Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Թաթուլ Մերուժանի Օթարյան

(ոստիկանության մայոր)

1999 թվականի «Հայ զինվոր» պաշտոնաթերթի համարներից մեկի առաջին էջում կարդում ենք. «Թաթուլը 13 տարեկան է: Սիրում է զինվորի կյանքը, երազում է զինվորական դառնալ: Ազատ ժամերին զինվորների հետ է, նրանց կողքին»: Կանցնեն տարիներ, և այդ լուսանկարի պայծառ տղան՝ Թաթուլ Օթարյանը, գնալով պատանեկան երազանքի հետևից, հայրենիքի կանչով կմեկնի Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին:

Ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ:

«Շատ պատասխանատու անձնավորություն էր: Շրջապատում մեծ հարգանք էր վայելում: Հումորով էր, ընկերասեր», – ասում է գործընկերը՝ Կարո Կարապետյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն:

2009 թվականից ոստիկանության համակարգում էր: Շարքայինից հասել էր մայորի կոչման: Ծառայել էր որպես անչափահասների գործերով տեսուչ, օպերլիազոր, ծառայության գծով տեսուչ, ապա՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ:

2012 թվականին ընտանիք էր կազմել, կնոջ՝ Հայարփիի հետ շատ նպատակներ ունեին: Հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք: «Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում». Թաթուլի խոսքերն են: Այդպես էլ արեց: Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեց ու Արցախ մեկնեց: Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը:

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին: Ասաց.

– Տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ: Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու: Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ:

Դրանից հետո դահլիճը լռեց: Թաթուլը նստեց իր տեղը ու … դեպքը պատահեց», – պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը:

Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում հոկտեմբերի 4-ին:

«Հայրենասեր, ազգանվեր մարդ, բարեխիղճ սպա, լավ ընտանիքի լավ զավակ, լավ ընտանիքի հոգատար հայր, լավ ամուսին, վստահելի ընկեր: Ինչքան դրական բառեր կան, դրանցով կարելի է բնորոշել Թաթուլին»,- ասում է ընկերը՝ Անդրանիկ Խաչատրյանը:

Կանցնեն տարիներ: Եվ Թաթուլ Օթարյանի որդին՝ Տիգրանը, դեռ շատ պատմություններ կիմանա հայրենիքի նվիրյալ հոր մասին և վստահաբար կլինի արժանի հոր արժանի զավակ:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Շիրակ Արմենակի Գասպարյան

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում։ Սովորել է տեղի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դեռ պատանեկան տարիներից նրա հետաքրքրությունների շրջանակում է եղել ֆուտբոլը, և ոչ միայն սիրել է այդ սպորտաձևը և լավագույն ֆուտբոլիստների հաջողությունների ու նետած գնդակների թվերն է իմացել, այլև զբաղվել է ֆուտբոլով և բազմաթիվ հաջողություններ գրանցելով` հնարավորություն է ձեռք բերել՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք ընկերական մի շարք խաղերի։

Դպրոցական տարիներին աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ և մեծ սեր է դրսևորել պատմության նկատմամբ։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Պատմություն» մասնագիտությամբ։

Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ, նախագահել ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, ապա եղել է կառույցի փոխնախագահը։ Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և բարձր պատվով ներկայացրել համալսարանը։

2020թ. հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել ԼՂՀ-ում։ Ելնելով համաճարակային պայմաններից՝ մինչև օգոստոսի 18-ը ծառայությունն անցկացրել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է հիմնական ծառայության զորամաս՝ Ջրական։ Ծառայել է 5-րդ ուսումնական գումարտակում՝ «Առանձիններում», ականանետի վրա (D1-D2): Պատասխանատու ծառայության շնորհիվ մեկ ամիս անց ամբողջությամբ տիրապետել է զենքին։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին մասնակցել է հենց առաջին օրից՝ լինելով առաջնագծում։ Մինչև հոկտեմբերի 5-ը հրետանավոր ընկերների հետ պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ։ Հոկտեմբերի 8-ին, ստանալով հատուկ առաջադրանք, «Առանձինները» տեղափոխվել են Ահար լեռան լանջ, որպեսզի օգնեն զինակիցներին՝ ծուղակից դուրս գալու։ Հոկտեմբերի 9-ին հակառակորդի վարձկան-ահաբեկիչների բազմահազարանոց զորքի հարձակումից հետո, կրելով մեծ թվով կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել է շրջափակման մեջ։ Մնալով առանց հրամանատար՝ ստանձնել է հրամանատարի պարտականությունները։ Կապի դուրս գալով հրամկազմի հետ՝ օգնություն են խնդրել, սակայն թշնամու զորքը ճեղքել չի հաջողվել։ Թշնամու համար աննկատ մնալու համար հրամկազմի ցուցումով բաժանվել են 5-6 հոգանոց խմբերի և անընդհատ փոխել են թաքստոցները՝ տեղափոխվելով Վանք գյուղ, հարակից անտառ, բնակելի տների նկուղներ։ Խմբերն անընդհատ միացել և բաժանվել են։ Տղաները, երբ վերջին անգամ կապի են դուրս եկել, տեղեկացրել են, որ հակառակորդից թաքնվելու համար անտառ են մտնում։ Հակառակորդը շուտով հայտնաբերել է տղաներին՝ փորձելով գերեվարել։ Հակառակորդի պահանջներին չենթարկվելով և հրաժարվելով գերության մտքից՝ ստացել է հրազենի կրակոց և տեղում մահացել։

2021 թվականի ապրիլի 10-ին հետմահու արժանացել է Արիության մեդալի։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Վազգեն Հմայակի Գրիգորյան

(ոստիկանության մայոր)

Վազգեն Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 12-ին: Սովորել է Գանձաքարի 8-ամյա դպրոցում, այնուհետև Իջևանի Վարժարանում:

1999թ. ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:

2005 թվականից աշխատել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում՝ որպես ավագ փորձագետ, կոչումով՝ մայոր:

Վ.Գրիգորյանը ամուսնացած է, ունի 1 տղա և 2 դուստր:

2021 թվականի հոկտեմբերի 4-ին ոստիկանության մայոր Վազգեն Գրիգորյանը զոհվել է Արցախյան պատերազմում՝ հանուն հայրենիքի փրկության:

Ավարտվեց «Ուսուցման կազմակերպումը GOOGLE APPS-ի և նրա գործիքակազմի օգնությամբ» վերապատրաստման առցանց դասընթացը

Գլխավոր

2021թ. ապրիլի 19-ին, մայիսի 3-ին, 4-ին և 5-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Ուսուցման կազմակերպումը GOOGLE APPS-ի և նրա գործիքակազմի օգնությամբ» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մելանյա Սաշայի Բարսեղյանը:

Դասընթացի սկզբում Մ.Բարսեղյանը նշեց, որ այսօր GOOGLE APPSը մանկավարժներին և ուսանողներին ներկայացնում է այնպիսի հավելվածներ, որոնք կարող են ընդգրկվել դասընթացներում՝ հաղորդակցման և համագործակցության համար:

Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվեցին Googel Apps-ի և նրա գործիքակազմի օգնությամբ ուսուցման կազմակերպման առավելությունները՝ պարզությունը և հասանելիությունը բոլոր սարքավորումներից օգտվելիս, արդյունավետ փոխհամագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվության հասանելիության արագությունը, արդյունավետ հետադարձ կապը, թղթագրության բացառումը, պարզ և հարմարավետ ինտերֆեյսը, մեկնաբանությունների համակարգը:

Բացատրվեցին GOOGLE APPS-ի որոշ գործիքներ (Google mail, Google drive, Google docs, Google classroom, Google sites, Google Forms) և ուսումնական գործընթացում նրանց կիրառման հնարավորություններն ու առավելությունները:

Մասնավորապես նշվեց, որ Google drive-ը 15 GB տարածք է, որտեղ կարող ենք պահպանել մեր փաստաթղթերը, ստեղծել նոր փաստաթղթեր, կիսվել դրանցով և  արդյունավետորեն կազմակերպել առցանց աշխատանքները:

Google docs-ը հնավորություն է տալիս ստեղծելու տեքստային փաստաթղթեր, որոնցով կարող ենք կիսվել ուրիշների հետ և համատեղ ստուգել, խմբագրել, ապահովել հետադարձ կապ:

Google classroom-ն օգնում է համակցված կամ խառը ուսուցման կազմակերպման գործընթացում: Այն թույլ է տալիս ստեղծել համագործակցային դասարաններ: Google classroom-ը կապ է հաստատում Google drive-ի հետ և հնարավորություն է տալիս ստեղծելու հայտարարություններ, առաջադրանքներ՝ միաժամանակ հավաքագրելով ուսանողների աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը ենթարկվում է վերլուծության և տվյալների ամփոփման:

Google sites-ը պարզեցված անվճար հոսթինգ է, որը թույլ է տալիս wiki տեխնոլոգիայի շնորհիվ տեղեկատվությունը հասանելի դարձնել մարդկանց համար, ովքեր ունեն դրա կարիքը: Կայքի օգտատերերը կարող են աշխատել միասին, ինչպես նաև տեղադրել  տեղեկությունները Google-ի այլ ծրագրերից՝ Google Docs, Google Calendar, նաև YouTube-ից:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկումներին ու հնարավոր կիրառություններին և արտահայտվեցին, որ պատրաստվում են իրենց դասընթացներում կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մոտեցումները:

2