Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր նոր` 2022 թվական

1. գլխավոր (2)Սիրելի՛ համալսարանականներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ գալիք 2022 թվականը լինի անխաթար խաղաղության, ամուր առողջության, կիսատ մնացած երազանքների ու նպատակների իրականացման, երկրի հզորացման, կրթության, գիտության, մշակույթի և մյուս բոլոր ոլորտների աննախընթաց զարգացման տարի:

Թո՛ղ էլ երբևէ հայը կորուստ չունենա, մեր երկրում, ընտանիքներում ու հոգիներում տիրեն լույսն ու ներդաշնակությունը, սերն ու փոխըմբռնումը, բարությունն ու ջերմությունը, թո՛ղ լռեն բոլոր թնդանոթները, թե թնդյուն է պետք, թո՛ղ թնդան սրտերը, ամպրոպը թեկուզ…

 

2

Փոքրիկ ակնարկ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Արևելյան օրացույցի համաձայն՝ 2022 թվականը կլինի Կապույտ ջրային վագրի տարի, որի հիմնական խորհրդանիշներն են ջուրն ու ծառը:

2022 թվականի գլխավոր միտումը նրբագեղությունն է։

Տարվա հիմնական գույնը կապույտն է՝ հագեցած մանուշակագույն-կարմիր երանգներով: Նախապատվելի է տարին դիմավորել հանգիստ, բնական գույներով, ոսկեգույնի և արծաթագույնի երանգներով: Վագրը մարմնավորում է կենսունակությունը, ուժը, քաջությունը և վճռականությունը:

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանի հետ

 image (1)

Պարո՛ն Հովհաննիսյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իմ գործունեությունը սկսվել է 2010 թվականների սկզբին. նախ որպես ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ապա ամբիոնի աշխատակից ու ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:

Ցանկացած աշխատանքում կան որոշակի դժվարություններ: Միայն այդ դժվարությունների հաղթահարմամբ է հնարավոր արձանագրել դրական արդյունքներ ու հաջողություններ: Շատ կարևոր է, որ լինի կամք դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Բացի այդ, համալսարանում շրջապատված եմ եղել այնպիսի գործընկերներով, ովքեր հեշտացրել են դժվարությունների հաղթահարումը. էլ չեմ խոսում այն հրաշալի մթնոլորտի մասին, որի առկայությունը նպաստել է հաղթահարման գործընթացին:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

Սովորաբար դժվարին են համարվում անցումային ժամանակները: Նույնիսկ անեծք կա՝ «Անիծում եմ, որ ապրես անցումային ժամանակաշրջանում»: Կարծում եմ՝ ամեն մի ժամանակաշրջան ունի իր դժվարությունները: Որպես կանոն՝ մարդիկ հիշում են անցյալի լավ դրվագները, իսկ ներկայի՝ դժվարություններն ու վատ կողմերը: Անցումային ժամանակներն ունեն մի հրաշալի կողմ. ի ցույց են դնում, թե ով ով է: Ուրիշ ժամանակներում դա այդքան շուտ չի բացահայտվում:

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

-Համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր հիշարժան է ինձ համար: Խորապես սիրեցի համալսարանը, մարդկանց: Հետաքրքիր դեպքերն ու պատմություններն այնքան շատ են, որ, իսկապես, կդժվարանամ առանձնացնել որևէ մեկը: Հետաքրքիր ու բովանդակալից առօրյա է ամբիոնային կյանքը: Անջնջելի ու տպավորիչ են նաև քոթեջում անցկացրած օրերը, երբ դասերից հետո տնօրեն պարոն Սամվել Առաքելյանի մասնակցությամբ քննարկումներ են անցկացվել ամենատարբեր թեմաներով: Կատակով ասում էի՝ սա էլ մեր «Վերնատունն» է: Իմ մեծ ձեռքբերումը նոր բարեկամներն են: Նաև նրանց գոյությունն է, որ կապում է ինձ համալսարանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

Սիրում եմ կարդալ: Առանց վարանելու կարող եմ ասել, որ կյանքում հասած ամեն մի հաջողության համար պարտական եմ նախ գրքերին: Սիրում եմ սպորտ, մանավանդ՝ ֆուտբոլ խաղալ (բուհերի դասախոսների միջև անցկացված մրցաշարի հաղթող): Սիրում եմ ինտելեկտուալ խաղեր, մասնակցել եմ «Համայնքապատկեր», «Հարցամարտ» հեռուստախաղերին (2000թ. մեր թիմը դարձավ մրցաշարի հաղթող):

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Իմ ընտանիքը սովորական հայկական ընտանիք է՝ ազգային իր բոլոր դրսևորումներով: Կինս, ով նաև համակուրսեցիս է, աշխարհագրության ուսուցչուհի է, ընդ որում՝ շատ հարգված, ունի «Ստեղծագործ ուսուցիչ» կոչում: Նա մեծ դերակատարում ունի իմ շատ ու շատ հաջողությունների ու ձեռքբերումների համար: Տղաս և աղջիկս ունեն տնտեսագիտական կրթություն, ավարտել են ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Նրանք էլ ունեն տղա և աղջիկ: Թոռնիկներս բոլորն էլ դպրոցական են: Իմ լավ ընտանիքն իմ կյանքում ամենամեծ հարստությունն ու ձեռքբերումն է, երջանկության բանաձևի կարևոր բաղադրիչը (մյուսը լավ աշխատանքն է):

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

Ցանկացած դժվարություն պետք է ձգտել հաղթահարել, այլ ոչ թե որոնել դրանք շրջանցելու ճանապարհներ: Իրական հաջողության հասնում են նրանք, ովքեր փնտրում-գտնում են դժվարությունները հաղթահարելու միջոցներ: Ի դեպ, ասում են, որ ընթանալով դժվարությունների ճանապարհով՝ դու մրցակցության չես հանդիպի: Չէ՞ որ մարդկանց մեծ մասն այդ ընթացքում ընտրած կլինի հեշտ ճանապարհը: Ա՛յ այնտեղ մրցակցությունը շատ մեծ կլինի: Դժվարությունները հաղթահարելով նպատակին հասած մարդիկ, անկասկած, ի վերջո դառնում են պահանջված, բարձր որակներով օժտված:  

-Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Մարդու համար ոգեշնչման աղբյուրները կարող են բազմաթիվ լինել՝ բնությունը, ընտանիքը, ընկերները, սիրած էակը և այլն: Դրանց կողքին շատ կարևորում եմ  օգտակար, պիտանի լինելու միտքը, զգացումը: Եվ այդ իմաստով լիովին համակարծիք եմ «Մարդը տալով է հարուստ» ասույթին:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

Նախընտրած կարգախոսները շատ են, օրինակ, «Բարձրացնելով՝ բարձրացիր», սակայն առավել հաճախ՝ «Ոսկե կանոնով»:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:

Անմնացորդ նվիրվե՛ք բուհին, հպարտությամբ կրե՛ք համալսարանի աշխատակցի անունը, գտե՛ք միջոցներ է՛լ ավելի բարձրացնելու բուհի վարկանիշը: Գիտակցե՛ք բուհի ռազմավարական կարևորագույն նշանակությունը տարածաշրջանի համար: Հիշե՛ք՝ մարդը տալով է հարուստ և բարձրացնելով՝ բարձրանում է:

 

 

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի տարեվերջյան նիստը

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 29-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը՝ առցանց միանալու հնարավորությամբ:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգային 3 և ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄի՝ 2020-2021 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ 10 ուղղությունների («Դիմորդներ, ուսանողական համակազմ, շրջանավարտներ», «Ուսումնական գործընթացի կազմակերպում», «Դասախոսական կազմ, գիտական գործունեություն», «Համագործակցություն», «Ենթակառուցվածքներ», «Գրադարան», «Որակի ներքին ապահովում, կրթական բարեփոխումներ», «Սոցիալական աջակցության ծրագրեր», «Ֆինանսական ծախսեր», «Պաշտոնական կայք, հաշվետվություն հանրությանը», «Ուսանողական կառույցներ, ուսանողների նվաճումներ»):

Մասնավորապես նշվեց, որ 2020-2021 ուստարվա համար մասնաճյուղ դիմել է 439 դիմորդ. բակալավրի առկա ուսուցման համար՝ 266-ը, հեռակա ուսուցման համար՝ 135-ը, մագիստրատուրայի համար՝ 38-ը: Վերջին տարիներին նկատվում է դիմորդների թվի աճ, և հաշվետու ուստարվա դիմորդների թիվը 31%-ով ավել է եղել նախորդ տարվա դիմորդների թվից: Ուրախալի է, որ երկար տարիներից հետո մասնաճյուղը ընդունելություն է կազմակերպել մագիստրոսական 1 ծրագրով՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», որը նպատակ ունի աջակցել մարզի հանրությանը՝ ձեռք բերել երկրորդ մասնագիտություն և դպրոցներն ապահովել անհրաժեշտ կադրերով:

Վերջին 4 ուստարիների ընթացքում առաջին անգամ գրանցվել է ուսանողական համակազմի աճ. հաշվետու ուստարում, կրթական բոլոր աստիճաններում միասին հաշված, մասնաճյուղում սովորել է 1288 ուսանող, որը 75-ով ավել է նախորդ տարվա թվաքանակից: Նշենք, որ հեռակա ուսուցմամբ ուսանողական համակազմը կազմում է ուսանողների ընդհանուր թվի 54.35%-ը, և վերջին տարիներին նրանց թիվը նվազում է, քանի որ դիմորդների մոտ 40%-ը չի կարողանում հաղթահարել մրցութային շեմը:

2020-21 ուստարվա համավարակային վիճակը ուսանողներին և դասախոսներին ստիպեց կիրառել հաղորդակցվելու և ուսուցումը կազմակերպելու նոր եղանակներ: Մասնաճյուղում բավականին հաջողությամբ թե՛ կառավարումը, թե՛ ուսումնական գործընթացը անհրաժեշտության դեպքում իրականացվել են առցանց: Տարբեր կազմակերպությունների հետ կնքված 35 պայմանագրերի շրջանակներում 2020-2021 ուստարում, համաձայն հաստատված ուսումնական պլանների, իրականացվել է 30 պրակտիկա (ուսումնական, արտադրական և մանկավարժական) 281 ուսանողի համար (առկա ուսուցում՝ 121 ուսանող, հեռակա ուսուցում՝ 160):

Հաշվետու ուստարում կրթական նորամուծությունը հետազոտական բաղադրիչի ներդրումն էր կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում: Հետազոտական աշխատանքների կատարումը ուսանողների մեջ առաջացրել է հետաքրքրվածություն և ոգևորություն. այդ մասին է վկայում իրականացված առցանց հարցումը:

2020-21 ուստարում մասնաճյուղի դասախոսները հրատարկել են 2 մենագրություն, 1 դասագիրք, 28 հոդված, մասնաճյուղի գիտական խորհուրդը երեք աշխատակցի երաշխավորվել է դոցենտի գիտական կոչում ստանալու համար, մեկ դասախոս պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, մեկը ստացել է դոցենտի գիտական կոչում:

Մասնաճյուղն իրականացնում է տարածաշրջանային, հանրապետական և միջազգային համագործակցային մի շարք ծրագրեր, զարգացնում է կապերը հայաստանյան բուհերի և զանազան կազմակերպությունների հետ տարբեր ոլորտներում: Դրա վառ ապացույցն են միայն 2020-21 ուստարում կնքված համագործակցության 16 հուշագրերը:

Հաշվետու ուստարին առանձնատուկ է եղել ենթակառուցվածքների համալրման առումով: 2020-21 ուստարվա ընթացքում մասնաճյուղի տարածքում բացվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած և ակտիվ գործունեությամբ արդեն աչքի ընկնող 3 կենտրոն (Տավուշի մարզի Գիտելիքի նորարարական հաբը, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղը), մեկ լաբորատորիա (Բնական գիտությունների ֆակուլտետում գործող հետազոտական փորձարարական լաբորատորիան) և մեկ հիշատակի լսարան (ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Շիրակ Գասպարյանի անվան լսարանը):

Մասնաճյուղի գրադարանն ուսանողների և դասախոսների սիրելի վայրերից մեկն է, որտեղ բացի գրականություն ձեռք բերելուց՝ նրանք մասնակից են դառնում նաև գրքերի շնորհանդեսների, գրական ընթերցումների, նոր գրքերի քննարկումների, ինչպես նաև համալսարանական տարբեր միջոցառումների: Գրադարանում առկա համակարգիչները հարավորություն են տալիս աշխատել գրադարում, օգտվել գրադարանի հարուստ էլեկտրոնային պաշարներից, որն առաջարկում է մոտ 950 էլեկտրոնային գիրք (հիմնականում դասագրքեր, մենագրություններ, ինչպես նաև գիտական ամսագրեր և այլն): Գրադարանը հաշվետու ուստարվա ընթացքում ձեռք է բերել կամ նվեր է ստացել ընդհանուր առմամբ 341 գիրք և ուսումնական տարվա ավարտին ունի 19.578 գիրք:

ԵՊՀ ԻՄ-ը մշտապես ձգտում է բարելավել իր կրթական գործառույթները՝ ակտիվացնելով մասնաճյուղում որակի ներքին ապահովման գործընթացները, աջակցելով իր դասախոսական կազմի մասնագիտական որակների բարձրացմանը և ուսանողների կրթական կարիքների բավարարմանը:

Աշխատակիցների հանգիստի և առողջության ապահովումը մասնաճյուղի գերակա խնդիրներից է: 2020-21 ուստարվանից մասնաճյուղն ամբողջությամբ անցել է 5-օրյա աշխատանքային գրաֆիկի՝ ազատելով երկուշաբթի օրը և աշխատանքային դարձնելով շաբաթ օրը: Նման գրաֆիկն առանձնապես հարմար է Երևանից ժամանող դասախոսական կազմի համար: Արդեն երկրորդ տարին է, մասնաճյուղի հիմնական աշխատակիցներն օգտվում են առողջության ապահովագրությունից «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրով՝ անվճար ստանալով մի շարք բժշկական ծառայություններ:

Մասնաճյուղն իր ֆինանսական միջոցներից 2020-2021 ուստարվա համար ուսանողական նպաստի ձևով 15 ուսանողի տրամադրել է 100% փոխհատուցում, կատարել ուսման վարձավճարի 234 մասնակի փոխհատուցում (քառօրյա պատերազմի մասնակից 17 ուսանող, տնօրենի հայեցողությամբ՝ 127 ուսանող):

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվելու առաջին օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որին միացել է Հայաստանից ու աշխարհի չորս ծայրերից ողջ հայությունը: Համազգային դրամահավաքից անմասն չի մնացել նաև մասնաճյուղը՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 6.500.000 ՀՀ դրամ:

Նույնիսկ պատերազմի և համավարակի, վարձավճարների հավաքագրման գործում առկա դժվարությունների պայմաններում մասնաճյուղում կատարվել են անհրաժեշտ ներդրումներ, ֆինանսներ են տրամադրվել սոցիալական ծրագրերին, գիտական գործունեության, դրամաշնորհների համար և այլն: Մասնաճյուղը ձևավորել է 700 մլն. դրամի հավասար ֆինանսական ապահովության բարձիկ, ինչը որոշակի վստահություն է տալիս գործընթացների պլանավորման հարցում: 2020թ. մասնաճյուղի տարեկան բյուջեն նախորդ տարիների համեմատ էապես չի փոխվել. 2019թ. համեմատ այն նվազել է 1,5%-ով: 2020թ. տարեկան բյուջեի 58.9%-ը կազմել են վճարովի ուսուցման ծառայության եկամուտները, իսկ ահա ծախսերի ընդհանուր ծավալում գերակշռել են աշխատանքի վարձատրության ծախսերը՝ 80%։ Ուսումնական ծախսերը 2020թ. կազմել են 54.5%, որը վերջին 5 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն է:

Մասնաճյուղի գործունեությունը ներքին և արտաքին շահակիցների համար ամբողջությամբ թափանցիկ և հասանելի է մասնաճյուղի պաշտոնական կայքի միջոցով, որի ձևը փաստացի հնացել է (Մայր բուհի օժանդակությամբ մենք այն պլանավորում ենք արդիականացնել այս տարի), սակայն բովանդակային բաղադրիչներն անընդհատ հարստացվում են՝ դարձնելով այն ուսանողների, դասախոսների և մյուս շահակիցների համար տեղեկատվության վստահելի հարթակ: Հարկ է նշել, որ պատերազմական իրադարձություններից հետո կայքի նորաստեղծ «Մեր քաջ զինվորականները» էջը համալսարանականների և հանրության ամենապահանջված էջն է, որում ներկայացված են պատերազմում անմահացած մասնաճյուղի հերոս ուսանողներն ու շրջանավարտները:

Մասնաճյուղի ուսանողներն իրենց գաղափարներով ու ծրագրերով համախմբվում են ֆակուլտետային և մասնաճյուղային ուսանողական կառույցների շուրջը՝ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության:

Հաշվետու ուստարում ՈՒԳԸ-ն ուսանողների համար իրականացրել է 172 գիտական, կրթական, մշակութային ծրագրեր և միջոցառումներ: ՈՒԳԸ-ն հաշվետու ուստարում կազմակերպել է բարեգործական ցուցահանդես-վաճառք «Հանուն մեր զինվորների», որով ֆինանսական աջակցություն են ցուցաբերել պատերազմում վիրավորում ստացած 2 զինվորների՝ յուրաքանչյուրին 100 000-ական դրամ։

Ուսանողական խորհուրդն այն ինքնավար կառույցն է, որը բարձրաձայնում է ուսանողների խնդիրները, վերհանում է նրանց ուսումնական և մշակութային կարիքները և հետամուտ է լինում դրանց լուծմանը: Հաշվետու ուստարում կառույցի ներսում գործող 6 մշտական հանձնաժողովների, ռազմահայրենասիրական ակումբի և ֆակուլտետային խորհուրդների կողմից կազմակերպվել են մեկ տասնյակից ավել հանդիպումներ (ուսանողների, մարզի ղեկավար կազմի ներկայացուցիչների, համալսարանի կառավարման մարմինների, մարզի ՀԿ-ների, ԵՊՀ ՈՒԽ-ի, ԱրՊՀ ՈԻԽ-ի հետ), մարզի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր:

ԵՊՀ ԻՄի՝ 2020-2021 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվեց բավարար:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄի զարգացման՝ 2022-2026 թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին դարձյալ զեկուցեց տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման նպատակով ձևավորվել էին ՌԾ-ի երեք ոլորտների պատասխանատուների գլխավորությամբ աշխատանքային փոքր խմբեր, որոնց հանձնարարվել էր մինչև 2021թ. հոկտեմբերի վերջն ավարտին հասցնել ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները:

Պարոն Մակարյանն ընդհանուր գծերով խոսեց ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի հաստատմանը ներկայացված ՌԾ-ի նախագծի բովանդակության մասին: Նշվեց, որ այն ընդգրկում է մի շարք բաժիններ՝ «Առաքելություն», «Տեսլական», «Հիմնարար արժեքները», «Մասնաճյուղի ռազմավարական զարգացման խնդիրները», «Մասնաճյուղի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները», «Մասնաճյուղի ռազմավարական զարգացման շարժիչ ուժերը», «Համառոտ տեղեկատվություն ԵՊՀ ԻՄ-ի մասին», «Մասնաճյուղի ընթացիկ վիճակի վերլուծությունը», 3 նպատակները («Բարձրորակ կրթություն», «Գիտություն և նորարարություն», «Հանրային ներգրավվածություն»)՝ իրենց խնդիրներով հանդերձ:

Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄի զարգացման՝ 2022-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

Երրորդ հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ վերլուծելով կարգի կիրառական նշանակությունը՝ եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է կատարել որոշ փոփոխություններ գործող կարգում: Այդ փոփոխությունները վերաբերում են գլխավորապես հայտի բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին, որոնց միջոցով ավելի կոնկրետ և տեսանելի կներկայացվեն աշխատանքները՝ որպես գիտական հետազոտությունների ոլորտի շարունակություն:

Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ դեկտեմբերի 25-ի նիստի թիվ 48/5 որոշմամբ հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում գիտական դրամաշնորհների տրամադրման կարգում կատարված փոփոխությունները:

Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի անունից պարոն Մակարյանը շնորհավորեց բոլոր համալսարանականներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով, որ 2022 թվականը լինի խաղաղության, առողջության, բարեկեցության, նշանակալի ձեռքբերումների, մեծ նպատակների ու նվիրական իղձերի իրականացման տարի:

 

Մեր ուսանողները մասնակցեցին իսպաներենի և ֆրանսերենի անվճար առցանց դասընթացների

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ԱՄՆ-ում գործող “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության համագործակցության շնորհիվ մեր ուսանողները ստացան այլընտրանքային կրթության հնարավորություն:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության և մեր գործընկեր «Գլաձոր» համալսարանի 14 ուսանողներ 2021թ. օգոստոսի 2-ին սկսեցին իսպաներենի անվճար առցանց  դասընթացը արգենտինացի կամավոր Ալբերտո Սալվատիերայի հետ:

Այս կիսամյակի վերջին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Մարիամ Քոչարյանը և Ամալյա Հակոբյանը, «Գլաձոր» համալսարանի 3 ուսանողներ կարողացան հանձնել իսպանալեզու աշխարհին հայտնի Սերվանտեսի ինստիտուտի իսպաներենի A1 մակարդակի թեստը և ստանալ հավաստագրեր:

2022թ. հունվարին դասընթացը շարունակվելու է, և մեր ուսանողները մտադիր են հաղթահարելու նաև հաջորդ մակարդակը:

«ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները սեպտեմբերից սկսեցին խոսակցական ֆրանսերենի անվճար առցանց դասընթացը ֆրանսիացի կամավոր Ստեֆան Լևիի հետ:

Դասընթացավարը բավականին բարձր է գնահատել մեր ուսանողների ունեցած գիտելիքները ֆրանսերենից և Ֆրանսիայի պատմությունից ու մշակույթից:

Ե՛վ իսպաներենի, և՛  ֆրանսերենի դասընթացներին մասնակցած մեր ուսանողները մեծ հաճույքով են հիշում իրենց հետաքրքիր դասերը և հատկապես նշում են դասընթացավարների՝ իրենց աշխատանքին նվիրվածության մասին:

Կիսամյակի վերջին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը շնորհավորեց մեր ուսանողներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ և նրանց հանձնեց “AMVN” կազմակերպության համապատասխան հավաստագրերը:

Կլոր սեղան-քննարկում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 24-ին Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ «Զինվորական փառքի օր» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի դասախոսներ, գրադարանի աշխատակիցներ, «Պատմություն», «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:

Դեկտեմբերի 24-ին նշվում է Ռուսաստանի ռազմական փառքի օրը՝ Ա. Վ. Սուվորովի հրամանատարությամբ ռուսական զորքերի կողմից թուրքական Իզմայիլ ամրոցի գրավման օրը: Տոնը սահմանվել է 1995 թվականի մարտի 13-ի «Ռուսաստանի ռազմական փառքի օրերի մասին» դաշնային օրենքով:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մ.Զուրաբյանը Զինվորական փառքի օրվա առթիվ շնորհավորեց ներկաներին, նշեց, որ Ռուսաստանի պատմությունը հարուստ է նշանակալից իրադարձություններով. բոլոր դարերում սխրանքը, Ռուսաստանի զինվորների արիությունը, ռուսական զենքի հզորությունն ու փառքը եղել են ռուսական պետության մեծության անբաժանելի մասը: Կլոր սեղանի նպատակն է պահպանել ռուս զինվորների սխրագործությունների պատմական հիշողությունը, համախմբել ջանքերը երիտասարդության հայրենասիրական դաստիարակության համար:

ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի դասախոս և գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը խոսեց 1790 թվականի դեկտեմբերի 11-ին ռուսական զորքերի կողմից Իզմայիլ ամրոցի գրավման մասին: Ճակատամարտի ընթացքում ռուսական բանակը Ա. Վ. Սուվորովի հրամանատարությամբ տարավ փայլուն հաղթանակ, որի շնորհիվ արմատական փոփոխություն տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմում, ինչպես նաև Սև ծովում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման գործում: Ռուս հրամանատար, ռուսական ռազմական տեսության հիմնադիր, գեներալ-ֆելդմարշալ, գեներալիսիմուս, իր ժամանակի բոլոր ռուսական շքանշանների զորավար Ա.Սուվորովն իր կարիերայի ընթացքում չի պարտվել ոչ մի մարտում (99), բազմիցս բացարձակապես ջախջախել է հակառակորդի գերակա ուժերին: Ա.Վ. Սուվորովը պատերազմի արվեստի մասին իր տեսակետն ուրվագծել է «Հաղթանակի գիտություն» գրքում: Պատերազմի արվեստում գլխավորը, ըստ Սուվորովի, «աչքն էր, արագությունն ու գրոհը»: Աչքով նա հասկանում էր իրավիճակը գնահատելու, հակառակորդի պլանների մեջ ներթափանցելու և իր թույլ կողմերը գտնելու կարողությունը, որտեղ և պետք է հարվածել արագ ու անսպասելի: Սուվորովը կարծում էր, որ զորքերը պետք է կատարյալ պատրաստված լինեն: «Դժվար է սովորել, հեշտ է պայքարել». – մեկ անգամ չէ, որ կրկնել է նա: Ճակատամարտում համառություն՝ «գրոհ», կարող է դրսևորել միայն պատրաստված բանակը: «Նա, ով սիրում է իր հայրենիքը, մարդկության հանդեպ սիրո լավագույն օրինակն է», – նշել է Սուվորովը:

Եզրափակիչ խոսքում Մ.Զուրաբյանը ներկայացրեց Սուվորովի հայկական արմատները հաստատող հետաքրքիր տեղեկություններ (Սուվորովի մայրը՝ Ավդոտյա Մանուկովան, ծագումով հայ է): Ա.Սուվորովը մոտիկից ծանոթ էր հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներ կոմս Իվան Լազարևի (Հովհաննես Լազարյան) և իշխան Իոսիֆ Արգուտինսկու (Հովսեփ Արգուտյան) հետ: Սուվորովի ադյուտանտներից էր հայ Ակիմ (Հովակիմ) Խասատովը և այլք: Սուվորովն ակտիվ մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: