Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղը՝ Մայր բուհի հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ում

1. գլխավոր

Արդեն երկրորդ տարին է, ինչ Մայր բուհը մայիսի 16-ին՝ համալսարանի հիմնադրման օրը, կազմակերպում է «ԲանՈՒԳործ» էքսպո՝ մեկ հարկի տակ համախմբելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին:

Այս տարի՝ առաջին անգամ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ներկայացուցչական խմբով և առանձին տաղավարով մասնակցեց միջոցառմանը:

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը մասնաճյուղի համար շատ լավ հնարավորություն և հարթակ էր մարզից դուրս ներկայացնելու ԵՊՀ ԻՄ կրթագիտական հնարավորություններն ու ներուժը: Հյուրերին տրամադրվում էր տեղեկատվություն մասնաճյուղի առավելությունների, բակալավրական և մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունների, ուսանողական կյանքի և այլ հարցերի շուրջ:

Էքսպոյի մեծաքանակ հյուրերի առանձնահատուկ ուշադրությանն ու հետաքրքրությանն արժանացան Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքները:

ԵՊՀ ԻՄ տաղավարում ցուցադրված էին ֆակուլտետի ներկայացուցիչների բազմաժանր ստեղծագործություններ՝ գոբելեն, մանրանկարչություն, ապակենկարչություն, բատիկ, կարպետներ, քանդակներ (այդ թվում՝ ֆակուլտետի դասախոս Տիգրան Բագամյանի հեղինակած՝ 2020 թ. պատերազմում անմահացած ԵՊՀ ուսանող, հրետանավոր Խաչիկ Պողոսյանի կիսանդրին) և այլն:

Էքսպոյի շրջանակներում մեր ուսանողները մասնակցություն ունեցան և հաղթանակներ գրանցեցին երգի և նկարչական («Իմ ԵՊՀ») մրցույթներում: ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներ Կամո Հովակիմյանը և Լիլիթ Սարգսյանը դարձան նկարչության մրցույթի հաղթողներ, իսկ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Թորոսյանն առաջին տեղը գրավեց երգի մրցույթում:

Միջոցառումը ԵՊՀ ԻՄ ուսանողներին ու շրջանավարտներին նաև հնարավորություն տվեց ծանոթանալու ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող աշխատանքի առաջարկներին, փորձնակության, աշխատանքի ընդունման հնարավորություններին և աշխատաշուկայի հիմնական միտումներին:

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի մանրամասները՝ այստեղ:

Ինտելեկտուալ խաղ Իջևանի ավագ դպրոցում

1. գլխավոր2024 թ. մայիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի ավագ դպրոցում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների 12 աշակերտներ:

Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը («ՀԼԳ» II կուրս) և 2 անդամ՝ Էլյա Խեմչյանը («ՀԼԳ» II կուրս) և Մարգարիտա Փիրումյանը («ՏՄՄ» II կուրս):

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան երկրորդ փուլում շարունակելու խաղը:

Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքների համաձայն՝ հաջորդ փուլ անցան Սվետլանա Իսրայելյանը, Լիլիթ Գասպարյանը և Յանա Կիրակոսյանը:

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Սվետլանա Իսրայելյանը, ով պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գրքով (Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»):

Յանա Կիրակոսյանը և Լիլիթ Գասպարյանը զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ պարգևատրվելով պատվոգրերով:

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով: Երրորդ փուլ անցած աշակերտները կմասնակցեն մասնաճյուղում կայանալիք եզրափակիչ փուլին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նման նախաձեռնությունները նպաստում են դպրոց-բուհ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մոտիվացնում են աշակերտներին ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և զարգանալ բազմակողմանիորեն:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին տրվեցին կրթաթոշակներ

1․ գլխավոր

2024 թ. մայիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ  Ջոս Միլիների հետ հանդիպում, որին ներկա էին փոխտնօրեն Մ․ Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․ Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ. Պողոսյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանը, դասախոսներ և ուսանողներ:

Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:

Ջ. Միլիներին և ներկաներին հանդիպման սկզբում ողջունեց Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա․ Հովհաննիսյանը՝ նշելով, որ հաջողությամբ շարունակվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև 2012 թվականին սկսված համագործակցությունը: Նա խորին շնորհակալություն հայտնեց  «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը, նախագահ Պոլետ Կուտանին և Ջոս Միլիներին՝ անգնահատելի օգնության և աջակցության համար:

Այնուհետև Ջ. Միլիները կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 8  ուսանողուհիների՝ Հ. Ջանինյանին, Դ. Մելիքյանին, Մ․ Խաչինյանին, Ա․ Միսկարյանին, Կ․ Սաքանյանին, Ս․ Գասպարյանին, Ս․ Ենգիբարյանին, Մ․ Գուլլակյանին, անվճար ուսուցման համակարգում սովորող 5 ուսանողուհիների՝ Ա․ Ղալթախչյանին, Ա․ Շահնազարյանին, Վ․ Մկրտչյանին, Դ․ Գուլումյանին, Մ․ Առաքելյանին, ովքեր ակտիվորեն նպաստել են մարզի դպրոցներում ֆրանսերենի զարգացմանը և տարածմանը:

Կրթաթոշակ ստացած ուսանողուհիները ևս շնորհակալություն հայտնեցին և խոստացան նվիրումով աշխատել:

Ամփոփիչ խոսքով հանդես եկան Մ․ Օթարյանը, Ա․ Դավթյանը և Կ․ Պողոսյանը: Մ․ Օթարյանը շեշտեց, որ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շատ կարևոր է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար. իրականացվող ծրագիրն իսկապես ոգևորում է ուսանողներին՝ նրանց մղելով աշխատելու ավելի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ:

Պրակտիկայի շրջանակներում անցկացվեց «Միասին ապրել, միասին սովորել» ինտելեկտուալ խաղ-մրցույթը

11ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2024 թ. մայիսի  13-ին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժների հետ «Լոֆթ Իջևան»-ում անցկացրին «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը:

Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների շրջանակներում և միտված է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը:

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 3-4-րդ դասարանների աշակերտներ՝ Իջևան համայնքի 4 դպրոցներից (Իջևանի թիվ 1, 3, 4 և 5 հիմնական դպրոցներից): Թիմերում ընդգրկված էին 5-ական մասնակիցներ:

Ժյուրիի կազմում էին «Լոֆթ Իջևան» կենտրոնի համակարգող Աննա Մարդանյանը, «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժ, «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի օգնական Վահե Առուստամյանը, հատուկ մանկավարժ Մելինե Գալստյանը, «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի դասախոս Սուսան Բալասանյանը, ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը:

Խաղը վարեց ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանող Դավիթ Բեգնազարյանը: Ինտելեկտուալ խաղի ընթացքում երաժշտական տարբեր կատարումներով հանդես եկան Ազատամուտի արվեստի դպրոցի սաները:

«Միասին ապրել, միասին սովորել» ինտելեկտուալ խաղ-մրցույթում հաղթեց Իջևանի՝ Սպ. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:

Վերջում թիմերին տրվեցին մասնակցության հավաստագրեր, հաղթող թիմի անդամներին՝ նաև պատվոգրեր, գրքեր և նոթատետրեր:

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցում

1․ գլխավոր2024 թ. մայիսի 10-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը Իջևանի ավագ դպրոցում կազմակերպել էր հանդիպում 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ:

Հանդի­պմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք. Հարությունյանը:

«Ի՞նչ անել ապագայում», «Ի՞նչ մասնագիտություն ընտրել», «Ո՞ր առարկաներից քննությունների պատրաստվել», «Ո՞ւր գնալ դպրոցն ավարտելուց հետո». ավագ դպրոցի սաներին ամենաշատը հետաքրքրող այս հարցերին հանդիպման ընթացքում համալսարանականները տվեցին պատասխաններ:

Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիներին ԵՊՀ ԻՄ աշխատակիցները ներկայացրին մասնաճյուղի գործունեությունը, հնարավորությունները, տեղեկատվություն տրամադրեցին բուհում գործող 12 կրթական ծրագրերի և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, իրականացրին մտքերի փոխանակում և քննարկում աշակերտներին հուզող հարցերի շուրջ:

10-րդ դասարանի աշակերտների համար ԵՊՀ ԻՄ դասախոսներ Վ. Ավագյանը և Ք. Հարությունյանը դասախոսություններ վարեցին «Հայ գրականություն» և «Անգլերեն» առարկաների շրջանակներում: Ընտրվել էին ծրագրային և արդիական, դպրոցականների համար հետաքրքրություն ու մոտիվացիա առաջացնող թեմաներ՝ նպատակ ունենալով լրացնելու կամ ընդլայնելու նրանց գիտելիքները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից առաջարկվեց, որ նախքան դպրոցն ավարտելն ուսման և ապագա մասնագիտության նկատմամբ ավելի խորը և իմաստալից մոտեցում դրսևորելու համար դպրոցականներն այցելեն մասնաճյուղ, գտնվեն համալսարանական միջավայրում, ծանոթանան բուհում կրթության կազմակերպմանը, ուսանողական առօրյային, մասնակցեն նախընտրելի մասնագիտությամբ որևէ դասընթացի, տեղում ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Բացի այդ, մասնաճյուղի հոգեբանները կիրականացնեն ավագ դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման թեստավորում՝ որոշելու, թե տվյալ աշակերտին որ մասնագիտությունն է ավելի համապատասխանում: