Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ

1. գլխավոր (2)

2024 թ. մարտի 21-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի համագործակցությամբ մասնաճյուղում կայացավ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման տարբեր կուրսերի ուսանողների հետ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Մ. Ճաղարյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Ս. Ցուցուլյանի և Կ. Նազարյանի հանդիպումը:

Ներկա էին նաև Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ. Բեգինյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ս․ Սաֆարյանը:

Մ. Ճաղարյանը ուսանողներին ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը: Նախ խոսվեց «Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար» ծրագրի մասին: Նշվեց, որ այն  հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց, ինչպես նաև 2020 թ. հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք:

Ապա ներկայացվեց «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործազուրկ անձանց ձեռք բերել աշխատանքային փորձ:

Հաջորդիվ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի աշխատակիցները մեր ուսանողներին ներկայացրին տարածաշրջանի տարբեր կազմակերպություններում առկա 97 թափուր հաստիքների մասին:

Այս հանդիպմանը ուսանողները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն: Նախատեսվում է կազմակերպել նմանատիպ ևս մի քանի հանդիպում, որոնց շրջանակներում ուսանողներին կբացատրվեն գործատուին ճիշտ ներկայանալու, գրագետ և արդյունավետ ինքնակենսագրական կազմելու նրբությունները:

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2024-2025 նոր ուսումնական տարվա համար

ԵՊՀ ԻՄ (25)

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (Հայ կրթական հիմնարկության կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են Հայ կրթական հիմնարկության նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև  Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է:

Բացառություն է կազմում միայն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր:

Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74:

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/:

Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել Հայ կրթական հիմնարկության էլ․ հասցեին (aef@aef.am) կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով:

Գիտական խորհրդի նիստ

image_50398465ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամները, այդ թվում՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Առաջարկված փոփոխություններով նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, նույն ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերը և դրանց չափաբաժիններն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և կրեդիտների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և շահակից կառույցների համագործակցության ապահովման կանոնակարգը:

Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ․ խնդիրներին, ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Արտակի Աբազյանին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում հաստատելուն, մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի ծրագրերին, ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում փոփոխություններ կատարելուն վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի հետ կապված՝ ներկայացվեց, որ  ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2024 թ. հունվարի 31-ի նիստում քննարկվել է հարցը, և որոշվել է առաջարկել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին ոչ մեծ չափով փոփոխություններ իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա ուսման վճարների չափերում:

Գիտխորհրդի նիստում որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի նախագիծը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և շահակից կառույցների համագործակցության ապահովման կանոնակարգը հաստատելու հարցի վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը: Զեկուցողը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2022-26 թթ․ զարգացման ծրագրով պլանավորվել է մշակել ձեռնարկությունների հետ ԵՊՀ ԻՄ համագործակցության կարգ: Բաժինը մշակել է կանոնակարգ, որի նախագիծը նախապես քննարկվել է Գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նիստում (31․10․2023) և այժմ ներկայացված է Գիտխորհրդի հաստատմանը:

Կանոնակարգը սահմանում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ ՀՀ-ում գործող պետական, մասնավոր և միջազգային ձեռնարկությունների, ընկերությունների ու կազմակերպությունների կայուն համագործակցության  համակարգ ստեղծելու, ԵՊՀ ԻՄ ուսանողների ապագա կարիերայի զարգացմանն ու նրանց մասնագիտական գործունեությանն աջակցելու ձևերն ու մեխանիզմները, ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող հանձնաժողովի աշխատակարգը:

Կանոնակարգի համաձայն՝ համագործակցության մեջ էական տեղ է հատկացվում մասնաճյուղի շրջանավարտներին: Առաջարկվում է ստեղծել «Շրջանավարտների միություն»՝ ձեռնարկությունների հետ համագործակցության ընդլայման, աշխատանքների հասցեականության բարձրացման համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ․ խնդիրների մասին զեկուցեց Գիտխորհրդի նախագահ Անուշավան Մակարյանը՝ անդրադառնալով ռազմավարական 3 նպատակներից (Բարձրորակ կրթություն, Գիտություն և նորարարություն, Հանրային ներգրավում) բխող այն հիմնական խնդիրներին և գործողությունններին, որոնք առանձնացվել էին որպես առաջնահերթություններ՝ 2024 թվականին իրականացնելու համար:

Գիտական խորհրդի անդամները հաստատեցին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Արտակի Աբազյանին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում, նրան մաղթեցին բեղուն և արդյունավետ գործունեություն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի համակարգողներ Սյուզաննա Պետրոսյանը և Էդիտա Գրիգորյանը ներկայացրին կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշեցին, որ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի կողմից մասնաճյուղի ուսանողների, Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների համար կազմակերպվել և անցկացվել են կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև ծրագրեր և անգլերենի անվճար դասընթացներ, որոնց շնորհիվ զարգացել են մասնակիցների լեզվական, սոցիալական և տեխնիկական հմտությունները, նրանք ծանոթացել են ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին:

Անդրադարձ կատարվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի համատեղ ջանքերով 2024 թ. փետրվարից գործարկված «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագծին, որի շրջանակներում ևս կիրականացվեն անվճար դասընթացներ և միջոցառումներ՝ ուղղված ուսանողների և դասախոսների, ինչպես նաև համայնքի երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության հնարավորությունների և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը:

Մասնաճյուղի գիտխորհրդի՝ 63/3 որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ որոշվեց սահմանված ժամկետում հայտարարել մրցույթ, առաջարկված փոփոխություններով հաստատել կարգը՝ առանց գնահատման չափանիշների տոկոսային բաշխման, իսկ այդ բաշխումը լրացուցիչ քննարկումներից հետո սահմանել տնօրենի հրամանով:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

ԵՊՀ ԻՄ (13) ԵՊՀ ԻՄ-ի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մասնաճյուղում «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը երկարաձգվել է։

Մասնակցության հայտերը կարող եք  մինչև ապրիլի 1-ը ուղարկել առցանց՝ հետևյալ հղումով կամ թղթային տարբերակով ներկայացնել Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին։

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի առնվազն 4 և մագիստրատուրայի առնվազն 2 կիսամյակ սովորած այն ուսանողները, ովքեր ունեն հետևյալ ձեռքբերումները․

  • բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 16 և բարձր),
  • ներգրավվածություն գիտական աշխատանքներում,
  • մասնակցություն ներհամալսարանական և արտալսարանային կյանքին,
  • արտահամալսարանական ակտիվություն (մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողություններ)։

Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են․

  1. պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագրեր (մասնագիտական ամբիոնից երկու բնութագիր),
  2. ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության կողմից տրված բնութագրերը,
  3. տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
  4. ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
  5. արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
  6. այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք լավագույնս կներկայացնեն մրցույթին մասնակցող ուսանողի ձեռքբերումները։

Մրցույթի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։

Բադմինթոնի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

1. գլխավոր

2024 թ. մարտի 7-ին մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված բադմինթոնի՝ աղջիկների և կանանց բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի կանանց՝ բադմինթոնի սիրողական խումբը, Իջևանի մարզադպրոցի բադմինթոնիստները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

Առաջնության կազմակերպման նպատակն էր մարզի բնակիչներին խթանել վարելու առողջ ապրելակերպ, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, մասսայականացնել սպորտը մարզում:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ կանանց տոնի առթիվ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին, անդրադառնալով բաց առաջնության կազմակերպման նպատակին և կարևորությանը, մասնակիցներին և ներկաներին մաղթելով հաջողություն և դիտարժան խաղ: 

Մրցապայքարը գեղեցիկ էր և հետաքրքիր:

Իրենց վարպետությամբ աչքի ընկան Իջևանի մարզադպրոցի սաները, որոնց գրեթե չէր զիջում Դիլիջանի կանանց՝ բադմինթոնի սիրողական խումբը:

Հանդիպեցին Անիտա Արզումանյան–Օֆելյա Խեչյան և Իննա Ալավերդյան–Սիրանուշ Կիրակոսյան զույգերը: Հաղթողները խաղացին առաջին տեղի համար, պարտվողները՝ երրորդ:

Մրցանակային տեղեր գրավեցին Իջևանի մարզադպրոցի բադմինթոնիստները:

Առաջնության հաղթող ճանաչվեց Սիրանուշ Կիրակոսյանը:

Երկրորդ տեղը գրավեց Անիտա Արզումանյանը, երրորդ տեղը՝ Իննա Ալավերդյանը:

Հաղթողները ԵՊՀ ԻՄ տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով: