Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ – 2014»

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն հայտարարվել է «Լավագույն ուսանող-2014» մրցույթը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է տարին մեկ անգամ:

Նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

Մասնակցության (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը:

Հայտերը պետք է լրացվեն առցանց՝beststudent.ysu.am էլեկտրոնային հասցեով:

Նշված ինտերնետային գործիքի միջոցով անհրաժեշտ է ստեղծված հայտը տպել, ստորագրել, կցել պահանջվող այլ փաստաթղթեր և մինչև 2014թ. հոկտեմբերի 28-ը՝ ժամը 16:00-ը, ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ):

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը տեղադրված է ԵՊՀ պաշտոնական կայքում:

Մրցանակաբաշխության մասնակիցը պետք է ծանոթանա նշված կարգին, որպեսզի ապահովվի համապատասխան փաստաթղթերի առկայությունը (պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր), ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահի բնութագրերը, տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր, ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան) և այլն):

«Լավագույն ուսանող-2014» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները կհայտարարվեն 2014թ. նոյեմբերի 17-ին կայանալիք «Լավագույն ուսանող-2014» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

Մրցույթին մասնակցելու հետ կապված ցանկացած հարցով ուսանողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ կամ «Լավագույն ուսանող-2014» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովին:

Աղբյուրը՝   ysu.am

Հանդիպում ուսխորհրդի անդամների հետ

2014թ. հոկտեմբերի 15-ին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ ուսխորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Մ. Ճաղարյանը և տնօրենի օգնական Ն. Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերն ու խնդիրները, ստացան պատասխաններ:

Քննարկվեց ՄԿՈԱ բաժնին կից ուսանողական հանձնախումբ ստեղծելու հարցը:

Հանձնախմբում ընդգրկված ուսանողները կարող են ներկայացնել խնդիրներ, առաջարկություններ` կրթության որակի բարձրացման նոր ուղիներ գտնելու վերաբերյալ, իրականացնել դասալսումներ, մասնակցել և աջակցել որակի գործընթացներին և այլն:

Առաջարկվեց, որ յուրաքանչյուր մասնագիտությունից մեկական ուսանող ներառվի հանձնախմբի մեջ:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Մ.Ճաղարյանը հիմնական գծերով ներկայացրեց հանձնախմբի անդամների պարտականություններն ու անելիքները:

Տնօրենը ուսանողներին կոչ արեց լինել ավելի ակտիվ, նախաձեռնող, պահանջատեր, միևնույն ժամանակ օբյեկտիվ:

«Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառում

 

2014թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 14:15-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 28 լսարանում տեղի կունենա «Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպում է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկն. Լուսինե Թումանյանը: Սիրով հրավիրում ենք:

«Իտալական վերածնունդ» թեմայով զեկուցումներ

 

2014թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ին, Բնական գիտությունների ֆակուլտետի 5-րդ լսարանում տեղի կունենա «Իտալական վերածնունդ» թեմայով զեկուցումների ընթերցում, որը կազմակերպում են Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նարեկ Ղազարյանը և քարտուղար Անի Խաչատրյանը:

Զեկուցումներով հանդես կգան Մարիամ Հասանյանը («Լեոնարդո դա Վինչի»), Թեհմինե Հարությունյանը («Տիցցիան») Հովհաննես Եգանյանը («Ռաֆայել Սանտի»), Լիլիա Բայրամյանը («Միքելանջելո»):

Սիրով բոլորին հրավիրում ենք:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ