Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտը իրականացնում է կրթության պլանավորման և կառավարման վերապատրաստման դասընթացներ:

Այն տեղի կունենա Փարիզում` 2014թ. հունվարի 6-ից մինչև հունիսի 27-ը:

Դասընթացին կնախորդի առցանց ուսուցումը, որը կմեկնարկի 2013թ. հոկտեմբերի 21-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խրախուսում է կանանց մասնակցությունը նշված ծրագրին: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:
Ցանկացողները մինչև ս.թ. մայիսի 31-ը կարող են դիմել առցանց` ներկայացնելով համապատասխան գործատուի կամ ղեկավարի աջակցական նամակը:

Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.iiep.unesco.org   կայքից:

Աղբյուրը` www.edu.am

Ի գիտություն դիմորդների

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում  են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի կայքում:

Հիմք  ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի “Դիմորդ” բաժնում ևս բացվել է “Շտեմարան” ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը:

Աղբյուրը` www.edu.am

Միջազգային ամառային դպրոց

Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնը հունիսի 30-ից հուլիսի 13-ը երիտասարդ մասնագետների համար  կազմակերպում է գլոբալ անվտանգության հարցերով Միջազգային ամառային դպրոց:

Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն մինչև ս.թ. ապրիլի 30-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ http://summerschool2013.pircenter.org կայքից:

Աղբյուրը` www.edu.am 

ՈՒԳԸ-ն կազմակերպում է 5 գիտաժողով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է 5 գիտաժողով.

  1. ապրիլի 30-ին՝ «Զարգացող երկրներին բնորոշ տնտեսական խնդիրները» խորագրով (միջբուհական),
  2. մայիսի 2ին՝ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա»,
  3. մայիսի 3-ին՝ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունների գծով,
  4. մայիսի 7-ին՝ հետևյալ ուղղվածություններով՝
  • ռոմանագերմանական լեզուներ և ռուսաց լեզու,
  • հայ և արտասահմանյան գրականություն,

5. մայիսի 10-ին՝ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության գծով (միջբուհական):

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գիտաժողովի օրվանից առնվազն 3 օր առաջ ներկայացնել մասնակցության հայտը և թեզիսը:

Մասնակցության հայտը պետք է ներառի.

  • աշխատանքի ամբողջական վերնագիրը,
  • տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հայրանունը, ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը),
  • տեղեկություններ գիտական ղեկավարի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, գիտական աստիճանը, կոչումը),
  • երաշխավորագիր ամբիոնի կողմից (գիտական ղեկավարի կարծիքի հետ միասին):

Թեզիսի ծավալը պետք է լինի մեկից մինչև երկու էջ:

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2007 ծրագրով: Տեքստի տառատեսակը՝ Sylfaen: Տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1,15, էջի ֆորմատը՝ A4, լուսանցքները՝ սահմանված կարգով: Պարբերությունները սկսել TAB-ի կիրառմամբ:

Ներկայացված աշխատանքը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի(ների) կողմից ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ:

Էլեկտրոնային տարբերակով մասնակցության հայտը և թեզիսը կարող եք ներկայացնել ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի աշխատասենյակ (ք. Իջևան, Սպանդարյան 4, 1-ին հարկ), տրամադրել Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահին (ԵՊՀ ԻՄի ուսանողների համար) կամ ուղարկել sssysuib@gmail.com էլ. փոստի հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099-399-311 հեռախոսահամարով:

Միացե՛ք ջահերով երթին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողներին կոչ են անում միանալ ՀՅԴ Իջևանի մարզային կոմիտեի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Իջևանի «Թաթուլ Կրպեյան» խմբի կողմից 2005 թվականից ամեն տարի կազմակերպվող ջահերով երթին:

Այն կսկսվի ս.թ. ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Իջևանի Շատրվանների հրապարակից: