Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենի հանդիպումը մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարների հետ

2017թ. հունվարի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում մասնաճյուղի  բաժինների վարիչները տնօրենին ներկայացրին նախորդ շաբաթվա ընթացքում իրենց բաժինների կողմից իրականացված գործունեության մասին հաշվետվություն և հաջորդ շաբաթվա ընթացքում պլանավորված աշխատանքների մասին տեղեկատվություն:

Տնօրենի հանդիպումը մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարների հետ

Բուհի տնօրենի և ենթակառուցվածքների ներկայացուցիչների կողմից բարձրացվեցին ուսումնագիտական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ուղղված տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին մասնաճյուղում պարբերաբար բարելավվող նյութատեխնիկական, տեղեկատվական ռեսուրսներին, որակի ներքին ապահովման գործընթացներին, փաստաթղթային հենքին, գրքային ֆոնդի համալրմանը և այլն:

Ընդգծվեց, որ եվրոպական կրթական չափորոշիչներին և Որակավորումների ազգային շրջանակի պահանջներին համապատասխան՝ կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային համապատասխանեցման ուղղությամբ է աշխատում մասնաճյուղում ներդրված կրթա­կան ծրագրի ղեկավարի «ինստի­տուտ»-ը:

Նշվեց, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել 2014 թվականից մասնաճյուղում ներդրված՝ դասախոսի կողմից որակի ապահովման մեխանիզմներով համալրված դասընթացների փաթեթների՝ պորտֆոլիոների գործնական կիրառությանը, մշակել հատուկ մեխանիզմներ՝ լսարանում դրանք լիարժեք գործարկելու նպատակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման ծրագրի մասին

Հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վաճառքի և սպասարկման դպրոց» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի 2017թ. փետրվարի 15-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 15-ը:

Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները, կարողություններն ու մասնագիտացումները.

  1. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն,
  2. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագի,տական մասնագիտացումը և/կամ օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ,
  3. Հմուտ հաղորդակցում,
  4. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  5. Տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն,
  6. Հարգանք/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի նաև, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, և ինչ կտա այն Ձեզ: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների:

Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունվարի 22-ը Ձեր դիմումներն ուղարկել vc-mtsschool@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

2016թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2017թ. հունվարի 27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

Հեռակա ուսուցման համակարգում 2016-2017 ուստարվա I կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները կտևեն հունվարի 10-21-ը, իսկ քննաշրջանը կտևի հունվարի 25-ից մինչև մարտի 20-ը:       

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հարցազրույցի ընթացքում շեշտեց, որ քննություններն անցկացվում են սահմանված կարգով, համաձայն գրաֆիկի:

Նա համոզմունք արտահայտեց, որ թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները քննություններին կմոտենան ամենայն պատասխանատվությամբ:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

Պարոն Դավթյանը ուսանողներին ցանկացավ հաջողություն, որպեսզի քննությունների ընթացքում նրանք առավելագույնս կարողանան ինքնադրսևորվել, իսկ դասախոսներին՝ հետևողականություն, որպեսզի ուսանողների գնահատականնեը հնարավորինս լիարժեքորեն արտացոլեն նրանց գիտելիքները: 

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

Քննության դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան այն հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 1-ից մինչև 24-ը:

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

Շնորհավո՛ր Նոր` 2017 թվական

 Շնորհավո՛ր Նոր` 2017 թվական

Սիրելի՛ համալսարանականներ, քաղաքացիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ի սրտե շնորհավորում է բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում, որ  2017 թվականը համայն հայության համար լինի խաղաղության,  երջանկության, բարօրության, բարձր նպատակների ու նվիրական իղձերի իրականացման, գիտական, ստեղծագործական ու անձնական ձեռքբերումների տարի:

Թո՛ղ ամեն այգաբացին` Աքլորի խրոխտ կանչի հետ, մեր տներում հաստատվեն, տանտեր դառնան Սերն ու Համերաշխությունը, Ջերմությունն ու Առատությունը, մեր ընտանիքներում զիլ զնգա մանկան ճիչը, կարկաչի մեծի լիաթոք ծիծաղը, մեր հոգիներում իշխի Լույսն ու Ներդաշնակությունը…

Սիրենք իրար, բարին կամենանք, լինենք ներողամիտ, գթասիրտ և ազգովին` միաբան, ծլենք, ծաղկենք, զորանանք…

Եվ երանի՜, որ, հիրավի,

Լույս գիշերին Ամանորի

Բացվեն բոլոր փակ դռները,

Սիրող սրտերն իրար փարվեն…

___________________________________________________________

 

Փոքրիկ ակնարկ` Հրեղեն աքաղաղի տարվա մասին

Շնորհավո՛ր Նոր` 2017 թվականԱյս Նոր տարին՝ 2017 թվականը, ըստ արևելյան օրացույցի, ԿՐԱԿԵ  (ԿԱՐՄԻՐ) ԱՔԱՂԱՂԻ  տարի է, որն իր իրավունքների մեջ է մտնելու 2017թ. հունվարի 28-ից և իշխելու է մինչև 2018թ. փետրվարի 16-ը։

Աքաղաղը համարվում է  նոր օրվա, լույսի, համառության և բարի գործերի խորհրդանիշ։

Այն արևելյան հորոսկոպի ամենավառ, նրբաճաշակ և շփվող նշանն է, շատ է սիրում իր անձին ուղղված ուշադրությունն ու գովեստները։ Աքաղաղն ինքը չի սիրում արտահայտել իր զգացմունքները, միաժամանակ խուսափում է միայնությունից:

Սուր մտքի, կռահողականության, գրավչության շնորհիվ նա հեշտությամբ է ծանոթանում ու կապեր հաստատում տարբեր շրջանակների մարդանց հետ։ Աքաղաղը պատրաստ է մինչև վերջ պաշտպանել սեփական կարծիքը, առանձնանում է գործնականությամբ և խնայողությամբ։

Աքաղաղը սիրում է ղեկավարել, իշխող է, բռնկվող, ասում է մարդու երեսին այն, ինչ մտածում է։ Երբեմն նման հատկանիշները խանգարում են կյանքում, սակայն պայքարել իր այդ հատկանիշների դեմ նա չի կարողանում։

Աքաղաղի հետ համատեղելի նշաններն են  Ցուլը և Օձը։

Տարվա տարերքը  կրակն է:

2017 թ.-ի հիմնական գույներն են կարմիրը, դեղինը, ոսկեգույնն ու նարնջագույնը:

 

 

 

 

 

 

 

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

2016թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստ, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական կառույցների անդամները:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ  Ս. Ա. Առաքելյանը նիստի ընթացքում ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2015-2016 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը:
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. Մասնաճյուղի՝ 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2011-2016թթ. գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների մասին:
  5. Ընթացիկ հարցեր:

Ընդգծվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը  իր գործունեության ավելի քան քսան տարիների ընթացքում նպաստում է  ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին, մատուցում խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ, իր կազմակերպած գիտաժողովներում, ինտելեկտուալ խաղերում, բանավեճերում, ցուցահանդեսներում, գրական-գեղարվեստական նախաձեռնություններում, վերապատրաստման դասընթացներում ընդգրկում ոչ միայն համալսարանականներին, այլև Տավուշի մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային, ռազմական ոլորտների ներկայացուցիչներին, մարզի բնակիչներին:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Լինելով մշտապես ռազմական իրավիճակում գտնվող մարզի միակ բարձրագույն կրթօջախը` նա հաջողությամբ իրականացնում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետ, այլև հայրենասեր ու պատասխանատու քաղաքացի պատրաստելու իր առաքելությունը:

Նվաճելով իր կայուն ու հիմնավոր տեղը Հայաստանի բուհերի  շարքում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տարեցտարի գրանցում է նոր հաջողություններ:

Ներկայացվեցին հաշվետու` 2015-16 ուստարում մասնաճյուղի գրանցած կարևորագույն ձեռքբերումները: 

Նշվեց, որ, մասնաճյուղը, արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին, պարբերաբար համալրում է մասնագիտությունների ցանկն ավելի ժամանակակից մասնագիտություններով: Այժմ մասնաճյուղում ներդրված են կրթական վերջնարդյունքներով ձևակերպված 15 կրթական ծրագրեր: Արդարացված ներդրում եղավ առկա և հեռակա ուսուցմամբ «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը: Հաշվի առնելով մարզում տարրական դասարանների ուսուցիչների մեծ պահանջարկը՝ մասնաճյուղը հաշվետու ուստարում իրականացրել է նաև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելություն, իսկ 2017-18 ուստարում կիրականացվի ընդունելություն նաև «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ» և  «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով՝ ընդլայնելով դիմորդների մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Հաշվետու ուստարվա կարևոր ձեռքբերումներից է  բակալավրի կրթա­կան ծրագրի ղեկավարի «ինստի­տուտ»-ի՝ որպես մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելի ներդնումը, որի միջոցով մասնաճյուղն ակնկալում է ստեղծել ինքնազարգացող մանկավարժական միջավայր:

Կրթական ծրագրերի արդյունավետության անհրաժեշտ պայմանը բավարար քանակով դիմորդների առկայությունն է, որին ուղղված են մասնաճյուղի ընդունելության մարքեթինգային գործընթացները` պարբերաբար ընդլայնվող ակտիվ գովազդարշավով:

Շեշտվեց, որ մասնաճյուղի հարստությունն իր ուսանողներն են: 2016-17 ուստարում մասնաճյուղում սովորում են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա  ուսուցմամբ 1718 ուսանողներ, նրանցից 1564-ը՝ վճարովի:

Մասնաճյուղը 2015-16 ուստարում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ տվել է 189,  իսկ հեռակա ուսուցմամբ՝ 161 շրջանավարտներ, նրանցից գերազանցության դիպլոմով ավարտել է 21-ը: Պետք է փաստել, որ մասնաճյուղի շրջանավարտներին հանձնվում է միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) դիպլոմի հավելված:

Պետության կողմից ուսման վարձի (ուսանողական նպաստի ձևով) լրիվ փոխհատուցում է ստացել 119 ուսանող (այդ թվում՝ 3-ը արտամրցութային): Պետական և ներբուհական կրթաթոշակներ են հատկացվել մասնաճյուղի 139 ուսանողների, որոնցից անվանական կրթաթոշակ է ստացել 12 ուսանող: 2015-16 ուստարում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվել են 336 ուսանողներ, այդ թվում՝ 152-ը առկա:

Գիտխորհրդի նախագահը նշեց, որ իրենց ուսումնառությունից և կրթական միջավայրից բավարարված ուսանողներ ունենալու նախապայմանը կրթական ծրագրերի իրականացման պահանջներին բավարարող համալսարանական ենթակառուցվածքներն են: 

Որակյալ ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման գրավականներից է մասնաճյուղում ներդրված որակի ներքին ապահովման համակարգը: Այդ համակարգի գործառույթների շրջանակներում իրականացվել է որակի շարունակական բարելավմանը միտված փաստաթղթային հենքի համալրում, վերանայում և ներդնում: Միայն վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել են 5 քաղաքականություններ, 13 կանոնակարգեր, մի շարք ուղեցույցներ և ձևաչափեր և այլն:

Հաշվետու ուստարում իրականացվել են բազմաբնույթ խորհրդատվական աշխատանքներ,  ներքին և արտաքին շահակիցների շրջանում անց են կացվել պլանավորված 6 հարցումներ, կազմվել է արտաքին և ներքին շահակիցների առաջարկությունների և կարծիքների փաթեթ, կատարվել է դրանց վերլուծություն, իրականացվել է 2011-15թթ. ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ում պրոֆեսորադասախոսական կազմի գիտական գործունեության վերլուծություն:

2015 թվականին՝ 3-րդ անգամ, իրականացվել է մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատում, կայքում հրապարակվել է համապատասխան զեկույցը: Արդեն հինգ տարի է մասնաճյուղը գնահատում է իր ձեռքբերումները` հանրությանը ի ցույց դնելով իր գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները և դրանց վերլուծությունը: Հաշվետու ուստարում նույնպես համալրվել և վերլուծվել են այդ ցուցանիշները 2011-16թթ. համար, կազմվել է համապատասխան հաշվետվություն և հրապարակվել:

Բոլոր գործընթացներում ներգրավված են եղել ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և արտաքին շահակիցներ:

Զեկուցողը փաստեց, որ այժմ մասնաճյուղում դասավանդում են հիմնական և համատեղությամբ 121 դասախոսներ, այդ թվում՝ 3 պրոֆեսոր (2.5%), 37 դոցենտ (31%), 49 ասիստենտ և 32 դասախոս (67%), որոնցից գիտական աստիճանով՝ 3 դոկտոր և 65 թեկնածու, ընդ որում՝  գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 50%-ից ավելի է: Մասնաճյուղում դասախոսների միջին տարիքը 48 է:

Լրիվ հաստիքային համարժեքով ուսանող-դասախոս հարաբերակցությունը 2015-16 ուստարում կազմել է 19.57, իսկ 2016-17 ուստարվա համար այն հավասար է 20.24-ի: Դասախոսների միջին տարեկան ուսումնական բեռնվածության համահամալսարանական միջինը հաշվետու ուստարում կազմել է 815.9 ժամ (2016-17 ուստարում այն կազմում է 900.7 ժամ):

Հատկանշվեց, որ վերջին 5 ուստարիների ընթացքում թեկնածուական թեզ պաշտպանած 27 դասախոսներից 21-ը հիմնական աշխատողներ են, այդ թվում 16-ը երիտասարդ, իսկ 10-ը՝ մասնաճյուղի շրջանավարտներ են: Հաշվետու ուստարում մասնաճյուղն ունեցել է 1 դոկտորանտ, 2 ասպիրանտ և 9 հայցորդ:

Դասախոսական կազմի մասնագիտական կարողությունները, մանկավարժական հմտությունները, դասավանդման որակը և արդյունավետությունը պարբերաբար գնահատվում են ԵՊՀ-ի կողմից իրականացվող ուսանողական հարցումների միջոցով:  2015-16 ուստարվա 1-ին կիսամյակի հարցումների արդյունքների համաձայն՝ բոլոր մասնագիտությունների գծով միջին թվաբանական միավորն ըստ ամբիոնների բարձր է 4.54-ից:

Մասնաճյուղն իր հեղինակության ամրապնդման, հասարակական վարկանիշի բարձրացման նպատակով վարում է տեղեկատվության տարածման, գովազդային-լրատվական, քարոզչական համապատասխան քաղաքականություն (նպատակ 3): ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումների գործընթացների, իրադարձությունների, կազմակերպված միջոցառումների, հարցազրույցների, անհրաժեշտ հայտարարությունների, ուսանողական կյանքին և միջավայրին վերաբերող նորությունների լուսաբանումը, տեղեկատվության մատչելիությունն ապահովվում է  մասնաճյուղի ինտերնետային կայքի միջոցով (եռալեզու տարբերակի իրականացումն ընթացքի մեջ է), «Facebook» սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջի և խմբի միջոցով, նաև  մասնաճյուղի մասին տեղեկատվություն ու նկարագրություններ են տպագրվում տարբեր տեղեկագրքերում, ժողովածուներում և կայքերում, մասնավորապես «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ամսաթերթում, “1TV.AM”, “HAYNEWS.AM”, “TESANKYUN.AM”, “CIVILNET.AM”, “LURER.COM” Հայ Առաքելական Ուղղափառ  Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի   «Հայարտուն» կենտրոնի կայքերում և այլն:

Ուսանողական և ուսումնագիտական միջավայրի ձևավորման գործում իրենց անփոխարինելի տեղն ունեն ուսանողական ինքնավարության կառույցները (ՈՒԽ, ՈՒԳԸ): Հաշվետու ուստարում ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվել են տարբեր տոների, հիշատակների նվիրված մշակութային և սպորտային շուրջ 35 միջոցառումներ և հանդիպումներ, մասնակցել են ԵՊՀ ուսանողական ձեռնարկումներին: ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվել են զեկուցումների շարքեր ֆակուլտետներում, մասնագիտական ֆիլմերի դիտումներ, ինտելեկտուալ խաղեր, շարադրությունների մրցույթներ, մարզի դպրոցականների համար օլիմպիադաներ: Նրա անդամները մասնակցել են 2 գիտաժողովների, նաև բիզնես-թրեյնինգի դասընթացների:

Պարոն Առաքելյանը նշեց, որ ուրաքանչյուր տարվա ավարտին մասնաճյուղը գնահատում է  իր ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կատարում վերլուծություններ և դրանց հիման վրա պլանավորում հաջորդ տարվա իր ֆինանսական գործունեությունը, որը նպատակ ունի խնայողությունների հաշվին բարելավել ուսումնական գործընթացները, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը, ավելացնել և զարգացնել նյութատեխնիկական բազան:

 Մասնաճյուղի գիտխորհրդի նիստում ԵԿՄ վարչության կողմից «Հայաստանի երկրապահ» մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄի՝ Քառօրյա պատերազմին մասնակցած հետևյալ ուսանողները.

  1. Եգանյան Գրիգոր Ռուբենի (առկա ուսուցման համակարգ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության  I կուրս),
  2. Խաչատրյան Տիգրան Հենրիկի (առկա ուսուցման համակարգ, «Կիրառական արվեստ» մասնագիտության II կուրս),
  3. Աբազյան Վահագն Վիկտորի (հեռակա ուսուցման համակարգ, «Պատմություն» մասնագիտության II կուրս),
  4. Մատինյան Սեյրան Հովհաննեսի(հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
  5. Տոֆանյան Ռաֆայել Տիգրանի (հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
  6. «Փաշինյան Գրիգոր Թոռնիկի (հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
  7. Թամրազյան Հայկ Տիգրանի (հեռակա ուսուցման համակարգ,«Սերվիս» մասնագիտության II կուրս),
  8. Մանուչարյան  Սարիբեկ  Ժորայի (հեռակա ուսուցման համակարգ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության II կուրս):

 

Պատվոգրեր տրվեցին ԼՂՀ զինված ուժերում ծառայած՝ մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի բոլոր ուսանողներին:

Անբասիր աշխատանքի համար ԵՊՀ-ի հուշամեդալով պարգևատրվեցին Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ալբերտ Հովհաննիսյանը ու Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, «Սերվիս» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստում

Վերջում մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ նրանց ընտանիքներին մաղթելով խաղաղություն, բարօրություն, երջանկություն, հաջողություն և ամենայն բարիք:

Նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Գիտխորհրդի ընդլայնված նիստի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: