել ուսման առաջադիմության և կրթության որակի վրա:

Ապա պարոն Ներսիսյանը զեկուցեց 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Նա ներկայացրեց ֆակուլտետի դասախոսների՝ 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական բեռնվածությունները, մի շարք դասախոսների առարկայական բաշխվածություններում և դրույքաչափերում կատարված փոփոխությունները: Նշվեց, որ արդեն պատրաստ են ձմեռային քննաշրջանի 1-ին լուծարքային շրջանի գրաֆիկները, երկրորդ կիսամյակի դասատախտակները:

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում ևս ամփոփվեց 2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, ներկայացվեցին 2016-2017 ուստարվա II կիսամյակի համար իրականացված նախապատրաստական աշխատանքները: Հատուկ ուշադրություն դարձվեց ֆակուլտետի դասախոսների ուսումնական ծանրաբեռնվածությունների, դրույքաչափերի, դասընթացների փաթեթների (պորտֆոլիոների), դասացուցակների կարգավորման հարցերին:

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

Նիստերի ընթացքում ամփոփիչ ելույթներով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանն ուղղված խնդիրներին, ընդգծելով, որ անհրաժեշտություն կա մինչև նոր կիսամյակի սկիզբը ևս մեկ անգամ ամբիոններում քննարկել առարկաների ուսումնական փաթեթները, ընթացիկ և եզրափակիչ քննությունների հարցաշարերը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

Իր ելույթներում տնօրենը կարևորեց դասախոսների վերապատրաստման ծրագրերը և ուսանողների հետ տարվող բարոյահոգեբանական աշխատանքները:

 

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

 «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է մեր քաջարի զինվորներին՝ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ, նրանց մաղթում խաղաղ երկնակամար, անփորձանք ծառայություն, տոկունություն, մարտունակություն ու շարունակական կատարելագործում: Հայկական տոնացույցի ամենակարևոր և պատասխանատու օրերից մեկն է հունվարի 28-ը՝ Հայոց բանակի կազմավորման օրը, բանակ, որ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորն է: Սա տոն է, որ հպարտությամբ նշում են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, սա օր է, որ հայ ժողովրդին համոզեց, որ պայքարը չի ավարտվել, և նոր հաղթանակներն առջևում են:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Ամեն տարվա պես, այս տարի էլ՝ 2017թ. հունվարի 28-ին, ՀՀ հյուսիսարևելյան սահմանում՝  Իջևանում, կազմակերպվել էին տոնական միջոցառումներ, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները:

Բազմաթիվ հայրենակիցների հետ նրանք քայլերթով, իրենց  գլխավերևում ծածանելով հսկա եռագույնը, մարտական կոչերով, ռազմահայրենասիրական երգեր երգելով, այցելեցին Իջևանի Ազատության հրապարակ: Շենքերի բնակիչներն իրենց պատշգամներից   հպարտությամբ ձայնակցում էին երթի մասնակիցներին:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Ազատության հրապարակում քաղաքացիներն ու ակումբականները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ դնելով քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանին:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Լազր Ափինյանի խոսքով՝ ակումբի անդամները միշտ պատրաստակամ կանգնած են զինվորների կողքին՝ քաջ գիտակցելով, որ նրանք են մեր ազգի ուժն  ու պարծանքը: Ըստ նրա՝ դեպի հայ զինվորը, դեպի հայրենիքն ունեցած ջերմ վերաբերմունքի, ակնածանքի մասին է վկայում թեկուզ այն, թե ինչպիսի առանձնահտուկ սիրով ու հպարտությամբ են զինվորական համազգեստ կրում մեր ակումբական թե՛ տղաները և թե՛ աղջիկները:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

2017թ. հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Իջևանի Ազատության հրապարակ, ծաղիկներ դրեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանին:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային ու հոգևոր իշխանությունների, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

Իջևանի Ազատության հրապարակի հուշահամալիրի մոտ զինվորական երաժշտախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը, տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր, իսկ 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

24 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:

Փա՛ռք ու պատիվ ձեզ, հայո՛ց քաջարի զիվորներ, որ սրատես արծվի պես զգոն հսկում եք մեր սահմանները, ձեզ ենք պարտական մեր ամեն մի խաղաղ օրվա համար…

Շնորհակալությու՛ն ձեզ և շնորհավո՛ր ձեր տոնը, մեր թանկագի՛ն զինվորներ, անփորձանք ծառայություն ձեզ և բարի վերադարձ…

 

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

2017թ. հունվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Դասախոսի իմիջը» թեմայով  դաս-քննարկումը, որը վարեց Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա. Ա. Սարհատյանը:

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

«Տարողունակ ու  բազմիմաստ մի հասկացություն է «Իմիջը»`անգլերեն բառ, որ նշանակում է կերպար: Որտեղի՞ց, ե՞րբ և ինչի՞ց է սկսվում ու ձևավորվում դասախոսի իմիջը… Առաջին անգամ սրբազան երկյուղածությամբ լսարան մտնելու՞ց, առաջին ժպիտի՞ց՝ ուսանողին ուղղված, առաջին դասախոսությունի՞ց…

Իմիջը մարդու կերպարն է, որ ձևավորվում է ուրիշի աչքերով, – ընդգծեց տիկին Սարհատյանը, – դա մարդու այցեքարտն է, պատկերացումը, որ ընկալվում է շրջապատի կողմից և նշանակալիորեն տարբերվում է նրա իրական անձնային որակից: Այլ խոսքով՝ իմիջը մարդու մասին պատկերացումն է: Ընդհանուր առմամբ այն «կիսաճշմարտություն» է: Իմիջն ստեղծվում է այն ժամանակ, երբ ստանում է հասարակական հնչեղություն, երբ կան սուբյեկտն ընկալողներ»:

Դասի ընթացքում Ա.Սարհատյանը ներկայացրեց ժամանակակից գիտության մեջ տարբերակվող իմիջի հետևյալ տեսակները՝ հայելային իմիջ (այն, որ ունենք ինքներս մեր մասին), հոսող բնորոշ  իմիջ` (որն ունի կողքից նայողը), ցանկալի արտացոլում (այն, ինչին ձգտում ենք), բացասական իմիջ (որն ընդդիմադիրների, մրցակիցների կողմից գիտակցաբար է ձևավորվում, այլ ոչ թե ինքնաբերաբար):

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

Շեշտվեց, որ իմիջը դասակարգվում է սոցիալական միջավայրի այն տեսակներով, որոնցում նա գործում է, ներկայացվեցին նրա ձևավորման հիմքերը:  

Մասնավորապես նշվեց, որ մարդու արտաքին տեսքը կարևոր դեր է կատարում նրա իմիջի ձևավորման գործում: Պատահական չէ ասված, որ մարդուն դիմավորում են հագուստով, բայց ճանապարհում են խելքով: Հագուստը ուղղակիորեն իմիջ ձևավորող առաջին տեղեկատվությունն է, որ տեղեկացնում է մարդու մասնագիտական որակների, տնտեսական հնարավորությունների, գեղագիտական ճաշակի, սոցիալական որոշակի խմբի պատկանելության և այլնի մասին: Սակայն հարկ է հիշել, որ հագուստի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սկսել խոսել:

Քիչ դեր չեն կատարում դեմքի արտահայտությունը, ժպիտը, բարյացակամությունը:

Առանձնապես կարևորվեց լեզվախոսքային իմիջը, որի մեջ մտնում են ձայնը, տոնայնությունը, ելևէջումները, բառապաշարը, խոսքի արտահայտչականությունն ու պատկերավորությունը, հումորի զգացումը և այլն: Այդ առիթով վկայակոչվեց Սոկրատեսի «Խոսի՛ր, որ ճանաչեմ քեզ» հայտնի արտահայտությունը:

Հմուտ մանկավարժը նշեց, որ դասախոսի կերպարը ձևավորվում է նաև ուսանողների հետ անմիջական շփման ընթացքում, երբ գերխնդիր է դառնում սովորեցնելը, ստուգելն ու պահանջելը:

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

Առանձնացվեցին դասախոսին բնութագրող հետևյալ հատկանիշները` դասավանդվող առարկայի գերազանց իմացությունը, գիտական պատրաստվածությունը, կրթվածությունը, առարկայի մեթոդաբանությունը, դասավանդման արվեստը, անձնական մանկավարժական տաղանդը, ստեղծագործ միտքը, մանկավարժական տակտն ու վարվելակերպի էթիկան:

Հատուկ ընդգծվեցին և դասախոսի «բարոյական» հատկությունները` անկողմնակալությունը, արդարամտությունը, ուսանողների հանդեպ իսկական սերը, նրբազգացությունը, ինքնակատարելագործման շարունակական մղումը և այլն:

Բ.գ.թ., դոցենտ Ա. Ա. Սարհատյանի վարած «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը չափազանց հետաքրքիր էր և ուսանելի, անցավ աշխույժ ու անկաշկանդ մթնոլորտում` ներգրավելով բոլոր ներկաներին` թե՛ երիտասարդ դասախոսներին և թե՛ իր հմուտ գործընկերներին: 

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

 

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ Բնական գիտությունների ֆակուլտետում

2017թ. հունվարի 25-26-ին Բնական գիտությունների ֆակուլտետում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Հունվարի 25-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը ղեկավարում էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Սմբատ Դավթյանը:   

Հունվարի 26-ին կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը գլխավորում էր Բնական գիտություններ ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մանվել Զաքարյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Երկու պաշտպանություններն էլ իրականացվեցին սահմանված կարգով, պատշաճ մակարդակով:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանի խոսքով՝ աշխատանքներում պահպանված էր նյութի շարադրման տրամաբանությունը, դրանք բաղկացած էին տեսական մասից, մոդելային օրինակներից և ծրագրային հատվածներից:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Պաշտպանության ժամանակ ուսանողները ներկայացնում էին իրենց առջև դրված խնդիրների կիրառական նշանակությունը և գրված ծրագրերի աշխատանքի արդյունքները:

Հանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ  կուրսային աշխատանքների պաշտպանության ժամանակ բարձրացված հարցերն ու դիտարկումները կուղղորդեն ուսանողներին առավել պատրաստ հանդես գալու ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքում:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում