2017թ. նոյեմբերի 29-ին մասնաճյուղում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը:
Նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը և լիագումար նիստը, որոնց ներկա էին մասնաճյուղի տնօրենը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց ՈՒԳԸ մասին համառոտ ակնարկ։ Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն հիմնադրվել է 2002թ., և այն 1947թ. ԵՊՀ-ում գործող Ուսանողական գիտական ընկերության ինքնավար ստորաբաժանում է։
Նա ներկայացրեց ՈՒԳԸ նպատակը և գործառույթները, թվարկեց ձեռքբերումները, նշեց, որ գործունեության 15 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն կազմակերպել է 16 գիտաժողով, այդ թվում՝ 1 հանրապետական, հարյուրից ավելի գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, ինտելեկտուալ խաղի շուրջ 30 առաջնություններ, տասնյակ սեմինարներ, քննարկումներ, կինոդիտումներ, 4 ցուցահանդես, 1 բեմականացում և այլ միջոցառումներ: ՈՒԳԸ-ն տպագրել է հետևյալ ժողովածուները՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված մասնաճյուղային ուսանողական գիտաժողովի զեկուցումների ժողովածու (2010թ.), Ուսանողական զեկուցումների շարք (2011թ.), «Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞» ինտելեկտուալ խաղի հարցերի ժողովածու (2011թ.), «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2017թ.):
Ներկայացվեց, որ գիտաժողովի կազմակերպումը նպատակ ունի զարգացնելու ուսանողների՝ գիտահետազատական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև նախապատրաստելու նրանց մասնակցությունը 2018թ. ապրիլին ԵՊՀ-ում, ՎՊՀ-ում և ՇՊՀ-ում կայանալիք հանրապետական և միջազգային գիտաժողովներին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը։ Նա ներկաներին շնորհավորեց կրթօջախի ՈՒԳԸ գործունեության 15-ամյակի առթիվ։ Տնօրենը նշեց, որ ուսանողական կառույցները շատ լավ հարթակ են ինքնադրսևորվելու և կայանալու համար, բերեց բազմաթիվ օրինակներ ԵՊՀ-ի տարբեր տարիների ՈՒԳԸ նախագահներից, ովքեր այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում (ԱԺ պատգամավոր, նախարարությունների աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ)։
Նա շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ նախկին նախագահ Սլավիկ Ալավերդյանին, ում ղեկավարման ժամանակ (2012-2013թթ.) ՈՒԳԸ-ն ամենամեծ հաջողություններն է գրանցել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս նրա համակարգմամբ և նոր կազմով ՈՒԳԸ-ն նորանոր հաջողություններ կարձանագրի։ Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ նախկին նախագահ Ալբերտ Զուրաբյանին և հաջող գործունեություն մաղթեց ընկերության նոր նախագահ Հրանտ Ղարագյոզյանին: Պարոն Առաքելյանն ընդգծեց, որ գիտաժողովներին մասնակցությունը շատ օգտակար է ուսանողների համար՝ ինքնադրսևորվելու, իրենց գիտելիքները, կատարած աշխատանքը և մտքերը ներկայացնելու, խոսքը հղկելու, կաշկանդվածությունը հաղթահարելու առումներով և նրանց կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսումնագիտական միջոցառումներում:
Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Հրանտ Ղարագյոզյանը։ Նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար, նշեց, որ գիտաժողովները կարևոր հարթակ են ուսանողներին հուզող տարբեր խնդիրների ներկայացման և քննարկման համար։ Նա ներկայացրեց գիտաժողովի ծրագիրը և բոլորին մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
Լիագումար նիստի ժամանակ իրենց զեկուցումները ներկայացրին ավարտական կուրսերի 2 ուսանողներ.
- Ալբերտ Զուրաբյանը («Հոգեբ.» IV)
«Շփման հոգեբանական խնդիրները ռեալ և վիրտուալ տիրույթներում»,
- Հասմիկ Քարտաշյանը («ՏՏ» IV)
«ՀՆԱ-ի ճեղքի գնահատման մեթոդները»:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ֆակուլտետային բաժանմունքներում։
Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
Նախագահողներ՝ բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյան,
դասախոսներ Ա.Սիմոնյան, Վ.Պողոսյան
- Սյուզաննա Շահնազարյան («ԱԼԳ» III)
“The Old English Vocabulary and Word-Formation”:
- Իրինա Սաֆարյան («Պատմ.» III)
«ԽՍՀՄ փլուզումը»:
- Արմենուհի Զաքարյան («Հոգեբ.» III)
«Հոգեբանական ծառայության յուրահատկությունները կրթության համակարգում»:
- Շիրակ Գասպարյան («Պատմ.» II)
«Գարեգին Նժդեհը հայկական իրականության մեջ»:
Տնտեսագիտության ֆակուլտետ
Նախագահող՝ դասախոս Ա.Սարիբեկյան
- Հրանտ Ղարագյոզյան («Տնտ.» II)
«Մենաշնորհները Հայաստանում»:
- Մայա Այդինյան («Տնտ.» II)
«Վարկային շուկայի փոփոխության դինամիկան և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»:
- Մերի Բարսեղյան («Սերվիս» IV)
«Նոյեմբերյանի տարածշրջանի լեռները և Դիլիջանի «Շվեյցարիա» տեղամասը որպես տուրիզմի զարգացման գործոններ»:
- Տիգրան Ղուշչյան («Սերվիս» II)
«Գործարար էթիկան սերվիսում»:
- Մարիամ Մելիքսեթյան («Սերվիս» II)
«Ագրոտուրիզմը Հայաստանում»:
Բնական գիտությունների ֆակուլտետ
Նախագահողներ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյան, ասիստենտ Պ.Ասիլբեկյան
- Սուսան Բալասանյան («ԻԿՄ» III)
«Մոնիտորներ և նրանց տեսանելիությունը մարդու աչքի համար»:
- Գերասիմ Ալավերդյան («ԻԿՄ» II)
«Օրացույցի կիրառության օրինակներ»:
- Հակոբ Դավթյան («ՔԿԳ» IV)
«Իջևանի տարածաշրջանի հյուսիսարևմտյան հատվածի զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերը»:
- Նառա Մնացականյան («ՔԿԳ» IV)
«Կադաստրային համակարգի նախադրյալները միջնադարյան Տավուշում»:
Օրվա վերջում նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում ելույթ ունեցան բաժանմունքների աշխատանքները համակարգող դասախոսները և նշեցին, որ բոլոր բաժանմունքներում էլ կային լավ զեկուցումներ, որոնք կարող են երաշխավորվել տպագրության։
ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը և ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանը շնորահակալություն հայտնեցին գիտաժողովին մասնակցած բոլոր ուսանողներին, նրանց հանձնեցին հավաստագրեր և մաղթեցին հաջողություններ ուսումնագիտական նոր ձեռնարկումներում: