Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը

1․ գլխավոր 2024 թ. փետրվարի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը պաշտպանությունից առաջ ողջունեց ապագա մագիստրոսներին և հանձնաժողովի անդամներին՝ նրանց ցանկանալով հաջող և արդյունավետ պաշտպանություն:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ․գ․թ․, դոցենտ Լուիզա Միլիտոսյանը:

Աշխատանքներն իրականացվել էին համաձայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի։ 

Ըստ արդյունքների՝ պաշտպանությանը մասնակցող 13 ուսանողներից 8-ը գնահատվել է «գերազանց», 5-ը՝ «լավ»:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքով՝ պաշտպանությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, ապահովված էին բոլոր պայմանները բնականոն ընթացքի համար: Ընդհանուր առմամբ բոլոր աշխատանքներում տեսական, գործնական և հետազոտական արդյունքները արժանահավատ և հիմնավորված էին: Հետազոտության արդյունքները մշակված էին և արտահայտված տրամագրերում՝ համապատասխան որակական վերլուծություններով:

Մագիստրոսական թեզերի թեմաները հետաքրքիր էին, արդիական, մասնագիտական որակավորմանը համապատասխան: Դրանք շարադրված էին գիտական լեզվով, պահանջների համաձայն:

Որոշ աշխատանքներ կարող են հետագայում ունենալ իրենց զարգացումը՝ խորացնելով հետազոտությունը ուսումնառության հաջորդ մակարդակում:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն արել է հետևյալ նկատառումները և դիտարկումները.

  • Որոշ դեպքերում հետազոտության նպատակը և խնդիրները հստակ ձևակերպման կարիք ունեին:
  • Ցանկալի է օգտագործել նաև հայալեզու մասնագիտական գրականություն՝ ներառելով նորագույն հետազոտություններ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2024 թ. շրջանավարտներին, նրանց ցանկանում մասնագիտական առաջընթաց և հաջողություններ, ձեռք բերված գիտելիքների, կարողությունների և հմտությունների նպատակային և արդյունավետ կիրառում:

Հրապարակվել են 2023-24 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները

ԵՊՀ ԻՄ (9) (1) Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կմեկնարկեն ս.թ. փետրվարի 7-ից:

Դասացուցակները, ըստ ֆակուլտետների, տեղադրված են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքէջում.

Մաղթում ենք նոր ուսումնական կիսամյակի բարի մեկնարկ, բեղուն և արդյունավետ գործունեություն բոլորիս:

Տնօրենության նիստ

1․ գլխավոր 2024 թ. հունվարի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ 6 օրակարգային  և 2 ընթացիկ հարցերով:

Նիստում մասնավորապես քննարկվեցին 2024-2025 ուստարվա ԵՊՀ ԻՄ ուսման վճարների չափերին, 2023-2024 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությանը, 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաներին և 2-րդ կիսամյակի պրակտիկաների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հաղորդումներ ներկայացվեցին 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման, 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների, տնօրենության նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին:

Առաջին հարցի կապակցությամբ նշվեց, որ թեև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի որոշ կրթական ծրագրերի համար իրականացվող ծախսերը գերազանցում են ուսման վարձավճարների չափերին, այնուամենայնիվ փոփոխություններ կատարելիս անհրաժեշտ է առավելագույնս հաշվի առնել տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը և սահմանամերձ մարզին բնորոշ այլ հանգամանքներ: Ըստ այդմ՝ որոշվեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին առաջարկել ոչ մեծ չափով փոփոխություններ իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա ուսման վճարների չափերում:

Երկրորդ հարցի մասին նշվեց, որ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 32 է, հեռակա ուսուցման համակարգում՝ 15:

Առկա ուսուցման համակարգում հետազոտական աշխատանքների ընդհանուր թիվը պետք է լիներ 382, որից 273-ը՝ եզրափակիչ գնահատումով, 109-ը՝ առանց եզրափակիչ գնահատման:

Հեռակա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ ունեցող դասընթացների թիվը 15 է, որից 13-ը եզրափակիչ գնահատումով է, 2-ը՝ առանց եզրափակիչ գնահատման: Եզրափակիչ գնահատմամբ աշխատանքների թիվը պետք է լիներ 245, առանց եզրափակիչ գնահատման դեպքում՝ 21:

Մյուս հարցի վերաբերյալ նշվեց, որ 2023-2024 ուստարվա ընթացքում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 13 պրակտիկա՝ 4 ուսումնական (առկա ուսուցում), 6 արտադրական /մանկա­վար­ժա­կան/ (չորս՝ առկա ուսուցում, երկու՝ հեռակա ուսուցում), 2 մասնագիտական (հեռակա ուսուցում) և 1 գիտամանկավարժական (հեռակա ուսուցում):

Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի և մասնագիտական ամբիոնների կողմից Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին ներկայաց­ված ծրագրերի:

Երկրորդ կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների,  նախատեսված է 33 պրակտիկա (20-ը՝ առկա ուսուցման համակարգում, 13-ը՝ հեռակա): Առայժմ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են առկա ուսուցման պրակտիկաների համար: Կատարվել է թափուր ժամերի բաշխում (զեկուցագիր գրվել է Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից), բոլոր ծրագրերը ներկայացվել են Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին, կատարվել է պրակտիկաների իրականացման վայրերի քննարկում:

2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի I լուծարքային շրջանի կազմակերպման մասին նշվեց, որ այն կիրականացվի ս.թ. փետրվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում: Լուծարքների անցկացման նպատակով հատկացվել են տեսախցիկներով կահավորված լսարաններ, պատրաստվել են առարկայական հանձնաժողովների կազմերը և ժամանակացույցները:

Հաջորդիվ ներկայացվեց, որ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերն սկսելու համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ կապված կազմակերպման ժամանակացույցի, դասացուցակների կազմման, դասամատյանների տրամադրման և այլնի հետ:  Արդեն պատրաստ են դասացուցակները, հաստատվելուց հետո սեղմ ժամկետներում կտեղադրվեն կայքում, դրանց մասին կիրազեկվեն դասախոսները և ուսանողները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է ս.թ. փետրվարի 7-ից սկսելու երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասապրոցեսը:

Տնօրենության նախորդ նիստերի որոշումների կատարողականին անդրադառնալիս նշվեց, որ ընդունված որոշումներն իրականացվում են:

Բացակայությունների թույլատրելի սահմանը հատած ուսանողների հետ իրականացված խորհրդատվական և բացատրական աշխատանքներից հետո որոշակիորեն բարելավվել է դասապրոցեսին նրանց մասնակցության ընդհանուր վիճակը:

Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ նշվեց, որ մասնաճյուղում իրականացվում է 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման համար դիմումների ընդունելության գործընթացը. առկա ուսուցման համակարգի համար այն կտևի մինչև ս.թ. փետրվարի 21-ը, հեռակա ուսուցման համար՝ մինչև մարտի 12-ը:

Այս պահին իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 նախկին ուսանողներ (2-ը՝ առկա ուսուցման, 2-ը՝ հեռակա): Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Որոշվեց ԵՊՀ ԻՄ 4 նախկին ուսանողներին թույլատրել վերականգնելու իրենց ուսանողական իրավունքները:

Վերջին ընթացիկ հարցի կապակցությամբ որոշվեց 120 ժամ և ավելի անհարգելի բացակայության պատճառով առկա ուսուցման համակարգի 1 ուսանողի հեռացնել մասնաճյուղից:

Մեր ուսանողուհուն տրվեց Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակ

asdd ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ հանդիպում, որի ընթացքում Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակը հանձնվեց, և շնորհավորանքներ ուղղվեցին ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի Նազելի Եսայանին:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ս.թ. հունվարի 25-ին Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնը` Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ընթացքում Հայաստանում գործող համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետի 2023 թվականին իրենց ուսումնառությամբ առանձնացած 16 ուսանողները ստացան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:

d99a580a-0091-4e46-be9c-1b32421b4c79

Լավագույն ուսանող ընտրելու առաջարկ էր ուղարկվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: Ի պատասխան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ուղարկած հրավերի՝ ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից «Տարվա լավագույն ուսանող» միջոցառման պարգևատրման համար ներկայացվել էր «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Գարիկի Եսայանի թեկնածությունը՝ նկատի ունենալով մարզի դպրոցներում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի հանրայնացման ուղղությամբ նրա կատարած կամավորական աշխատանքները, առաջադիմությունը, ուսանողական գիտական և հասարակական կառույցներում նրա ունեցած  ակտիվությունը:

«Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Նազելի Եսայանին շնորհվել է դիպլոմ և խրախուսական մրցանակ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Նազելի Եսայանին, նրան մաղթում ուսման մեջ և կյանքում նոր ձեռքբերումներ և շարունակական վերելքներ:

Այսօր Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է

ԵՊՀ ԻՄ (4) 2024 թ. հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի օրն է, որի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք հայ ագին, մեր բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայական անձնակազմ…

Բանակի օրը հնարավորություն է վերստին հիշելու և արժևորելու, մեր խորին խոնարհումն ու երախտագիտությունն արտահայտելու բոլոր ազատամարտիկներին, Հայոց բանակի ստեղծման և կայացման բոլոր երախտավորներին, հայրենի հողի սուրբ պաշտպաններին, բոլոր զինծառայողներին, մեր այն համալսարանականներին, ովքեր Արցախյան պատերազմների օրերին աննկուն պայքար մղեցին հանուն հայրենիքի, մեր երկրի պաշտպանության, հանուն սեփական հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր իրավունքի…

Հայոց բանակը ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվել է Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվել են վաշտեր: 1991 թ. կառավարության որոշմամբ ստեղծվել է նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն: 1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության մասին որոշում:

1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ:

1994 թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

Կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ Հայոց բանակին ցանկանում ենք հզորացում, բարձր մարտունակություն և հաղթանակներ, մեր բանակի քաջարի արծիվներին՝ փառք ու պատիվ, հաղթական ոգի և տոկունություն, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ…