Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Փետրվարի 20-24-ը Հայաստանում հայտարարված է կրթության որակի շաբաթ

Փետրվարի 20-24-ը Հայաստանում հայտարարված է կրթության որակի շաբաթ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարում է կրթության որակի շաբաթ:
Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող որակի շաբաթվա նպատակն է թե կրթության ոլորտի ներկայացուցիչների, թե ղեկավար օղակների և թե հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա՝ քննարկելու առկա խնդիրները, կիսվելու լավագույն փորձով և ձևավորելու ապագայի ընդհանուր տեսլական:

Առաջիկա որակի շաբաթվա ընթացքում տեղի կունենան աշխատաժողովներ նվիրված ուսանողների, երիտասարդ դասախոսների, մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանության խնդիրներին, իսկ շաբաթը կամփոփվի  երկօրյա համաժողովով, որի թեման կլինի գնահատման համակարգերի բարելավումը:

Որակի շաբաթը կմեկնարկի փետրվարի 20-ին՝ ուսանողներին նվիրված աշխատաժողովով: Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի և արդյունավետ ուղիներ որոնելու համար:

Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից; աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց; մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ; բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:

ՈԱԱԿ-ը, կարևորելով դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 21-ի աշխատաժողովը կնվիրի երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը:  Աշխատաժողովի ընթացքում, քննարկումների միջոցով լուծման ուղիներ դուրս բերելու նպատակով, անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և կրեդիտների բաշխումը; ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը; միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև; գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ; որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ; դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող; որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը:

Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ:  Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Որակի շաբաթվա երրորդ օրը նվիրված կլինի մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությանը:  ՈԱԱԿ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կկազմակերպի աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ALIGN ծրագրի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը, գործընթացից քաղված դասերը:
Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին:

Որակի շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

Այս տարի մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին, գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի ընդհանուր պատկերի հստակեցմանը: ՈԱԱԿ-ը կարևորում է շահակիցների երկխոսությունը և փորձի փոխանակումը, գիտակցում գնահատման դերն որակի ապահովման գործընթացներում: Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ շահակիցների հետ քննարկումներում հատկապես շեշտվում է գնահատման համակարգի արդյունավետությունը և բարելավումը, ՈԱԱԿ-ը որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային հավատարմագրման գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները: Կլաստերային հավատարմագրման չափանիշները քննարկվեն նաև երկու աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների և դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ:
Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաև «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին:

Տեղի կունենա շահակիցների քննարկում «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով:
Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:
Կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի գործունեության մեկնարկը:

Համաժողովի ընթացքում կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը:

Կրթության որակի շաբաթվա վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 229 145 հեռախոսահամարով կամ գրել info@anqa.am էլ. փոստին:

Աղբյուրը՝ http://www.anqa.am

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 22-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:   

ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ

ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Երկիր ՀԿ-ն և Ֆրանսիական ինստիտուտը հրավիրում են մասնակցելու  Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը Հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում Թուրքիայի, Հայաստանի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի դիտանկյունից  թեմաներով բանավեճին:

Ուրբաթ՝ փետրվարի 17-ին, ժ. 14.00, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ա դահլիճում, հասցեն՝ Երևան 0037, Դավիթ Անհաղթի 10:

Համաժամանակյա թարգմանություն ֆրանսերեն/հայերեն:

Տեղերի սահմանափակության պատճառով խնդրում ենք գրանցվել ոչ ուշ, քան 2017 թ. փետրվարի 15-ը հետևյալ հղումով՝  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSelC-sPkPjEvsZWajmNk8wKMGzKPA0b-j7Fsp0nI867muWfog/viewform

Տեղեկատվական թերթիկ (հայերեն)

Տեղեկատվական թերթիկ (անգլերեն)

Աղբյուրը՝ http://youthcanal.do.am

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

crrc

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրված երիտասարդ հասարակագետ հետազոտողների մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրի:

ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի նպատակը կառավարման ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում հանրային մասնակցության աստիճանի բարձրացումն է: Տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցությունը բազմակողմանիորեն բացահայտելու համար ՀՌԿԿ-Հայաստանը 2015թ. հուլիսին հանրապետության ողջ տարածքում անցկացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, իսկ 2016թ. տրամադրել փոքր դրամաշնորհներ այդ ուսումնասիրության և այլ տվյալների հիման վրա հետազոտական աշխատանքներ կատարելու համար:

Հետազոտության նպատակը

Դրամաշնորհի նպատակը հավաքագրված տվյալների միջոցով տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությանը նպաստելն է: Ընտրված դիմորդները հնարավորություն կստանան ուսումնասիրելու ՀՌԿԿ-Հայաստանի կողմից հավաքագրված տվյալադարանները, այլ նյութեր և ներկայացնելու իրենց հետազոտության արդյունքները շահագրգիռ կողմերին:

Ով կարող է դիմել

Ծրագիրը բաց է «Հանրային կառավարում»,«Քաղաքագիտություն», «Տնտեսագիտություն», «Սոցիոլոգիա» և այլ հարակից մասնագիտությամբ ուսանողների, երիտասարդ դասախոսների, ՏԻՄ ոլորտի վերլուծաբանների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների համար: Առաջնությունը կտրվի տեղական ինքնակառավարման ոլորտում հետազոտական փորձ կամ հրապարակում ունեցողներին: Հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը, անգլերենի և վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթների (օրինակ՝ STATA, SPSS) իմացությունը խիստ ցանկալի է:

Հետազոտական ծրագրերի տևողությունը, բյուջեն, ծրագրերի իրականացման աջակցությունը

Յուրաքանչյուր հետազոտական ծրագրի իրականացման տևողությունը կարող է լինել մինչև չորս ամիս և ընտրված հինգ դրամաշնորհառուներից յուրաքանչյուրին կտրամադրվի համախառն 100.000 ՀՀ դրամ՝ աշխատած յուրաքանչյուր ամսվա համար:

Մրցույթով ընտրվածները կարող են մասնակցել տվյալների վերլուծության դասընթացի, օգտվել ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմի խորհրդատվությունից, օգտագործել առկա հետազոտական ռեսուրսները և հավաքագրված տվյալները, ստանալ աջակցություն հետազոտության արդյունքները հանրայնացնելիս:

Ակնկալվող արդյունքները

Ծրագրի ավարտին հետազոտողները պետք է ներկայացնեն վերլուծական նյութ (10 էջի սահմաններում)՝ որպես աղբյուր օգտագործելով ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում հավաքագրված տվյալները, այլ տվյալադարաններ, տարբեր հրապարակումներ, օրենսդրական ակտեր, ինչպես նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող զանազան հետազոտական նյութեր: Հետազոտության արդյունքները և առաջարկությունները կներկայացվեն ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում, ինչպես նաև շահագրգիռ կողմերին, օրինակ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլոց:

Դիմելու ձևը

Եթե հետաքրքրված եք դրամաշնորհային ծրագրով և համապատասխանում եք վերոնշյալ չափանիշներին, ապա խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական նախագիծը՝ մինչև 4 էջ, fellowship@crrc.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայի տողում նշելով «ՀաՄաՏեղ» փոքր դրամաշնորհ: Հետազոտական նախագծերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզվով և պետք է ներառեն հստակ ձևակերպված հետազոտական խնդիրը և հարցերը, մեթոդաբանությունը, աղբյուրները, աշխատանքի պլանը և ժամանակացույցը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Արմենուհի Վանոյանին fellowship@crrc.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև զանգահարելով՝ (+374-10) 57 48 68 (ներքին՝ 108) հեռախոսահամարով:

Ծրագրի մասին

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Աղբյուրը՝ www.crrc.am

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայտարարում է էսսեի համահամալսարանական մրցույթ

էսսեների մրցույթ

ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայտարարում է էսսեի համահամալսարանական մրցույթ՝  հետևյալ  թեմաներով.

  1. «Հարազատ  կրթօջա՛խ  իմ՝  ԵՊՀ  ԻՄ»,
  2. «Բարություն»,
  3. «Զրույց  զինվորի  հետ»:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ. մարտի 31-ը աշխատանքները ներկայացնել Հայոց լեզվի և գրականության ամբիոն:

Լավագույն աշխատանքները կխրախուսվեն: