Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Նարեկ Արտյոմի Բաղդասարյան

Նարեկ Բաղդասարյանը ծնվել է 2002թ. մայիսի 17-ին Կարբիում:

Խելացի, հոգատար, բարի երիտասարդ էր, ով իր կյանքի տարիներին արել է լավագույնը իր ընտանիքի և հարազատների համար:

Սովորել է Վ.Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ:

Ծրագրավորման գիտակ էր և հմուտ շախմատիստ, առանց չափազանցնելու դառնալու էր իր ոլորտում լավագույններից: Սիրելի ոլորտում առաջին քայլերն անելով՝ ստացել է բազում պատվոգրեր, շնորհակալագրեր, մրցանակներ:

Մասնակցել է շախմատի մի շարք մրցաշարերի, ունի պատվավոր երկրորդ կարգ տիտղոսը:

Զբաղվում էր սպորտով՝ ըմբշամարտով՝ այդ ոլորտում ևս գրանցելով մի շարք հաղթանակներ:

Ուներ բազում հետաքրքրություններ, այդ թվում՝ լուցկու փայտիկներով եկեղեցիներ պատրաստելու:

2020թ. օգոստոսի 6-ին զորակոչվել է Հայոց բանակ՝ ԱՀ, Ստեփանակերտ: Եղել է ականանետի հաշվարկ կատարող:

Պատերազմի սկզբից ի վեր եղել է առաջնագծում՝ ակտիվ գործողությունների կենտրոնում:

Հարազատների հետ խոսելիս վստահեցնում էր, որ ինքը լավ է, պարտադիր ավելացնելով՝ «Դուք լավ եղեք»:

Նարեկի հստակ և ճշգրիտ հաշվարկի շնորհիվ խոցվել է հակառակորդի մի շարք զրահատեխնիկա: Անփորձ լինելով և վտանգելով իր կյանքը՝ խիզախորեն մարտնչել է մինչև վերջ: 44 օր պատերազմելով սահմռկեցուցիչ թշնամու դեմ՝ քաջ հերոսը անմահացավ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, ընկավ հերոսի մահով՝ հանուն հայրենի հողի և մեր ապագայի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Վահե Աշոտի Ղազարյան

     (ոստիկանության մայոր)

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վահե Ղազարյանի անունը կարելի է կարդալ ոչ թե նրա աշխատասենյակի դռան վրա, այլ հանուն հայրենիքի ընկած ոստիկանների Պատվո տախտակին:

Վահե Ղազարյանը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից էր: 1996 թվականից համազգեստ է կրել՝ ծառայել բանակում, ռազմական ոստիկանությունում, ոստիկանության տարածքային բաժիններում:

«Հիշում եմ՝ սեպտեմբերի 27-ին եկավ տուն, լուռ նստեց: Ասացի՝ Վահե ջան, տրամադրությունդ ինչի՞ է ընկած, ի՞նչ է կատարվում։ Ասաց՝ մամ ջան, պատերազմ է սկսել, ու շատ վատ է լինելու: Ինքն ընդհանրապես լավատես տղա էր: Ասացի՝ ո՞նց վատ: Ասաց՝ կա՛մ այս կողմ կլինի, կա՛մ այն կողմ, սա վերջն է…», – պատմում է Վահե Ղազարյանի մայրը՝ Վարդուհի Էդիլյանը:

Երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը զինվոր է: Թեև Վահե Ղազարյանն ուներ շատ նպատակներ ու անավարտ գործեր, այդուհանդերձ մեկնեց Արցախ՝ կռվելու հանուն հայրենիքի:

«Տան չորս կողմը քանդեց, ասաց՝ գամ սարքեմ: Չհասցրեց: Շատ դժվար է, անտանելի բան է սա մեզ համար», – ասում է հայրը՝ Աշոտ Ղազարյանը:

Պահարանում Վահեի համազգեստն է, սեղանին՝ ուսադիրները, իսկ անձնական իրերը՝ հիշատակի անկյունում:

«Նստած էինք մշակույթի տան դահլիճի առաջին շարքում, մի պահ Ղազարյանն ինձ ասաց՝ Սայա՛ն ջան, դու բոլորին ճանաչում ես, մի հատ նայիր՝ դրսում շա՞տ մարդ ունենք: Ասացի՝ Վահե՛ ջան, ի՞նչ իմաստ ունի՝ դրսո՞ւմ են, թե՞ ներսում: Թե բա՝ չէ, նայիր: Դուրս եկա մուտքի մոտ, տեսա մեր մարզի տղաներից մարդ չկա, շրջվեցի, երկու քայլ չէի արել, ու այդ պայթյունը եղավ: Փրկեց իմ կյանքն իր այդ խոսքով», – պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը:

Հարազատները մահված բոթը դեռ չէին ստացել, երբ չարաբաստիկ պայթյունի օրը հավաքվել էին Գետահովիտ գյուղի նրա սիրելի սրբատեղիում: Նույն օրը ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը թշնամու արկից զոհվեց Շուշիում: Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու՝ Աշոտի հետ էր զրուցել: Հոր վերջին խոսքերը որդին չի մոռանա երբե՛ք:

«Ասաց՝ գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղան դու ես, լավ կնայես տնեցիներին, կյանքում դուխդ չգցես: Ու էլ չզանգեց, կապն ընդհատվեց», – պատմում է որդին՝ Աշոտ Ղազարյանը:

Հավատարիմ ընկեր, պրոֆեսիոնալ ոստիկան, հայրենասեր մարդ:

Ընկերներն ու ծառայակիցները՝ Կարեն Սեփխանյանն ու Աշոտ Մխիթարյանը, նրան այսպես են բնութագրում. «Վահեն շատ բարի մարդ էր, հայրենասեր: Հուսադրող էր միշտ նրա խոսքը, երբեք չէր հուսալքվում: Ինչ հանձնարարության որ գնայինք, եթե գիտեինք, որ Վահեն մեզ հետ է, պետք չէր հետ նայել: Նա թիկունքում պատ էր»:

Վահե Ղազարյանի կինն ու երեխաները հաճախ են նայում նրա լուսանկարները, հիշում խոսքերը, պատգամներն ու խորհուրդները, որոնք  միշտ կուղեկցեն նրանց: