Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2024 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

1.գլխավոր2024 թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը և փոխդեկան, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Վահագն Չոբանյանը, շնորհավորելով ԵՊՀ ԻՄ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երրորդ տարվա շրջանավարտներին, նրանց հղեցին բարեմաղթանքներ:

Սերունդների կրթության և դաստիարակության գործում ընդգծելով մանկավարժի դերն ու կարևորությունը՝ նրանք համոզմունք հայտնեցին, որ շրջանավարտներն իրենց ստացած գիտելիքների ու կարողությունների նպատակային կիրառությամբ, իրենց մանկավարժական գործունեությամբ բարձր կպահեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունն ու հեղինակությունը, արժանապատվորեն ու հպարտությամբ կկրեն համալսարանականի կոչումը:

Պարոն Մակարյանը, մագիստրոսներին մաղթելով բարի երթ և կանաչ ճանապարհ, հավելեց, որ ուսումառությունն ավարտել չի նշանակում ընդհատել կապը հարազատ բուհի հետ, որ համալսարանի դռները միշտ բաց են բոլոր շրջանավարտների առաջ, և բուհի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը սիրով սպասում, ուրախանում և հպարտանում են նրանց մասնագիտական հաջողություններով:

«Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության այս տարվա շրջանավարտ Սեդա Ոսկանյանը խորին շնորհակալություն հայտնեց բուհի թե՛ ղեկավարությանը և թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ բազմակողմանի գիտելիքներ ստանալու, ժամանակակից մանկավարժական մեթոդներին տիրապետելու, իրենց աշխարհայացքի ձևավորման և մտահորիզոնի ընդլայնման համար և շեշտեց, որ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայում ուսումնառությունը մեծ ձեռքբերում է իրենց կյանքի ճանապարհին և մասնագիտական նոր առաջընթացի սկիզբ կդառնա:

Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2023-2024 ուստարվա 13 շրջանավարտներից 7-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում

ԵՊՀ ԻՄ  (1)Հարգելի՛ համալսարանականներ, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2024 թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 57 լսարանում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում, որը կվարի Պրեշովի համալսարանի սլավոնագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Պետրիկովան:

Սիրով հրավիրում ենք:

Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը

1. glxavor2024 թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:

Օլիմպիադան, որն ինտելեկտուալ մրցույթ է բուհի դիմորդների միջև, նախատեսված էր անցկացնել հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետություն և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն»): «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր իրականացնել մեկ փուլով՝ ապրիլի 6-ին:

Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 12-րդ դասարանի 153 աշակերտ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու Վահան Աղաբաբյանը, մասնակիցներին ողջունելով, նրանց ներկայացրեց անցկացման կարգը և հաջողություն մաղթեց գիտելիքների այս ստուգատեսում:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:

Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում մեր ուսանողը կրթություն է ստացել Լեհաստանում

IMG-20240110-WA0046

Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում 2023 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Մելիքբեկյանը ակադեմիական կրթություն է ստացել Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում (ք. Սլուպսկ):

Մեկնումը Լեհաստանի Սլուպսկ քաղաք կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին: Լեհաստան ժամանելուց հետո կապ է հաստատվել Սլուպսկ քաղաքի էրազմուսի գրասենյակի, ապա գրասենյակի աշխատակիցների աջակցությամբ՝ համալսարանի կոորդինատորների հետ: Ծրագրով ուսումնառողները կոորդինատորների օգնությամբ ստացել են տվյալ կիսամյակում ուսուցանվող վերջնական հստակեցված առարկայացանկը, որից հետո կազմել են նոր ուսումնառության համաձայնագիր` ըստ առկա առարկաների: Համաձայնագրի վերջնական հաստատումից հետո նրանք անցել են ուսումնառության բնականոն ընթացքին: Միևնույն ժամանակ ծրագրի մասնակիցները Էրազմուսի գրասենյակի և իրենց կցված ավագ ուսանողների օգնությամբ զբաղվել են ժամանակավոր կացության, ուսանողական քարտերի, կրթաթոշակի և փաստաթղթաբանության այլ հարցերով:

2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում Վիկա Մելիքբեկյանն ուսանել է հետևյալ առարկաները՝ «Գործնական անգլերեն»,  «Խոսակցական անգլերեն», «Անգլերեն դասավանդման մեթոդներ», «Հանրային խոսք», «Լեհերեն», «Գերմաներեն»:

«Հանրային խոսք» առարկայի համար հատուկ խումբ է ձևավորվել Էրազմուս և փոխանակման ծրագրերի ուսանողների համար: Դասերի ընթացքում ուսումնասիրել են հանրային խոսքը տեսականորեն, լավագույն խոսնակների օրինակները, պրակտիկ խաղերի և մեթոդների օգնությամբ հիմնավորել են ստացած գիտելիքները: Յուրաքանչյուր շաբաթ ուսանողները հանդես են եկել հանրային խոսքով` նախապես պայմանավորված թեմաների շուրջ:

Գործնական անգլերենի դասերն անցել են շատ պրակտիկ՝ համեմված ամենատարբեր լսողական և խոսակցական մեթոդներով: Խոսակցական անգլերենի դասերի ընթացքում շեշտը դրվել է յուրաքանչյուր ուսանողին դասերի ընթացքում խոսելու հնարավորություն տալու վրա:

«Դասախոսներից մեկի հիմնական մեթոդը նախապես արդի խնդրահարույց թեմա ընտրելն էր և դասի ընթացքում դրա շուրջ ընդգրկուն քննարկում կազմակերպելը: Մյուս դասախոսը շատ էր օգտագործում նկարի նկարագրման մեթոդը: Ստանում էինք նկար և պետք է տեղում 3 րոպե նկարագրեինք նկարը: Երբեմն բաժանվում էինք 2-ական խմբերի, և ուսանողներից մեկը պետք է նկարը մյուսին նկարագրեր այնպես, որ վերջինս կարողանար նկարել այն: Որոշ դասերի ընթացքում միացվում էր երաժշտություն, և պետք է խոսեինք, թե ինչ մտքեր, հիշողություններ, պատկերացումներ ենք ունենում երաժշտությունը լսելու ընթացքում: Ստանում էինք թեմատիկ բառապաշար և յուրաքանչյուր շաբաթ ունենում էինք թեստեր», – մանրամասնում է Վ. Մելիքբեկյանը:

Անգլերեն դասավանդման մեթոդների ուսումնասիրման ժամանակ  ուսանողներն անցել են լեզու դասավանդելու գործընթացում թեստավորման տարբեր մեթոդները և օգտագործվող թեստերի բոլոր տեսակները, տարբեր ուսանողներին մոտեցման տարբեր մեթոդները, լսարանի կառավարման մեթոդները և այլն: Ունեցել են գործնական առաջադրանքներ, ինքնուրույն պատրաստել են տարբեր տեսակի թեստեր ուսանողների և աշակերտների համար: Իրավիճակային սիմուլյացիաներ են ունեցել, թե ինչպես պետք է վարվել խնդրահարույց լսարանների հետ առնչվելիս: Ուսումնասիրել են լավագույն փորձը:

Ուսանողները լեհերեն և գերմաներեն անցել են սկսնակ մակարդակից համակարգչային լսարաններում` հագեցած լսողական, վիրտուալ առաջադրանքների բոլոր հարմարություններով, ունեցել են խմբային խաղեր, առաջադրանքներ` տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով:

Կիսամյակի ընթացքում ուսանողները մասնակցել են համալսարանում կազմակերպված իրենց տեղական տոներին, Էրազմուս ծրագրով կազմակերպված թատրոնի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցների ներգրավմամբ: Ժամանակ առ ժամանակ ուսանողների համար կազմակերպվել են համերգներ և՛ համալսարանի, և՛ Էրազմուսի գրասենյակի կողմից:

«Լեհաստանում սովորելու ընթացքում ծանոթացել ենք ոչ միայն լեհական, այլև շատ այլ եվրոպական երկրների մշակույթին՝ շփվելով տարբեր երկրներից եկած և Լեհաստանում սովորող ուսանողների հետ: Ձեռք եմ բերել միջազգային ընկերներ, ինչը շատ եմ կարևորում: Այս փորձառության ընթացքում, բացի մասնագիտական գիտելիքներից, զարգացրել եմ նաև անձնային շատ հատկանիշներ` ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում, շփման, արագ կողմնորոշման, հարմարվողականության հմտություններ և այլն: Ազգային տոների համար նախատեսված արձակուրդների ժամանակ հասցրել եմ ճանապարհորդել մի քանի եվրոպական երկրներում», – ծրագրի տված հնարավորություններն է թվարկում Վիկան:

 

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթին հայտագրված ուսանողները

ԵՊՀ ԻՄ (31)

Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. ապրիլի 1-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը:

Մրցույթին հայտագրվել են հետևալ ուսանողները.

  • Նազելի Գարիկի Եսայան («Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
  • Սահակ Գեղամի Գուլակյան («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
  • Մարգարիտա Արմանի Առաքելյան («Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագիր, 4-րդ կուրս)։

Մրցույթի մանրամասները՝ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։