Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

200.000-ական դրամ՝ մագիստրոսական թեզը ավարտին հասցնելու համար

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 10 և Տնտեսագիտության ֆակուլտետի 80-ամյակների կապակցությամբ սահմանված դրամաշնորհների մրցույթը հայտարարվել էր դեռևս 2014 թ-ի դեկտեմբերին: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մասնակցության հայտ են ներկայացրել 7 ուսանող (2-ը` Տնտեսագիտության, 5-ը՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետներից): Սակայն նախատեսված էր մեկական դրամաշնորհ յուրաքանչյուր ֆակուլտետի համար:
«Հետազոտական կրթաթոշակները տրամադրվում են այդ ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողներին՝ անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով»,- ասում է «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հեղինե Մանասյանը:
Աշխատանքների գնահատումը կատարվել է անանուն, փորձագետները հատկապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե որքանով է տվյալ հետազոտությունը արդիական և ունի՞ արդյոք կիրառական նշանակություն:

Տնտեսագիտության ֆակուլտետից հաղթող ճանաչվեց մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Նաիրի Ճաղարյանի աշխատանքը, ով հետազոտում է ներդրումային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները Հայաստանում:

«Այսօրվա գլոբալիզացվող աշխարհում ներդրումների և ցանկացած տնտեսության տնտեսական աճի միջև ուղիղ կապ կա: Ուսումնասիրելու ենք 6 ինդեքսներ, ցուցանիշների մանրամասն վերլուծություն ենք անելու՝ համեմատելով Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների հետ: Նաև կփորձենք ուղիներ մատնանշել մեր երկրում ներդրումային միջավայր ձևավորելու համար»,- նշեց Նաիրին:

Կրթաթոշակակիրները հնարավորություն կունենան մասնակցելու «ՀՌԿԿ-Հայաստան»-ի «Կրտսեր հետազոտողների ծրագրով» նախատեսված դասընթացներին, օգտվելու առկա բոլոր ռեսուրսներից, ստանալու հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:

Կրթաթոշակակիրներին սահմանված 200.000-ական ՀՀ դրամը, ըստ կնքված պայմանագրի, կհատկացվի երկու մասով:

Աղբյուրը` ysu.am

Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում

2015թ. հունվարի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ն.Խուդավերդյանը:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, խորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014թ. գործունեության մասին հաշվետվություն
(զեկուցող` Ն.Խուդավերդյան)

2. 2014 -2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների ամփոփման և ներկայացման մասին
(զեկ.` Ն.Խուդավերդյան)

3. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի կազմակերպման համար նախապատրաստական աշխատանքների վիճակի մասին
(զեկ.` Ն.Խուդավերդյան)

4. Ընթացիկ հարցեր:

Նախ` դեկանը ներկայացրեց Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014թ. գործունեության մասին հաշվետվություն` հիմք ընդունելով մասնաճյուղի զարգացման` 2011-2015թթ. Ռազմավարական ծրագիրը և Տնտեսագիտության ֆակուլտետի մարտավարական ծրագիրը:

Մասնավորապես նշվեց, որ ֆակուլտետում բակալավրիական կրթություն է իրականացվում երկու` «Տնտեսագիտության տեսություն» և «Սերվիս» մասնագիտություններով: Գործում է երկու ամբիոն` Ընդհանուր տնտեսագիտության ու Տուրիզմի կառավարման և մշակութաբանության:

Ներկայումս ֆակուլտետում սովորում է 142 ուսանող, որոնցից 29-ը` անվճար (լրիվ փոխհատուցվող համակարգում), 113-ը` վճարովի համակարգում:

Բուհական համակարգում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ու նորարությունները կանոնավոր կերպով իրականացվում են նաև Տնտեսագիտության ֆակուլտետում:

Քննաշրջանի ընթացքում ուսանողների` յուրաքանչյուր օրվա գրանցված արդյունքները փակցվում են ֆակուլտետի հայտարարությունների տախտակին, իսկ մասնագիտությունների ամփոփ թերթիկը տեղակայվում է մասնաճյուղի կայքէջում:

Վերահսկման այս համակարգի ներդրումը, ձևավորելով ուսանողների մեջ առողջ մրցակցության հոգեբանություն, ակնառու դրական է անդրադարձել ուսման առաջադիմության և կրթության որակի վրա:

Ֆակուլտետում թափանցիկ են իրականացվում նաև յուրաքանչյուր կիսամյակ կրթաթոշակների նշանակման և յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացվող փոխատեղման գործընթացները: 2014-15 ուստարվա առաջին կիսամյակին ֆակուլտետի 23 ուսանողներ ստացել են կրթաթոշակ, որոնցից երկուսը` անվանական:

Հատկանշական է, որ նշված գործընթացներում լիարժեք մասնակցություն են ունենում նաև ուսանողները` որպես գլխավոր շահառու:

Ֆակուլտետում ներդրված է ուսանողների հաճախումների համակարգչային ամփոփման ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում ամեն ամիս կանոնավոր ամփոփել ուսանողների հաճախումները և անհրաժեշտության դեպքում, գործող կարգապահական կանոնակարգի համաձայն, ձեռնարկել համապատասխան քայլեր (դիտողություն, բացատրական աշխատանքներ, գրավոր նկատողություններ և այլն):

Ֆակուլտետում խիստ ուշադրության կենտրոնում են պահվում Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պահանջները, դրանք ժամանակին ներդրվում են ուսումնական գործընթացում և նույնպես միտված են կրթության որակի բարձրացմանը:

Նշված խնդրի լուծմամբ հիմնականում զբաղվում են մասնագիտացված ամբիոնները, որոնք մշակում և իրականացնում են նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կապված անհրաժեշտ (կոմպետենտ) քաղաքականություն, դասախոսների մասնագիտական մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Նշվածի վկայությունը ֆակուլտետում կանոնավոր կերպով կազմակերպվող դասալսումներն ու բաց դասերն են: 2014թ. ամբիոնների կողմից վերանայվել են առարկայական ծրագրերը, դասընթացների բովանդակությունը, ուսումնառության արդյունքների գնահատման չափանիշները:

Ստեղծվել են դասընթացների փաթեթներ` պորտֆոլիոներ, որոնք էլ պլանավորված և կանխատեեսելի են դարձրել ողջ դասընթացը` նպաստելով որակի բարձրացմանը: Նշվեց նաև, որ ֆակուլտետում 2014թ. գրանցվել է գիտական կյանքի աշխուժացում: Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսների կողմից ներկայացվել է 1 ուսումնական ձեռնարկ, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 1 զեկուցումների թեզիս, տպագրվել 7 գիտական հոդված: Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոսների կողմից տպագրվել է 9 գիտական հոդված:

2014թ. նոյեմբերին Ազգագրության և հնագիտության ինստիտուտում անց է կացվել ամբիոնի դասախոս Լ.Բեգինյանի `«Հուղարկավորության ծեսերն ու սովորույթները Տավուշում» թեմայով թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությունը:
Ֆակուլտետը պարբերաբար համալրվում է տեխնիկական միջոցներով, հագեցած լսարաններով, աշխատասենյակներով:

Օրեցօր ավելանում է ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ դասեր վարող դասախոսների թիվը: Ֆակուլտետի ամբիոնները համագործակցում են մասնաճյուղի ՈՒԽ -ի և ՈՒԳԸ-ի հետ` կոորդինացնելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բոլոր ֆակուլտետների այն քննարկումները, որոնք նվիրված են տնտեսագիտական թեմաներով վերլուծություններին:

Դեկանատը ամբիոնների հետ մեկտեղ մեծ նշանակություն է տալիս ուսանողության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումների կարևորությանը: Քանի որ այս մեխանզմը թերությունները և թերացումները վերհանելու, վերացնելու դրականն ու առաջադիմականը խթանելու լուրջ գործիք է:

Ֆակուլտետում գործող ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում են գիտական միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր: Եվ բնական է, որ այս ամենը միտված է ուսանողակենտրոն միջավայրի ձևավորմանը և պայմանավորված է կրթության որակի բարձրացման նպատակներով:

Ամփոփելով 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքները` մասնավորապես նշվեց, որ 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ստուգարքների և քննությունների արդյունքները ըստ ֆակուլտետում գործող մասնագիտությունների դեկանատի կողմից ամփոփվել և վերլուծվել են ամենայն մանրամասնությամբ: Ֆակուլտետում քննաշրջանը կազմակերպվել է թվով 142 (անվճար` 29, վճարովի`113) ուսանողների համար:

Քննաշրջանի ընթացքում ֆակուլտետի 6 ուսանող (4 ուսանող` «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության, 2 ուսանող` «Սերվիս» մասնագիտության) զորակոչվել են Հայոց բանակ և թվով 10 ուսանող (8-ը` «Տնտեսագիտության տեսություն», 2-ը`«Սերվիս» մասնագիտության) վերադարձել են տարկետումից:

Տվյալ կիսամյակում նախատեսված ստուգարքներն ու քննությունները դրական է հանձնել 95 (54-ը` ՏՏ, 41-ը` Ս) ուսանող: Պարտք ունի 47 (39-ը` ՏՏ, 8-ը` Ս) ուսանող: Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 67%: նախորդ (2013-2014) ուստարվա առաջին կիսամյակի ցուցանիշների (59,62%) հետ համեմատած` ֆակուլտետում ընդհանուր առաջադիմությունը գրանցել է 7% աճ:

Դրական արձանագրվեց այն փաստը, որ ֆակուլտետում անվճար համակարգում ուսումնառող ուսանողները գրանցել են 100% առաջադիմություն:

Քննաշրջանի արդյունքում 8 ուսանող (2-ը` ՏՏ, 6-ը` Ս) գրանցել է գերազանց առաջադիմություն:

2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների վերաբերյալ արտահայտվելով` մասնաճյուղի տնօրենը նշեց, որ Տնտեսագիտության ֆակուլտետի առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների ցուցանիշները, համեմատած ԵՊՀ ԻՄ-ի մյուս ֆակուլտետների համանման արդյունքների հետ, համեմատաբար ցածր են, որը գնահատվեց որպես օբյեկտիվության դրսևորում:

Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված` նշվեց, որ լսարանային ֆոնդն ամբողջությամբ համապատասխանում է ուսումնական գործընթացի կազմակերպման պրոցեսին:

Ամբիոններում ընթանում է ծրագրերի նորացման, ընթացիկ և եզրափակիչ քննական հարցաշարերի համալրման և ներկայացման գործընթացը:

Ֆակուլտետում գործող երկու մասնագիտական ամբիոններում իրականացվում են երկրորդ կիսամյակի դասընթացների փաթեթների (պորտֆոլիոների) ստեղծման աշխատանքները: Կազմված է երկրորդ կիսամյակի դասացուցակը, որն ամբողջովին համապատասխանում է աշխատանքային ուսումնական պլաններին, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածություններին:

Կատարված են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, և որևէ խոչընդոտ չկա երկրորդ կիսամյակի գործընթացը սկսելու համար:

Ընդմիջարկելով` Ս.Առաքելյանը նշեց, որ եզրափակիչ քննության հարցաշարը պետք է կազմված լինի այնպես, որ ընթացիկ քննության հարցաշարի հարցերը չներառվեն եզրափակիչ քննության հարցաշարի մեջ, իսկ եզրափակիչ քննությունների հարցերը` ամփոփիչ մասնագիտական հարցաշարի մեջ:

Ընթացիկ հարցերից հատկանշական է Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի գործավար Ա.Զախարյանին պարգևատրելու մասին հարցը, որի վերաբերյալ կայացվեց դրական որոշում:

«Մեր հաղթանակները». հայ ռազմարվեստի պատմության քառահատորյակ

«Մեր հաղթանակները» քառահատորյակը ստեղծվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորած հեղինակային խմբի նախաձեռնությամբ 2008-2012 թթ. ընթացքում։ Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Հայաստանի հարուստ ռազմական պատմությունը:

«Մեր հաղթանակները» նախագծի ղեկավար և հեղինակ` Գագիկ Հարությունյան

Հեղինակային խմբի ղեկավար` Սուրեն Մարտիկյան

Գիտական խմբագիր` Էդուարդ Լ. Դանիելյան, պատմ. գիտ. դոկտոր

Հատորների բովանդակությունը

  • Առաջին հատորն ընդգրկում է հայոց պատմության հնագույն շրջանից մինչև Ք.հ. III դ. վերջը պատերազմների, արշավանքների ու ճակատամարտերի ընթացքում հայոց զինուժի տարած ռազմավարական և մարտավարական հաղթանակների համառոտ նկարագրությունը:
  • Երկրորդ հատորում ընդգրկված է IV-Xդդ. պարսկական և արաμական գերտերությունների դեմ մղած պայքարում մեր բանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը:
  • Երրորդ հատորում ընդգրկված է XI-XIIIդդ. Հայոց Բագրատունիների թագավորության, հայկական իշխանությունների և Կիլիկյան թագավորության օտար նվաճողների դեմ մղած պայքարում մեր μանակի տարած հաղթանակների համառոտ նկարագրությունը և վերլուծությունը:
  • Չորրորդ հատորում ընդգրկված է XVIII-XX դդ. ժամանակաշրջանը: Հատորը սկսվում է 1720-ական թթ. Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի հաղթանակների նկարագրությամբ և ավարտվում Արցախյան պատերազմում արձանագրված փայլուն և համոզիչ հաղթանակներով: Հատուկ տեղ է հատկացվում ինչպես ֆիդայական շարժմանը, այնպես էլ հայ ժողովրդի մասնակցությանը թուրքական և պարսկական տիրապետության դեմ ծավալված պատերազմներին ու երկու աշխարհամարտերին:

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ – Ա (ԵՐԵՒԱՆ, «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ, 2008).ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿ,  PDF ՏԱՐԲԵՐԱԿ

Մեր հաղթանակները – Բ (Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2009). առցանց տարբերակ,  PDF տարբերակ

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ – Գ (ԵՐԵՒԱՆ, «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ, 2011).ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿ,  PDF ՏԱՐԲԵՐԱԿ

Մեր հաղթանակները – Դ (Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2012). առցանց տարբերակ,  PDF տարբերակ

Հատորները հանրայնացնելու համար շնորհակալություն Նարեկ Գալստյանին։

Աղբյուրը` armscoop.com

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում

2015թ. հունվարի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ժ/պ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Մ.Զաքարյանը:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, խորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի` 2014-15 ուստարվա I կիսամյակի հաշվետվություն
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

2. Հետազոտությունների ծավալի աճի, դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության ընդլայնում:
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

Նախ` ֆակուլտետի դեկանի կողմից ներկայացվեց 2014-15 ուստարվա I կիսամյակում իրականացված աշխատանքերի մասին հաշվետվություն:

Մասնավորապես նշվեց, որ Բնական գիտությունների ֆակուլտետում գործում են 2 ամբիոններ՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության (ամբիոնի վարիչ` ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Ա.Ցուցուլյան), Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների (ամբիոնի վարիչ` ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Ռ.Քամալյան), մասնագիտական համակարգչային 2 լաբորատորիաներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական հնարավորություններով:

Ֆակուլտետն ունի 65 ուսանող, 25 աշխատող (20 դասախոս, 3 գործավար, 2 լաբորանտ):

Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի կողմից հաշվետու կիսամյակում հաջողությամբ իրականացվել է որևէ օտար լեզվով դասախոսություն կարդալու նախաձեռնությունը, որն ուսանողների մեջ առաջացրել է մեծ ոգևորություն ու հետաքրքրություն:

Ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը և ասիստենտ Ա.Ամիրյանը դասախոսություններ են կարդացել ռուսերեն, իսկ ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ. Զաքարյանը՝ անգլերեն լեզվով:

Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը, որ ձևավորվել է այս ուսումնական տարվա սկզբին, ըստ ժամանակացույցի կազմակերպել է գիտական զեկուցումներ, հետազոտական աշխատանքներ՝ ընդգրկելով նաև ուսանողներին:

«Թափոնների օպտիմալ կառավարում» թեմայով տեխ. գիտ. թեկն., ասիստենտ Ա.Սիմոնյանը, ով մասնակցել էր գերմանական GIZ կազմակերպության կողմից վերապատրաստման դասընթացի, անց է կացրել դասընթաց:

Այս ուսումնական տարվա սկզբից ֆակուլտետի դասախոսներն ավարտել են առարկայական փաթեթների I փուլը` 1 առարկայից: Փաթեթները կազմելու գործում դասախոսական անձնակազմին օժանդակել, օգտակար խորհուրդներ և ցուցումներ է տվել Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ Մ.Ճաղարյանը:

Նոյեմբեր ամսին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ,գ.թ. Ա.Հասանյանը I կուրսում (Ի/ԿՄ և Ք/ԿԳ) վարեց Համո Սահյանի պոեզիային նվիրված բաց դաս: Դեկտեմբեր ամսին II կուրսում (Ի/ԿՄ) անգլերենի բաց դաս անցկացրեց Օտար լեզուների ամբիոնի դասախոս Է. Թեմրազյանը:

Ֆակուլտետում գործող նոր` «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության նկատմամբ աճում է հետաքրքրությունը:

Մասնագիտության կայացման գործում իր մեծ ներդրումն ունի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:

Նշվեց նաև, որ այս մասնագիտության ուսանողները դասախոս Սմբատ Դավթյանի ղեկավարությամբ ԵՊՀ-ում անց են կացրել մի շարք պրակտիկ աշխատանքներ:

Ֆակուլտետում ակտիվորեն գործում են ուսանողական ինքնակառավարման մարմինները`ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն: Մասնաճյուղում կազմակերպված ինտելեկտուալ խաղին ֆակուլտետի Ի/ԿՄ II կուրսն արժանացել է I մրցանակի:

Շեշտվեց նաև, որ ֆակուլտետում քննական պրոցեսը թափանցիկ է: Քննությունների արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին: Այդ արդյունքների հիման վրա են ձևավորվում անվճար և վճարովի տեղերի բաշխումն ու կրթաթոշակների տրամադրումը:

2014-2015 ուստարվա I կիսամյակում Բնական գիտությունների ֆակուլտետում տպագրվել են հետևյալ գիտական և ուսումնամեթոդական աշխատանքները.

Ուսումնամեթոդական ձեռնարկ.
1. Մ. Ա. Ճաղարյան, Տվյալների կառույցներ, ԵՊՀ հրատ., Երևան 2014, 85 Էջ:

Հոդված.
1. R. R. Kamalian, P. A. Petrosyan, On sum edge-coloring of regular, bipartite and split graphs, Discrete Applied Mathematics 165,2014, pp. 263-269.
2. Սիմոնյան Ս. Հ., Ադամյան Գ. Վ., Սիմոնյան Ա. Ս., Պռազյան Լ. Վ., Մուր-Պենրոուզի կոմպլեքս միապարամետրական մատրիցների ընդհանրացված հակադարձների որոշման մեթոդներ (20-28), ԲԱՆԲԵՐ ՀՊՃՀ, ՀՏԴ 621.52+511.52:

Զեկուցումների թեզիս
1. N. N. Davtyan, R. R. Kamalian, An Upper Bound for the Parameter of Regular Graphs, Proceedings of the CSIT Conference, Yerevan, 2013, pp. 65-67.

Խորհրդի նիստում ներկայացվեց նաև 2014-15 ուստարվա I կիսամյակի I լուծարքային շրջանի ժամանակացույցը: Նշվեց, որ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների հետ անհրաժեշտ է կազմակերպել ամենօրյա խորհրդատվություններ՝ ընդգրկելով նաև կուրսղեկներին:

Օրակարգային երկրորդ հարցի վերաբերյալ Մ.Զաքարյանը նշեց, որ անհրաժեշտ է ֆակուլտետում ընդլայնել հետազոտական աշխատանքների ծավալը` մեծապես ներգրավելով ուսանողներին: Խորհրդի նախագահը «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության կայացման գործում ևս կարևորեց ուսանողների ներգրավումը ուսումնագիտական զեկույց-ընթերցումներում:

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին

2015թ. հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ Իջևանի վարժարանի և թիվ 3 հանրակրթական դպրոցի մանակավարժական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչների, զինղեկների, աշակերտների, Երկրապահ կամավորական միության շարքերում ընդգրկված պատանիների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Ղ.Ուլիխանյանը, Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռ.Դավթյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը և ուրիշներ:

Մասնաճյուղի տնօրենը իր ելույթում նախ շնորհավորեց բոլորին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ, համառոտ ներկայացրեց բանակի կազմավորման պատմությունը` այդ գործում ընդգծելով նաև երկրապահ-կամավորական ջոկատների դերը:

Տնօրենը մասնավորապես նշեց, որ փոքր ժողովուրդը կարող է մեծ հաջողություն ունենալ, եթե լավ հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը, շատ կարևոր է ունենալ այն սերունդը, որն իր հայրենիքի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունենա, կարողանա լիարժեք իրականացնել երկրի սահմանների պաշտպանությունը:

Ռազմահայրենասիրական դաստիարակության առումով Ս.Առաքելյանը կարևոր ձեռքբերումներից համարեց 2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի հիմնադրումը, 2014թ. հոկտեմբերի 7-ին նույն ակումբի անդամներին Երկրապահ կամավորների միության «Երիտասարդ երկրապահ»-ի վկայականների հանձնումը, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի կողմից 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը` պատանի երկրապահների համար ռազմահայրենասիրական դասընթացների կազմակերպումը:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ բանակի կապիտան, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ»-ի շքանաշանակիր, ԵԿՄ անդամ, լրագրող, գրականագետ, ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանը, ով դպրոցին նվիրեց նաև Արցախի ազատամարտի վերաբերյալ իր գրքերից:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի, ինչպես նաև մասնագիտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների համար մասնաճյուղի տնօրեն Ս.Ա.Առաքելյանը Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: