Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

ԵՊՀ ԻՄ (13) ԵՊՀ ԻՄ-ի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մասնաճյուղում «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը երկարաձգվել է։

Մասնակցության հայտերը կարող եք  մինչև ապրիլի 1-ը ուղարկել առցանց՝ հետևյալ հղումով կամ թղթային տարբերակով ներկայացնել Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին։

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի առնվազն 4 և մագիստրատուրայի առնվազն 2 կիսամյակ սովորած այն ուսանողները, ովքեր ունեն հետևյալ ձեռքբերումները․

  • բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 16 և բարձր),
  • ներգրավվածություն գիտական աշխատանքներում,
  • մասնակցություն ներհամալսարանական և արտալսարանային կյանքին,
  • արտահամալսարանական ակտիվություն (մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողություններ)։

Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են․

  1. պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագրեր (մասնագիտական ամբիոնից երկու բնութագիր),
  2. ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության կողմից տրված բնութագրերը,
  3. տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
  4. ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
  5. արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
  6. այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք լավագույնս կներկայացնեն մրցույթին մասնակցող ուսանողի ձեռքբերումները։

Մրցույթի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։

Բադմինթոնի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

1. գլխավոր

2024 թ. մարտի 7-ին մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված բադմինթոնի՝ աղջիկների և կանանց բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի կանանց՝ բադմինթոնի սիրողական խումբը, Իջևանի մարզադպրոցի բադմինթոնիստները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

Առաջնության կազմակերպման նպատակն էր մարզի բնակիչներին խթանել վարելու առողջ ապրելակերպ, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, մասսայականացնել սպորտը մարզում:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ կանանց տոնի առթիվ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին, անդրադառնալով բաց առաջնության կազմակերպման նպատակին և կարևորությանը, մասնակիցներին և ներկաներին մաղթելով հաջողություն և դիտարժան խաղ: 

Մրցապայքարը գեղեցիկ էր և հետաքրքիր:

Իրենց վարպետությամբ աչքի ընկան Իջևանի մարզադպրոցի սաները, որոնց գրեթե չէր զիջում Դիլիջանի կանանց՝ բադմինթոնի սիրողական խումբը:

Հանդիպեցին Անիտա Արզումանյան–Օֆելյա Խեչյան և Իննա Ալավերդյան–Սիրանուշ Կիրակոսյան զույգերը: Հաղթողները խաղացին առաջին տեղի համար, պարտվողները՝ երրորդ:

Մրցանակային տեղեր գրավեցին Իջևանի մարզադպրոցի բադմինթոնիստները:

Առաջնության հաղթող ճանաչվեց Սիրանուշ Կիրակոսյանը:

Երկրորդ տեղը գրավեց Անիտա Արզումանյանը, երրորդ տեղը՝ Իննա Ալավերդյանը:

Հաղթողները ԵՊՀ ԻՄ տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Սերգեյ Ազարյանի գրքի շնորհանդեսը

1. գլխավոր

2024 թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանի “Дорога их жизни” եռահատորյակի շնորհանդեսը:

Սերգեյ Ազարյանը, լինելով գիտնական-մանկավարժ, ընթերցողի սեղանին է դրել “Дорога их жизни” եռահատոր վեպը, որի հիմքում ընկած են գլխավոր հերոսներ Միհրանի (Միրո) և Ստարիկի (Սերգեյ) կյանքն ու հետախուզական գործունեությունը: Վեպի գործողությունները հիմնված են Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող փաստական իրողությունների վրա, և դրանում բացահայտված են տարբեր հատուկ ծառայությունների աշխատանքի և գործողությունների հետաքրքիր դրվագներ:

Գրքի շնորհադեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով․ «Այսօր ընթերցողի սեղանին է դրված գրող, գիտնական, մանկավարժ Սերգեյ Ազարյանի եռահատոր վեպը, որտեղ հեղինակն անդրադարձել է 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետախուզության և հակահետախուզության գործողություններին՝ հիմքում դնելով իր հոր՝ հետախույզ Ամիրխան Ազարյանի կյանքի և մասնագիտական ծառայության վիպականացված դրվագները»:

Սերգեյ Ազարյանի գրական ստեղծագործության առանձնահատկություններին անդրադարձավ բանասեր, լրագրող Վարդան Բաղդասարյանը՝ նշելով. «Տարիներ առաջ Արարատի մարզի Ոսկետափի միջնակարգ դպրոցում հանդիպեցի նոր տնօրենին: Հետագայում պարզվեց, որ այդ օրը ծանոթացել եմ գիտնական Սերգեյ Ազարյանի հետ, իսկ այսօր հպարտ եմ, որ ընկերն եմ գրող Սերգեյ Ազարյանի, որի գրական հայացքների աջակիցն եմ: Երբ գրքի առաջին հատորն արդեն պատրաստ էր, Ազարյանին առաջարկեցի այն հրատարակել Սանկտ Պետերբուրգում, որտեղից շուտով եկավ դրական պատասխանը, և առաջին հատորը տպագրվեց ավելի քան 5000 օրինակով: Գիրքը հեռու է գրական ձևախեղումներից, այստեղ մեծ է հեղինակի երևութական աշխարհն ու հերոսակերտման ընթացքը: Կարծում եմ՝ գիրքը միջոց է Հայրենական մեծ պատերազմը ըմռնելու և մեր՝ հայերիս դերակատարումը հաղթանակի գործում արժևորելու համար»:

Հաջորդիվ ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս Հովհաննես Ներզեթյանը՝ իր խոսքում նշելով, որ յուրաքանչյուր ստեղծագործող և ստեղծագործություն ծնվում են բարուց և սիրուց, եթե Սերգեյ Ազարյանը ծնողական մեծարանքի և սիրո պակաս ունենար, բնականաբար չէր կարող ընթերցողին հասանելի դարձել իր հետախույզ հոր վիպականացված կերպարը:

ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ս․ Ազարյանին և ներկա գտնվող հյուրերին՝ մասնաճյուղում գրական շունչը մշտապես կենդանի պահելու համար: Նա մասնավորապես նշեց․ «Գիրքն ընթերցվում է բավականին հեշտ, և ընթերցողին հատկապես գրավում են առանձին դետալային մանրամասները: Գրքի հեղինակը մաթեմատիկոս է, և դա հատկապես զգացվում է որոշ իրադարձությունների, տեղանունների, դեպքերի վայրերի և ժամանակի պահերի հստակ ներկայացումներից: Շնորհակալ եմ հեղինակին՝ ոչ միայն որպես մասնաճյուղի դասախոսի, այլև գրողի, ով իր գաղափարներն ու պատկերացումները փոխանցում է ուսանողներին, իսկ մենք՝ որպես ավանդապահ, գրքասեր հասարակության ներկայացուցիչներ, պատրաստ ենք հաջորդիվ ևս քննարկման դնել և արժևորել Սերգեյ Ազարյանի ապագա գործերն ու ստեղծագործությունները»:

Այնուհետև հանդես եկավ գրքի հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի ներկաներին, բանախոսներին և կազմակերպիչներին: Սերգեյ Ազարյանն ընդհանուր գծերով անդրադարձավ իր երկի ստեղծման դրդապատճառին, հիմնական գաղափարին ու կերպարներին՝ ընդգծելով․ «Միայն հորս կյանքի մայրամուտին եմ իմացել իր հետախույզ լինելու մասին: Հայրս ֆանտաստիկ գիտելիքների և մտքի տեր անձնավորություն էր, տիրապետում էր յոթ լեզուների, հետախուզական ծառայություն էր իրականացրել աշխարհի 96 երկրում: Այս եռահատորյակով վիպականացրել եմ իր օրագրի գործողություններն ու հերոսներին, քայլել նրանց ճանապարհով, կիսել նրանց ճակատագրի սայթաքումներն ու վերելքները: Կարծում եմ՝ գիրքը հետաքրքիր է, հեշտ ընթեռնելի և ամենակարևորը՝ ուսուցողական: Կերպարները նվիրված են իրենց հայրենիքին, իրենց կոչմանն ու պատվին»:

Շնորհանդեսի վերջում ունկնդիրները հարցեր և շնորհակալական խոսքեր ուղղեցին հեղինակին:

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՄԱՐՏԻ 8

ԵՊՀ ԻՄ (23)

Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով նրանց անսահման սեր և երջանկություն, կանացի անխոնջ գեղեցկություն և հմայք, գարնանային գունեղ տրամադրություն, ամենայն բարիք:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ցանկանում ենք, որ լինեք միշտ սիրված և գնահատված, պարուրված ջերմ հոգատարությամբ և ձեր մեջ ամփոփած լույսն ու ջերմությունը, սերն ու բարությունը քնքշորեն սփռեք ձեր շուրջը, գարնան շնչով ու գեղեցկությամբ համակեք աշխարհն ու մարդկանց…

 

Տոնի նախապատմությունը

Ամբողջ աշխարհում մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857 թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857 թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908 թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909 թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910 թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911 թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:

1914 թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965 թվականից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

ԵՊՀ օլիմպիադա 2024

ԵՊՀ ԻՄ (21)

2024 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանն Իջևանի մասնաճյուղում անցկացնելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական առարկաներից (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն):

Լրացուցիչ կրթական առարկաներից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին:

 «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Յուրաքանչյուր աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից:

Օլիմպիադայի մասնակիցները ապրիլի 6-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց (Իջևանյան փող․, շենք 8, Տավուշի մարզպետարանի հարևանությամբ):

Դպրոցների տնօրեններին խնդրում ենք, որ մինչև մարտի 15-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անունը, հայրանունը, ազգանունը, դասարանը և այն ուղարկել հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք․ Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ․՝ 096987654, 096557556):

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլ․փոստով՝ vahan.aghababyan@ysu.am հասցեին:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

 

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (09698765–Vivacell, 096557556–Beeline):