Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում մեկնարկել է 2020-2021 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

FullSizeRender-1

2021թ. մայիսի 15-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 9 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

ԵՊՀ ԻՄ-ը, ելնելով համավարակի տարածման կանխարգելումից և հետևելով Մայր բուհի օրինակին, 2021թ. ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն իրականացրել է գլխավորապես առցանց եղանակով, իսկ պաշտպանությունները նախատեսել է կազմակերպել առցանց և առկա (հակահամաճարակային կանոնները պահպանելով) ձևերի համադրությամբ:

Ընդ որում՝ տեղում չգտնվող ղեկավարները, գրախոսները, ամբիոնի դասախոսները միասնական Zoom հարթակի միջոցով հնարավորություն ունեն մասնակցելու առկա եղանակով կազմակերպվող պաշտպանությանը:

Վարչական համապատասխան ստորաբաժանումների (ՈՒՄՎ, ֆակուլտետներ) ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանությունները կանցկացվեն հաստատված ժամանակացույցների համաձայն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների, ուսանողների ու ավարտական աշխատանքների ղեկավարների պատասխանատու մոտեցմամբ:

2021թ. մայիսի 15-ին մեկնարկեց «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ համավարակի պայմաններում ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն ու մասնագիտական ամբիոնը պատշաճ ձևով և բարձր մակարդակով էին կազմակերպել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Պահպանված էին ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավ­ման ուղղութ­յամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքներում շրջանառվի առավել ընդգրկուն գրականություն:

Մայիսի 18-ին կկայանա «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, մայիսի 20-21-ին՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», մայիսի 22-ին՝ «Օտար լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտությունների պաշտպանությունները:

Մայիսի 29-ին տեղի կունենան «Աշխարհագրություն», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: 

Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Պատմություն» մասնագիտության մեր շրջանավարտներին, նրանց մաղթում անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացում, ամենայն բարիք, ավարտական կուրսերի մեր մյուս ուսանողներին ցանկանում ենք ամփոփիչ ատեստավորման հաջող ընթացք:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Յուրա Արտակի Հարությունյան

Յուրա Հարությունյանը ծնվել է 2001թ. ապրիլի 15-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Լուսավոր Յուրան. այսպես են բնութագրում նրան նույնիսկ այն մարդիկ, ովքեր Յուրային երբևէ չեն ճանաչել: Կյանքով լեցուն, ընկերասեր, ցանկացած իրավիճակում օգնության շտապող տղան այսօր բոլորի հարազատն է դարձել, բոլորի Յուրան:

2007թ. Յուրա Հարությունյանը ընդունվել է Բերդի թիվ 4 հիմնական դպրոցը: Շատ լավ է սովորել դպրոցում, սիրել է բոլոր առարկաները, հատկապես՝ մաթեմատիկան:

2016-2019 թվականներին սովորել է Բերդի ավագ դպրոցում:

2019 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ և անմիջապես զորակոչվել բանակ:

Ամռան 1-ին զորակոչով՝ հուլիսի 5-ին, Յուրան մեկնեց բանակ: 6 ամիս ծառայելով Գյումրու մասնագիտացած զորամասում՝ ստացավ կրտսեր սերժանտի կոչում ու մեկնեց Արցախ (Ֆիզուլի)՝ ծառայությունը շարունակելու:

Գյումրի քաղաքում հասցրեց երկու կրծքանշան ստանալ: Արցախում 3 ամիս ծառայելուց հետո սերժանտի կոչում և ևս երկու կրծքանշան ստացավ:

Իր ամենասիրելի զբաղմունքը մարդկանց ժպիտ պարգևելն էր: Էությամբ շատ ուրախ և համեստ մարդ էր: Հոգատար էր և բոլորի մասին մտածում, մտահոգվում էր:

Կռվել է Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Հադրութում և Մարտունիում:

33 օր պատերազմեց Յուրան և հերոսաբար ընկավ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մարտունիում: Հերթական տագնապն են տալիս, որ բոլորը տեղավորվեն դիրքերում, և մինչ նրանք մեքենայով կհասնեին հարկավոր կետը, ԱԹՍ-ն հարվածում է մեքենային:

2021թ. ապրիլի 15-ին Յուրան կդառնար 20 տարեկան…

Յուրա Արտակի Հարությունյանը արդեն երկրորդ անգամ (ցավոք հետմահու) պարգևատրվել է մեդալով:

2020թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Հերոսի քաջագործությունները գնահատվել են «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալներով:

Անունդ թո՛ղ միշտ փառքի մեջ մնա, մեր անմա՛հ, անվա՛խ ու քա՛ջ սերժանտ…

ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

19.09.2020թ.

ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

Հակառակորդը, 2020թ. հոկտեմբերի 19-ին՝ մոտավորապես ժամը 12:30-ից սկսած, անցկացրել է հրետանային նախապատրաստում, կիառվել են նաև ԱԹՍ-ների հարվածներ: Մեր ստորաբաժանումները ստիպված են եղել հակառակորդի հրետանային կրակից խուսափելու համար հետ քաշվել և զբաղեցրել են առավել բարենպաստ պայմաններով դիրք՝ մոտավորապես 200-250 մետր դեպի թիկունք զտվող բլուրները (մի մասը զորամասի հրամանատար գնդապետ Թ.Ղազարյանի գլխավորությամբ զբաղեցրել է ճանապարհից աջ բլուրը, որտեղ գտնվել են զորամասի 3-րդ հգմ-ի հրամանատար փոխգնդապետ Կ.Վարդանյանը, 3-րդ հգմ-ի հետախուզական դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Մ.Ղուլարյանը և մոտավորապես 24 զինծառայող, իսկ մյուս մասը նահանջել է դեպի գյուղ Գետահովիտ): Լուսադեմին՝ մոտավորապես ժամը 07:30-ի սահմաններում, հակառակորդը գրոհ է ձեռնարկել՝ մարտի մեջ մտցնելով զրահատեխնիկա (վեց տանկ), որոնցից 5-ը խոցվել է (2-ը գնդի հակատանկային միջոցներով, 3-ը ենթադրաբար թիկունքում գտնվող Կոռնետ տեսակի հակատանկային միջոցով): Վերը նշված տանկերը խոցելուց հետո մեկ տանկ հետ է քաշվել, այնուհետև մարտի մեջ է մտել հակառակորդի հետևակը (150-ից ավել), որը կատարել է թևանցում ձախից (այդ ընթացքում ճանապարհով դեպի գ. Գետահովիտ է անցել մոտավորապես 2-ը ՀՀՄ), ավելի ուշ շրջանցում կատարել: Հակառակորդի հետևակին մոտենալիս զորամասի հրամանատարը ցուցում է տվել չկրակել մինչև հակառակորդին մոտենալը, նրանց՝ 150-200 մետր մոտենալուց հետո, զորամասի հրամանատարը սկսել է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, որից հետո՝ մոտավորապես 20 րոպե մարտ վարելուց հետո, աջ բլուրում գտնվող անձնակազմը ստիպված է եղել նահանջել (հայտնի չէ ում հրամանով): Բլուրից (վերջում իջել են փոխգնդապետ Կ.Վարդանյանը, գնդապետ Թ.Ղազարյանը, իսկ ամենավերջում ավագ լեյտենանտ Ա.Ղուլարյանը, որը կրակով ապահովում էր մյուսների նահանջը): Վերջինիս մոտավորապես 10 մետր առաջ շարժվելուց հետո ԱԹՍ-ի բեկորների հարվածից խոցվել են ավագ լեյտենանտ Ա.Ղուլարյանի դասակի զինծառայողները: Հետ նահանջի ընթացքում բլուրից մոտավորապես 100 մ ետ և ձախ՝ կիսաքանդ շինության մոտակայքում, ավ. սերժանտ (Պ) Հայրապետյանը, շ-ն Ռոստոմյանը և շ-ն Գրիգորյանը նկատել են 10-ից 12 իրար կողք հավաքված զոհված զինծառայողների մարմիններ, որոնք եղել են 3-րդ հգմ-ի հետախուզական դասակի զինծառայողները:

ՀՀ նախագահի հրամանագրով ավագ լեյտենանտ Արամ Ղուլարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Մենք ձեզ բացակա չենք դնի

Ավարտեց իր երկնային կյանքը՝ զոհելով այն հանուն հայենիքի ու խաղաղ ապագայի, դարձավ երկնային հավերժի ճամփորդ:

Դուք զոհվեցիք, որ մենք ապրենք, պարտավոր ենք մենք ձեր անունը բարձր պահել ու ձեր առջև խոնարհվել:

Արդեն տևական ժամանակ է հայոց պետական սահմաններում հակառակորդը ստիպում է հայ զինվորին իր օրհնված զենքի ու բազկի զորությունը գործադրել՝ ի պաշտպանություն մեր բոլորիս սրբությունների ու հայրենիքի:

Վստահ կարող ենք ասել, որ մեր վերջին հաղթանակների ակունքում թագավորել և իշխում է հայ զինվորի մարտական ոգին՝ հայկյան վճռականությամբ, վարդանյան հավատքով ու նժդեհյան գաղափարախոսությամբ:

Նորօրյա նահատակները զոհվում են թշնամու ոտնձգություններից անձնազոհաբար մեր սահմանները պաշտպանելու ժամանակ: Փա՜ռք նրանց սխրանքներին: Հավերժ է հանուն հայրենյաց զոհվածների հիշատակը: Ազգի մեծ մեռելների սրբազան շիրիմներից է վեր բարձրանում հայրենիքը:

Հայրենիք ու սրբություն պաշտպանող հերթական հայ քաջ զինվորի վաղաժամ մահվան ցավից մենք լցվում ենք մեր սուրբ հայրենիքը պաշտպանելու է՛լ ավելի մեծ վճռականությամբ:

Մեր անվախ ու պանծալի զինվորների սխրանքներով է, որ բարձրանում և ամրանում է հայրենիքի պաշտպանության պատը՝ մեր կյանքի ու փրկության երաշխիքը: Փառք ու պատիվ մեր հայրենիքի նվիրյալ պաշտպաններին, խունկ և աղոթք զոհվածների անմեռ հիշատակին:

Հերոսները զոհվեցին, սակայն միշտ պիտի ապրեն մեր սրտերում ու հիշողության մեջ, իսկ նրանց՝ հայրենիքին անմնացորդ ծառայության ոգին պիտի փոխանցվի ու ոգեշնչի իր մարտական ընկերներին: Նրանց խիզախումի հատուցումն ու երախտիքը պիտի լինի թափած արյամբ սրբացած հողի վրա առավել հաստատուն կանգնելը: