Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամփոփելով 2013 թվականը

2013թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը վարում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Ներկա էին մասնաճյուղի գիտական խորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, աշխատակիցներ, ուսանողներ:

Քննարկվեցին մի շարք հարցեր: Տնօրենը ներկայացրեց 2012-2013 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ամփոփելով տարվա հիմնական  ձեռքբերումներն ու բացթողումները:

Դրական ձեռքբերումներից հատկանշական է փորձնական հավատարմագրման գործընթացում մասնաճյուղին տրված բարձր գնահատականը, կրթության որակի բարձրացման ուղղությամբ բաց դասերի գաղափարի արդյունավետ իրագործումը, առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելության ցուցանիշը:

Ս.Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթեց հաջողություններ, ընդգծեց, որ գալիք տարին մասնաճյուղի համար պիտի լինի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և գիտական առաջընթացի տարի:

Ուսումնագիտական զեկուցումներ «Սոցիալական մանկավարժության ժամանակակից հարացույցեր» թեմայով

2013թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» առարկայի շրջանակներում ներկայացրին ուսումնագիտական զեկուցումներ:

Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա. Հովակիմյանը:

Նպատակն էր ուսանողների մեջ ամրապնդել և զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ համապատասխան առարկայի շրջանակներում, ձևավորել մասնագիտական ինքնուրույն խոսք:

Քննարկվեցին սոցիալական մանկավարժության զարգացման նոր փուլի կանխատեսման բնութագրիչները, կարևորվեց սոցիալական մանկավարժության դերը մարդու և սոցիումի փոխհարաբերությունների կարգավորման, ներդաշնակ, արդյունավետ ուղիների բացահայտման գործում: Ընդգծվեց նրա կապը կյանքի, ամենօրյա սոցիալական պրակտիկայի և օբյեկտիվ իրականության հետ:

Հեռակա ուսուցման բաժինը շնորհավորում է

ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժինը շնորհավորում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության գալիք ամանորը` մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ:

Գիտական զեկուցումներ` «Սոցիալականացման սոցիալ-մանկավարժական հարացույցեր» թեմայով

Ս.թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն «Սոցիալականացման սոցիալ-մանկավարժական հարացույցեր» թեմայով գիտական զեկուցումներ:

ԵՊՀ ԻՄ-ի հոգեբանության և մանկավարժության ամբիոն

Բաց դասերի արդյունքները գոհացուցիչ էին

2013թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց տնօրենության նիստ, որտեղ ԿՈԱԳ բաժինը ներկայացրեց 2013թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնաճյուղում իրականացված բաց դասերի ամփոփման վերաբերյալ հաշվետվություն:

Մասնաճյուղում իրականացված բաց դասերի շարքը նպատակ ուներ ուսումնասիրել մասնաճյուղի դասախոսների կողմից կիրառվող դասավանդման մեթոդները, վերլուծել դասընթա­ցների վարման բովանդակային և տեխնիկական վիճակը:

Բաժնի մասնագետների կողմից մշակվել էին դասընթացի վարման գնահատման հետևյալ չափա­նիշները.

Դասի վարման մեթոդիկան.

  • Դասի արդյունավետ պլանավորում՝ դասընթացի թեմայի,  նրա կառուցվածքի, տրամաբանության հստակ ներկայացում,
  • Դասի նպատակների, խնդիրների և ակնկալիքների վերհանում,
  • Գիտելիքների մատուցման գիտական պատշաճ մակարդակի ապահովում՝ մասնագիտական համապատասխան տերմինների, գաղափարների, հիմնական հասկացությունների ներկայացման միջոցով,
  • Նյութի մատչելի մատուցում,
  • Խոսքի արտահայտչականության, շփման մեջ մտնելու ունակության առկայություն,
  • Ժամանակի և ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • Հիմնական եզրակացություններով դասի ամփոփում:

Ամրապնդման հնարների կիրառում.

  • ժամանակակից տեխնիկական միջոցների, դիդակտիկ և բաշխիչ նյութերի օգտագործում,
  • Դասընթացի ժամանակ հարցերի և խնդիրների առաջադրում,
  • Կատակային և բանախոսական Տարբեր հնարների կիրառում,
  • Ուսանողներին դասապրոցեսին անընդհատ ներգրավում՝  անհատական և խմբային հարցերի միջոցով:

Ուսանողների մասնակցության ղեկավարում.

  • Ուսանողների ուղղորդում՝  խնդրահարույց հարցեր ձևակերպելու,  մատուցելու, լուծելու գործում,
  • Հարցադրումների միջոցով ուսանողների մեջ  փաստերը վերլուծելու, դրանց  քննադատաբար վերաբերվելու ունակությունների  ձևավորում,
  • Լսարանի արձագանքին հետևելու կարողություն:

Կարգապահության պահպանման հնարների կիրառում.

  • Լսարանում կարգապահության ապահովում:

Ամփոփելով բաց դասերի արդյունքները` ԿՈԱԳ բաժինն արձանագրեց, որ մասնաճյուղի դասախոսներն ունեն դասընթացի արդյունավետ պլանավորման, ուսանողների հետ սերտ աշխատելու, տեխնիկական միջոցներով և բաշխիչ նյութերով աշխատելու մշակույթ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաց դասերն անց էին կացվում նախապես հաստատված գրաֆիկով, գրեթե բոլոր դասախոսները յուրահատուկ ձևով էին նախապատրաստվել դասին` կիրառելով դասավանդման տարբեր մեթոդներ: Ցանկալի կլինի, որ մեր դասախոսները, հնարավորության դեպքում, այդ մեթոդները կիրառեն բոլոր դասերի ժամանակ: Այն բոլոր դասախոսները, որոնք լավ տիրապետում էին դասի արդյունավետ վարման ժամանակակից մեթոդներին, ինչ-որ ձևով անցել էին մեթոդական վերապատրաստումներ:

Վերլուծության արդյունքների հիման վրա նեկայացնում ենք դասավանդման և ուսումնառության գործընթացի դրական կողմերը.

  • դասախոսություններն ապահովում էին անհրաժեշտ գիտական մակարդակ, ընդգրկում էին վերլուծական, քննադական և համեմատական տարրեր` անհրաժեշտ դեպքերում հագեցած փաստերով,
  • դասապրոցեսներն  անցնում էին պլանով՝ պահպանելով թեմայի կառուցվածքը, ներկայացվում էին դասի նպատակները, խնդիրները և ակնկալիքները,
  • դասախոսներն ունեին խոսքի մշակույթ, ինքնավստահ էին,
  • դասախոսները տրամադրում էին բաշխիչ նյութեր, դասախոսությունների սղագրեր,   անհրաժեշտ գրականության ցանկ, հետևողական էին ուսանողների գրառումներին,
  • կարողանում էին լսարանի ուշադրությունը պահել մինչև դասի վերջը, ստեղծել քննարկումների համար անկաշկանդ մթնոլորտ, ուղղորդում էին ուսանողներին՝ եզրահանգումներին հասնելու ինքնուրույն,
  • կիրառում էին ուսանողների հետ հետադարձ կապի մեխանիզմներ, մասնավորապես` էլեկտրոնային տարբերակը:

Մեր երիտասարդ դասախոսները չէին զիջում դասի արդյունավետ վարման իրենց հմտություններով և կիրառում էին դասավանդման ժամանակակից մեթոդներ:

Մասնավոր դեպքերում նկատվել են նաև ուսումնառության արդյունավետությանը խոչընդոտող թերություններ: Բաց դասերին գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը քիչ էր: Տեխնիկական առումով կարելի է նշել, որ որոշ լսարանների կահավորությունը համահունչ չէր տվյալ մասնագիտության և դասընթացի ոգուն ու պահանջներին:

Անվիճելի է, որ բաց դասերի անցկացման այս գործընթացը մի առաջընթաց քայլ է և նպատակ ունի բարձրացնել դասավանդման և կրթական ծառայությունների մատուցման որակը և արդյունավետությունը, ամրապնդել մասնաճյուղի նվաճումները:

ԿՈԱԳ բաժինը, ամփոփելով բաց դասերի արդյունքները, առաջարկում է.

  • դասախոսների համար մշակել դասի վարման օրինակելի սխեմա,
  • մշակել բաց դասերի անցկացման կանոնակարգ,
  • ավելացնել մասնաճյուղում լսարանների տեխնիկական հագեցվածությունը (մասնավորապես՝ նոր պրոյեկտորներով, ունենալ լինգաֆոնային լսարան),
  • կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ ժամանակակից մեթոդներով դասավանդման ձևերի ուսուցման նպատակով,
  • օգտագործելով մասնաճյուղի ներուժը` կազմակերպել տեխնիկական հնարավորություններով, բաշխիչ նյութերով, խմբերով աշխատելու ունակություններ ձեռք բերելու դասընթացներ,
  • դասախոսներին ուղղորդել ձևավորելու առարկայական case-փաթեթներ,
  • ամբիոնների ուշադրությունը հրավիրել դասընթացների ծրագրերում մասնագիտության կրթական վերջնարդյունքի ձևավորման գործընթացում տվյալ դասընթացի հիմնավորվածության, նրա արդիականության, միջառարկայական կապերի  և պրակտիկ կիրառության վրա,
  • մշակել հարցաշարեր դասախոսի և ուսանողի համար՝ բաց դասի արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Ներկայացված առաջարկները նպատակ ունեն դասախոսների նպատակային գործունեության միջոցով յուրաքանչյուր դասի, թեմայի, դասընթացի շրջանակներում ուսանողին շահագրգռել հաճախելու դասընթացին, վստահություն ներշնչել մասնագիտության պահանջվածության  և իր կրթական վերնարդյունքների ձևավորման գործում դասընթացի կարևորության ու դերի նկատմամբ: