Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեկ ժամ Շիրազի հետ (Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում)

2014թ. նոյեմբերի 18-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ա.Սարհատյանը` արժևորելով Շիրազ բանաստեղծին, ընդհանուր գծերով ներկայացնելով նրա պատկառելի վաստակը, վայելած ժողովրդականությունը. «Դարեր շարունակ հայոց բարձրիկ լեռներում մեր ժողովուրդը ծով գանձեր, անգին գանձեր է երկնել ու ծնել, որոնք համալրվում են նոր գանձերով, նոր, լուսապայծառ դեմքերով… Գողթան երգիչներից մինչև Ոսկեդարի մեծանուն պատմիչները, մինչև մեծ աղոթասաց Նարեկացի, մինչև սիրո անզուգական երգիչ Սայաթ-Նովա, մինչև Աբովյան, Չարենց ու Սևակ…

Ու նրանց մեջ մեր ժողովրդին շա~տ սիրելի մի անուն` Շիրազ, որ տասնամյակներ շարունակ ու այսուհետ իր ոգեշունչ քնարով, իր խորազգաց հայրենասիրությամբ, խորարմատ ազգասիրությամբ, մայրության ու սիրո երգերով ուղեկցում ու կուղեկցի աշխարհով մեկ սփռված հայերին…

Հզոր, ըմբոստ, ընդվզող, անհանդուրժող էություն` մերթ պոռթկուն, ինչպես լեռնային գիժ գետերը, մերթ մեղմակարկաչ ու բուրյան, ինչպես Արագածի փեշերին վառվող ծաղիկներն ու նրանց նուրբ թերթիկները շոյող քնքուշ զեփյուռը…

Այդ նա էր առաջինը, ով խոսեց Արցախի մասին, ու համոզված էր, որ նրա լեռների պես մի օր պիտի բռունցքվեն հայերը ու ազատագրեն գերված Արցախը:

Նրա երգերը ճեղքում էին խորհրդային երկաթյա պատնեշները, ծովերն ու օվկիանոսներն ու հասնում աշխարհասփյուռ հայերին:

Նրա գրքերը սպառվում էին այնպես, ինչպես պատերազմի տարիներին բաժանվող սև հացը…Նրան հետապնդում էին, երբեմն կալանում, որովհետև նրա մի խոսքն անգամ կարող էր հոգիներ այրել, բայց նրա մտքի ազատությունը, նրա խոսքը վանդակել ու կալանել չկարողացան:

Նա այսօր էլ իր ժողովրդի հետ է, մեզ հետ`բազմահազար ընթերցողներիս: Ու որպես մեր անհուն սիրո ու երախտիքի տուրք` նրա հարյուրամյակին ենք նվիրում այս փոքրիկ միջոցառումը…»:

Այնուհետև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի շնորհաշատ ուսանողուհիները ներկայացրին Հովհ. Շիրազի մասին մեծերի ասույթները, նրա կյանքի ուշագրավ ու հուզիչ դրվագներից, սիրային, մայրական, հայրենասիրական թեմաներով Շիրազի բանաստեղծական գյուտերից:

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև նրա գողտրիկ բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Մասնակիցների ելույթներն ուղեկցվեցին համապատասխան շնորհանդեսներով:

Վերջում խոսք ասաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնելով տիկին Սարհատյանին և մասնակիցներին. «Հովհաննես Շիրազը մեծ բանաստեղծ չէ սոսկ, նա ասես մեր էպոսից ելած մի խենթ է, տաղանդի ժայթքում, հրաբուխ: Շիրազին դիմելիս հիրավի հաղորդակցվում ես «Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ»։ Շնորհակալություն ձեզ` այս գանձերը յուրացնելու և տարածելու համար»:

Ուսումնագործնական այց Երևան

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսերի մի խումբ ուսանողներ` ասիստենտներ Սմբատ Դավթյանի և Պավել Ասիլբեկյանի ղեկավարությամբ, ԵՊՀ հարակից այգու տարածքում իրականացրին «Կադաստրային գործի ներածություն» և «Տեղագրություն գեոդեզիայի հիմունքներով» առարկաների գործնական աշխատանքները:

Նախ Ս.Դավթյանը ուսանողներին մանրամասն ներկայացրեց ժամանակակից էլեկտրոնային տախեոմետրի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները, ծանոթացրեց հանույթի իրականացման տարածքին և ընթացքին:

Ապա ուսանողները համալսարանի հարակից այգու տարածքում ինքնուրույն իրականացրին չափագրումներ` գործնականորեն ամրապնդելով իրենց տեսական գիտելիքները:

Ս.Դավթյանի ղեկավարությամբ` ստացված դաշտային չափումների տվյալները «AutoCad» ծրագրով մշակման կենթարկվեն ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Այնուհետև մասնաճյուղի ուսանողները այցելեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա, ծանոթացան լաբորատորիայի բազային և աշխատանքի պայմաններին:

«ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերությունում աշխատելու առաջարկ

Հարգելի՛ ուսանողներ,

«ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերությունը, որը զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով, առաջարկում է հարցազրուցավարի աշխատանք Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար:

Հարցազրուցավարի աշխատանքը պահանջում է այցելել բնակարաններ կամ կազմակերպություններ` կախված հետազոտության տեսակից և շրջանակներից, և լրացնել հարցաթերթ՝ նախօրոք հաստատված չափանիշներին համապատասխանող անհատների հետ:

Աշխատանքը վարձատրվում է ըստ յուրաքանչյուր լրացված հարցաթերթի (հարցաթերթի արժեքը տարբեր է` ըստ հարցաթերթի ծավալի, թեմայի բարդության, հարցվողների չափանիշների բարդության և քանակի):

Վարձատրությունն իրականացվում է հետազոտությունն ավարտելուց հետո:

Հարցազրուցավարը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

• Տարիքը՝ 21 և ավելի,

• միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է
(կարող են դիմել նաև ուսանողները),

• հաղորդակցվելու հմտություններ (մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն),

• հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),

• տեղանքում կողմնորոշվելու ունակություն,

• թիմային աշխատանքի հմտություններ,

• պատասխանատվության զգացում,

• դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարի պահվածք):

Հետադարձ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել

+37 477 38 75 95

+37 410 32 25 22

կամ գրել lilit.ghabanyan@r-insights.am հասցեով:

 

Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Նախ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց և շնորհավորեց ուսանողներին, շեշտեց, որ ի դեմս նրանց` ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր մեր ապագայի կերտողներն են, օժտված են իրենց ընտանիքի, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով, տնօրենության անունից հղեց բարեմաղթանքներ:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը` ուսանողներին մաղթելով նպատակասլացություն, մեծ ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքի բոլոր բնագավառներում:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տաղանդավոր ուսանողները կատարեցին հայ դասականների կողմից գրված բանաստեղծություններ, ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր:

Մասնակիցների կողմից գովերգվեց տարվա գեղեցիկ եղանակներից մեկը` «ոսկեթել երազների հանգրվան» աշունը, ներկայացվեց ուսանողների տոնի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն:

Տոնական դահլիճում թևածեց սիրո մեղեդին, բեմի վրա ալիքվեց նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը:

Ուսանողների տոնի կապակցությամբ անակնկալ նվեր մատուցեցին հանդիսատեսներից Հեռակա ուսուցման բաժնի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանող Գևորգ Ամիրխանյանը (երգ) և մասնաճյուղի աշխատակից Շողիկ Անտոնյանը (սրբապատկեր):

Միջոցառման բոլոր լուսանկարները