Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Առարկայական  ծրագրեր  մշակելու  ABC   մոտեցում» թեմայով վերապատրաստման  դասընթացը

DSCN9020

 2019թ. հունիսի 18-ին  և 19-ին  ԵՊՀ Իջևանի  մասնաճյուղում  կայացավ «Առարկայական ծրագրեր մշակելու ABC  մոտեցում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի  ասիստենտ, կրթության փորձագետ Սերոբ  Խաչատրյանը։

Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։

Դասընթացի  նպատակը   դասընթացի ծրագիր կազմելու ABC մոտեցման ներկայացումը  և  դասընթացի պլանավորման գործընթացում մեթոդների դերի կարևորումն էր։

Նախ ուսուցման  արդյունավետ մեթոդների շուրջ ծավալվեց քննարկում, այնուհետև դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին սովորելու՝  գիտականորեն  հիմնավորված սկզբունքները։

«Բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը դասավանդման գործընթացի բարելավումն է, իսկ դասավանդման գործընթացի հաջողության գրավականներից մեկը դասընթացի արդյունավետ պլանավորումն է։ Այնինչ  դասընթացի պլանավորման ժամանակ մենք  հաճախ կարևորում ենք միայն թեմաների թվարկումը և ըստ դասաժամերի դրանց բաշխումը», – նշեց պարոն Խաչատրյանը։

Ս.Խաչատրյանը ներկայացրեց դասընթացի պլանավորման ամբողջական մոդել, որում կարևորվում էին դասընթացի նպատակների, թեմաների, դասավանդման մեթոդների ու գնահատման ձևերի ներդաշնակեցումը, և  այդ համատեքստում շեշտը դրվեց դասընթացի պլանավորման մեթոդների հատվածին  առնչվող  ABC  մոտեցման վրա:

Մասնակիցները դասընթացի պլանավորման նոր մոտեցումը դիտարկեցին իրենց դասընթացների օրինակով, ներկայացրին իրենց դրական փորձը:

«Առարկայական ծրագրեր մշակելու ABC  մոտեցում» թեմայով վերապատրաստման դասընթացն անցկացվեց հետաքրքիր քննարկումներով  հագեցած մթնոլորտում։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները՝ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով ուսանողների և դասախոսների համաժողովում

DSCF8163 2019թ. հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում կայացավ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով ուսանողների և դասախոսների համաժողով, որը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)՝ իր 10-ամյակի միջոցառումների շրջանակում:

Համաժողովի (աշխատաժողովի) նպատակն էր քննարկման առարկա դարձնել արժանահավատ  որակավորումների շնորհումը և այդ համատեքստում ուսանողի հաջողության պլանավորումը,  շեշտադրել դասախոսի դերը արդյունավետ ուսուցման կազմակերպման գործում, խրախուսել իրենց աշխատանքը հետազոտող դասախոսներին և նպաստել հաջողված փորձի տարածմանը։ 

Աշխատաժողովին մասնակցում էին դասախոսներ և ուսանողներ, կրթության որակի ապահովման մասնագետներ, կարիերայի կենտրոնների աշխատակիցներ, կրթության կառավարիչներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից աշխատաժողովին մասնակցում էին երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի աշխատակիցները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության ներկայացուցիչներ:

Նախ՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին՝ վստահեցնելով, որ քննարկվող խնդիրներն ունեն լուծումներ, որոնք ի վերջո կապահովեն դրական արդյունք։

Կարևորելով  ուսանողի առաջընթացի ճիշտ պլանավորումը՝ պարոն Թոփչյանը նշեց, որ բարձրագույն կրթության հանրայնացման հետևանքով երբեմն բուհ են ընդունվում մարդիկ, որոնք պատրաստ չեն բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելուն։  Նրա խոսքով՝ աշխարհը ձգտում է այդ խնդրի լուծմանը, դա հնարավոր է նաև Հայաստանում, պարզապես պետք է շատ աշխատել։

Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց ուսանողի առաջընթացի պլանավորման հաջողված փորձ, եղան թեմատիկ հարցեր ու քննարկումներ։

Անդրադառնալով շնորհած որակավորումների արժանահավատությանը՝ Ռ.Թոփչյանը նշեց, որ բուհում ուսանողն  ստանում է տեսական գիտելիքներ, այսինքն՝ նրա ձեռք բերած փորձը տեսական է, և ավարտելուց հետո նա ինքնուրույն դա պետք է համապատասխանեցնի աշխատաշուկայի պահանջներին։ Պարոն Թոփչյանի խոսքով՝ եթե նախկին համակարգում դա գործող մոդել էր, ապա ներկայումս իրավիճակն այլ է. գործատուն բուհերից ակնկալում է  շրջանավարտներ, որոնք անմիջապես կսկսեն աշխատել։ Ուստի դասախոսի խնդիրն է ուսուցման ընթացքում ցույց տալ ուսանողին, թե իր տեսական գիտելիքն ինչպես կարող է կիրառելի դարձնել։ «Սա բավականին ծանր, բայց լուծվող խնդիր է»,- նշեց պարոն Թոփչյանը։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը  որակավորումների արժանահավատության խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում՝ աջակցելով բուհերի որակի ներքին ապահովման կենտրոններին խնդիրը բարձրաձայնել,  հասցնել մինչև կառավարման խորհուրդներ և խնդրի լուծման ուղղությամբ գործողություններ ձեռնարկել։

Կրթական գործընթացի արդյունավետության բաղադրիչներից է  նաև դասախոսի և  ուսանողի մոտիվացիան։ Շահակիցների մասնակցությամբ քննարկման շնորհիվ  պարզ դարձավ, որ դասախոսի համար լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել հետազոտությունները։  Համաժողովի մասնակիցների կարծիքով՝ բուհերը պետք է խրախուսեն դասախոսներին, որոնք հետազոտում են հենց ուսուցման և ուսումնառության  հետ կապված խնդիրները, փորձում դրանց համար լուծում գտնել։ Հետազոտող դասախոսը ոչ միայն իր ներդրումը կունենա կրթական խնդիրների լուծման ուղիների մշակման գործում, այլև  ճանաչում ձեռք կբերի, ինչը լրացուցիչ մոտիվացիա կապահովի։

Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ ՈԱԱԿ տնօրենը  նշեց, որ այն ծառայել է իր նպատակներին. տեղի ունեցավ բաց քննարկում, բարձրաձայնվեցին սուր հարցեր, արտահայտվեցին տարբեր մոտեցումներ։ Նման քննարկումներն էլ բերում են որոշակի լուծումների և որակի ապահովման։

ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումները կշարունակվեն և  կամփոփվեն հոկտեմբերին Երևանում կայանալիք՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով:

Համաժողովի օրակարգը տե՛ս այստեղ:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում։

Կայացավ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի իջևանյան հարթակի ներկայացուցիչների հետ հանդիպում

 DSCN8996

 2019թ. հունիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի իջևանյան հարթակի ներկայացուցիչների՝ ծրագրի համակարգող, քանդակագործ Գոռ Դավթյանի և նրա օգնական, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Հովհաննես Խաչատրյանի հետ:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչը, պրակտիկաների ղեկավարներ, գիտակազմակերպական աշխատանքների համակարգողը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողը, պրակտիկանտ-ուսանողներ և շրջանավարտներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ներգրավվածության հարցը:

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքներն սկսել ս.թ. հունիսի 24-ից:

Նշենք, որ միջազգային փառատոնը կազմակերպում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, փառատոնի աջակիցներն են ՀՀ ԿԳ, մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, մարզպետարանները, քաղաքային և գյուղական համայնքները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, «Սեբաստացիներ» հիմնադրամը:

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: 

Փառատոնի իջևանյան հարթակի մասին կարող եք տեղեկանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

ԵՊՀ ԻՄ-ում բացվել է «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը

DSCN8989

 2019թ. հունիսի 10-ին «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Բացման խոսքով հանդես եկավ «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի դասավանդող,  Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Արթուր Աղաբաբյանը: Նա ողջունեց ցուցադրության բոլոր այցելուներին ու մասնակիցներին, ներկայացրեց ցուցադրության կազմակերպման նպատակը. «Քանի որ նախորդ տարի ունեցանք լուսանկարչական աշխատանքների շատ հաջող ցուցադրություն, որոշեցինք այս տարի էլ կազմակերպել և ցուցադրությունը դարձնել ավանդական»:

Նախաձեռնությունը ողջունեց և նման միջոցառումների կազմակերպումը կարևորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ ընդգծելով, որ դրանք կարող են մոտիվացնել ուսանողներին՝ մասնագիտանալու այդ ուղղությամբ: 

Այս տարի էլ ցուցադրված էին գեղարվեստական բարձր մակարդակով արված աշխատանքներ, որոնք իրենց որակական ու տեխնիկական հատկանիշներով չէին զիջում ժամանակակից պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքներին:

Ցուցադրությունն ընդգրկում էր յուրաքանչյուր ուսանողից 3 լավագույն աշխատանք, որոնք «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում համատեղ ընտրվել էին դասախոսի և ուսանողի կողմից:

Մեծ մասամբ ներկայացված էին գեղարվեստական լուսանկարչության ժանրի աշխատանքներ, որոնք կոմպոզիցիայի և ստեղծագործական մտքի ճիշտ կառուցման արդյունք էին:

Ցուցադրված էին նաև ռեպորտաժային լուսանկարներ, որոնցում պատկերված էին առօրյա կյանքում հանդիպող իրավիճակներ, կենցաղային ուշագրավ դրվագներ:  

Լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը մեծ տպավորություն գործեց այցելուների վրա. այն կտևի մինչև ս.թ. հունիսի 15-ը:

Սիրով հրավիրում ենք ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետ՝ ցուցադրությունը դիտելու:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Լույս է տեսել Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաչիկյանի «Գյումրի, իմ սեր» գծանկարչական ալբոմը

1. Old Gyumri

 2018-19 ուստարվա վերջում «Էդիթ պրինտ» հրատարակչությունը լույս ընծայեց ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, արվեստաբան-գծանկարիչ, ՀՀ լրագրողների և ՀՀ նկարիչների միությունների անդամ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի)՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով գրաֆիկական թերթերի հավաքածուն:

Վերջինս պարունակում է այդ հայաշունչ ոստանը պատկերող 24 բացիկ, որոնք հին քաղաքին ուղղված նոր հայացք են:

Հավաքածու-ալբոմին կցված եռալեզու (հայերեն, ռուսերեն ու անգլերեն) առաջաբանում տրված է հինավուրց այդ բնակավայրի ամփոփ պատմությունը, որն սկսվում է Ք.ա. III հազարամյակից և ձգվում մինչև մեր օրերը: Հավաքածուի առաջաբանում մասնավորապես նշված է, որ Գյումրին քաղաքի կարգավիճակ ստացել է 1837թ., երբ հաստատվել է առաջին հատակագիծը՝ համահունչ ժամանակի քաղաքաշինական սկզբունքներին: XIX դարավերջին արդեն այն Անդրկովկասի երրորդ ամենամեծ առևտրական ու մշակութային կենտրոնն էր՝ Բաքվից ու Թիֆլիսից հետո: Պարզվում է նաև, որ Գյումրու անշփոթելի դիմագիծը կազմավորել են Կարինից, Կարսից, Մուշից ու Բասենից գաղթած վերաբնակները, ովքեր շարունակելով Արևմտյան Հայաստանի շինարարական հարուստ ավանդույթները՝ կառուցել են մեկը մյուսից տպավորիչ շինություններ, եկեղեցիներ ու փողոցներ: Մյուս կողմից էլ Գյումրին ժառանգորդն է քաղաքամայր Անիի:

Նույն առաջաբանում կարդում ենք. «Արվեստաբան-նկարիչ Լևոն Լաճիկյանն իր գծանկարների միջոցով անթաքույց սեր է փոխանցում առ Գյումրի՝ վերստեղծելով հայրենի քաղաքի պատմամշակութային անկրկնելի միջավայրը և հյուսելով հինավուրց այդ ոստանի նոր դիմապատկերը: Բացիկների այս հավաքածուն նոր հայացք է հին Գյումրուն, որ հավելյալ խոհեր ու վերաբերմունք է առաջացնում, միաժամանակ պարտքի նոր զգացողություն ծնում»:

Սիրով շնորհավորում ենք պարոն Լաչիկյանին և հիշեցնում, որ նա է Երևանի պետական համալսարանի բոլոր գլխավոր մասնաշենքերը պատկերող գծանկարների հեղինակը: Այդ գծանակարներից մեկն էլ զարդարում է ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը, իսկ աշնանը կայանալիք՝ Մայր բուհի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում կթողարկվի հոբելյանական նամականիշ, որի էսքիզի հեղինակը դարձյալ մեր դասախոսն է: