Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց ցեղասպանության հարցի իրավական կողմերը. երեք արժեքավոր աշխատանքներ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին՝ 2014 թվականին, հրատարակվեցին մի շարք կարևոր աշխատություններ՝ նվիրված ցեղասպանության պատմաիրավական հանգամանքներին, հետևանքների հաղթահարման և ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության վերաբերյալ հարցերին: 

2014 թ. մարտի 10-ին լույս տեսավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և պատմաիրավական հիմնավորումները» աշխատությունը (խմբագիրներ՝ պ.գ.դ., ակադ. Ա. Մելքոնյան, ի.գ.թ. Վ. Վարդանյան):

Գրքում փորձ է կատարվում, համապատասխան պատմական փաստերը միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հետ համադրելով, վեր հանել հայերի դեմ գործված ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և նախանշել դրանց հաղթահարման պատմաիրավական հիմքերն ու հնարավորությունները:

Աշխատության հեղինակը հանգամանորեն քննության է առել, մասնավորապես, հետևյալ հարցերը՝ Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության՝ Հայկական հարցի հետ կապված պարտավորությունները և Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը ըստ միջազգային փաստաթղթերի, երիտթուրքերի 1919 թ. դատավարության և Սողոմոն Թեհլիրյանի դատական գործի պատմաիրավական նշանակությունը, ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի պատմաիրավական քննությունը և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի պատմաիրավական նշանակությունը՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման համատեքստում:

∗∗∗

2014 թ. նոյեմբերին Արմեն Մարուքյանի հեղինակությամբ լույս տեսավ մեկ այլ կարևոր աշխատություն՝ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» խորագրով (խմբագիրներ՝ պ.գ.թ. Հ. Սուքիասյան, ի.գ.թ. Լ. Գևորգյան):

Այս գրքում արդեն հեղինակն անդրադառնում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան՝ Հայող ցեղասպանության գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները:

Աշխատության առաջին գլխում ներկայացված են Միջազգային դատարան դիմելու իրավական հիմքերն ու նախադեպերը, ինչպես նաև՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման դատական պրակտիկան: Երկրորդ գլխում ներկայացված են Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան ներկայացվելիք հայցադիմումի կազմման ու ներկայացման հիմնախնդիրներն ու հնարավորությունները:

Միաժամանակ գրքի վերջում հավելվածի տեսքով անդրադարձ է կատարվել «Թուրքիայի հանրապետության հրահրմամբ և աջակցությամբ քեսաբահայության նկատմամբ կատարված հանցագործությունների քննության հնարավորությանը Միջազգային քրեական դատարանում»:

∗∗∗

Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու նպատակով կարևոր քայլ կատարվեց նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից, որի հիմնադիր անդամներ, միջազգայնագետ-իրավաբաններ Վլադիմիր ՎարդանյանիԵղիշե Կիրակոսյանի և  Լևոն Գևորգյանի համահեղինակությամբ 2014 թ. դեկտեմբերին լույս տեսավ «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցը:

Այն հրատարակվել է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտության արդյունքում: (Այդ մասին առավել մանրամասն տես «Legalinfo.am» կայքում):

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և ուղեցույցում ներկայացվել են Հայոց ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի հարցը և արարքի որակման խնդիրը, Թուրքիայի պատասխանատվության հնարավոր ձևերն ըստ միջազգային իրավունքի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցի բարձրացման հնարավոր տարբերակները և այլն։

Հետազոտության իրականացման հիմնական նպատակն է ունենալ մի գրավոր փաստաթուղթորը կարտացոլի այն հիմնական միջազգային իրավական հիմնավորումները և վերլուծությունները, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կողմից` անհրաժեշտության դեպքում:

Ուղեցույցի առաջին խմբի (ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական ասպեկտները) մեջ մտնող հիմ­նահարցերը հիմ­նականում վերաբերում են այդ հանցագործության փաստական հանգամանքների վերհանմանը և միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց գնահատմանը:

Երկրորդ խումբը կազմող հիմ­նահարցերի (պատասխանատվությունը հայոց ցեղասպանության մերժողականության քաղաքականության համար) բուն նպատակն է հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի, այն է՝ պայմանագրային և սովորութային միջազգային իրավական այն նորմերի վերհանումը և վերլուծությունը, որոնք կարող են հիմ­նավորել այդ հանցագործության համար Թուրքիայի Հանրապետությանը ներկայացվող պահանջների իրավաչափությունը և հիմք հանդիսանալ վերջինիս միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար: 

Ուղեցույցի երրորդ խումբը կազմող հիմնահարցերը (հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր եղանակները և միջոցները) վերաբերում են այսօր առկա այն միջազգային-իրավական մեխանիզմներին, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցը:

* Հետևյալ գրքերը ներկայացված են տեսածրված (սկանավորված) ձևաչափով:

Ներկայացված գրքերի էլեկտրոնային տարբերակների տրամադրման համար շնորհակալություն ենք հայտնում հեղինակներին:

Հայկական գիտական համագործակցություն

Աղբյուրը` armscoop.com

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՆՈՐ՝ 2015 ԹՎԱԿԱՆ

Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, իղձերով ու նպատակներով:

Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում: Սակայն տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց Նոր տարին։

Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ նահապետը հաղթեց Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից:

Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:

Տարեմուտի արարողությունները տևում էին 12 օր և սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգերի հետ:

Հունվարի 1-ը Կաղանդն էր, ծիսակարգի բաղկացուցիչ օրերն են նաև Խթումը, Նավակատիկը, Ճրագալույցը, Ծնունդը, Մկրտությունը, Տնօրհնեքը: Այդ 12 օրերի ընթացքում երկինքն ու երկիրը կարծես կապվում էին միմյանց:

Նոր տարվա գլխավոր անձը՝ Ձմեռ պապը, տարբեր երկրներում տարբեր նախատիպեր է ունեցել:

Մի երկրում նրանք համարվում են թզուկները, մյուսում` խաղալիքների թափառաշրջիկ վաճառականը: Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Ձմեռ պապը Զմյուռնիայի Հայրապետն է եղել, որին կոչել են Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ: Իսկ հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ:

Այս Նոր տարին՝ 2015 թվականը, կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի է:

Այն լինելու է խաղաղ, պտղաբեր և ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար:

Ըստ արևելյան օրացույցի` Այծի տարին սկսվում է 2015 թվականի փետրվարի 19-ին և ավարտվելու է 2016 թվականի փետրվարի 7-ին:

Այծի տարվա խորհրդանիշը կանացի սկիզբն է: Շատ կանայք այս տարի կմայրանան:

Այծի տարվա տարերքը ծառն է` գարնան, սիրո, առավոտի և ռոմանտիկայի խորհրդանիշը, կյանքի ու իմաստնության աղբյուրը:

Այծի տարվա գույնը կապույտն է կամ կանաչը:

Այծին համապատասխանում է Ին էներգիան, որը խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Այս տարի ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին:

Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանության կարիք ունեցող կենդանի է: Այծը նաև պասիվ և անվճռական կենդանի է ու երկար է մտածում մի բան անելուց առաջ: Այնպես որ, 2015 թվականը «մոխրագույն» կթվա այն անձանց, ովքեր հոռետես են:

Մյուս կողմից` Այծի տարին հաջողակ կլինի այն մարդկանց համար, ովքեր չեն վախենում փոփոխություններից, աներկբա գնում են դեպի իրենց նպատակների իրականացումը:

Թո՛ղ Կանաչ փայտե այծի տարին լինի մեծ հաջողության, խաղաղության, երջանկության ու բարեկեցության տարի, բոլորիս նվիրական իղձերի իրականացման տարի:

Արի՜, Նո՛ր Տարի,

Գալուստդ բարի՜,

Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով

Ուշ մնացածին,

Քնով տարվածին.

Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,

Հիասթափվածին՝ նոր մի հիացում,

Սիրասթափվածին՝ մի նոր միացում.

Ձեռքից հավատը փախուստ տվածին,

Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,

Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,

Մանկանը՝ մեծի մտքի լիացում,

Մեծին՝ մանուկի անարատություն,

Տափարակներին՝ Արարատություն,

Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,

Որ նրա վրա

Քաղցը այսուհետ

Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,

Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.

Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած

Տրվի ճախրանքի,

Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,

Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.

Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,

Ո՛չ մի ազգ ու ցեղ

Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,

Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,

Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։

Նաև հասկանա՛նք,

Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր

Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստում

2014թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:

Նիստի ընթացքում մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Սամվել Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. ԵՊՀ ԻՄ-ի` 2013-2014 ուստարվա գործունեության վերաբերյալ տնօրենի
հաշվետվությունը:

2. ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի)
հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:

3. ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջեն) հաստատելու մասին:

4. ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների կանոնակարգերի փոփոխության հաստատման մասին:

5. ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի անցկացման կարգի հաստատման մասին:

6. ԵՊՀ ԻՄ-ի մեթոդխորհրդի նոր կազմը հաստատելու մասին:

7. Ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ որոշվեց հավանություն տալ 2013-2014 ուստարվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և 2011-2015թթ. ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով 2013-2014 ուստարում նախատեսված գործողությունների վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը և մասնաճյուղի` 2013-2014 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար:

Երկրորդ հարցի կապակցությամբ որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարել դրա գնահատում և ներկայացնել Երևանի պետական համալսարան` հաստատման:

Երրորդ հարցի վերաբերյալ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հանձնարարել մասնաճյուղի տնօրենին 2015թ. ծախսերը կատարել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվին համապատասխան:

Գիտխորհրդի նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների նոր կանոնակարգերը, ներքին աուդիտի անցկացման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու կարգ սահմանելու մասին կանոնակարգը, մասնաճյուղի մեթոդխորհրդի նոր կազմը, էթիկայի և կոռուպցիոն երևույթները համակարգող հանձնաժողովների կազմերը:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ներկայացնելով տարեվերջյան հաշվետվություն, ըստ մասնագիտությունների ամփոփեց 2014 թվականին մասնաճյուղի կողմից գրանցված ձեռքբերումներն ու բացթողումնեը, խոսեց իրականացվելիք ծրագրերի մասին:

Ս.Առաքելյանը 2013-2014 ուստարվա ամենակարևոր ձեռքբերումներից համարեց մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ստեղծումը, որը սերտ կապեր է պահում մարզի սահմանապահ զորամասերի հետ, երիտասարդ ուժեղ կադրերով բուհի անձնակազմի համալրումը և գիտական ակտիվ գործունեության իրականացումը. «2014թ. տպագրվել են մասնաճյուղի աշխատակիցների հեղինակած շուրջ 126 գիտական հոդվածներ, մենագրություններ և մեթոդական ձեռնարկներ:

Թեկնածուի գիտական աստիճան են ստացել տեղի դասախոսներից 7-ը (Աննա Սիմոնյան, Հասմիկ Վանյան, Ալեքսան Մարգարյան, Վահան Աղաբաբյան, Սոնա Խաչատրյան, Հայկ Քամալյան, Նաթելլա Գրիգորյան), որոնցից 5-ը հենց մասնաճյուղի շրջանավարտներ են»:

Տնօրենը առավել կարևորեց դաստիարակչական գործառույթի իրականացումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. «Մենք դեռևս խնդիր ունենք Իջևանը դարձնելու համալսարանական քաղաք: Շատ կարևոր է մեր ուսանողների մեջ սերմանել համալսարանականի հոգեբանություն, ձևավորել իսկական քաղաքացի»:

Վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլոր համալսարանականների Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ հղելով բարեմաղթանքներ, ցանկանալով, որ գալիք 2015 թվականը լինի մեծ հաջողությունների տարի:

Գիտխորհրդի նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում

2014թ. դեկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր:

Ուսանողները ներկայացրին տոնական ծրագիր. հանդես եկան ուրախ երգ ու պարով, ասմունքով ու բարեմաղթանքներով:

Վերջում Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մանվել Զաքարյանը սիրով ողջունեց միջոցառման մասնակիցներին ու ներկաներին, շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության` 2013-14 ուստարվա շրջանավարտներին` իրենց մասնակցության և մատուցած անակնկալ-նվերի համար:

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

2014թ. դեկտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում` մասնաճյուղի և Դիլիջանի ավագ դպրոցի հավաքական թիմերի միջև:

Գեղեցիկ խաղով աչքի ընկավ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հավաքականը և 5:0 հաշվով հաղթեց մրցակցին:

Տնօրենության կողմից հյուրերին հանձնվեց հուշանվեր:

Երկու կողմերի համաձայնությամբ որոշվեց փետրվար ամսին Դիլիջանում անցկացնել պատասխան խաղ` ոչ միայն ուսանողների, այլև աշխատակիցների մասնակցությամբ: