Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2024 թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ

 

1. գլխավոր

ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության ու Մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժնի կողմից այս տարի ևս հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ 2023-2024 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնք շատ կարևոր են բուհի համար. դրանց արդյունքները կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մայիսին իրականացվեց 2023-24 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Զբոսաշրջություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ռուսաց լեզու և գրականություն»:

Ըստ հանձնաժողովների նախագահների՝ ԵՊՀ ԻՄ-ում այս տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը մասնաճյուղի ղեկավարության, վարչական ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից կազմակերպվել էր պատշաճ կարգով և բարձր մակարդակով, ժամանակացույցների, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափանիշների համաձայն:

«Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Անահիտ Վարդանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 6 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:

Հանձնաժողովի նախագահը կարծիք է արտահայտել, որ ավարտական աշխատանքների թեմաներն արդիական են, թեմատիկան համապատասխանում է որակավորմանը, ցանկություն է հայտնել, որ նյութն ավելի բարձր որակով ներկայացվի: Նախագահի կողմից բարձր են գնահատվել շրջանավարտների՝ մասնագիտորեն գրագետ բանավոր խոսքը, մասնագիտական գիտելիքների և պատկերացումների դրսևորման, դրանց կիրառման կարողությունների մակարդակը, հաղորդակցման կարողությունների առկայությունը, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ շրջանավարտներին առաջարկվել է կատարելագործել շնորհանդեսների որակը, իսկ ուսումնառության ընդհանրական արդյունքների բարելավման համար՝ շարունակել կրթությունը մագիստրատուրայում:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխ․ գիտ. թեկնածու Նարինե Կոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 17 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ բոլոր ավարտական աշխատանքները կատարված էին պատշաճ մակարդակով:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է ավելի շատ ուշադրություն դարձնել կիրառական խնդիրների վրա:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկան, դոցենտ, մ․գ․թ․ Իռենա Մադոյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 շրջանավարտ. 14-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ թեմաներն արդիական էին և խորը հետազոտված ուսանողների կողմից: Շրջանավարտները պատրաստակամ և գիտակ մոտեցում էին ցուցաբերում հանձնաժողովի հարցերին:

 Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է աշխատանքների խնդիրներում առաջ քաշել վարկած, որը կհաստատվի կամ կհերքվի դրանց կատարման արդյունքում: Ուսումնառության ընդհանրական արդյունքների բարելավման ուղղությամբ առաջարկվել է հնարավորինս շատ ուսումնասիրել մասնագիտական գրականություն:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը, ֆակուլտետի դեկանին, Օտար լեզուների ամբիոնի վարիչին՝ ամփոփիչ ատեստավորումը մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպելու համար:

«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 13 շրջանավարտ. 9-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ուսանողների գերակշիռ մասը դրսևորել է գիտական ակտիվություն, ուսումնասիրել է թեմային առնչվող գրականությունը, հանդես է եկել գեղեցիկ, ճկուն և սահուն, մասնագիտորեն գրագետ բանավոր խոսքով:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է մասնավորապես լեզվից ընտրել ավելի արդիական թեմաներ՝ տեղանքին, տարածաշրջանին առնչվող, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ուսանողների ինքնուրույնությանը:

«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պ․գ․դ․ Խաչատուր Ստեփանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 14 շրջանավարտ. 8-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահի կողմից առաջարկվել է բարձրացնել փորձնականորեն ստացված կամ ուսումնասիրված տվյալների հանրագումարային ներկայացման, սեփական տեսակետների վստահ պաշտպանության կարողությունների մակարդակը: Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության, շրջանավարտների կողմից դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է համաչափ բաժանել թեմաները՝ ըստ հայոց պատմության ժամանակաշրջանների:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչության հատուկ հետազոտությունների բաժնի պետ, տ.գ.թ․ Գևորգ Մինասյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 27 շրջանավարտ. 8-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 7-ը՝ «բավարար», 3-ը՝ «անբավարար»:

Հանձնաժողովն առաջարկել է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք պարունակում են հստակ ձևակերպված հետազոտական հարց և վերաբերում են արդի տնտեսական հիմնահարցերին: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ցանկալի չէ թեմաների ցանկում ունենալ այնպիսիք, որոնք կրում են ընդհանրական բնույթ, և որտեղ առաջադրված հարցերին հնարավոր է պատասխանաել առանց խորը վերլուծությունների: Նաև առաջարկվել է հնարավորինս ընդլայնել թեմաների ցանկը, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ամբողջական ծավալով կիրառել ուսումնառության տարիներին ձեռք բերված գիտելիքները: 

Ուսումնառության ընհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է.

  1. Ավարտական կուրսերի ուսանողների համար ներդնել «Հետազոտության մեթոդներ» առարկան, որի շրջանակում ուսանողները կսովորեն առաջադրել հետազոտական հարցեր, իրականացնել գրականության վերլուծություն, ձևավորել հիպոթեզներ, ստուգել դրանք քանակական և ոչ քանակական մեթոդներով և ներկայացնել արդյունքները հիմնական շահառուներին:
  2. Համալսարանում ներդնել մշակույթ, որը կխրախուսի օնլայն հարթակներում (Edx, MITx, Coursera, DataCamp, Udemy) առաջարկվող դասընթացներին ուսանողների մասնակցությունը: Խրախուսումը կարող է լինել ինչպես փոքր ֆինանսական աջակցություն, այնպես էլ համալսարանի կողմից հավաստագրի տրամադրման տեսքով:
  3. ԵՊՀ ԻՄ-ում ստեղծել մարզում գործող տնտեսվարողների տվյալների անանուն շտեմարան, որը մի կողմից թույլ կտա ուսանողներին իրականացնել տնտեսական հետազոտություններ այս կամ այն հարցի վերաբերյալ, մյուս կողմից՝ տնտեսվարողները շահագրգռված կլինեն տեղեկանալու այդ վերլուծությունների արդյունքներին իրենց գործունեության ընթացքում փաստերի վրա հիմնված որոշումների կայացման համար:

 «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, մ․գ․թ․ Լուիզա Միլիտոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 22 շրջանավարտ. 9-ը ստացավ «գերազանց», 13-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքների թեմաները արդիական են, համապատասխանում են շնորհվող որակավորմանը: Ավարտական աշխատանքներում հստակ սահմանված է աշխատանքի նպատակը, և համապատասխանաբար ձևակերպված են խնդիրները, ներկայացված են հետազոտության օբյեկտը, առարկան, գործնական և տեսական նշանակությունը:

Աշխատանքներում ուսանողները ներկայացրել են այն նոր մոտեցումները, որոնք առկա են տարրական մանկավարժության և ներկայացվող թեմայի դասավանդման մեթոդիկայում: Բոլոր աշխատանքներում իրականացված է մանկավարժական գիտափորձ, և հստակ առկա են բոլոր փուլերը: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփված են տրամագրերում: Ուսանողների ելույթներն ուղեկցվում են սահիկաշարով, որը համապատասխանում է իրենց թեմային և բանավոր խոսքին:

 Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է շեշտադրել հիմնարար փաստաթղթերի և ժամանակակից գրականության ուսումնասիրությունը:

«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ Մարիա Բաբյանը:

«Դիզայն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ. 10-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 9 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է իր գոհունակությունը ավարտական աշխատանքների ղեկավարներից և ֆակուլտետի դեկանից՝ որակյալ աշխատանքների և բարձր մակարդակով կազմակերպված պաշտպանությունների համար:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության կապակցությամբ նախագահն առաջարկել է, որ շարունակեն վստահել ղեկավարների և ուսանողների նախասիրություններին, նշել է, որ գրեթե բոլոր թեմաները բխում էին տարածաշրջանի պահանջներից և արդիական էին: Աշխատանքները բազմաժանր էին և հետաքրքիր: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է հնարավորություն ստեղծել ներկայացված նախագծերի իրականացման համար, գտնել շուկայի համապատասխան շահառուներ և դառնալ միջնորդ շրջանավարտի և գործատուի միջև:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Գոռ Մանասյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ուսանող-շրջանավարտները մեծ մասամբ կարողանում էին հիմնավորել իրենց տեսակետները, բայց որոշ ուսանողների դեպքում նկատվում էին բանավոր խոսքի և ներկայացման թերություններ, հարցադրումներին պատասխանելիս որոշակի կաշկանդվածություն:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքներում առավել մեծ ուշադրություն դարձնել տեսական հիմնավորումներին, հետազոտական-վերլուծական բաղադրիչին, թեմաների նպատակների շարադրման, դրված խնդիրների և արդյունքների կապին:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ. Աննա Առաքելյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ փորձարարական տվյալները ուսանողները կարողացան վստահ ներկայացնել, անհրաժեշտության դեպքում՝ սեփական տեսակետների դիտանկյունից: Գերազանց գնահատականներ ստացած ուսանողների կողմից վերհանված խնդիրները համակողմանի ուսումնասիրված և վերլուծված էին, ներկայացված էին գործնական առաջարկներ:

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է բարձրացնել՝

  1. հետազոտական աշխատանքի կազմակերպման հմտությունների մակարդակը,
  2. հետազոտական աշխատանքի արդյունքների խորքային վերլուծական կարողությունների մակարդակը,
  3. հետազոտության արդյունքների մեկնաբանության և ընդհանրական եզրահանգումներ անելու կարողությունների մակարդակը,
  4. հետազոտության արդյունքների մշակման տեխնոլոգիաների տիրապետման մակարդակը:

Նախագահն առաջարկել է նաև ավարտական աշխատանքների թեմաները ձևակերպել կոնկրետ, որպեսզի հիմնախնդիրը և հետազոտության առարկան լինեն հստակ, իսկ թեմաները՝ հետազոտելի:

ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը հայրենական կրթության զարգացման գործում ներդրման համար արժանացել է «Ռուսաստանի ոսկե ամբիոն» դիպլոմի

1 (1)

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության՝ 2024 թ. մայիսի 5-ի թիվ 1201 որոշման համաձայն՝ ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գևորգ Սարգսի Սիմոնյանը ծննդյան 65-ամյակի և հայրենական  կրթության ու դասախոսական հմտությունների զարգացման գործում ներդրման համար պարգևատրվել է Ռուսական բնական գիտությունների ակադեմիայի «Հայրենական գիտության ոսկե ֆոնդ» շարքի «Ռուսաստանի ոսկե ամբիոն» դիպլոմով, վկայականով և կրծքանշանով (տե՛ս այստեղ):

Պետք է փաստել, որ այս մրցանակին արժանանում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև ԱՊՀ երկրների բուհերի ամբիոնները:

Գևորգ Սիմոնյանը նշեց, որ դիպլոմի հայցման գործընթացին ԵՊՀ ԻՄ գիտական և մանկավարժական կոլեկտիվի՝ ամբիոնի մասնակցելու առաջարկը եղել է Ռուսական բնական գիտությունների նախագահության կողմից ապրիլի 18-ին իրեն  հասցեագրված նամակում, որտեղ գրված էր. «Հաշվի առնելով Ձեր մասնակցությունը ակադեմիայի գիտական նախագծերին և ակադեմիայի ամսագրերում ակտիվ հրատարակչական գործունեությունը՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահությունն առաջարկում է մասնակցել Ձեր գիտամանկավարժական կոլեկտիվին «Ոսկե ամբիոն» դիպլոմի ներկայացմանը»:

Ակադեմիայի կայքում լրացվել է համապատասխան ձևաչափով հայտը, որտեղ նշվել են վերջին հինգ տարում ամբիոնի գիտական և ուսումնական ձեռքբերումները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնին՝ վարիչ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ, մաղթում ուսումնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:   

 

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է

ԵՊՀ ԻՄ (3)

1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին. իրականացավ հայ ժողովրդի՝ անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը:

Մայիսյան հերոսամարտերի (Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի) բովում ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը, որը, հիրավի, մեր պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց անկախ Հայաստան էր ստեղծվում:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը: Անկախության տարեդարձի օրը` 1919 թ. մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:

Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց: Սակայն մեծ է նրա պատմական նշանակությունը, անգնահատելի՝ նրա դերը հայոց պետականությունը վերագտնելու գործում:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից, երբ Հայաստանը կրկին անկախություն ձեռք բերեց:

1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության տոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից Հանրապետության տոնի առթիվ շնորհավորում ենք համայն հայությանը՝ մեր ժողովրդին ցանկանալով ուժ, միասնականություն և իմաստնություն, մեր պետությանը՝ հզորացում և առաջընթաց:

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը, կեցցե՛ հայ ժողովուրդը….

Մասնաճյուղում իրականացվեց «Զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

1․ գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ս.թ. մայիսի 24-25-ը առկա և առցանց ձևաչափով իրականացրեց «Զբոսաշրջության և  ռեկրեացիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին բակալավրիատի և  մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ և գիտնականներ՝ 4 համալսարանի 19 ներկայացուցիչներ 2 երկրից (Հայաստան, Ռուսաստան):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը և ռուսերենը:

Այն նպատակ ուներ խթանելու ուսանողական հետազոտությունները, բացահայտելու ուսանողների, ասպիրանտների ստեղծագործական ներուժը, զարգացնելու ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցությունը, կենտրոնացնելու երիտասարդության ուշադրությունը ՀՀ-ում ժամանակակից զբոսաշրջության և ռեկրեացիայի հիմնախնդիրների վրա, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը՝ ողջունելով բոլոր մասնակիցներին և ներկաներին, անդրադառնալով գիտաժողովի նպատակին, Տավուշի մարզում դրա իրականացման կարևորությանը:

Միջազգային գործընկերներից ողջույնի խոսք ասացին Տ․ Բ․ Լիսիցինան և Ա․ Ա․ Կորժանովան:

Ելույթ ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր, գիտաժողովի նախաձեռնող Գուրգեն Հովհաննիսյանը՝ իր խոսքում ընդգծելով, որ զբոսաշրջությունը համարվում է Տավուշի մարզի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: Այդ ոլորտում իրականացված ցանկացած հետազոտություն, նախագիծ կարող է լուրջ դերակատարում ունենալ մարզում զբոսաշրջության զարգացման համար: Գիտաժողովի կարևոր առանձնահատկությունն այն է, որ միտված է ուսանողական հետազոտությունների իրականացմանը:

Երկօրյա գիտաժողովում ներկայացվեցին հետաքրքիր և արդիական թեմաներով 2 տասնյակ զեկուցումներ, որոնք հիմնականում վերաբերում էին Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմանը, ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականին, զբոսաշրջության զարգացման ռեգիոնալ առանձնահատկություններին (գիտաժողովի օրակարգը տե՛ս այստեղ):

Վերջում գիտաժողովի մասնակիցների համար կազմակերպվեց այց-Էքսկուրսիա Իջևանի գինու և կոնյակի գործարան:

Մասնակիցները կստանան հավաստագրեր:

 

Աչաջրի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը մասնաճյուղ

 

1․ գլխավոր2024 թ. մայիսի 23-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Աչաջրի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ մասնագիտական կողմնորոշման աշխատակից Շ․ Գասպարյանի ուղեկցությամբ:

Այցելության նպատակն էր դպրոցի սաներին ծանոթացնել համալսարանական միջավայրին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, կրթական ծրագրերին, բուհում գործող կենտրոններին:

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանի ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին մասնա­ճյուղում, ծանոթացան համալսարանի պատմությանը, ֆակուլտետների գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին և հնարավորություններին, ունեցան հանդիպում-քննարկումներ:

Տնտեսագիտության ֆակուլտետում աշակերտները հանդիպումներ ունեցան ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա․ Մարգարյանի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., պրոֆեսոր Գ. Հովհաննիսյանի և դասախոս Ս․ Սաֆարյանի հետ: Համալսարանի աշխատակիցները աշակերտներին ներկայացրին «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերում սովորելու համար սահմանված քննությունները, պահանջվող գիտելիքները, ինչպես նաև ոլորտում առկա հեռանկար­ները և աշխատաշուկայի պահանջները:

Բնական գիտությունների ֆակուլտետում աշակերտները Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Գ․ Գուլակյանի հետ քննարկեցին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի հնարավորությունները, ծանոթացան ուսանողների կողմից իրականացված և ընթացիկ աշխատանքներին, տեղեկություններ ստացան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից նախագծերի, զարգացման հեռանկարների և աշխատաշուկայի պահանջարկի մասին:

Կիրառական արվեստի ֆակուլտետում դեկանի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վ․ Աղաբաբյանը աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, ծանոթացրեց քանդակի, խեցեգործության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության և այլ ոլորտներում ու ժանրերում ուսանողների կատարած աշխատանքներին, դրանց թեմատիկային և կատարողական վարպետությանը:

Մասնաճյուղում դպրոցի սաները տեղեկատվություն ստացան նաև «Ամերիկյան գրա­դա­րան և դասընթացների կենտրոն»-ի գործունեության, ընթացիկ աշխատանքների, հասարակությանն առաջարկվող ծրագրերի և հնարավորությունների վերաբերյալ:

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին բուհի ներկայացուցիչներին, նրանցից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Նման ճանաչողական այցերը մասնաճյուղ կրում են պարբերական բնույթ, իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում՝ դպրոցականներին հնարավորություն տալով տեղում և մոտիկից ծանոթանալու համալսարանական միջավայրին, ուսանողական առօրյային: